Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դինքը սպանվեց պետական կառույցի անդամների պատվերով

02:01, cumartesi, 14 оcak, 2017
Դինքը սպանվեց պետական կառույցի անդամների պատվերով
    
Թուրք փաստաբան Էրդալ Դողանը, ով Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի փաստաբանն է եղել, իսկ վերջինս սպանությունից հետո ներկայացրել է Դինքի ընտանիքի շահերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Դինքի սպանության գործով դատաքննության ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ կազմակերպիչներն ու պատվիրատուներն, այսպես կոչված, «խորը պետության» շրջանակներից են:
    
     Էրդալ Դողանը ներկայումս Դինքի գործով փաստաբանական խմբում ընդգրկված չէ, սակայն ներգրավված է մեկ այլ՝ ոչ պակաս աղմկահարույց՝ «Զիրվեի» հրատարակչատան սպանությունների գործով ընթացող դատաքննության մեջ:
    
     Հիշեցնենք` 2007 թվականի ապրիլին Թուրքիայի Մալաթիա քաղաքում գործող «Զիրվե» հրատարակչատան վրա հարձակման հետեւանքով զոհվեցին քրիստոնեական գրականություն հրատարակող այդ հաստատության երեք աշխատակիցներ, որոնցից մեկը Գերմանիայի, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացիներ էին: Զոհվածները, հանդիսանալով բողոքական եկեղեցու հետեւորդներ, Թուրքիայում նաեւ միսիոներական գործունեություն էին ծավալում:
     Փաստաբան Դողանը ընդգծեց` «դատաքննության ընթացքում բացահայտված փաստերը վկայեցին, որ այդ սպանություններն ու Հրանտ Դինքի սպանությունը միմյանց հետ փոխկապված են եւ ուղղորդվել են այդ նույն` «խորը պետության» ներկայացուցիչների կողմից»:
    
     «Խորը պետությունը» (անգլերեն` The deep state, թուրքերեն` derin devlet) Թուրքիայում ենթադրաբար գործող ազդեցիկ, հակաժողովրդավարական այն խմբեր են, որոնք առնչություններ ունեն ներքին եւ արտաքին հետախուզական ծառայությունների, բանակի, անվտանգության, արդարադատության համակարգերի եւ մաֆիայի հետ: Համարժեք է «պետություն պետության մեջ» հասկացությանը:
    
     Խոսելով թուրքական հասարակությունում ընթացող խմորումների մասին` Դողանն ասաց, որ այսօր թուրքական պետությունը եւ թուրքական հասարակությունը միանգամայն տարբեր բաներ են եւ հանրային հնչեղություն ունեցող շատ հարցերում, այդ թվում` Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով, գտնվում են տարբեր հարթություններում:
    
     «Հասարակությունը, բարեբախտաբար, մեծ առաջընթաց է ապրել եւ շատ առաջ է անցել պետությունից: Երբ կոնկրետ նշածս` Հրանտ Դինքի, «Զիրվեի» եւ այլ գործերով հաջողվեց բացահայտել այսպես կոչված «խորը պետության» ներկայացուցիչների մասնակցությունը, բացահայտումների այդ շղթան ցնցեց ողջ թուրքական հասարակությանը: Դա մարդկանց, հասարակության շատ անդամների ստիպեց մտածել եւ բոլորովին այլ կերպ գնահատել երեւույթները», - ասաց Դողանը:
    
     Թուրք փաստաբանը Երեւանում է գտնվում հայ եւ թուրք մտավորականների միջեւ տեղի ունեցող հանդիպումների հասարակական նախաձեռնության շրջանակներում: Դողանը նշեց, թե վաղուց էր ծրագրել Հայաստան այցելել:
    
     «Հրանտ Դինքի հետ միասին էինք գալու, սակայն տեղի ունեցած ողբերգությունը խափանեց մեր ծրագիրը: Այժմ՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը լավագույն առիթն էր, որ այցելեմ Հայաստան», - ասաց նա:
    
     Հանդիպման նախաձեռնողներից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երկու հասարակությունների ներկայացուցիչները միմյանց ճանաչելու եւ ավելի լավ հասկանալու խնդիր ունեն:
    
     «Միշտ Թուրքիայից, որ մտավորականությունը գալիս է, շատ դժբախտաբար, մեր հասարակությունը չի ճանաչում նրանց, թե ովքեր են, ինչ են անում… օրինակ, ո՞վ է Էրդալ Դողանը. նա հսկայական գործ անող մարդ է, բայց հայ մտավորականությունը, հասարակությունը ինչպես պետք է ճանաչի նրան, երբ գալիս են 3-4 օրով ու գնում են», - ասաց Հացպանյանը:

    
    
    
    
    

Թուրք հետազոտող Սերդար Դինչերի «Գերմանա-թուրքական ռազմականհամագործակցությունը և հայերը» գիրքը լույս է սփռում պատմական մինչօրս քիչ հայտնի կամ ընդհանրապես անհայտ մի շարք իրողություններիվրա: Հեղինակը գերմանական փաստաթղթերի հիման վրա ցույց է տալիս, թե ինչպես է Գերմանիան դրդել Օսմանյան կայսրությանը մտնել Առաջինաշխարհամարտի մեջ, թե Գերմանիան ինչ մեծ դեր է կատարել հայերիտեղահանության և Ցեղասպանության իրականացման մեջ: ՍերդարԴինչերը պատասխանել է ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանի հարցերին:

Ինչպե՞ս որոշեցինք գրել «Գերմանա-թուրքական ռազմականհամագործակցությունը և հայերը» գիրքը:

Թեման, որ ես ընտրել եմ, կարևոր է Թուրքիայի համար, արդյունքն է նրա հավերժական պատուհաս միլիտարիզմի և դրանից սնվող ռասիզմի: 2006թ. հրատարակեցի «Գերմանիա. ձմեռային հեքիաթ և դիալեկտիկայի բանաստեղծ Հայնրիխ Հայնե» գիրքը: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմը, հետագա տարիներն ու հայկական հարցը: Անհնար է հայերին դեն նետելով՝ հասկանալ Թուրքիայի առաջին աշխարհամարտի շրջանի պատմությունը:

Այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանք էի իրականացնում, երբ սպանվեց Հրանտ Դինքը, որի հոդվածները մշտապես կարդում էի:

Սպանությունն ինձ խորը վիշտ պատճառեց, ամոթի զգացում առաջացրեց, և ես սկսեցի իմ ուսումնասիրություններում հայերին առանցքային տեղ հատկացնել: 2007թ. գարնանը ծանոթացա Վոլֆգանգ Գուստին, նրա գիրքն ու Armenocide.net կայքը պատճառ դարձան, որպեսզի սկսեմ զբաղվել հայերի Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի թարգմանությամբ: Այս նպատակով գնացի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվ, և մեծ էր զարմանքս, երբ հանդիպեցի թեմային առնչվող հարյուրավոր այլ թղթածրարների:

Այնուհետև մուտք գործեցի այդ արխիվի ռազմական, ռազմածովային, ֆինանսական, արտաքին քաղաքական, երկաթգծի, սննդի մատակարարման բաժինները: Այդտեղի թղթածրարներից ընտրեցի փաստաթղթեր, որոնք դրեցի հայերին վերաբերող փաստաթղթերի կողքին և գոյացավ մի ընդհանուր պատկեր: Դրանք գումարեցի այլևայլ գրքերում առկա փաստաթղթերի հետ և ստացվեց երկու գիրք․ 2011թ. հրատարակվեց «Գերմանա-թուրքական ռազմական համագործակցությունը և հայերը», իսկ 2014թ. ամռանը՝ «Կրուպն ու չվերջացող Բալկանյան պատերազմը, աքսոր և ցեղասպանություն» գիրքը:

Ուսումնասիրելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվը՝ եկել եք այն համոզման, որ Ցեղասպանությունն արվել է մի խմբի կողմից, ուր թուրքի և գերմանացու միջև տարբերություն չկար, և այդ խումբը1915-ից տարիներ առաջ քայլ առ քայլ նախապատրաստել էր դա: Ո՞րն էր այս միասնության, ընդհանուրկազմակերպության նպատակն ու, առհասարակ, միավորման պատճառը:

Գերմանիայի ղեկավարությունն աշխարհը գրավելու նպատակ ուներ, իսկ էնվեր-Թալեաթ զույգը տարված էր կայրությունը պահպանելու և Միջին Ասիա հասնելու երազանքներով: Գերմանական ղեկավարությունը կարծում էր, որ Թուրքիան կարող է օգնել իր ծրագրի իրականացմանը և նրա միջոցով կարող է բացել դեպի Հնդկաստան ու Եգիպտոս տանող ճանապարհը:

Այդ էր պատճառը, որ նրանք մինչև վերջ օգնություն ցույց տվեցին Աբդուլ Համիդին, կառուցեցին Բաղդադի երկաթգիծը, հարյուրավոր թուրք սպաներ ռազմական կրթություն էին ստանում պրուսական բանակում: Կրուպ, էհրհարդտ, մաուզեր և այլ զենք արտադրող ընկերությունները դարձան օսմանյան բանակի զենքի միակ մատակարարները:

Այս պլանի գաղափարախոսներից Պաուլ Ռոհրբախը դեռևս 1902թ. գրում է, որ երկաթգծի յուրաքանչյուր 100 կմ-ը մեկ դրեդնոթ (ռազմանավ) է, այդպիսով մտածելով գալիք համաշխարհային պատերազմի մասին:

Չկարողանալով կանխել Աբդուլ Համիդի գահընկեցությունը՝ Գերմանիային հաջողվեց երիտթուրքերի հետ բարեկամություն հաստատել և զսպել Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ բարեկանությանը ձգտող երիտթուրք սպաներին ու քաղաքական գործիչներին:

Երիտթուրքերի նման ընտրության գործում մեծ դերակատարություն ունեցան այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Մարշալ ֆոն Բիբերշտայնը, ռազմական կցորդ Ստրեմելը, ավելի ուշ՝ ռազմածովային նավատորմի կցորդ Հանս Հումանը: Մարշալ ֆոն Բիբերշտայնը այն մարդն է, որ Ադանայի կոտորածից հետո Բեռլին գրեց. «Հայերն աշխարհի ամենաստախոս ժողովուրդներից մեկն են»:

Գերմանացիները խրախուսում էին Էնվեր և Թալեաթ փաշաներին՝ ռազմական հեղաշրջումներ կազմակերպել: Քամիլ փաշան, որ հայտնի էր Անգլիացի անվամբ և ստացել էր ֆրանսիական կրթություն, ռազմական նախարար Նազըմ փաշան, որ հայտնի էր հայերի հետ իր մտերիմ հարաբերություններով՝ տապալվեցին Բաբը Ալիի 1913թ. իրականացրած հեղաշրջման հետևանքով: Գերմանացիները քաջալերում էին նրանց գործողությունները:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում պահվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ ռազմական հեղաշրջմանը ֆինանսապես օժանդակություն է ցույց տվել են Deutsche բանկը (և նրա ենթակայություն տակ գտնվող Բաղդադի երկաթգծի ղեկավարությունը), իսկ Ստամբուլում գտնվող Գերմանիայի ռազմական կցորդ Ստրեմպելը պարզապես օգնել է նրանց ծրագրին:

Այս հեղաշրջումից վեց-յոթ ամիս հետո սպանվում է Էնվեր-Թալեաթի երկյակի ճանապարհին խոչընդոտ դարձած Մահմութ Շևքեթ փաշան, և Էնվեր-Թալեաթ-Ջեմալ եռյակը երկրում բռնապետություն է հաստատում:

1913թ. վերջում՝ Լիման ֆոն Սանդերսի ղեկավարած գերմանական ռազմական առաքելության Ստամբուլ ժամանելուց մի քանի շաբաթ հետո, Ահմեդ Իզզեթ փաշան, որ երբեմն ընդդիմանում էր նրանց այս գործողություններին, պաշտոնանկ է արվում բանակի ղեկավարի պաշտոնից, և Էնվեր փաշան դառնում է ռազմական նախարար:

Առաջին համաշխարհային պատերազմը պայթելուց հետո գերմանացիները ճնշումներ են գործադրում և ուժով լռեցնում իթթիհատական կառավարության այն անդամներին, որոնք ընդդմանում էին և չէին ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ: Գերմանիայի դեսպանը 1914թ. հոկտեմբերի 9-ին ուղարկած զեկույցում մանրամասն պատմում է Էնվերի հետ համատեղ պատրաստած պլանի մասին և վերջում գրում հետևյալը.

«Վերը նշածս զարգացումները մեզ բերել են այն դրությանը, որ մենք ռազմական հեղաշրջման միջոցով Թուրքիային ամեն պահի կարող ենք ներքաշել պատերազմի մեջ: Սակայն չեմ կարծում, որ Թուրքիայի՝ Սև ծովում զինվորների ափհանումը բավական է Հնդկաստանում, Իրանում և Եգիպտոսում ապստամբությունների բռնկման և տարածման համար: Մյուս կողմից՝ չեմ ցանկանում չօգտագործել Թուրքիայում տիրող ներկա պատերազմական տրամադրությունները, չեմ ուզում իմ ուսերին վերցնել պատասխանատվությունն առ այն, որ եթե Գերմանիան առաջիկայում պարտվի, Թուրքիան այլևս չի մտնի պատերազմի մեջ»:

Իմ կարծիքով՝ եթե Վիլհելմ կայսրը և նրա Թուրքիայի գաղափարակիցներ Թալեաթ և Էնվեր փաշաները Օսմանյան կայսրությանը չներքաշեին պատերազմի մեջ, հայերի աքսորի և ոչնչացման քաղաքականությունը չէր կարող հասնել այն աստիճանի, ինչ տեղի ունեցավ: Բալկանյան պատերազմներից հետո Օսմանյան կայսրությունում, որտեղ թևածում էր երկրի պառակտման վախը, տարածում էր ստացել պատերազմի և ոչնչացման հոգեբանությունը, որն օգտագործվեց հայերին վերացնելու համար: Այս առումով կարևոր էին նաև գերմանական փողերն ու զենքերը:

Մեծ էր հատկապես թուրքական բանակում լուրջ ազդեցություն ունեցող գերմանացի և Գերմանիայում կրթություն ստացած թուրք սպաների դերը: Երբ պայթեց պատերազմը՝ գերմանացի հրամանատարների առաջին խորհուրդներից մեկը հետևյալն էր՝ պատերազմական գոտուց հեռացնել հայերին: Դա վերածվեց զենքի միջոցով ժողովրդին ոչնչացնելու, որին Զեյթունում և Ուրֆայի շրջակայքում մասնակցություն է ունեցել նաև փոխգնդապետ Վոլֆսկիլը, ինչով հպարտանում էր: Էնվերի մտերմագույն ընկեր՝ Ռազմածովային կցորդ Հանս Հումանը, Բրոնզարտ ֆոն Շելենդորֆն օգնել են կոտորածների իրականացմանը:

Հայերին ցեղասպանելու ծրագրի դեմ ընդդիմանում էր դեսպան Վոլֆ Մետերնիխը, որը Թուրքիայոմ գտնվող գերմանացի հրամանատարիներից միայն Լիման ֆոն Սանդերսի հետ էր համակարծիք: Նա զեկույց է ուղարկում և շեշտում, որ առանց գերմանական փողի և զենքի երիտթուրքական ղեկավարությունը ոչինչ չի կարող անել, դրա համար կոչ է անում Գերմանիայի իշխանություններին վերջ տալ չեզոքությանը, և ցեղասպանական քաղաքականության դեմ ակտիվ միջամտություն իրականացնել: Այս զեկույցին ի պատասխան՝ կանցլեր Բեթման Հոլվեգը գրում է.

«Պատերազմի մեջ գտնվող դաշնակից երկրից հաշիվ պահանջել իր արածների համար, ինչպես դուք եք առաջարկում, պատմության մեջ չտեսնված և աննախադեպ բան է: Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է, այդ ընթացքում հայերը կոչնչացվեն, թե ոչ, մեզ համար տարբերություն չկա: Պատերազմը շատ երկար է ձգվելու, և մենք Թուրքիայի կարիքը շատ ենք զգալու: Այսինքն՝ Գերմանիայի համար Ցեղասպանության զոհերը սոսկ երկրորդական կորուստներ էին:

Գերմանա-թուրքական հարաբերությունների հիմքում ընկած է նույն մտածողությունը, այդ մտածողությունը միլիտարիստական էր, հոնական: Վիլհելմ կայսրը Չինաստան ուղարկած զինվորներին ասում է՝ եղե՛ք հոների նման: Ովքե՞ր էին հոները, որոնց թուրքերը համարում են իրենց նախնիները: Սա մի խառնամբոխ էր, որը հանգեցրեց ժողովուրդների Մեծ գաղթին, որը տակնուվրա արեց բոլոր եվրոպական երկրները, որը թալանում և սպանում էր ամենուր:

Սեփական քրտինքով ու պատվով հաց վաստակող, իրեն հարգող որևէ մեկը չի կարող նրանց իր նախահայրը համարել: Վիլհելմ կայսը, որ հոների մասին գովեստով էր խոսում, գտավ Էնվերին՝ որպես իր հոգևոր եղբայր: Նրանք երկուսն էլ տարվել էին աշխարհին տիրելու մոլուցքով:

Թուրքիա ժամանող գերմանացի սպաների մի զգալի մասը Չինաստանում և Աֆրիկայում արդեն փորձ էր ձեռք բերել: Նրանք գաղութներում էին կռվել, մասնակցել Չինաստանում բռնկված ապստամբության ճնշմանը, մասնակցել Հերերեոյի ցեղասպանության ջարդերին և սովորել էին, որ կարող են դրանից հետո անպատիժ մնալ:

Եվ այս մշակույթով տարվածները թուրք ազգի մեջ հայտնաբերեցին իմպերիալիստական, նվաճողական մշակույթով տոգորվածներին և ոգևորեցին միմյանց: Այս գերմանացի սպաների մի մասն ավելի ուշ դարձավ Հիտլերի հենարանը: Նրանք Թուրքիայում ունեին թուրքական ֆաշիզմի իրենց ընկերները, որոնցից էր Նուրի փաշան՝ Էնվերի մեծ եղբայրը:

Այս իրադարձությունների մասին, որոնց վրա նաև Դուք եք լույս սփռել, Թուրքիայում և Գերմանիայում որքանո՞վ ենտեղեկացված: Ինչպիսի՞ն է Գերմանիայում և Թուրքիայում Ձեր գրքի արձագանքը:

Գերմաներենից թուրքերեն թարգմանած փաստաթղթերը, կարծում եմ, օգնեցին բազմաթիվ մարդկանց հասկանալ ճշմարտությունը:

Շատ դժվարացավ «հայրենիքն ու ազգն ենք պաշտպանել» գոռացող մարդկանց գործը, այժմ դժվար է թաքցնել, որ հենց նրանք են Թուրքիային ամենամեծ վատությունն արած մարդիկ:

Դրանք Գերմանիայում էլ խնամքով թաքցված իրողություններ են: Որոշ ժամանակ առաջ Գերմանիայում հրատարակվեց Յուրգեն Գոթշլիխի գիրքը, որտեղ իմ գրքերում զետեղված փաստաթղթերի միայն փոքրիկ մասն էր: Այն շատ մեծ արձագանք է առաջացրել: Դժվարանում է Գերմանիայում այն ընկերությունների ու մարդկանց գործը, որոնք երկար ժամանակ օգնում են գերմանական կառավարությանը և հանդես գալիս «հայերի և թուրքերի միջև անկողմնակալ դատավորի, հաշտեցնողի դերում»: Գնալով ավելի ակնհայտ է դառնում Գերմանիայի կառավարության երկերեսանի կեցվածքը, որն ասում է՝ մենք անկողմնակալ ենք, չենք խառնվում և գործը թողնում ենք պատմաբաններին:

Հոլոքոստն ընդունած Գերմանիան ինչո՞ւ է պասիվ Հայոց ցեղասպանության հարցում: Եթե Գերմանիան ընդունի իրմեղքը, մեղսակցությունը՝ կարո՞ղ է դա նպաստել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:

Եթե Գերմանիան ընդունի իր մեղսակցությունը՝ այդ ժամանակ շատ ավելի դժվար է լինելու Թուրքիային ժխտել Ցեղասպանությունը:

Այն ժամանակ, երբ Գերմանիան ընդունեց Հոլոքոստը, թույլ էր և անուժ՝ այդպիսին էր դուրս եկել Երկրորդհամաշխարհային պատերազմից: Այսօր, երբ Գերմանիան արդեն հզորացել է, բացասական դեր է կատարումպատմական ճշմարտությունն ի հայտ բերելու գործում: Մի՞թե ուժեղ պետությունները նման առավելություն ունեն.պատմությանը նայում են այնպես, ինչպես ուզում են, թաքցնում են այն, ինչ ուզում են:

Ժամանակակից գերմանական բանակը, ոստիկանությունը, արդարադատության համակարգը և շատուշատ կառույցներ հիմնվել եր նախորդ՝ նացիստական ռեժիմի կողմից: Գերմանիայում հազարավոր ֆաշիստ մարդասպաններ որևէ պատիժ չստացան, հանգիստ իրենց անկողնում կնքեցին իրենց մահկանացուն:

Հոլոքոստի ընդունումը համաշխարհային հանրության, հաղթանակած պետությունների նյութական-ֆինանսական հաշվարկների արդյունքում եղավ: Նույն Գերմանիան այսօր փորձում է մոռացության մատնել ու քողարկել Հունաստանում, Հարավսլավիայում, Խորհրդային Միությունում գործած հանցագործությունները:

Գերմանիան այսօր կարծես ծաղրանքով է վերաբերվում հույն ժողովրդի՝ միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարելու արդար պահանջին:

Գերմանիայի նախագահ Գաուկն ասում է, որ գերմանական դատարաններն արդեն որոշում են կայացրել փոխհատուցում տրամարդել-չտրամադրելու վերաբերյալ: Չի կարելի այսքան անամոթ դառնալ: Մտածեք՝ գրավել եք մի երկիր, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձել, տասնամյակ անց ձեզնից փոխհատուցում պահանջող սերունդների երեսին, որոնք ձեր պատճառով չքավորության են հասել, ասում եք. «Դուք չեք կարող մեզնից որևէ պահանջ ունենալ, որովհետև մեր դատարանը նման որոշում է կայացրել»: Պատմությունը չպետք է նրանց թողնենք, մեր մարդկային պարտականությունն է կոտրել այս արյունոտ գրիչները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5534 | 0 | 0
Facebook