Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԿՅՈՒՌԻԿԻ, ԱՐՋԻ ՈՒ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ /պատմվածք/

16:25, çarşamba, 01 şubat, 2017
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԿՅՈՒՌԻԿԻ, ԱՐՋԻ ՈՒ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ /պատմվածք/

Խզխզոցը ծառաբնով հասավ սկյուռիկին:

-Սա ինչ բան է, -գլուխը երկարեց բնից, ցած նայեց: Ներքևում երկուսը սղոցում էին ծառը՝ մեկ-երկու, մեկ-երկու, թեքությամբ գնում-գալիս էր մետաղը՝ ատամների մոտ փայլուն, սառցակեղև հիշեցնող:

Ի՞նչ անել: Վերևից կորիզ, ընկույզի կճեպ, մասուր շպրտելը չի օգնի. գործով տարված՝ աղմուկի մեջ ոչ ուշադրություն կդարձնեն, ոչ կլսեն: Հարկավոր է օգնություն կանչել: Ու՞մ: Իհարկե՝ բրդոտին: Քնա՞ծ է, ոչինչ… Տեղը գիտի, թավուտի մեծ կաղնու արմատի տակ է, էն, որ հողը գնացել է, խոռոչ բացվել:

Սկյուռիկն այդպես էլ արեց. ճյուղից ճյուղ ցատկոտելով՝ հասավ արջի կացարանին:

-Հը՞, -բրդոտը շրջվեց լույսի կողմը: -Չլինի՞ գարուն է:

-Չէ, ի՞նչ գարուն: Ծառը… Ծառը մարդիկ կտրում են: Բույնս…

-Հասկացա, -արջը դուրս սողաց նեղլիկ անցքից՝ ճամփան վերևից փակող ձյան շերտը փլելով, հետո թափ տվեց իրեն՝ կուչուձիգ անելով մորթը: -Կարող ենք գնալ, -քունը լրիվ թոթափած՝ քայլ արեց: -Դու վերևով արի:

Սկյուռիկն առաջ ընկած էր գնում՝ ուշադրություն չդարձնելով շիթով թափվող ձնահյուսքերին, արջը ճեղքում էր փորատակը հասնող ձյունը: Այսուայնտեղ անկանոն թափված ճյուղերը փակում էին ճամփան, դժվարացնում գնացքը: Կոխոտում էր, առաջ անցնում: Սղոցած, կացնած ծառեր էին հանդիպում, որը՝ հիմքից, որը բարձրից կտրած:

-Էս, հո, անտառ չեն թողել…

-Հրեն, -սկյուռիկը կանգ առավ: -Նա, որի կատարը տարուբերվում է:

-Տեսնում եմ: Երկուսն են, ես հիմա դրանց…

-Զգույշ, կացին էլ ունեն…

-Հա՞, ուզում ես վախենա՞մ, -արջը կանգնեց երկու թաթերին, բացեց երախն ու մի գոռոց հանեց…

Մարդիկ շրջվեցին, տեսան մի վիթխարի, հսկայահասակ ծառաբուն դեպի իրենց է գալիս: Ի՞նչ անեին: Պարզ է՝ սղոց, կացին, ուտելիք թողած՝ վազեցին ճանապարհի կողմը: Ընկնում էին, ելնում, սարսափից, երևի, արջից ոչ պակաս բարձր բղավում, բայց դա վախկոտ, անսիրտ մարդու բղավոց էր… Իսկ արջն այդպես հաղթական մռնչոցով էլ հասավ ծառին, զայրագնած պոկեց բնին մնացած սղոցը, ոտքի տակ առավ, տրորեց ինչ կար, ինչից մարդու հոտ էր առնում:

-Այդպես որ գնա, մեզ դռնեդուռ կգցեն, -քրթմնջում էր՝ չհանդարտվելով: Ապա դարձավ սկյուռիկին: -Հարկավոր է մեծ ընկուզենու տակ հավաքել բոլորին: Ձայն տուր, թող գան:

Ու հավաքվեցին՝ գայլերը, աղվեսները, նապաստակները, կաչաղակները, վարազը, վագրը, եղնիկը, ճնճղուկները՝ ազգուտակով, մեծ ու փոքր, ով կար: Նախագահում էր ծուռթաթը: Դա մենախոսություն էր, որ արժեր արձանագրել, տեղ տալ ճարտասանական բոլոր գրքերում: Նա կարճ միջոցում կարողացավ հուզմունքը, զայրույթը փոխանցել մյուսներին, վարակեց…

-Ոչ մի զիջում, ներում… Արգելեք մարդու մուտքն անտառ՝ ով ինչ կերպ կարող է…

Եվ սկսվե՜ց: Հերիք է մեկը ծառուտին մոտենար, ճնճղուկները, ագռավներն ու կաչաղակները վերևից էին աղմկում, մյուսները… Մեկը, բնույթին հավատարիմ, մարդուց թաքուն գետնին դրած կացինն էր բերանն առած աներևութանում, մյուսն ուտելիքի կապոցն էր մաղ դարձնում, երրորդը սուրում էր բացատով… Շաբաթը չլրած՝ մարդու ոտքը կտրվեց դարաստանից, մեկը տասն արած՝ պատմում էին գլուխներով եկածը. էլ կին, երեխա կամ թե մե՞ծ կհանդգներ ծառուտին մոտենալ:

Մեծ շրջափակման տարին այդ կերպ փրկվեց անտառը:


    

«Ծաղկոց» շարքից

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
13139 | 0 | 0
Facebook