Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո»:

10:11, çarşamba, 30 temmuz, 2014

Վեց տարեկան ու արդեն երեք ամսական Դոնալդ Իֆոն կանգնել էր 3-րդ պողոտայի և 37 – րդ փողոցի անկյունում, որտեղ նրա բարկացած հայրիկը՝ Հարին, մի ժամ առաջ պատվիրել էր մի րոպե սպասել մինչև ինքը մտնի խանութ ու որոշ բաներ առնի Ալիսի համար, որը հիվանդ պառկած էր, անընդհատ հազում էր ու լաց լինում: Ալիսը երեք տարեկան էր և ամբողջ գիշեր բոլորին արթուն էր պահել: Դոնալդի բարկացած հորը՝Հարիին այդ աղմուկ-աղաղակը բոլորովին դուր չէր եկել, ու նա ամեն ինչի մեղքը գցել էր մայրիկի վրա: Մայրիկի անունը Մէյբլ էր: ՛՛Մէյբլ Լուիզա Աթքինզ Ֆերնանդես, նախքան Հարի Իֆոյի հետ ամուսնանալս՛՛, մի անգամ տղան լսեց, որ մայրն այդպես ասաց իրենց խոհանոցի կոտրված ապակին փոխող մարդուն: ՛՛Ամուսինը մոր կողմից կիսով չափ հնդկացի է, ես էլ հորս կողմից եմ կիսով չափ հնդկացի: Ճիշտ է, Ֆերնանդեսը ավելի շուտ իսպսնսցու կամ մեքսիկացու ազգանուն է, քան հնդկացու, բայց մեկ է՝ հայրս կիսով չափ հնդկացի էր: Չնայած մենք երբեք նրանց մեջ չենք ապրել, ինչքան կիսով չափ հնդկացիներից ոմանք են անում: Միշտ էլ ապրել ենք մեծ քաղաքներում՛՛:

Տղան բանվորական լայն շալվար էր հագել ու մի հին, վանդակավոր պիջակ, որը հոր վրայով փոքրացել էր և կարող էր տղային վերարկուի տեղ ծառայել, եթե նրա հագին այդքան անշնորհք չնստեր: Ուղղակի պիջակի թևերն էին կարճացրել, որպեսզի տղայի վրա մի կերպ հարմարեցնեն և ուրիշ ոչինչ: Բայց գրպաններն այնքան կախ էին, որ տղան անվերջ ձեռքերը շփում էր տաքանալու համար: Արդեն առավոտյան ժամը տասնմեկն էր:


    

Դոնալդի հայրիկը մտել էր խանութ, շուտով դուրս կգար, և նրանք տուն կգնային, մայրիկը կաթ ու դեղ կտար Ալիսին, և Ալիսը էլ լաց չէր լինի ու հազա, և մայրիկն ու հայրիկը էլ չէին կռվի ու գոռգոռա:

Այդ խանութ ասվածը ոմն Հեգըրթիինն էր: Երկու մուտք ուներ՝ մեկը պողոտայի անկյունից, մյուսը կողքի՝ 37-րդ փողոցից: Հարի Իֆոն ներս մտնելուց հինգ րոպե հետո դուրս էր եկել հենց 37-րդ փողոցի մուտքով: Նա չէր մոռացել իրեն սպասող տղային, պարզապես ուզեցել էր մի պահ անջատվել ամեն ինչից՝ թե տղայից, թե մնացած բոլորից: Ընդամենը մի կում հացի օղի էր խմել, որն իմիջիայլոց, շատ թանկ էր նստել: Ախր քսանհինգ սենթ էր վճարել, իսկ դա անաստված թանկ է մի պստիկ բաժակ հացի օղու դիմաց: Նա մի շնչով դատարկել էր բաժակը, շտապ դուրս եկել ու քայլել- գնացել՝ միտք ունենալով մի քանի րոպեից հետ գալ, վերցնել տղային, հետո ուտելիք ու դեղ առնել և վերադառնալ տուն, որ տեսնի, թե ինչ կարելի է անել իր փոքրիկ աղջկա հիվանդության համար, բայց ինչպես էր պատահել, կամա, թե ակամա, քայլելով հեռացել էր:

Վերջիվերջո, Դոնալդը ներս մտավ խանութ ու միանգամից նկատեց, որ սա իր տեսած խանութներից ոչ մեկին նման չի: Սպիտակ պիջակով մարդը նայեց նրան ու ասաց.

- Քեզ չի կարելի էստեղ մտնել: Գնա տուն:

- Ուր է հայրիկս:

- Էս տղայի հայրիկը ներսն է, - ձայն տվեց մարդը, և ներսում եղածները՝ ուղիղ յոթ տղամարդ, շուռ եկան ու նայեցին Դոնալդին: Միայն մի պահ նայեցին, հետո նորից անցան խմելուն ու զրուցելուն:

- Քո հայրիկն էստեղ չի, - ասաց մարդը, - ով էլ որ լինի:


    

- Հարին է, - ասաց Դոնալդը, - Հարի Իֆոն:

- Ես Հարի Իֆո անունով ոչ մեկի չգիտեմ: Դե, գնա տուն:

- Նա ասաց, որ մի րոպե դրսում սպասեմ:

-Հա հասկացանք: Էհ, էստեղ հազար ու մի մարդ է մտնում խմելու, հետո թողնում գնում: Երևի նա էլ է էդպես արել: Եթե քեզ ասել է, որ դրսում սպասես, ավելի լավ է դրսում սպասես: Քեզ էստեղ չի կարելի մնալ:

- Դրսում ցուրտ է, - ասաց բարմենը: Բայց էստեղ քեզ չի կարելի մնալ: Կամ հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, կամ էլ գնա տուն:

- Չգիտեմ ոնց գնամ, - ասաց տղան:

- Ձեր հասցեն գիտես:

Տղան ակնհայտորեն չհասկացավ հարցի իմաստը, ուստի բարմենը փորձեց հարցն այլ ձևով տալ:

-Ձեր տան համարն ու փողոցի անունը գիտես:

-Չէ: Մենք քայլելով եկանք: Եկանք՝ դեղ առնենք Ալիսի համար: Հա, հասկասանք, - համբերությամբ ասաց բարմենը: - Հասկացանք, որ դրսում էլ ցուրտ է, բայց մեկ է՝ լավ կանես էստեղից դուրս գաս: Փոքր տղաները էստեղ մտնելու իրավունք չունեն:

Հիվանդոտ տեսքով, մոտ վաթսուն տարեկան մարդ՝ համարյա հարբած ու կիսամեռ, վեր կացավ սեղանից ու մոտեցավ բարմենին.

-Ես ուրախությամբ տղային տուն կտանեմ, եթե նա կարողանա ճանապարհը ցույց տալ:

-Գնա նստիր, - ասաց բարմենը: - Տղան ճանապարհը չգիտի:

-Միգուցե գիտի, - ասաց մարդը: Ես էլ եմ երեխեքի տեր, իսկ փողոցը փոքր տղայի տեղը չէ: Ես ուրախությամբ նրան տուն կտանեմ՝ մոր մոտ:


    

-Հասկացանք, - ասաց բարմենը: Բայց գնա նստիր:

-Ես քեզ տուն կտանեմ, որդիս, - վրա բերեց ծերուկը:

-Ասացինք՝ նստիր, - գրեթե գոռաց բարմենը, ու ծերուկը մնաց շվարած:

-Լսիր դու ինձ ինչի տեղ ես դնում, կամացուկ ասաց նա: - Տղան վախեցել է, մրսել ու մորն է ուզում:

-Ինչ կլինի նստես, - ասաց բարմենը: - Ես տղայի մասին ամեն ինչ էլ գիտեմ: Բայց դու չէ, որ պիտի նրան տուն տանես:

-Ախր մեկնումեկը պիտի նրան տուն տանի՝ մոր մոտ, - կամացուկ ասաց ծերուկն ու զկռտաց: Նրա հագին այնպիսի հնամաշ ու ճմռթված շորեր էին, որ բարմենը համոզված էր՝ դրանք հաստատ ինչ-որ բարեգործական հիմնարկից են սրան բաժին ընկել: Երևի գրպանում էլի մի երեսուն-քառասուն սենթ կունենար գարեջրի համար, դա էլ, ամենայն հավանականությամբ, մուրալով էր ձեռք գցել:

-Ծննդյան տոներից ընդամենը երեք օր է անցել, - շարունակեց ծերուկը: - Էնքան էլ շատ չի, որ մեզնից ամեն մեկը իրեն թույլ տա մոռանալ, թե փոքրիկ տղային պիտի օգնել տուն հասնի:

-Հը, ինչ է պատահել, - նստած տեղից հարցրեց մի ուրիշ խմող:

-Ոչ մի բան, - ասաց բարմենը: - Էս տղայի հայրը պատվիրել է, որ դրսում իրեն սպասի, եղած-չեղածն էդ է: Բարմենը դարձավ Դոնալդ Իֆոյին: - Եթե չգիտես, թե ոնց տուն հասնես, ուրեմն հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, քիչ հետո նա կգա ու քեզ տուն կտանի: Դե, գնա, դուրս արի էստեղից:

-Տղան դուրս եկավ ու նորից կանգնեց այնտեղ, ուր մի ժամից ավել արդեն կանգնած սպասել էր: - Ծերուկը փորձեց գնալ տղայի հետևից:

Բարմենը դուրս թռավ իր տեղից, հասավ ծերուկին, պտուտադռան մոտ բռնեց ուսերից, թափով հետ շրջեց ու բերեց աթոռին նստեցրեց:

-Այ էսպես, նստիր, - ասաց նա հանգիստ: - Դու էիր մնում, որ տղայի հոգսը քաշես: Դու քո հոգսը քաշիր: Ես կհետևեմ, որ տղային բան չպատահի:

-Լսիր, դու ինձ ինչի տեղ ես դնում, - նորից ասաց ծերուկը:

Պտուտադռան մոտ կանգնած ու աչքը դուրսը, որպեսզի փողոցը վերից վար տեսնի, բարմենը՝ մի կարճլիկ, ծանրամարմին իռլանդացի, ոչ հազիվ էր հիսունը բոլորել, շուռ եկավ ու ասաց.

-Էս վերջերս քեզ հայելում նայել ես: Դու տղայի ձեռքը բռնած՝ մինչև մոտակա անկյունն էլ չես հասնի:

-Էդ ինչի, - զարմացավ ծերուկը:

-Որովհետև ոչ հայրիկի ես նման, ոչ պապի, ոչ բարեկամի, ոչ էլ չգիտես թե ում:

-Ախր ես էլ եմ երեխեքի տեր, - ասած ծերուկը խեղճացած:

-Հասկացանք, - ասաց բարմենը: - Բայց տեղդ սուս -փուս նստիր: Որոշ մարդկանց իրավունք է հասնում, որ երեխեքին բարություն անեն, որոշ մարդկանց էլ՝ չէ, էդքան բան:

Նա մի շիշ գարեջուր բերեց ու դրեց ծերուկի սեղանին՝ սրա դատարկ բաժակի կողքին:

Էս շիշն իմ հաշվին, - ասաց: - Ինձ իրավունք է հասնում, որ ինձ պես բարեկամներին մեկ-մեկ բարություն անես, բայց քեզ իրավունք չի հասնում մի փոքրիկ տղայի բարություն անել, երբ նրա հայրը հաստատ էստեղ մոտերքում է:

Տեղդ սուս – փուս նստիր ու գարեջուր խմիր:


    
    

-Պետքս չի քո կեղտոտ գարեջուրը, - ասաց ծերուկը: - Դու ինչացու ես, որ քո կեղտոտ պանդոկում ինձ գերի պահես:

-Սուս – փուս նստիր, մինչև տղայի հայրը գա ու նրան տուն տանի, իսկ դրանից հետո, թե սիրտդ կուզի, կարող ես էստեղից վազեվազ էլ գնալ:

-Ես հիմա եմ ուզում գնալ, - ասաց ծերուկը: - Աշխարհում ոչ մեկից միտք չունեմ վիրավորանքներ կուլ տալ: Եթե քեզ մի երկու բան պատմեի, թե ով եմ, ինչ եմ, դու էլ էդ ձևով հետս չէիր խոսի, գիտեմ:

-Դե լավ, - ասաց բարմենը: Նա չէր ուզում գործը բարդացնել, չէր ուզում գլխացավանքի մեջ ընկնել, ու զգում էր, որ տեղի տալով, երևի կարողանա ծերուկի մտքից վանել տղային անպայման օգնելու ցանկությունը: - Շատ լավ, մի երկու բան պատմիր, թե դու ով ես, ինչ ես, ու միգուցե ես իրոք էլ էս ձևով հետդ չխոսեմ:

-Ասում եմ՝ չես խոսի, էլի, - վրա բերեց ծերուկը:

-Բարմենը ուրախացավ՝ տեսնելով, որ ծերուկը գարեջուր է լցնում իր բաժակի մեջ:

Հայացքը չէր կտրում նրանից. Ծերուկը բաժակի մեկ երրորդը պարպեց ու հետո ասաց.

-Իմ ազգանունը Էլգեյլեր է, այ թե ինչ:

Ծերուկն էլ խմեց, իսկ բարմենը սպասում էր, որ խոսքը շարունակի: Նա հիմա վաճառասեղանի ծայրում էր կանգնել, որ աչքը փողոցում սպասող տղայի վրա պահի: Տղան ցրտից ձեռքերն էր շփում, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր: Ըստ երևույթին, նա հազար տեսակ նեղ օրեր էր տեսել ու արդեն կոփվել, և փողոցում այդպես հորը սպասելը նրա համար այնքան էլ սարսափելի չէր: -Էլգեյլեր, - կրկնեց ծերուկն ու քթի տակ շարունակեց խոսել: Բարմենը չէր լսում, թե նա ինչ է ասում, բայց դա կարևոր էլ չէր, որովհետև գիտեր՝ ծերուկի կողմից արդեն վտանգ չի սպառնում: Նա նորից խորասուզվել էր ինքն իր մեջ, ամբողջովին իր սեփական աշխարհում էր:

Մի կին, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր կեսօրին այս բարն էր գալիս, ներս մտավ կապը վզին մի պստիկ շան հետ ու ասաց.

-Էստեղ՝ դիմացը, մի փոքրիկ տղա է ցրտին կանգնած սպասում: Ում տղան է, դե:

Կինը դնովի ատամները սեղմեց ու հայացքը սահեցրեց խմողների վրայով, իսկ շունը պտտվում էր կնոջ ոտքերի մոտ՝ քիչ-քիչ ընտելանալով ներսի տաքությանը:

-Ամեն ինչ կարգին է, - ասաց բարմենը: Նրա հայրը գործով տեղ է գնացել:

Մի երկու րոպեյից կգա:

էհ, լավ կլիներ իսկապես մի երկու րոպեից գար, - ասաց կինը:

Իմ ամենաչսիրած բանն է, որ հայրը տղային փողոցում է թողնում:

-Էլգեյլեր, - շուռ եկավ ծերուկն ու ազդարարեց իր ամբողջ ձայնով:

-Ինչ ասացիր, հարբած անբան, մի սրան տես՝ ծեր էլ մարդ է, - բորբոքվեց կինը: Նրա շունը վզի կապը ձգելով՝ հարձակվեց ծերուկի վրա ու մի քանի անգամ հաչեց:

-Կարիք չկա անհանգստանալ, - վրա բերեց բարմենը քաղաքավարությամբ: - Նա ուղղակի իր ազգանունն ասաց:

- Հա, լավ է, որ ուրիշ բան չասաց, - ավելացրեց կինը՝ դնովի ատամները կրկին սեղմելով:


    
    

Շունն էլ փոքր – ինչ խաղաղվեց, բայց ներսի տաքությունից դեռ շարունակում էր դեսուդեն պտտվել: Նրա հագին վերարկուանման մի բան կար, որը տիրուհին միշտ էլ ցուրտ եղանակին կապիչներով ամրացնում էր վրան, բայց ինչ օգուտ, վերարկուն շան ոտքերը չէր ծածկում, իսկ ոտքերը ամենամրսկան տեղն են:

Բարմենը մի բաժակ գարեջուր լցրեց կնոջ համար, և նա վաճառասեղանի մոտ կանգնած՝ սկսեց խմել: Հետո բարձրացավ ու նստեց կլոր աթոռիկին՝ ավելի հարմար տեղավորվելու համար, իսկ շունը դադարեց պտույտներ տալուց ու շուրջն էր նայում:

Բարմենը մի շիշ գարեջուր էլ դրեց Էլգեյլերի սեղանին՝ էլի անվճար, և առանց խոսքի, առանց նույնիսկ մկ հայացք փոխանակելու, նրանք համաձայնության եկան, որ այս ձևով լեզու կգտնեն:

Մոտ երեսունհինգ տարեկան մի տղամարդ, որի դեմքն ու խնամքով կոկված բեղը բարմենին թեթևակի ծանոթ թվացին, ներս մտավ 37- րդ փողոցի մուտքից ու մի բաժակ ցորենի վիսկի պատվիրեց, և խմիչքը լցնելուց հետո, բարմենը շատ կամաց, որ ուրիշ ոչ ոք չլսի ասաց.

-Դրսում կանգնածը ձեր տղան է, հա:

Տղամարդը փոքրիկ գավակը մոտեցրել էր շուրթերին՝ առանց աչքերը վիսկիից կտրելու, բայց այդ հարցը լսելուն պես՝ հայացքը գցեց բարմենի վրա, հետո մի շնչով դատարկեց բաժակն ու անխոս շարժվեց դեպի դիմացի պատուհանը՝ տղային նայելու: Ի վերջո շրջվեց բարմենի կողմն ու գլուխը տարուբերեց: Մի բաժակ էլ վիսկի պատվիրեց, խմեց, հետո դուրս եկավ ու քայլեց, անցավ տղայի կողքից՝ նրա վրա հազիվ ուշք դարձնելով: Գարեջրի երկրորդ ձրի շիշը վերջացնելուց հետո Էլգեյլերն արդեն նստած տեղը ննջում էր, իսկ շնիկով կինը, սկսեց բարմենին իր շան մասին պատմել:

-Ծնված օրից Թիփին կողքիս է, - ասում էր նա, - և մենք անընդհատ միասին ենք: Ամեն մի վայրկյան:

-Տասներկուսն անց տասնհինգ բավական լավ հագնված, երեսունին մոտ, մի երիտասարդ մտավ ու շոտլանդական ընտիր վիսկի պատվիրեց, հետն էլ՝ սառույց ու մի կում ջուր, բայց տեղնուտեղն էլ ավելի ցածրորակ վիսկիով բավարարվեց և խմելուց հետո, ասաց.

-Հեռուստացույցն ուր է:

-Հեռուստացույց չունենք:

-Չունենք, - ուրախ-զվարթ հարցրեց երիտասարդը:

- Բա էլ ինչ բար: Ես չգիտեի, որ Նյու Յորքում առանց հեռուստացույցի բար կա:

Իսկ մարդիկ ինչ են նայում էստեղ, հը:

-Մեր ունեցած – չունեցածը մի նվագարկիչ է:

-Դե լավ, ինչ արած, - ասաց երիտասարդը:

- Եթե ունեցած – չունեցածներդ դա է, ուրեմն դա է: Ինչ կուզեիք լսել:

-Հարմարությանդ նայիր, - ասաց բարմենը:

Երիտասարդը կարդաց ավտոմատ նվագարկիչի մեջ զետեղված ձայնագրությունների ցանկն ու հետո հարցրեց.

-Ինչ կասես "Ղողանջուն զանգակների" մասին՝ Բենի Գուդմանի կատարմամբ:

-Հարմարությանդ նայիր, - ասաց բարմենը:

-Շատ լավ, - ասաց երիտասարդը՝ մի հինգ սենթանոց գցելով նվագարկիչի մեջ: - Թող "Ղողանջուն զանգակները"լինի:

Ավտոմատը գործի ընկավ, իսկ երիտասարդը նորից նստեց վաճառասեղանի մոտ, և բարմենը նրա համար մի բաժակ էլ սառույցով վիսկի պատրաստեց: Երաժշտությունն սկսվեց, բայց մի պահ ականջ դնելուց հետո, երիտասարդն ասաց.

-Է, սա "Ղողանջուն զանգակները" չի, ուրիշ բան է:

-Սխալ համար ես սեղմել:

-Ահ, - ասաց երիտասարդը սիրալիր, - ոչինչ: Ինչ անենք, ոչինչ: Սա էլ վատը չի:

Տղան կրկին ներս մտավ, բայց նվագարկիչի հանած աղմուկը շատ բարձր էր, որպեսզի բարմենը կարողանար առանց գոռալու տղային դուրս անել, այնպես որ մոտեցավ նրան ու տարավ փողոց՝ էլի իր տեղը:

-Ուր է հայրիկս, - ասաց Դոնալդ Իֆոն:

-Հիմա ուր որ է, կգա: Դու էստեղ սպասիր:

Սա շարունակվեց մինչև ժամը երկուսն անց կես, երբ սկսեց ձյուն գալ: Բարմենը մի հարմար պահ ընտրեց, որ դուրս գա ու տղային ներս բերի: Իսկ հետո գնում-գալիս էր խոհանոց, տղայի համար ուտելիք կրում: Տղան նստել էր մի արկղի վրա, վաճառասեղանի հետևում՝ կողմնակի աչքից հեռու և ուտում էր մի ուրիշ արկղի վրա գցած սեղանից:

Ուտելուց հետո տղայի քունը սկսեց տանել, բարմենն էլ գարեջրի դատարկ արկղների վրա նրա համար անկողին պատրաստեց. Ներքնակի տեղ իր վերարկուն էր փռել, իսկ վերմակի տեղ՝ լվացքի զամբյուղից երեք հատ հին գոգնոց բերել ու իր դրսի պիջակը գցել: Բարմենն ու տղան ոչ մի բառ չէին փոխանակել՝ այն պահից ի վեր, երբ նա տղային ներս էր տարել և հիմա, քունը գլխին, պառկած՝ տղան միաժամանակ կարծես ժպտում էր ու հեծկլտում:

Առավոտյան բարում խմողները արդեն գնացել էին: Նրանց հետ նաև Էլգեյլերն ու դնովի ատամներով և շնիկով կինը, ու մինչ տղան քնած էր, հաճախորդների կազմը մի անգամ էլ էր փոխվել:

Հինգից տասնհինգ էր պակաս, երբ տղան արթնացավ ու տեղում նստեց: Քնից սթափվելով՝ բարմենին հիշեց, բայց նրանք էլի չխոսեցին: Տղան նստել էր, ասես տանը, իր անկողնում լիներ ու քիչ անց, մի տասը րոպե բաց աչքերով երազելուց հետո, ցած իջավ տեղից:

Դրսում արդեն մութ էր, և ձյունն այնպես էր թափվում, ինչպես բքի ժամանակ է լինում: Տղան մի պահ նայեց ձյան փաթիլներին, իսկ հետո շրջվեց ու աչքերը բարձրացնելով՝ հառեց բարմենի երեսին:

-Հայրիկս եկավ, - ասաց:

-Դեռ չէ, - ասաց բարմենը:

Նա ծնկի իջավ տղայի հետ խոսելու համար:

-Մի քանի րոպեից ես գործս կվերջացնեմ, ու եթե դու կարենաս ձեր տան տեղը ցույց տալ, կփորձեմ քեզ տուն հասցնել:

-Ուրեմն հայիկս չի եկել:

-Չէ, չի եկել: Երևի մոռացել է, թե քեզ որտեղ է թողել:

-Նա հենց էստեղ էլ ինձ թողեց, - ասաց տղան այնպիսի եղանակով, կարծես դա անհնար է մոռանալ:

- Հենց էստեղ՝ դիմացը:

-Գիտեմ:

-Գիշերային հերթի բարմենը՝ սպիտակ պիջակը հագին, դուրս եկավ խոհանոցից ու նկատեց տղային:

-Էս ով է, Ջոն: Քո երեխեքից է:

-Հա, - ասաց բարմենը, որովհետև չէր ուզում պատահածը մյուս բարմենին պատմել:


    
    

-Էդ պիջակը որտեղից է ճարել:

-Տղան կծկվեց ու աչքերը հատակին գցեց:

-Իմ հին պիջակն է, - ասաց բարմենը: - Նա իհարկե, վերարկու ունի, բայց չգիտես ինչի էս պիջակն է սիրում:

-Տղան միանգամից աչքերը բարձացրեց ու ապշահար նայեց բարմենի երեսին:

-Հա, բոլոր երեխեքն էլ էդպես են, Ջոն, - ասաց գիշերային հերթի բարմենը: Միշտ ուզում են մեծերին նմանվել:

-Ճիշտ է, - ասաց մյուսը:

-Նա իր սպիտակ պիջակը հանեց, հագավ դրսի պիջակն ու վերարկուն և տղայի ձեռքը բռնեց:

-Բարի գիշեր, - ասաց:

Գիշերային հերթի բարմենը պատասխանեց նրան ու հայացքով ճանապարհեց մինչև դուրս:

Տղան ու բարմենը լուռումունջ քայլելով՝ տների երեք շարք անցան, հետո մտան մի դեղատան կից սրճարանն ու նստեցին վաճառասեղանի մոտ:

-Ինչ ըմպելիք ես ուզում՝ շոկոլադի, թե վանիլի:

-Չգիտեմ:

-Մեզ շոկոլադի ըմպելիք տվեք ու վանիլի պաղպաղակով մրգաջուր, - ասաց բարմենը վաճառողին, և երբ ըմպելիքները մատուցվեցին, բարմենն անմիջապես անցավ իր մրգաջուրը խմելուն: Տղան էլ հաճույքով շոկոլադի ըմպելիքը խմեց, իսկ հետո նրանք նորից դուրս եկան ձյան տակ:

-Դե, հիմա փորձիր հիշել, թե որն է ձեր տան ճամփան: Կարող ես: Բարմենը կանգնել էր ձյան տակ ու մտածում էր, թե ինչ ելք գտնի, բայց նեղն էր ընկել ու ոչ մի ելք չգտավ: -Լավ, - ասաց նա վերջապես, - ինչ կարծիքի ես գիշերը մեր տանը, իմ երեխաների հետ անցկացնելու մասին: Ես երկու տղա ունեմ ու մի փոքրիկ աղջիկ:

Մենք քեզ համար քնելու տեղ կսարքենք, իսկ վաղը հայրիկդ կգա ու քեզ կտանի:

-Կգա որ:

-Իհարկե կգա:

-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնսլ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:

-Նրանք սկսեցին բարձրանալ ինչ – որ ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.

-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:

-Երբ կգա, - ասաց տղան:

-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:

-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5652 | 0 | 0
Facebook