Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ցեղասպանության միջազգային ճանաչումը

23:41, pazartesi, 20 nisan, 2015
Ցեղասպանության միջազգային ճանաչումը
    
Միջազգային իրավունքի համաձայն, հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրագործված ոճիրը, որպես Ցեղասպանություն պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են.

    
Ուրուգվայն առաջինն է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել: 1965 թվականի ապրիլի 20-ին Ուրուգվայի Սենատի Գլխավոր ասամբլեան եւ ներկայացուցիչների պալատը «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրված» օրինագիծ է ընդունել:

    
Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թվականներին Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող եւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:

    
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանության փաստը:

    
Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին` 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշում է ընդունել:

    
Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը:

    
Իտալական 33 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2000 թվականի ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:

    
Լիբանանի Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձեւ է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր: Բանաձեւը կոչ է անում Լիբանանի ժողովրդին` ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ: Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը:

    
Հարավավստրալական Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թվականի ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր` կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել: 2009 թվականի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձեւ է ընդունել:

    
Բելգիայի Սենատը 1988 թվականին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել եւ դիմել է ներկա Թուրքիայի կառավարությանը` Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչեւ մեկ տարվա ազատազրկում։

    
Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 7-ին բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձեւի տեքստը, փոխարինելով սկզբնական` «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը»` «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թվականին Ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով: 2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:

    
Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել:

    
Շվեդիայի խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որը դատապարտում եւ ճանաչում է 1915 թվականին թուրքերի իրագործած ոճիրը:

    
Մեծ Բիտանիա. Ուելսի Ազգային ժողովը 2002 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը:

    
Նիդերլանդներ. Հոլոնդիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004 թվականին:

    
Սլովակիայի խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004 թվականին:

    
Գերմանիայի Բունդեստագը 2005 թվականին առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915 թական ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձեւը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի եւ հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրաարձությունները չեն որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»:

    
Լիտվայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձեւ ընդունել է 2005 դեկտեմբերին: Բանաձեւն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, որի օգտին քվեարկել է Լիտվայի խորհրդարանի 48 պատգամավոր, երեք պատգմավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, դեմ ձայներ չեն եղել: Քննարկման ժամանակ պատգամավորները նշել են, որ պատմական փաստերը ժխտելն անիմաստ է եւ անհնար:

    
Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունել է 2005 թվականի հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը եւ փաստաբան Ժանետ Մադրիսը:

    
Չիլիի Սենատը 2007 թվականի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում կառավարությանը կոչ է անում` աջակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա դեմ իրականացված Ցեղասպանությունը:

    
Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչումը հետապնդող խումբ է գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է Ցեղասպանությունը ճանաչելու հարցը եւ հասել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության գործընթացի ճանաչմանը: Պատմական փաստը ժխտելու համար Շվեյցարիայում նույնպես քրեական պատասխանատվություն է սահմանված:

    
Բրազիլիայի ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ապրիլի 24-ը «1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն ընդունվել է Ցեղասպանությունը ճանաչող օրենք, Սեարան է:

    
ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել է Ցեղասպանությունը եւ քսանչորսը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

    
2000 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է № 596 բանաձեւը, որով ընդունում է 1915–1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմի եւ 21 դեմ ձայնով ընդունել է բանաձեւը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո է դրել այն ԱՄՆ Սենատի օրակարգ ներառելու վրա։ 2009 թվականի մարտի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրես հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր` 252-րդ բանաձեւ է ներկայացվում: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով ընդունեց 2010 մարտի 4-ին:

    
2010-ի փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին:

    
Վատիկանում Հովհաննես Պողոս 2-ը Հռոմի առաջին պապն էր, որ ընդունեց եւ դատապարտեց 1915 թվականի իրադարձությունները:

    
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է բազմաթիվ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են օրինակ` Եվրախորհուրդը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

    
1987 թվականի հուլիսի 18-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը եւ Եվրախորհրդարանը 1915 – 1917 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու եւ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով Եվրախորհրդին դիմելու որոշում է կայացրել: 1987 թվականի հուլիսի 18-ին Եվրախորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի ժամանակակից Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտումը չհաղթահարված խոչընդոտ է Թուրքիայի` Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհին:
    

     ամեն տարի Ապրիլի 24-ին յուրաքանչյուր հայ պարտավոր է այցելել ծիծեռնակաբերդ ու իր ծղիկը դնել հայոց զոհերի հիշատակին: z
Kaynak: Enews.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
11053 | 0 | 0
Facebook