Մեր էպոսը յուրահատուկ կոդավորված ինֆորմացիա է, որի մեջ կա ամեն ինչ։ Նրա մեջ կան բյուրավոր գաղտնիքներ, որոնք վեր են հանվում խորհող մարդկանց կողմից, սակայն, շատ գաղտնիքներ, որոնք մեր նախնիները թաքցրել են էպոսի` առաջին հայացքից հասարակ թվացող տողերի տակ, այդպես էլ անբացահայտելի են մնում։
Իմ խորին համոզմամբ, երբ ժամանակի ընթացքում կապ ապահովենք մեր նախնյաց իմաստության հետ, այդժամ մեզ համար մեկնելի կլինի էպոսի ցանկացած նախադասություն ու բառ։
Օրերս, երբ կրկին անցել էի մտորումների, ակամա մեր էպոսի կառուցվածքը համեմատեցի մեր պատմության պարբերաշրջանների հետ և չգիտեմ համեմատությունս որքանով է տեղին ստացվել, սակայն ի զարմանս ինձ, այնտեղ հայտնաբերեցի կարծես թե ծրագրված ու կոդավորված պատմության քարտեզ։
Սասնա ծռերը կառուցված է 4 մասից. «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր» ։
Եթե մի պահ հիշենք, ապա պարզ կդառնա, որ «Սանասարը և Բաղդասարը «մեր նախապատմությունն են` ժողովրդի ժողովրդի սկզբնավորումը, քանի որ նրանք բացեցին աղբյուրների ակունքները, ահռելի քարեր տեղափոխելով շեներ սարքեցին և ծաղկացրեցին դաշտերը։
Սանասարը կարող է համեմատվել նաև հայերի սուրբ լեռան` Արարատի հետ, քանի որ «Սան» նշանակում է սուրբ, իսկ «սարը» լեռ կամ էլ հենց սար։
Այնուհետև գալիս է «Մեծ Մհերը», որը կարծես թե Մեծ Հայքն է։ Ահռելի ու այնքան հզոր, որ կարողանում է առյուծին, այսինքն հզոր տերություններին մեջտեղից կիսել։
Մեծ Մհերի մահով ծնունդ առավ «Սասունցի Դավիթը», նույնն է թե, Արևմտյան Հայաստանը։ Կարծում եմ Սասունի Արևմտյան Հայաստանում գտնվելն էլ պատահկան չէ։
Սասունցի Դավթին հաջորդում է «Փոքր Մհերը», նույնն է թե փոքր Հայաստանը, որն անմահ է, այսինքն հավերժ, սակայն անժառանգ, այսինքն անընդունակ զարգանալու և նախորդների հզորությունը շարունակելու։
Այժմ «Փոքր Մհերը» մեկուսացված է և նա այդպես կմնա այնքան ժամանակ, մինչև որ արդարություն չի հաստատվի։
Ենթադրվում է, որ այդ արդարությունը մենք պետք է հաստատենք` շղթաներից ազատելով փոքր Հայաստանին, հնարավորություն տալով լինել հավերժ և նախնյաց իմաստության հետ կապ հաստատելով նաև ժառանգատու…
Հովիկ Վերանյան