Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Ինչու՞ է մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան

18:38, pazar, 14 ağustos, 2016
Ինչու՞ է մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան
    

Ինչու է այնպես պատահում, որ մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան…
     Միայն մի՛ պատճառ կա, որ մարդիկ ծածկու մ են իրենց Աստծուց:
     Ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովեւն իրավացի է, երբ ասում է, թե գոյություն ունի «ազնիվ» եւ «անազնիվ» անհավատություն:
     Անազնիվները չեն ցանկանում, որ Աստված լինի, նրանք խուսափում են Աստծո մասին ուզածդ մտքից, թաքնվում են սուրբ աշխարհի բարոյական օրենքներից: Չար եւ եսասեր մարդկանց ձեռնտու է, որ Աստված չլինի: Աստծո գոյությունը, ինչն ըստ էության` նրանց փրկությունն է, ներկայանում է նրանց որպես Ահեղ Դատաստան, որը դատելու է նրանց անմաքուր եւ անիմաստ կյանքը: Նման անհավատների շրջանում կան մարդիկ, որոնք ոչ միայն մերժում են Աստծուն, այլեւ լցված են Արարչի հանդեպ ատելությամբ, մի բան, որն անշուշտ փաստում է հենց Նրա` Աստծո գոյության մասին, Ում այդպես մերժում են: Նրանք անտեսանելիորեն, բայց զգացական սրտով գիտակցում են, որ Արարչի անպարփակ Սուրբ կերպարը կապանքների մեջ է առնում մարդու եսասիրական ու մեղսալի կամքը:
     Կան այլ անհավատներ, որոնց մտահոգում են չարի, բարու, ճշմարտության, բարոյական կյանքի խնդիրները: Նրանք զուրկ են ինքնաբավության զգացումից: Աշխարհի եւ մարդկանց հանդեպ ունեցած իրենց մարդկային հարաբերություններում նրանք ամենքին բարօրություն են ցանկանում, սակայն հույս ունեն աշխարհի ներդաշնակությանն ու երջանկությանը հասնել միայն մարդկային ու արտաքին ազդակների միջոցով: Այս հարցում նրանք, իհարկե, սխալվում են եւ չափազանց լավատես են: Մարդկային միջոցներն ու ուժերը սահմանափակ են: Առանց Վերին` Աստվածային աշխարհի օգնության մարդը չի կարող ճշմարիտ կյանք գտնել:
     Աշխարհում կա նաեւ անմիտ, անասնական անհավատություն: Ծամում է մարդը նյութական կյանքի իր ծամոնը, եւ նրան այլեւս ոչինչ պետք չէ: Նույնիսկ ալարում է մտածել Աստծո մասին, իր հոգու եւ նրան սպասվող հավիտենության մասին: Ավետարանը նման մարդկանց նմանեցնում է հյուրերի, որոնք հրավիրված լինելով մեծ ու բարի Թագավորի մոտ խնջույքի, «ասես իրար ձայն տված», հրաժարվում են հրավերից: Մեկն ասում է. «Եզներ եմ գնել եւ ահա գնում եմ դաշտ` դրանց ստուգելու համար: Ների՛ր, գալ չեմ կարողե, մյուսն իր ամուսնությունն է պատրվակ դարձնում` հրաժարվելու համար Աստծո հրավերից, երրորդը մեկ այլ պատճառ է հորինում, որ չճաշակի կյանքի Աղբյուրից: Մարդիկ հրաժարվում են կյանքի ամենագլխավոր արժեքից` Արարչի հետ մերձ լինելուց:
     Իրենց կենցաղային գործերի, հոգսերի, ուրախության ու տխրության մեջ ընկղմված` նրանք չեն ցանկանում իրենց կյանքը բարձրացնել դրանցից վեր` դեպի հավիտենական ճշմարտությունը:
     Աստծո ճշմարտությունը մերժողները, կամ այն դեռեւս չճանաչողները, ընկնում են տարբեր կուսակցական, դասակարգային, եւ այլ կարգի անձնական ու հասարակական, մեկը մյուսին հակասող եսասիրական «ճշմարտությունների» մեջ: Նրանք իրենց ճշմարտությունների հետեւում եւ դրանցից վեր չեն տեսնում Աստծո միակ Ճշմարտությունը:
     Շատերն այդպես ապրում ու չեն հասկանում, որ մարդկության ողջ պատմությունը` իր պատերազմներով, խռովություններով, արյունահեղություններով ու բռնություններով, հետեւանք է մարդկային գործնական ու բանական կյանքի, որը չի հասել դեռեւս իր բարձրագույն, հոգեւոր ավարտին ու պայծառացմանը` Աստծո ճշմարտությանը ենթարկվելու միջոցով:
     Մարդն իր ողջ կյանքը դնում է Աստծո առաջ` կամենում է, թե չի կամենում: Արեւը չի հարցնում, թե ինչպես են վերաբերվում իրեն. նա շողարձակում ու ջերմացնում է աշխարհը: Սակայն անջուր այգիները խանձվում են արեւից, իսկ իրենց անհավատությունը մութ նկուղներում թաքցրած մարդիկ մնում են խավարում:
     Կան նաեւ անգիտությամբ «անհավատներ»: Դրանք հոգեպես ազնիվ մարդիկ են, որոնք իրենց «անհավատ» են համարում, քանզի նրանց ներշնչել կամ էլ իրենք են որդեգրել Աստծո, աշխարհի եւ մարդկանց մասին սխալ մոտեցումը: Նման մարդիկ իրենց հոգու խորքում դեմ չեն Աստծուն, նրանք դեմ են սոսկ Աստծո մասին ոչ ճիշտ, նեղմիտ հասկացությանը: Եվ ճշմարտության իրենց որոնումներում նրանք հեշտությամբ կարողանում են ըմբռնել հոգեւոր աշխարհը:
     Բացորոշ ասենք` մենք հավատացյալներս ու հոգեւորականներս, ոչ միշտ ենք լինում Աստծուն ծառայելու մեր սրբազան բարձունքում: Միայն հակակրոնականները, որոնք պախարակում են մեզ, չեն նկատում, որ այդ փաստարկը բնավ էլ հակակրոնական չէ, այլ բուն կրոնական: Այդ բարոյական փաստարկն ամենեւին էլ կապ չունի մատերիալիզմի հետ… Բոլոր ժամանակներում էլ եղել են, այսօր եւս քիչ չեն միայն արտաքուստ «Աստծուն հավատացողներ» եւ «քրիստոնյաներ»: Եվ մի՞թե այս կամ այն մարդկանց կամ հոգեւոր հովիվների բարոյական թուլությունը կարող է վարկաբեկել Աստծո հրեշտակային ուսմունքի կենսական ուժը, իմաստությունն ու լույսը:
     Ավետարանն ինքն է մեզ ասում, որ նույնիսկ Քրիստոսին մտերիմ տասներկու առաքյալների մեջ, պարզվեց, մեկը դավաճան էր: Դա չի կարող հերքել Քրիստոսի ճշմարտությունը, հակառակը, ավելի ընդգծում է այն: Մենք` քրիստոնյաներս, վատն ենք, թե լավը, դա առնչվում է միայն մեր փրկությանը, բայց ոչ Աստծո գոյությանը:
     Խաբեբաներն ու հանցագործները խեղում են միայն իրենց անձերը, բայց ոչ Աստծո ճշմարտությունը… Աստծո ճշմարտության գոյությունը հավիտենական է:
     Քիչ չեն եղել եւ այսօր էլ կան մարդիկ, որոնք Քրիստոսի ճըշմարտությունն իրենց կյանքից առավել են սիրում:
     Անկեղծ անհավատությունը Թովմաս առաքյալի անհավատությունն էր: Թեպետ նա զուր դրսեւորեց անվստահություն առաքյալների խոսքերի հանդեպ թեպետ նա պետք է, որ հավատար նրանց, սակայն, վստահ լինելու համար ցանկացավ տեսնել հարություն առած Քրիստոսին. ուրախությունից նա կարծես վախենում էր հավատալ…
     Եթե Քրիստոս Հարություն է առել, այնժամ եւ նրա` Թովմասի կյանքը պիտի արմատապես փոխվեր, պիտի գնար միանգամայն այլ հունով… Ամեն ինչ նրա կյանքում պետք է փայլատակեր այդ լույսով… Եվ երբ Թովմասը տեսավ իսկապես հարություն առած Քրիստոսին եւ իր ձեռքերով հպվեց Նրա` գամերից առաջացած վերքերին, հրճվագին ձայնեց. «Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ»: Եվ Քրիստոս նրան ասաց. «Որովհետեւ դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսնի եւ սակայն կհավատան» (Հովհ. 20; 29):
     Աշխարհում բոլոր ազգերի մեջ էլ քիչ չեն նման մարդիկ: Հնարավորություն չունենալով տեսնելու Քրիստոսին ֆիզիկական աչքերով` նրանք առանց երկմտանքի իրենց հոգու աչքերով են տեսնում Փրկչին, տեսնում են` սիրով ու հավատով առլեցուն:
     Անկեղծ կասկածամտությունն ի վերջո գտնում է Ճշմարտությունը, որովհետեւ փնտրում է Նրան` առանց խարդավանքի:
     Վերջիններս, որոնք ճշմարտության ծարավն ունեին, արդեն գտել են Աստծուն, քանզի այդ ծարավը հենց Աստծո ճշմարտությունն է մարդկանց կյանքում

Թարգմանությունը անգլերենից` Ա. Մուրադյանի
     Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8664 | 1 | 0
Facebook