«Պատերազմն ինձ համար որդեկորույս մայրերի աչքերի գույնը ունի... ». Բանաստեղծուհի Նարինե Ավագյան
Ձայներ եմ լսում... Անկենդան մարմինների տնքոցներ, գայլերի ոռնոց եմ լսում քաղաքներում... Երկինքը՝սևազգեստ, երկինքը սգավո՜ր.. Ն. Ավագյան 02.04.16 Սա երիտասարդ բանաստեղծուհի Նարինե Ավագյանի ֆեյսբուքյան գրառումն է առաջին արյունոտ օրը՝ ապրիլի 2-ին՝ Արցախա-ադրբեջանական շփման գծում 1994թ-ից մինչ օրս թշնամու առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հայտնի դառնալուց հետո: Նարինե Ավագյանի մոտեցումը կյանքին և նրա մասնավոր իրավիճակներին ընդհանուր առմամբ ծայրահեղ լավատեսական է: Երբևէ կյանքը գորշ կամ անգույն չի տեսել նախկինում: «Այդ օրը երեկոյան մի քանի տող խզբզեցի: Սովորաբար գրելուց հետո որոշ ժամանակ հանգիստ եմ թողնում թուղթը, ապա վերընթերցում գրածս: Իսկապես սարսափեցի, երբ աչքովս անցկացրի իմ գրածները» ... Բանաստեղծուհին այդ գրառումներից համեմատաբար մեղմն է տեղադրել համացանցում: Ասում են՝ ստեղծագործող մարդիկ կատարվող իրադարձությունների մասին զգում են շատ ավելի վաղ...Նարինե Ավագյանն այդ մասին չէր մտածել: Բայց երբ արդեն Արցախի սահմանին տիրող իրավիճակի մասին լուրերը հասան նաև նրան, զարմանքից քարացել էր. «Կիսվեցի իմ մտահոգություններով գրականությանն ու արվեստին շատ մոտ կանգնած իմ ընկերներից մեկի հետ, և նա ասաց, որ ստեղծագործող մարդիկ կատարվող իրադարձությունների մասին զգում են շատ ավելի վաղ»: Պատերազմական այս ընթացքում բանաստեղծուհու ստեղծագործություններն էլ ապրեցին այդ ցավն ու տառապանքը, հպարտությունն ու հայրենասիրությունը: «Իմ հոգին մեռած վիճակում է նախ որպես հայ կին, որպես հայ մայր: Բառերն անզոր են նկարագրելու այն ցավը, որ ես ապրեցի ու շարունակում եմ ապրել: Ես մեռնում եմ ամեն զոհվածի անունը կարդալիս, չեմ կարողանում նայել նրանց նկարներին: Ես վստահ եմ, որ այսպիսի վիճակում է հիմա յուրաքանչյուր հայ կին: Իմ ստեղծագործող հոգին էլ բոլոր հոգիների պես սովորական է: Մի քիչ գուցե ավելի զգայուն ուրիշի ցավի նկատմամբ: Հենց դա է դրդում գրիչ վերցնելուն: Յուրաքանչյուր անհատի ճակատագիր անցկացնում եմ իմ միջով: Սա է ծնում տող՝ ցավի, տառապանքի, հպարտության: Իմ հողը անչա՜փ եմ սիրում, և դա չեմ համարում դրական հատկանիշ: Դա համարում եմ պարտադրանք յուրաքանչյուր անհատի համար: Մեծ ցավ ապրեցի… Այն շարունակվում է մինչև հիմա: Եվ գնալով ավելի է խորանում», -ասում է նա: Այսօր գրված գործերը ժամանակակից ստեղծագործողների կողմից փաստ ու խոսք են ապագա սերնդին: Շատերը հենց այս գործերի միջոցով են իմանալու մեր հերոսների, հաղթանակած օրերի մասին: Նարինեն ասում է, որ ստեղծագործողի համար կարևորագույն դեր ունի անկեծությունը, հարգանքն իր տողի, մտքի նկատմամբ: «Եվ գիտե՞ք՝ընթերցողը դա զգում է, շատ լավ է զգում: Գրելիս չես մտածում՝այ այսպես գրեմ, որ վաղն այսպես իմանան: Գրում ես ապրածիդ ու չապրածիդ մասին, զգացողություններիդ մասին»: Այս օրերին նա հասցրեց այնքա՜ն բան պարզել իր համար: Ասում է՝ համոզվեց, որ շատ հարցերի նկատմամբ միշտ ճիշտ մոտեցում է ունցել: Նա սիրում է հայ մարդու տեսակը: «Բազմիցս ասել եմ՝մեր գենը շատ ուժեղ է՝ և լավ, և՛ վատ առումով: Այսօր ևս համոզվեցի դրանում: Իսկ ինչ վերաբերում է տողերումս առկա մեսսիջին՝ ապա իմ տողերից փոխանցվում է միայն ճշմարիտ տեղեկություն: Իսկ այսօրվա ճշմարտությունը մեկն է՝ ես խոնարհվում եմ հայ զինվորի առաջ: Շարքային զինվորի, որ չկորցրեց իրեն: Գիտակցված մահն անմահություն է, և նրանք բոլորը, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն, այլևս հավերժի զավակներ են»: Շատ ստեղծագործողների համար դժվար է խոսել դաժան օրերի, պատերազմների մասին: Երիտասարդ բանաստեղծուհու համար ևս սարսափելի դժվար է: Բայց, ասում է՝ եթե ներսդ այնքան է լցվել, որ դատարկվելու կարիք ունես, ապա դա անխուսափելի է: «Ես այս օրերի գրվածքներից հասարակայնացրել եմ միայն երախտիքիս խոսքը հայ զինվորի նկատմամբ, սերս առ հայրենիք, բայց ինչե՜ր կան թղթի վրա…Չգիտեմ՝գուցե մի օր նրանք ևս հանձնվեն ընթերցողի դատին, բայց այսօր ես դեռ դրան պատրաստ չեմ»: Նարինե Ավագյանն ասում է, որ ընդհանրապես ոչ միայն Արցախում, այլ աշխարհում ծավալվող հրեշավոր դեպքերն իրեն խանգարում են ապրել վերջին ժամանակներում: Չի պատկերացնում, թե այս քաղաքակիրթ դարում ինչպես կարելի է ձեռք բարձրացնել մարդկային կյանքի վրա՝ ինչ-որ հողի, հարստոթյան համար: Առավել ևս չի հասկանում Արցախյան հակամարտության դրդապատճառները: «Ըստ իս՝ ուժեղ է նա, ով ճիշտ պահին նահանջել գիտի: Խոսքը Ադրբեջանի մասին է, իհարկե: Ախր ոչ մի հիմք չունեն պահանջելու մի բան, որ երբևէ իրենց չի պատկանել: Եթե հարցնում եք իմ տեսակետը, ապա ասեմ. Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան կամ պատմագետ: Իմ պատմությունը գիտեմ բավականին լավ՝ դա յուրաքանչյուրիս պարտքն է: Բայց պիտի ասեմ, գուցե սխալ եմ, չգիտեմ, այս ամենի մեջ առաջին հերթին մեղադրում եմ մեզ՝այդ թվում նաև ինձ: Այդպես եղել է, այդպես կլինի միշտ՝ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր: Մեղավոր ենք, որ մենք բվականաչափ ուժեղ չենք: Մեղավոր ենք, որ մեկի փոխարեն տասը չենք հատուցում, մեղավոր ենք, որ գործն ավարտին չենք հասցնում, մեղավոր ենք, որ սիրում ենք կախված լինել ուրիշներից, մեղավոր ենք, որ մեր հողի վրա չենք ապրում, մեղավոր ենք, որ չենք կարող ստիպել մեր կառավարությանը հարգել մեր կարծիքը: Ինչ ասեմ…Մի բանում ստահ եմ՝ ոչ մի թիզ հող չպիտի վերադարձվի: Չպիտի մոռանանք, որ այդ հողը մեր արյամբ է ոռոգված: Այն հիմա սրբագույն է»: Նարինե Ավագյանի երազանքներն ու ցանկություններն այլ էին մինչ ապրիլյան քառօրյա պատերազմն ու այդ ամենի հետևանքներն ու թափված արյունը: Այժմ նրա երազանքները պտտվում են խաղաղ երկրի, անզոհ սահմանների շուրջ «Երանի՜ իմ ձայնը տեղ հասներ աշխարհասփյուռ հայությանը: Երանի՜ աչքերս բացխուփ անեի ու տեսնեի 10 միլիոն հայություն՝ Հայաստանում, ուժեղ, խելացի, հարուստ, ուս ուսի, մեջք մեջքի, հարցեր լուծող, պատասխաններ տվող, ոչ թե անընդհատ հարցադրումներ անող: Չեք հավատա, բայց հաճախ եմ ինձ որսում այն մտքի վրա, որ ես ավելի շատ համաձայն էի ազգի ճակատին եղեռնագործ տիտղոսը կրել, քան եղեռնազոհ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես արդեն գրել եմ նրա մասին իմ՝ Ապրիլյան օրերի խրոնիկ գործում: Նա եթե այսպես շարունակի, մի օր խեղդվելու է իր մաղձի մեջ»: Բանաստեղծուհին իր ներսի տատանումներն ու սարսուռը մեկ բառով բնութագրում է Կերպարանափոխություն և ավելացնում՝ «Բայց դրա տակ այնքա՜ն ասելիք կա»: Հարցին, թե ո՞րն է պատերազմի գույնը Նարինե Ավագյանի տողերում, պատասխանում է. «Պատերազմը ինձ համար որդեկորույս մայրերի աչքերի գույնը ունի, վատ հիշողության գույնը, խեղված հոգիների, բաժանման, ցավի գույնը: Դուք կարո: ղ եք ասել՝ ի՞նչ գույն ունի ցավը, տառապանքը…Այ հենց դա է պատերազմի գույնը իմ պատկերացմամբ»: Իր մտքերը թղթին հանձնելով բանաստեղծուհու ցավը չի մեղմանում «Պարզապես հոգուցդ դուրս է գալիս, լղոզվում գրասեղանիդ՝աչքիդ առաջ: Ինչպես ասենք՝վիշտդ ներսում էիր պահում, հիմա՝ նաև դրսում: Այն ինձ հետ է, քանի կա»: Բանաստեղծուհու՝ այս օրերին գրված հայրենասիրական թեմաներով ստեղծագործությունները հետագայում կներկայացվեն նաև առանձին գրքով: Միտքը նրա մոտ հենց այս օրերին հղացավ. «բայց ոչ թե հենց այս օրերի, այլ հայրենասիրական գործերի առանձին շարքի տպագրման հետ կապված: Իհարկե՝խաղաղության պայմաններում», - եզրափակում է նա: |
Abone ol ve malalelerin yayınla: