Ռումինիայի Սուչավա քաղաքը նշանավոր է նրանով, որ այն Եվրոպայի միակ քաղաքն է, ուր կառուցվել են վեց հայկական եկեղեցիներ ու երկու վանքեր եւ բոլորն էլ հիմնված ԺԵ-ԺԶ-րդ դարերում: Այս մասին մեզ տեղեկություն է տալիս Սիմեոն դպիր Լեհացին իր նշանավոր ուղեգրության մեջ 1608 թ. «Եւ կայր յայս քաղաքս երեք-չորս հարիւր տուն հայի. երեք քարաշէն եկեղեցի եւ երկու վանք վիմաշէն քաղաքէն ի դուրս, յոյժ գեղեցիկ եւ պատուվական. մինն մերձ եւ հուպ քաղաքին, միւսն երկու մղոն հեռի»:
Հայ մատենագրության մեջ Սուչավա քաղաքը հայտնի է Սչովա, Սոչով, Սիչով, Սուչով, Շեչով եւ մի շարք համանման այլ ձեւերով: Սուչավան առանձնակիորեն նվիրական է նաեւ նրանով, որ Լվովի եւ ընդհանրապես լեհահայ գաղութի նման համարվում է հիմնված անեցիների շառավիղների կողմից, եւ ըստ այդմ` ժառանգորդը այդ մեծ մշակույթի:
Հայերը Մոլդովիայում եւ Տրանսիլվանիայում հաստատվել են ԺԳ եւ ԺԴ դդ., մեծ թվով հայեր հաստատվեցին այստեղ Լեհաստանից, որպես առեւտրականներ եւ արհեստավորներ:
Ահա այսպես անեցիների շառավիղների առաջին հանգրվանը ռումինա-մոլդովական կողմերում դառնում է Սուչավան: Շատ լավ է բնորոշում անեցիների մուտքը այս հող ռումինահայ նշանավոր պատմաբան Հակոբ Սիրունին. «Անին, Մոլդովայի մեջ, Սուչավան էր ըրեր իր առաջին կայքը»:
Սուչավայի մասին հայ մատենագրության մեջ առաջին հիշատակությունը գտնում ենք ԺԳ-րդ դարի նշանավոր պատմիչ Վարդան Արեւելցու «Աշխարհացոյցում», ուր ասվում է. «Եւ ի վերայ Լօվայ եւ Սէչովայ գա հասանէ մինչ ի Կոստանդնուպօլիս»: Իսկ Սուչավայի հայ համայնքի մասին առաջին ուղղակի հիշատակությունը գտնում ենք Թեոդորոս Բ Կիլիկեցու 1388 թ. գրված կոնդակում, ուր ասվում է. «Յականաւոր թագաւորանիստ քրիստոսական մայրաքաղաքն ի Լովն եւ յամենայն վիճակն իւր բոլորովին. ի Սերաթն, ի Չիչովն, ի Կամենեցն, ի Լուցկայն…»:
Ինչպես տեսնում ենք, այստեղ որպես Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների ու քաղաքների թեմական կենտրոն հիշվում է Լվովը, իսկ այս թեմին մաս կազմող եւ տարբեր երկրներ ու բնակավայրեր ընդգրկող վիճակներից առաջինը հիշվում է Չիչովն` Սուչավան:
Մոլդովայի իշխանապետ Ալեքսանդր Բարին 1401 թ. Սուչավայում գրված հրովարտակով թույլ է տալիս հիմնելու մոլդովա-ռումինական կողմերի առանձին թեմական կառույց, որի առաջնորդանիստ կենտրոնն է դառնում Սուչավան: Հաճկատարից բացի, Սուչավայում հայերը հիմնում են նաեւ Զամկայի կամ Սբ. Օգսենտի վանքը, իսկ քաղաքում որպես եկեղեցիներ` Սբ. Խաչը, Սբ. Սիմեոնը, Սբ.Աստվածածինը եւ Սբ. Նիկողայոսը: Սուչավայի հայ համայնքի այս բացառիկությունը պայմանավորված է եղել նաեւ առեւտրական կապերով եւ Սուչավայի բարենպաստ դիրքով: Այստեղով էին անցնում մերձվոլգյան շրջաններից Դանուբի ընթացքով շարժվող հայ վաճառականների քարավանների, որոնք պատմության մեջ հայտնի են Կարելե արմենեշտա` հայկական կառքեր կամ սայլեր անվանմամբ:
Ալեքսանդր Բարին 1401 թ. իր հրովարտակով իրավունք տալով հիմնելու Սուչավայի թեմը, այնուհետեւ 1408 թ. հոկտեմբերի ութի հրովարտակով Լվովից հրավիրում է հայ վաճառականներին եւ բնակեցնում Սուչավա, Սիրետ եւ Չեռնովիցի քաղաքներում: 1418 թ. Լեհաստանից հրավիրվում են եւս 3000 հայ ընտանիքներ, որոնցից 700 Սուչավայում է բնակվում:
Հայ համայնք ունեցել է իր քաղաքային վարչությունը իր քաղաքապետով եւ 12 հոգուց բաղկացած ավագների խորհրդով, ինչպես նաեւ հայերին վերաբերվող գործերը քննող հայ դատավորով: Սուչավայի մի շարք փողոցներ հայկական անվանումներ ունեն, իսկ կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Արմենասկը` Հայկական փողոց: Սուչվայում պահպանվել են տեղի հայերի մի շարք տներ, հյուրանոցներ, խանութներ եւ մի շարք այլ շինություններ:
Հայկական ծաղկուն կյանքով ապրող Սուչավայում 1629 թ. սպասավորել են 11 հոգեւորականներ: Նրանց անունները թվարկվում են նույն 1629 թ. Հաճկատարում գրված մի ձեռագրի հիշատակարանում:
Ինչպես նշվեց, Սուչավայում, բացի Հաճկատարի Սբ. Աստվածածին եկեղեցուց կառուցվել է Զամկան, որը ԺԵ-րդ դարում եղել է տեղի հայոց հոգեւոր առաջնորդական կենտրոնը: Անվանվում է նաեւ Սբ. Օգսենտ, նվիրված լինելով այս սրբի հիշատակին: Զամկայի մասին լեհ պատմաբան Լ. Շիմանսքին գրում է. «Զամքան, անկասկած հանդիսանում է Սուչավայի հայերի կառուցած ամենակարեւոր հոգեւոր յուշարձանը գերազանցելով մնացեալ բոլորին, ինչպէս իր մեծութեամբ, այնպես էլ իր արուեստով: Գտնուելով Սուչավայի արեւմտեան ծայրամասի` Արենի կոչուած բարձրավանդակում, նա ստացաւ լեհական Զամէք կամ յոգնակի` Զամքի անունը, որը լեհերէն նշանակում է բերդ, ամրութիւն կամ ամրոց»:
Զամկայի մասին, որպես թեմական առաջնորդանիստ կենտրոնի, առաջին հիշատակությունը գտնում ենք 1415 թ. ներքո, որպես առաջնորդ հիշվում է Ավետիք անունով մի եպիսկոպոս:
Տ․Հեթում քահանա Թարվերդյան