Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մամաս լաց լինելով ասում էր, որ եթե ամուսնանամ` կփոխվեմ». Չդիմանալով ճնշումներին՝ բազմաթիվ գեյեր ինքնասպան են լինում Հայաստանում

12:21, çarşamba, 27 mayıs, 2015
«Մամաս լաց լինելով ասում էր, որ եթե ամուսնանամ` կփոխվեմ». Չդիմանալով ճնշումներին՝ բազմաթիվ գեյեր ինքնասպան են լինում Հայաստանում

Մեդիալաբ.am-ը գրում է.
    
     Հունվարի վերջին Ադրբեջանում ինքնասպան եղավ ԼԳԲՏ ակտիվիստ, գեյ Իսա Շահմարլին: Չդիմանալով հասարակության ճնշումներին՝ բազմաթիվ ԼԳԲՏ անձինք, հիմնականում գեյեր, ինքնասպան են լինում նաև Հայաստանում:

Սակայն ըստ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանի՝ այդ մասին գրեթե անհնար է խոսել, քանի որ ինքնասպանությունից հետո նրա ընտանիքը անմիջապես մի աղջիկ է «հայտնաբերում», որը նրա նշանածն էր:

31-ամյա միասեռական Հրայրը (անունը փոխված է) «Մեդիալաբին» ասում է, որ հայ հանրությունում գերակա արժեք համարվող կին-ամուսին-երեխա շղթան իր համար վանդակ է, որտեղ իրեն ուզում էին տեղավորել իր ծնողները. «բայց ես դուրս պրծա այնտեղից»:

Այն, որ Հրայրը գեյ է` հայտնաբերել է հայրը մի գիշեր, երբ վերջինս իրենց տանը հյուրընկալել էր իր գեյ զուգընկերոջը:

«Պապաս բան չասեց, մամայիս էր պատմել, - ասում է նա, - մամաս լաց լինելով ասում էր, որ եթե ամուսնանամ` կփոխվեմ»:

Հրայրը մի քանի անգամ փորձել է սեռական հարաբերություն ունենալ աղջիկների հետ` մտածելով, որ միգուցե բիսեքսուալ է, սակայն հասկացել է, որ էմոցիոնալ բավարարվածություն ստանում է միայն տղաների հետ կապով:

ՓԻՆՔ-ը 2011թ. հանրային վերաբերմունքի ուսումնասիրություն է արել, համաձայն որի հարցվողների 70 տոկոս դիրքորոշմամբ` հանրությունը պետք է դատապարտի ԼԳԲՏ անձանց, իսկ 98 տոկոսը կարծում է, որ այն շեղում է: Նույնիսկ հարցման արդյունքում էլ երևում է «հայ լինելու» մասին առանձնահատուկ վերաբերմունք, և 52 տոկոսը նշել է, որ հայ ազգին հարիր չէ ԼԳԲՏ անձ լինելը:

Երևանի պետ համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ Դավիթ Գևորգյանն ասում է, որ դասական սեռական կողմնորոշումը չի կարող որակվել որպես նորմալ, իսկ այլընտրանքայինը` շեղում նորմայից, քանի որ ինչ-որ երևույթի նորմալ լինել-չլինելու մասին խոսել կարելի է միայն այն ժամանակ, երբ հասկանալի լինի մեխանիզմի ձևավորումը:

«Ցանկացած երեխա 3-7 տարեկան հասակում անցնում է նույնականացման պրոցես իր սեռի մարդու հետ, տղայի համար՝ հոր, աղջկա կողմից՝ մոր և հակադրվելով հակառակ սեռին` բերում է հակում նրա նկատմամբ, - ասում է նա, - նույնասեռականների համար այն ունենում է մի փոքր այլ ընթացք, և դրա պատճառները դեռևս պարզ չեն, քանի որ այդ գործընթացը տեղի է ունենում անգիտակցական պրոցեսների արդյունքում»:

1972-73թթ. ամերիկյան հոգեբանների ասոցիացիան, այնուհետև 1992թ. ՄԱԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միասեռականությունը հանեցին հոգեկան հիվանդությունների շարքից, որպիսին այն համարվում էր մինչև 1970-ականները:

Հովսեփյանն ասում է, որ ուսումնասիրության արդյունքում նրանք պարզել են, որ մարդիկ իրազեկվածության պակաս ունեն և չգիտեն սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության տարբերությունը. «Նրանք չգիտեն, որ միասեռականը չի կարող փոխել իր սեռական կողմնորոշումը»:

Հոգեբանը նշում է, որ մինչ 6 տարեկանը` սեռական ինքնահասունացման առաջին փուլերում որոշակի արտաքին ազդեցություններ. դաստիարակություն, միջավայր և այլ հանգամանքներ կարող են նշանակալից ազդեցություն ունենալ սեռական կողմնորոշման հարցում:

«Առաջին հայացքից անմեղ թվացող այնպիսի հանգամանքներ, ինչպիսին են միասեռ միջավայրի գերակայությունը կամ ծնողական մեսիջների անհամապատասխանությունը երեխայի կյանքում կարող են համալիր կերպով ազդել, որպեսզի երեխան չանցնի նույնականացման դասական գործընթացը», - ասում է նա:

Սրանք թեպետ կարևոր գործոններ են, սակայն հոգեբանն ընդգծում է, որ ամբողջ դաստիարակությունը հիմնականում ուղղված է մարդու գիտակցական ոլորտի զարգացմանը և շատ հաճախ չի էլ շոշափում ենթագիտակցությունը, իսկ վերջինս ունի ինֆորմացիայի ստացման իր սեփական ուղիները, և «սիրել աղջիկների, թե տղաների» ընտրությունը մարդը կայացնում է շատ ավելի վաղ շրջանում, քան ձևավորված է լինում նրա գիտակցությունը:

«Խոսքը վերաբերվում է զգայական մակարդակում կատարվող պրոցեսներին, որոնք կարող են վերաբերել մինչև անգամ ոչ խոսքային շրջանի և նախածննդյան շրջանի՝ հղիության և ներարգանդային զարգացման ընթացքին, - ասում է նա, - այն պրոցեսները, որոնք մարդուն կարող են ենթագիտակցորեն հանգեցնել նման սեռական կողմնորոշման, կարող են լինել անտեսանելի, և թվա, թե ամեն ինչ նորմալ է ընտանիքում, բայց որոշակի գենետիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական նախադրյալներով կամ ուրույն անձնային առանձնահատկություններն իրար գումարվելով` տան ինչ-որ ուրիշ արդյունք»:

Գևորգյանը վկայակոչում է ժամանակից հոգեբանության նախահայրերից մեկին` անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կարլ Յունգին, որի ուսմունքի հիմքում ընկած է անգիտակցական վիճակում մարդու երկսեռ լինելու մասին գաղափարը:

28-ամյա ամերիկահայ բիսեքսուալ Նորան կանանց նկատմամբ ունեցած սեռական հակումը հայտնաբերել է Հայաստանում` ընդամենը 3 տարի առաջ: Նրա ծնողները ԱՄՆ են մեկնել Ստամբուլից, երբ նա արդեն մեկ տարեկան էր: Նորային մեծացրել են չափազանց խիստ ու պահպանողական միջավայրում, որտեղ «կանայք պիտի լինեն այսպիսին ու անեն այսպիսի բաներ»:

Երբ նա ընդունվել է Լոս Անջելեսի UCLA համալսարանը` կարող էր տանը մնալով հաճախել դասերի, սակայն ի հակառակ ծնողների` ապրել է համալսարանական կամպուսում, որպեսզի ծանոթանա աշխարհի հետ: Համալսարանում Նորան մի գեյ տղայի հետ է ծանոթացել, սակայն երբեք չի մտածել, որ ինքը կարող է իր սեռի նկատմամբ հակում ունենալ:

Հետո Նորան մի քանի անգամ տարբեր ծրագրերով գալիս է Հայաստան ու որոշում կապը պահել իր պատմական հայրենիքի հետ: Հերթական այցելություններից մեկի ժամանակ նա ծանոթանում է լոնդոնաբնակ մի հայուհու հետ, որի տեսքից` իր խոսքով, սիրտը վեր ու վար էր անում:

«Նա շատ գեղեցիկ էր ու երբ նրան տեսա՝ հասկացա, որ ուզում եմ հետը լինել, - «Մեդիալաբին» ասում է նա, - մի հավաքույթի ժամանակ երկուսով հանկարծ զուգարանում հայտնվեցինք, խմած էի ու ասացի, որ շատ գեղեցիկ է: Նա էլ ինձ համբուրեց ու սիրտս սկսեց թփթփալ»:

Այդուհանդերձ, Նորայի առաջին միասեռական փորձը եղավ դրանից մոտ երկու տարի հետո, իսկ ընկերոջ հետ այժմ գժտված է, որովհետև վերջինս արդեն գիտի կանանց նկատմամբ նրա հակման մասին:

«Ընկերոջս շատ էի սիրում, բայց նրան ասել եմ, որ ցանկանում եմ նաև կնոջ հետ լինել, - ասում է Նորան, - որովհետև նա արդեն զգում էր»:

Նա այդպես էլ իր համար չի պարզել, թե ինչու է բիսեքսուալ, միայն ասում է, որ իրեն ավելի շատ ձգում են կանայք:

«Դժվար է որոշել տղայի հետ ես ուզում լինել, թե աղջկա, - մտածկոտ ասում է նա, - տղաներից կոնկրետ տղայի հետ եմ ուզում լինել, օրինակ` ընկերոջ հետ, սակայն երբ առաջին անգամ կնոջ հետ եղա` ինձ հազար անգամ ավելի լավ էր ու հանգիստ էի զգում»:

Ամերիկացի սեքսապաթոլոգ Ալֆրեդ Կինսին երկու խոշոր ուսումնասիրություն է տղամարդկանց և կանանց շրջանում: Հարցման ենթարկված տղամարդկանց 4 տոկոսը պատասխանել է, որ բացառապես միասեռական է:

Հովսեփյանը հղում է անում Կինսիի հետազոտությանը՝ ասելով, որ հոմոսեքսուալիզմը օրինաչափ երևույթ է ու բնության պահանջը, քանի որ բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում որոշակի փոքր տոկոսով եղել են միասեռականներ. «Մարդիկ, եթե տարրական գիտելիքներ ունենային՝ կհասկանային, որ ԼԳԲՏ անձինք չենք շատանա ու Հայաստանը երբեք չեն կարող ամբողջությամբ դարձնել հոմոսեքսուալ»:

Հոգեբան Գևորգյանի համար այս 3-5 տոկոս ցուցանիշը բավական տրամաբանական է:

«Սակայն ավելի կարևոր է այն, թե ինչպես ենք մենք այն տեղավորում մեր ընկալման տիրույթում, որովհետև այդ 3-5 տոկոս թվերի տակ ռեալ մարդիկ են ապրում, որոնք ունեն ապրումներ, աշխատանքի ընդունվելու խնդիր և կյանք, որը պետք է ապրել», - ասում է նա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5988 | 2 | 0
Facebook