Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բեկորներով «հարուստ» կինը. «Ես ինձ հաղթող եմ համարում»

00:30, perşembe, 16 temmuz, 2015
Բեկորներով «հարուստ» կինը. «Ես ինձ հաղթող եմ համարում»

Մարինե Մարտիրոսյան


    
22: 55, 15 հուլիսի, 2015
    

Վաղ առավոտյան ազատամարտիկ Կարինե Դանիելյանի բնակարանն ենք փնտրում: Արևը փունջ-փունջ լցվել է մայթերի եզրերի ճեղքերը: Սբ. Ղազանչեցոց եկեղեցու կողքով ենք անցնում, զանգերի ձայնն է լսվում, արձագանքը, սակայն, մնում է մտքիդ մեջ: Կարինեի բնակարանի մոտ ենք հասնում: Քիչ անց դուռը բացում է Կարինեն, ում մոտենում է նաև մայրը: Կարինեն ժպտալով ներս է հրավիրում մեզ: Տեղավորվում ենք հյուրասենյակի բազմոցին, Կարինեն՝ աթոռին:

Կարճ նախաբանից հետո հասկանում եմ, որ մեր զրույցը, հնարավոր է, չստացվի: Կարինեն ասում է՝ երբեք չի սիրել պատմել պատերազմում իր մասնակցության մասին: «Կուզեմ, որ իմանան, բայց ոչ ինձնից: Չեմ կարողանում վերհիշել իմ անցյալը, դա իմ թույլ կողմն է: Ոչ մեկին չեմ կարող պատմել, անհնարին է ամեն բան, ճիշտ է, հեքիաթներ շատ եմ լսում՝ թե՛ հեռուստացույցով, թե՛ թերթերում, հիմա հեքիաթները, ցավոք սրտի, շատացել են, դրա համար ինձ խեղդում եմ», - ասում է նա: Հարցնում եմ՝ իսկ այդ դեպքում մարդիկ ինչպե՞ս իմանան այն ժամանակի իրականությունը, եթե իր պես կռված անձինք չենք ուզում խոսել այդ մասին: Լռում է: Նրա մայրը մտնում է սենյակ: Կարինեն շարունակում է խոսքը, թե, համենայն դեպս, թող իրենից չիմանան պատմությունը: Դարձյալ չենք խոսում: Քիչ անց շարունակում է միտքը: Ասում է՝ ժամանակին նույնիսկ փորձել է գրի առնել իր տեսածը, բայց դադարեցրել է: Եթե մեկին գտնի, որ անաչառ կներկայացնի իր և իր ընկերների հուշերը, գուցե պատմի ամեն բան: Կարինեն ասում է՝ երբ ընկերներով հավաքվում են, աշխատում են վերհիշել միայն պատերազմի ուրախ պահերը, որովհետև տխուր պահեր շատ են եղել: «Տխուր պահերն աշխատում եմ չհիշել, վնասից բացի՝ ուրիշ ոչինչ չեն տալիս: Գիտեմ, սխալ եմ անում՝ չեմ կարողանում նստել, երեխաներին պատմել կռվի մասին: Չգիտեմ՝ թուլություն ասեք», - նշում է զրուցակիցս:


    

Կարինեն ծննդով Շուշիից է, մասնագիտությամբ տնտեսագետ է: 1984-ին ստիպված էր հեռանալ Ղարաբաղից: Նրա խոսքով՝ այդ տարիներին թուրքերի մեջ խելացի և գեղեցիկ աղջիկներին դժվար էր պահելը: Պյատիգորսկ էր գնացել: 1989-ին լսելով, որ Ղարաբաղում լարված իրավիճակի է, վերադարձել է այնտեղ:

Կարինեի խոսքով՝ աղջիկ թե տղա, պարտավոր են պաշտպանել հայրենիքը: Բայց պատերազմին մասնակցելու համար, ըստ նրա, պետք է կարողանաս լավ տիրապետել զենքին՝ առաջնագծում ավելորդ բեռ չդառնալու համար: Շուշիի ուսումնական կենտրոնում էլ սովորել է զենքին գործածել: «Որպեսզի վնաս չհասցնեի մերոնց, պիտի ամեն ինչով պատրաստված լինեի», - նկատում է նա:


    

Մեր զրույցը երբեմն ընդհատվում է: Կարինեն կրկին շատ բան չի պատմում: Կցկտուր դրվագներով ուրվագծվում են տարիները: «Գաբրիելիչը՝ մեր գլխավորը, մի օր ասաց՝ քեզ համար սյուրպրիզ ունեմ, երեք օրից կիմանաս: Առավոտյան գնացի մոտը, տեսա մի «ԿամԱԶ» աղջիկներ են բերել: Ուրախացա, ասացի՝ ինչ լավ ա, մենակ չեմ: Ծանոթացա նրանց հետ: Բժշկության մասին գիտելիքներն իրենցից եմ ստացել, որովհետև դաշտում պետք էին», - ասում է նա: Կարինեն շարունակում է, թե գուցե սխալ է վարվել, բայց որևէ ադրբեջանցի վիրավորի չի օգնել:

Կամավորագրվել է 1992-ի սեպտեմբերինն, իսկ մարտական գորոծղություններին մասնակցել է դեկտեմբերից: Բացի Մարտունի-Ասկերանի ուղղությունից, մնացած ուղղություններով եղել է իր ջոկատի հետ: Հետագայում միացել են Ստեփանակերտի 8-րդ վաշտին, որը հետո մտել է Շուշիի գնդի կազմի մեջ: Առաջին կետը, որտեղ եղել է, Բերձորի գյուղերն էին: «Դեկտեմբեր ամիսն էր: Գետով անցնում էինք, սառը քամին այնպես էր փչում, ֆռռացնում: Շորերը սառում էին, ամեն քայլելուց մարմիդ սառում է: Այդ ժամանակ սառելն ամենահեշտ բանն էլ, տաքանալն էր ամենաբարդը», - նշում է զրուցակիցս: Ժպտում է: Արձագանքում եմ նրան՝ «դժվար էր»: Ինքը շարունակում է խոսքը, թե կյանքում հեշտ բան չի լինում:

Կարինեի ասելով՝ իրենք երբեք չեն առճակատվել թուրքին: Թեև նրանք թվաքանակով շատ էին, զենքով՝ հարուստ, բայց չի հաջողվել հաղթել, որովհետև վախկոտ են: Մի դեպք է վերհիշում. «Մի անգամ զրահամեքենան՝ ամեն ինչով լիքը, միջի կռվողները թողեցին-փախան: Մենք ընդամենը մի ուռա էինք արել, կրակոց դեռ չկար: Թուրքերը մեր դիմաց փախնում էին՝ պիտի վազեինք նրանց հետևից: Սպանում էինք տարիքով մարդկանց, երիտասարդներին ես ձեռք չեմ տվել»:

Կարինեն պատմում է, որ ադրբեջանցիները հաճախ ռացիայով հայերենով էին խոսում, փորձում ուղղորդել: Այդպիսով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք հայեր են, և, ըստ Կարինեի, ցավոք, երբեմն դեպքեր են եղել, երբ տղերքը չեն իմացել, շարժվել են այդ ուղղորդումներով: Մի անգամ, ասում է, սարի բարձունքում էին, «մասխալաթներով» երկու մասի էին բաժանվել: Մի մասը սարի ստորոտն էր իջնում, իրենք վերևում էին: «Մեր դասակի կամանդիրին ասացի, ոնց որ, մերոնք թուրքերի ձեռն են գնում: Ասաց՝ ոնց թե, ասացի՝ դե լսիր ռացիայով: Ասաց՝ մերոնց մասի՞ն է խոսքը, ասացի՝ հա: Ասացի՝ պիտի կրակենք, որ թուրքերը մեզ պատասխանեն, և մերոնք հասկանան, որ գնում են թուրքերի կողմ: Էդպես էլ արեցինք: Մերոնք 11 հոգի էին, երկու աֆիցեր ունեինք նրանց մեջ», - վերհիշում է Կարինեն՝ ավելացնելով, որ այդպիսի պատմություններ պատահել են Ղարաբաղում կռված շատ-շատ տղաների հետ:


    

1993 թ. օգոստոսի 17-ին Ղուբաթլուի շրջանի Բաշարադ գյուղի մատույցներում Կարինեն վիրավորվել է: «Մենք ընկանք կրակոցների տակ: Առաջին անգամ 120-ն է (նկատի ունի 120 մմ-ոց ականանետը- հեղ.) աշխատել է մեզ վրա: Հենց ինձ մոտ պայթեց, ասկոլկեքը կպան գլխից, մարմնիս, ոտքերիս, միայն մի ձեռքս էր լավ պրծել: Իմ ստացած վերքերը համատեղելի չէին կյանքի հետ, ուղեղի ամենածանր վիրավորումն էի ստացել, նույնիսկ բժշիկներն էին զարմացել, որ ողջ եմ մնացել: Մեր էն մյուս տղաների համեմատ՝ ես լավ պրծա, երևի Աստված ինձ շատ է օգնել, փրկել է», - ասում է նա:

Մայրն ուշադիր նայում է Կարինեին: «Մամ, ինձ քանի՞ անգամ վիրահետեցին»: «3 անգամ», - պատասխանում է մայրն ու աչքերը կախում: Կարինեն մշտական գլխացավեր է ունենում: Ասում է՝ շենքում էլ գիտեն այդ մասին, հարևաններն ըմբնռումով են մոտենում՝ բարձր երաժշտություն, բարձր ձայներ չի հնչում շենքում: Կարինեի ուղեղի թաղանթում և մարմնում դեռևս բեկորներ կան: «Ճակատային մասն իմ սեփականը չէ, դնովի է, էն մնացածն իմն է՝ գումարած իմ ասկլոկաները: Դրանք արդեն իմ սեփականությունն են դարձել, չեմ թողնի, որ հանեն: Եթե ոտքերս, թևերս լինեին, կարող էի վստահել, որ հանեն», - ասում է Կարինեն:

Մենք բոլորս, կարծես, միաժամանակ հայացքներս կախում ենք գետնին: Մոտ 40 րոպե է անցել մեր զրույցից: Կարինեն աշխուժությամբ, ժպտալով է խոսում: Նայում եմ բազմոցի անկյունին, որտեղ շյուղերով գործն է: Մայրը նկատում է հայացքս, ասում է՝ Կարինեն է գործում:

«Մտածելու բան չունեմ, տուն եմ ընկել, լիարժեք կյանքով չեմ ապրում, բայց մտածում եմ, որ հաղթել եմ շատ հարցերում, ես ինձ հաղթող եմ համարում: Իմ առջև դրված խնդիրներն արել եմ, հասել եմ ամեն ինչի, վերջնական կետին չեմ հասել, էն էլ Աստծու ձեռքին եմ դրել: Վերջնականին չեմ հասել, որովհետև նրանք որ հորս ծեծել են, կուրացրել, չկարողացա հասնել նրանց: Ոչինչ, դա էլ մի ուրիշը կանի», - ասում է Կարինեն:


    

Մինչ Արցախյան պատերազմը Կարինեի հայրն աշխատում էր Շուշիի հեռագրատանը: Պետական նշանակության հեռագրերը ձևակերպում էր նա: «Ես տարիներ անց եմ իմացել այդ մասին: Ինձ ասացին, որ մի անգամ մի հեռագիր էին տվել հորս, որ Մոսվկա ուղարկի: Բովանդակությունը հետևյալն էր, որ Շուշիի բնակչությունը կողմնակից է Ադրբեջանի կառավարությանը: Երբ Ստեփանակերտից ժողովուրդը դուրս էր եկել, Շուշիում էլ տեղյակ չէին այդ մասին: Հայրս հեռագրի բառերն է հաշվել, էնպես էր տեղափոխել բառերը, որ հօգուտ մեր հայության լիներ, այսինքն՝ նշեց, որ Շուշիի հայությունը համաձյան չէ Ադրբեջանի կառավարությանը: Մոսկվայից Ադրբեջան լուր էր գնացել, թե ոնց եք արել, որ ձեր միջից հօգուտ հայերի հեռագիր ենք ստացել: Դրանից հետո հորս էին կպել: Խաբելով տարել էին աշխատանքի, լավ ծեծել էին, դրանից հետո հայրս կուրացավ: Ես մուռ հանելու համար չէի գնացել, կուզեի, որ հորս ծեծողին գտնեի, մի լավ ծեծեի: Ուժեղ եմ եղել, կկարողանայի ծեծել», - ասում է նա, հետո նշում է, որ մի օր Աստված նրանց պատասխանն էլ կտա, գուցե մեկ ուրիշն իր փոխարեն կպատասխանի նրանց:


    

Կարինեն հազվադեպ է դուրս գալիս տնից: Պատերազմում, նրա խոսքով, կորցրեց առողջությունը, իսկ փոխարենը շատ բան ձեռք բերեց: Ասում է՝ իրեն գնահատված է համարում, քանի որ մեր երեխաներն առանց վախի դպրոց են գնում, ծնողը չի վախենում, որ երեխային կգողանան կամ կսպանեն: «Դա ամենամեծ պարգևն է, որին հասել եմ», - ասում է ազատամարտիկը: Նրա դեմքին մեղմություն է տարածվում: Մայրն էլ է ժպտում, նա էլ փորձում է համակերպվել Կարինեի ներկա վիճակին: Քիչ անց սուրճ է պատրաստում մեզ համար: Նստում եմ նրա կողքին, սկսում ենք զրուցել: Մոր ժպիտի տակ ափսոսանք կա: «Էնքան բարի սիրտ ունի Կարինեն», - ասում է նա: Մոր աչքերում կուտակվում են արցունքները:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և Կարիեն Դանիելյանի անձնական արխիվից


    

    
Kaynak: HETQ.AM
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4874 | 0 | 0
Facebook