Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԽՈՐՈՏԻԿ ԿԱՔՎՈՒԿ

16:01, pazartesi, 07 nisan, 2014
ԽՈՐՈՏԻԿ ԿԱՔՎՈՒԿ

Հյուրերը գնացել էին, և ուտելիքով ծանրաբեռ սեղանի շուրջ միայն Խորենն էր մնացել: Կինը ննջասենյակում անկողինն էր բացում, երեխաներից մեծը վաղուց պառկել էր, փոքրը՝ քնատ, պտտվում էր սենյակում:


    

-Հայկակ, խնձոր…

-Չէ, -դժգոհ արձագանքեց տղան:

-Շոկոլադ վերցրու, բայց մեկից ավելի չուտես, դեմքդ դուրս կտա, -ասաց, ձեռքը երկարեց և, հրուշակատուփը բարձրացնելով, մեկնեց որդուն:

Տղայի անտարբեր, պաղ հայացքը սահեց դարչնագույն խորանարդիկների վրայով: Վերցրեց մեկը, սակայն կեսճամփին փոշմանելով՝ դրեց տեղն ու տուփը ետ հրեց.

-Չեմ ուզում, հայրիկ:

-Դե գնա քնիր, ուշ է:

Հանձնարարությունը բանի տեղ չդնելով՝ Հայկակը բարձրացավ աթոռին.

-Տորթ…

Հայրն իր ափսեինը, որին այդպես էլ ձեռք չէր տվել, երկարեց որդուն, իսկ իր համար օղի լցրեց:

-Քթիկդ…

Հայկակը պատրաստակամ՝ դեմքը հորն ուղղեց: Խորենը բաժակը թեթևակի հպելով նրա քթին՝ մի ումպով դատարկեց: Տղան պատառաքաղով ավերում էր տորթի բազմագույն շերտերը՝ բերանն այդպես էլ բան չառնելով:

-Մենա՞կ ես ուտելու, մի բերան հայրիկին տուր:

Որդին պատառաքաղով մի մեծ կտոր մոտեցրեց հոր շուրթերին:

-Հա՛մ, -զավակի տրամադրությունը բարձացնելու համար նա որկրամոլի նման հափռեց փափուկ զանգվածն ու, դեմքին շինծու արտահայտություն, կուլ տվեց: Կրեմի թողած տհաճ զգացողությունից ծամածռվելով՝ հայրը ձգվեց աղի վարունգի կողմը:

Դռան առաջ խմբվածները գրեթե լրիվ փակել էին տեսադաշտը, և Խորենին մնում էր «տաշ-տուշի», զուռնայի ծղրտոցի, դհոլի զարկերի ուժգնությունից որոշել պարողների տրամադրությունն ու շաբաշի չափը: Պատշգամբ բացվող պատուհանից հարսանքատան մեծ մասը, ճիշտ է, երևում էր, բայց ապակիների պատճառով չկար այն կենդանի կապը, ինչ զգում էր դռան մոտ կանգնելիս: Բացի դա, վախենում էր դեմ-դիմաց՝ հարս ու փեսայից երեք-չորս մարդ հեռու նստած հայրը նկատի: Նա տղաներին խստիվ պատվիրել էր ուշ ժամի հանրային վայրերում չերևալ և նկատելիս պատժում էր: «Կինո՝ միայն աշակերտական սեանսի դեպքում, գրադարան՝ ժամը յոթ-ութից ոչ ուշ, հարսանիք, եթե խիստ մերձավոր է: Մնացած ժամանակ՝ տանը, դասերի հետ»: Դաստիարակության նրա եղանակն ինչ-որ տեղ տարբերվում էր բոլորից, սակայն ընդհանուրից չզատվելու և ընկերների քամահրանքին չարժանանալու համար տղաներն իրենց պատժվելու վտանգին ենթարկելով՝ ապրում էին նույն կյանքով, ինչ բոլորը:

Այդ օրն էլ, օգտվելով հոր՝ հարսանիքում լինելու հանգամանքից, եղբայրներն ուշ ժամի կինո էին գնացել, իսկ Խորենին գայթակղել էր խնջույքի սեղանից օգտվելու հեռանկարը: Իհարկե, գլխավոր նպատակը դա չէր: Ձգողն առաջին հերթին հարսանյաց արարողությունն էր. մասնակիցներին համակած տոնական տրամադրությունը, ժպտուն դեմքերն ու պայծառ գույները չէին կարող չգրավել գեղջկական միօրինակ կենցաղով ապրող տղային: Անտեղյակ՝ նա անցած արևմտոցին զրկվել էր մսացուին զոհելու պահը դիտելու անըմբռնելի հաճույքից ու մյուս օրն արթնացել էր՝ հարսնահանդեսի ոչ մի փուլ բաց չթողնելու վճռականությամբ: Ահա թե ինչու, երբ ականջին հասավ զուռնա-դհոլի ձայնը, առաջինը թողնելով խաղը՝ ընդառաջ վազեց նոր գյուղ մտած թափորին, որը ճամփից շեղվելով՝ նախ մտավ քավորի բակը, ապա՝ ոտաց օգտվեց բարեկամներից ևս երկուսի՝ անմիջապես փողոցում բացած սեղաններից և ուղղություն վերցրեց հարսանքատիրոջ տուն: Ողջ ընթացքում Խորենը ջանաց չնկատվել: Մի աչքը հոր կողմը, մյուսով տեսավ փողկապից ու առաջին անգամ հագած կոստյումից նեղվող փեսացուի շփոթահար դեմքը, հարսի՝ կոշիկները չցեխոտելու համառ ջանքերը, մասնակիցներից ոմանց որկրամոլությունն ու այդ կերպ հարսանքատիրոջը տված նվերին համարժեք վնաս տալու ձգտումը: Երեխաներից առավել երեսառածները մոտենալով սեղանին՝ թաքուն կոնֆետ, խնձոր, գաթա էին փախցնում: Անհամարձակներն ապավինում էին մեծահասակների խղճին. այնքան էին պլշած նայում, մինչև մեկնումեկը գթար, չդիմանար մանկան աղերսող հայացքին ու քաղցրավենիք, միրգ առաջարկեր: Իսկ երկչոտները, Խորենի պես ծնող-բարեկամներից ահ ունեցողները ետնաշարքերում թաքնված՝ ակնդետ հետևում էին սեղանի շուրջ ընթացող անցուդարձին:

Այդպես էր մինչև շարժվելը, ապա կարճատև մի պահ սեղանը զրկվում էր հսկող աչքից. տանտերն ու տանտիրուհին մինչև բակից ելնելը ուղեկցում էին հարսանքավորներին, զուռնան զլում էր նվագը, և տղաներն աղմուկի, խլրտուքի մեջ վրա էին տալիս ուտելիքին, մեկմեկու ձեռքից խլխլում սկզբում՝ միրգն ու կոնֆետը, այնուհետ գսլիս էր թխվածքի հերթը: Լցնում էին գրպանները, պատառի փոքր լինելու դեպքում գցում բերանը, դնում անութի տակ, իսկ եթե տանտիրուհին ուշանար, վրա չհասներ, նույնիսկ հասցնում էին լիմոնադի շշերը դատարկել: Իհարկե, կային նաև առատաձեռն, ուրախության սեղանն ի սրտե բացածներ: Այդպիսիք իրենք էին առաջարկում մաքրազարդել եղած-չեղածը: Նման դեպքում քաղցրավենիքից ու մրգերից հետո փոքրիկներն ավելի մանրակրկիտ հաշիվները վերջացնում էին նաև խաշլամայի արդեն սառած կտորների, երշիկի ու հավի հետ՝ չխորշելով անգամ պանրից, թթու դրած կաղամբից, որոնք ամենօրյա ճաշակելիք էին: Այնուհետև վազքով հասնում էին թափորին, որպեսզի նույնը շարունակեն հարսանքատանը:

Անցել էր երեք ժամ, սակայն Խորենը բերանը հասարակ կոնֆետից բացի բան չէր առել: Դա էլ տղաներից Ժիրոյի ձեռքից էր փախցրել, ով հաճույքի րոպեները հետաձգելու համբերություն ունենալով՝ սեղանից թռցրածը գրպանից ժամանակ առ ժամանակ էր հանում: Տղաների այն տեսակից էր, որոնք խպնվել-բան չունեն. կանանց խառնված մտել, հասել էր տան վերին պուճախը, ժողվել հարսի գլխին շաղած կոնֆետ-չամիչը: Հիմա էլ սեղանների տակով կուզեկուզ առաջանալով, ծնողի կողքին առոք-փառոք նստած՝ նրա քաջալերական ժպիտի, անբարբառ խրախույսի ներքո իր քեֆին ուտում էր: Հայրը ձեռքը երկարելով՝ աջից-ձախից, իբր, ի միջի այլոց, լավ-լավ պատառներ էր հրամցնում իր գնդլո Ժիրոյին: Մոտերքում նստածները՝ նեղսիրտ ժպտում էին, իրենց հերթին հյուրասիրում՝ փորձելով այդ կերպ արտահայտել սրտում կուտակվածը: Սակայն նրանց պե՞տքն էր: Թաթո հայրն ու Ժիրո որդին վերջում տռզած գրպաններով դեռ դուրս էին գալու հարսանքատնից՝ գոհությունը դեմքերին՝ կարծելով, թե իրենց որկրամոլությունն ու անհաճո վարմունքը ոչ ոք չի նկատում:

Իսկ իր հայրը… Խորենը նրա փոխարեն ամաչելու պատճառ չուներ: Շատ անգամ հետևած լինելով՝ հինգ մատի պես գիտեր ճաշացանկը. մեկ-երկու պատառ միս, երկու-երեք շերտ խնձոր, մնացած ժամանակ՝ թթու վարունգ, որպեսզի խեղդի օղու այրուքը: Ահա ամբողջը: Որդու համար դա նույնիսկ ինչ-որ տեղ անհասկանալի էր. թողած նախշուն գաթան, մնացած անուշեղենը, հայրն ի՞նչ էր գտել աղ դրած վարունգի, տաքդեղի ու կաղամբի, օղու մեջ: Երանի շուտ գա այն օրը, երբ ինքը նույնպես մեծի իրավունքով կնստի տոնական սեղանի շուրջ՝ վայելելու պես-պես թղթերով կոնֆետները, տեսակ-տեսակ գաթաները, սիրտն ուզածի չափ խաշլամա կքաշի ափսեն, գոլորշի արձակող տոլմա…

Հայկակը ձեռքը գլխատակին ննջում էր: Ծալ-ծալ իջնող շեկլիկ խոպոպները ծրարել էին դեմքը:

-Վեր կաց:

Տղան դժգոհ՝ թափահարեց գլուխը և, հիմնավոր տեղավորվելու մտադրությամբ, թևքով մի կողմ հրեց մոտերքում եղածը: Շարժումից բյուրեղապակյա գավաթները, շշերը զրնգացին: Այլ պարագայում Խորենը դիտորդի դերում չէր մնա, սակայն հիմա ալարկոտ տրամադրություն էր իջել վրան, ինչը մասամբ օղու հետևանք էր, ու նա տեղից վեր կենալու, զավակին ննջասենյակ տանելու համար երկու-երեք քայլ անելու ուժ չէր գտնում: Ճաշկերույթին նախորդած վազվզուքի պատճառով դեռ երեկվանից տրտմել էր և մի քանի բաժակաճառերում մնացած եռանդն սպառելով՝ ծննդյան օրվա առթիվ խնջույքի վերջնահատվածն անցկացրեց անտրամադիր, միայն խմելով, սակայն թեթևանալու, բացվելու փոխարեն մնջվեց, մնաց:

Բաժակաճառ ասողը հայրն էր: Թեև հարսանիքը մոտենում էր ավարտին, մասնակիցների կաշկանդվածությունն անցել էր ու պարապ խոսքին ականջ պահող չկար, նրա ոտքի կանգնելու հետ աղմուկը դադարեց: Այդպես էր. նա կարողանում էր խոսել, և նրան լսում էին: Թե ինչն էր պատճառը, Խորենը չգիտեր: Պատի ստվերում նստոտած կանայք պետք է պարտադիր կանգնեին, ակումբի դռանը թրևող հասակակից տղայքը ծլկեին, ջահելները հավաքեին իրենց, տարեցներն առժամանակ դադարեցնեին խոսքուզրույցը, երբ հայտնվեր Համզեն: Նա չէր կոպտում, դիտողություն չէր անում, առանձնակի պաշտոն չուներ, ուժով, արտաքնապես աչքի չէր զարնում, բայց գյուղն ակնածում էր՝ նրա մեջ տեսնելով հոգևոր առաջնորդի:

Մոր մահից հետո հայրը գյուղամեջ հազվադեպ էր գնում: Տանն ինչն էր շատ՝ գիրքը: Ծխում էր, ընթերցում, ավելի հաճախ՝ բանաստեղծություն, բան, որից տղաներն այդ տարիքում հեռու էին: Տարօրինակություններ ուներ: Կարող էր, զորօրինակ, ժամերով ետուառաջ քայլել սենյակում կամ, ընդհակառակ, վերացած երկար-երկար արձանանալ քարտեզի առաջ: Նման պահերի զավակներն աշխատում էին չխանգարել: Կամացուկ վառելով մեծ սենյակի լույսը՝ անցնում էին դասերին...

Խոսքի պատառիկներ էին հասնում Խորենին, ու նա մոտեցավ խմբվածներին: Մարդկային հոծ պատը, սակայն, ամուր էր պատնեշել մուտքը: Նա նորից ետ եկավ դեպի պատուհանը և ձգվելով՝ հասավ օդանցքին, ուրկից քուլա-քուլա ծխախառն շոգի էր ելնում: Նրան հետևելով՝ ևս երկուսը թառեցին պատուհանագոգին: Լուսամուտը երեքի համար նեղ էր, ու տղաների միջև պայքար սկսվեց տեղի համար: Խորենը՝ կուրծքը ցից, հպարտ բաժակաճառ ասող հորով, զիջելու մտադրություն չուներ: Առաջինն էր ելել պատուհանագոգին, մոտ էր օդանցքին և դուրս հորդող քրտինքի, ծխախոտի, մսեղիքի, գինու և օղու անախորժ հոտերը ****ու, բաժակաճառն ամենայն մանրամասներով ունկնդրելու իրավունքը նրանն էր, բայց հրմշտոցի, ճնշման տակ փեղկը ետ գնաց, ու նա քիչ մնաց ներս ընկնի: Աղմուկի վրա մոտերքում նստածները շրջվեցին, նրանց հետ՝ հայրը: Հանկարծակիի գալով՝ նա առպահ հապաղեց, սակայն կարողանալով տիրապետել, շարունակեց խոսքը՝ նույնքան սահուն, ասես ոչինչ չէր եղել: Խորենն ուշքի գալով՝ ցատկեց ներքև և, զարկվելով ճամփան փակող տղաներին, դուրս սուրաց:

Խոնավ ձեռքերը գոգնոցի փեշով չորացնելով՝ հյուրասենյակ մտավ կինը:

-Քեզ չէ, գոնե երեխային խղճա: Աթոռից ընկնում է:

-Արուս, խնդրում եմ, ինձ այսօր չնեղացնես: Տարվա երեք հարյուր վաթսունհինգ օրը քեզ, մեկը՝ ինձ:

-Խմում ես, հա խմում:

-Կյանքում առաջին անգամ ծննդյանս օրը նշում եմ, չըմպե՞մ:

-Էհ, քո գործն է: Արի, արի, Հայկակ, -կինը կռանալով՝ զգուշորեն գիրկն առավ քնած որդուն:

Մարմինը համակած սարսափը հաղթահարելով՝ Խորենը մոտ գնաց: Ծառին հենվածը կին էր: Տարօրինակը, թերևս, այն էր, որ նա չէր շարժվում և ապա, ասես, մերկ լիներ: Այդպես էլ կար: Ուղեղում չէր տեղավորվում տեսածը, ու նա համրացել էր: Կարծես երեկվա կինոյի շարունակությունը լինի: Այնտեղ ևս կախաղանի սյան տակ բոկոտն աղջիկ էր, բայց նա հագին լաթի ծվեններ ուներ: Վերջին պահին պարտիզաններն ազատեցին…

-Տղա, մոտ արի:

Արևիկն էր՝ բոլորից առերևույթ արհամարհված, թաքուն անձկալի Արևիկը: Խորենը թեթևացած շունչ քաշեց, վերադարձավ իրականություն: Արևիկից ամեն բան սպասելի է: Ինչ ասես նրա մասին խոսում են։ Իբր, կատաղած արգանդ ունի: Թե դա ինչ է, չգիտի, բայց, իբր, միշտ ուզում է տղամարդկանց հետ լինել: Կանայք նրան չեն սիրում, աչքով աչք չունեն: Արևիկենց տունը գյուղի ծայրին է, ինչպե՞ս է հասել իրենց թաղն ու ինչու՞: Մենակ է ապրում: Ասում են, հայրը կռվից տուն չի դարձել, մայրն էլ վերցրել, հարևան գյուղից մեկի հետ փախել է: Տատն է նրան պահել: Հետո, իբր, գիշերները մինչև լույս նրա տուն մարդ է մտնում-ելնում:

-Ի՞նչ ես շինում այստեղ, -անքաղաքավարության աստիճան կոպիտ՝ վրա տվեց Խորենը:

-Օգնիր կապերս քանդենք: Համազասպի տղա՞ն ես:

Խորենը գլխով արեց: Ուրեմն՝ ոչ թե ինքն է իր քեֆին լիրբ-լիրբ մերկացած կռթնել ծառաբնին, այլ կապել են: Տեսնես ու՞մ ձեռքի գործն է: Շորե՞րն ինչու են հանել:

Առաջին անգամ էր մերկ կին տեսնում: Ստինքները թույլ-թույլ կախվել էին, ճերմակ մաշկը, չնայած խավարին, զատվում էր ծիրանենու բնից, մազերից: Պորտի մոտ՝ մեջքին փալասանման բան էր փաթաթած, ծոփքերը որի հասնում էին զիստերին: Խորենի մատները շոշափեցին փաթաթանը, հպվեցին ցրտից փշաքաղ մարմնին:

-Այդտեղ չէ: Թևքերը ծառին են կապել:

Փորձեց քանդել հանգույցը: Շտապողականությունը խանգարում էր, ագուցած մասը պնդվել, ատամ չէր բռնում:

Քարով ծեծիր, կկտրվի:

Բանը, սակայն, դրան չհասավ: Խորենն ատամի տեղ անելով՝ աստիճանական կծկումներով թուլացրեց հանգույցը: Այժմ էլ, պարզվեց, դաստակներն են կապված՝ հետևից, բավական կոպիտ պղնձալարով, այնքան պինդ, որ մետաղալարը մտել էր մսի մեջ: Խճճված ծայրերը գտնելը ևս զգալի ժամանակ խլեց: Տղայի ձախավեր շարժումները, ըստ երևույթին, Արևիկին ցավ էին պատճառում. նա տնքում էր:

Հիմա, հիմա, -հևում էր Խորենը, -քիչ մնաց, ահա, -և պղնձալարը թափով մի կողմ շպրտեց, որը սվսվալով՝ կեսճամփին կախ ընկավ ճյուղերից, մնաց:

-Խալաթս տուր, -թույլ ձայնեց Արևիկը:

Պատանին նրան մեկնեց պարանի տեղ ծառայած հագուստը: Արևիկի մատները կորցրել էին շարժունակությունը, և հանդերձը ցած սահեց: Խորենը շփոթահար հագցրեց խալաթը, մինչև վերջ կոճկեց:

-Ցուրտ եմ առել:

Նա, իրոք, մրսում էր, ատամները կափկափում էին, զարկվում իրար:

-Սպասիր, շոր բերեմ:

-Չէ, տուն գնամ:

Նա անվճռական դես-դեն նայեց. փողոց հանող ճամփան էր փնտրում:

-Դու գիտես, -տղան մի կողմ տանելով ճանապարհը փակող սալորենու գետնատարած ճյուղերը՝ առաջ ընկավ:

Թույլ քամուց մեղմիվ, հազիվ լսելի խշշում, շրշում էր աշնանային այգին: Մարագի մոտով անցնելիս իր համար էլ անսպասելի որոշում կայացնելով՝ բացեց խոտնոցի դուռը: Արևիկը կանգ առավ՝ դեմքին երկյուղ, թերահավատություն:

-Արի՛, -վճռական ասաց Խորենն ու բռնելով ձեռքից՝ զգուշորեն առաջացավ:

Գիտեր՝ երեք-չորս քայլ հետո ոտքը կառնի խոտի խրձերին: Դեմքը հարվածից պաշտպանելու համար բնազդով պարզած ձեռքը շոշափում էր խավարը: Աջի վրա դարմանի կիտուկն էր, այդ կողմը չարժեր գնալ. քիստերը կշարվեին հագուստին, հետո մաքրել չէր լինի:

-Աչքս բան չի ջոկում, -շշնջաց Արևիկը:

Խորենի ձեռքը դիպավ խոտի դեզին:

-Հասանք, -ու աշխույժով տեղ բացելով՝ Արևիկին գրեթե ուժով հրեց խրձերին: -Նստիր, հիմա կտաքանաս, -ապա հիշեց, որ դարմանի կողքին երեկվանից մնում է քաթանից փռոցը, որով ինքն ու Թորոսը տերև էին կրում մարագ: Խարխափելով գտավ: Արևիկը ձայն չէր հանում, և խավարի պատճառով Խորենը դժվարանում էր որոշել նրա տեղը:

-Արևի՞կ:

-Այստեղ եմ, -կողքից լսվեց շշնջյունը:

-Պահի՛ր, -տղան նրա ուղղությամբ պարզեց փալասը:

-Որտեղի՞ց, -Արևիկի ձայնում գորով կար:

-Մաքուր է, գցիր ծնկներիդ:

-Դու էլ նստիր:

Խորենը կամացուկ տեղավորվեց կողքին:

Արևիկը լաթի մի մասը գցեց տղայի ծնկներին, հարթեց: Ծաղիկների, չորացած խոտի բուրմունք կար օդում ու թույլ մգլահոտ, որ դարմանից էր: Բաց դռնից լույսի մի մեծ շիթ շեղությամբ ներս ընկել, հասել էր տերևների կիտուկին: Գույները չէին ջոկվում:

…Ոչխարները հանկարծ մատղաշ տնկիները կրծած չլինե՞ն: Դրանք էլ… հոտից բաժանվում են, թե չէ՝ ուղիղ այգու կողմը: Վրա են տալիս, ուղղակի գետնի երեսից խմում թափվածը: Ինքն ու Թորոսն են սովորեցրել: Մյուսները՝ չէ, նրանց համար տերև թափ տալը հաճույք չէ, ծառ բարձրանալը՝ անասելի բավականություն: Աշնան թափուր այգին իրենն ու Թորոսինն է. մինչև հոտի գալը մարագ տանելիք տերևները հավաքում են, կիտում մի տեղ, տրտինգ տալիս վրան, ապա ելնում ծառը՝ նորը թափ տալու: Տերևների նախշուն գորգ՝ ծառերի տակ, նախշուն կաթոց՝ օդում: Արևը կարմիր՝ ներկում է հորիզոնը, ճնճղուկների կացարան՝ բարդիների կատարները, գմբեթը մատուռի՝ Նախավկա…

-Ի՞նչ եղավ:

Արևիկն ավելի բարձր հեծկլտաց:

-Մրսու՞մ ես: Ծածկե՞մ դուռը, -ուշքի եկած՝ փորձեց ոտքի ելնել Խորենը:

-Չէ, վախենում եմ:

-Ինչի՞ց:

Նա ինչ-որ բան ասաց, սակայն հեկեկոցը չթողեց լսել: Մի բան արած լինելու համար Խորենն ուղղեց ծնկներին փռած շորը: Խղճում էր նրան, գրկելու պահանջ զգում: Դեռևս ուղեղը հասու չէր կատարվածին, ամեն ինչ չէ, որ ընկալում էր: Մտաբերում էր այստեղ-այնտեղ, այսուայն բերանից լսածը, փորձում կապ գտնել տեսածի ու ասեկոսեների միջև, բայց կարեկցանքն ալիք էր տալիս, և իրական ցավից, վիրավորանքից, ցրտից ցնցվող Արևիկը գնալով դառնում էր սիրելի, հարազատ այն աստիճան, որ չէր համարձակվում պատահարի մասին հարց տալ՝ վախենալով անարգել: Տարիքային տարբերությունը, հուզմունքը ևս դեր էին խաղում:

Արևիկը, գլուխը ձեռքերի մեջ, շարունակում էր անզուսպ հեկեկալ:

-Բայց ի՞նչ են արել: Մի լա, պետք չէ:

Նա մատներով դիպավ մազերին, սակայն համարձակությունը չհերիքեց ու ինքն իր արարքից ամաչելով՝ ձեռքը ետ քաշեց: Արևիկը չարձագանքեց. Հավանաբար, ոչինչ չզգաց: Հաղթահարելով վախի, ամոթի զգացումը՝ տղան վերստին երկարեց ձեռքը, կպավ այս անգամ՝ ուսին: Արևիկը դադարեցրեց լացը: Հիմա միայն խոր հոգոց էր հանում, հետո դա ևս մարեց: Խորենն արդեն ոչինչ չէր զգում, ասես օդի մեջ՝ ինքնաբերաբար մղվում էր նրա կողմը:

-Մոտ նստիր, ավելի, ավելի, -ասաց Արևիկը: -Գրկիր ինձ: Անուշս, հոգիս, փրկեցիր խայտառակությունից: Թագավորս: Երդվել էի էլ որձի հետ չլինել, բայց քեզ համար պատրաստ եմ հազար անգամ անկողին մտնել: Սուրբ Նախավիկը քեզ պահապան, փրկիչ հրեշտակս…

Նա գիրկն էր առել Խորենին, փայփայում էր, մայրաբար համբուրում: Փաղաքուշ խոսքերը մի կողմից, գգվանքը՝ մյուս, Խորենին խենթացնում էին:

-Զորավորս, անարատ ձագուկս, էն անտեր շների հետ գործ չունենաս: Գրողի բաժին դառնան դրանք, քո ախպեր Մերուժն էլ հետները: Կատարները տաքացրել էին, եկել մոտս: Ասի՝ մեղք են, էսօր-էգուց քաղաք են գնալու, թող կուսությունից դուրս գան, որ հետո աղջիկ տեսնելիս հորթի պես չմնչան ու շալվարները թրջեն, փսլինքները վազի: Տեսա՞ր ինչ բերին գլխիս: Արար աշխարհով խայտառակ էի լինելու, թե ո՞ր մեղքիս համար:

Խորենը շնչասպառ, գլուխն Արևիկի հաղթ կրծքին, դողէրոցքի մեջ լսելի հայհոյում էր եղբորը, անիծում նրա ծնունդը: Մինչ այդ անծանոթ մի զգացում տիրել էր նրան, չգիտեր ինչ է անում, ինչ է կամենում: Դեմքը, շուրթերը քսում էր խալաթի տակից ցցված պտուկներին, ազատ ձեռքով խաղում պորտի ծալքերի հետ, ռունգներով ծծում ստինքների բացվածքից, թևատակերից, աևիկից ելնող շոգին:

-Հանգստացիր, սիրունս: Քեզ համար շուտ է այս կյանքը: Հետո, երբ ուժիդ ձեռքին գերի կլինես ու արմաղան աղջիկ չես գտնի, եկ ինձ մոտ: Ինչքան էլ մաշված լինեմ, քեզ համար սեր կգտնվի, դալար կռներիդ մատաղ: Ի՞նչ անեմ, իմ բախտն էլ Աստված էս տեսակ որոշեց: Դու ո՞ր ես, իմ գլխավոր:

-Խորիկը, -խռպոտ, կրքից նվաղուն՝ արձագանքեց տղան:

-Խորոտ անունիդ մեռնեմ, իմ մասին վատ չմտածես: Տատոյիս հիշու՞մ ես: Չես հիշի, որտեղի՞ց: Ես հիմի պատմեմ, դու իմ դատ ու դատաստանը որոշիր:

Նրա մեռնելուց հետո գիշերները մենակ վախենում էի: Մատղաշ, տասնհինգ տարեկան աղջիկ, տունը՝ գյուղի ծայրին: Լույսը վառած էի քուն մտնում: Էդ գիշեր բուք-բորան էր: Մեկը դուռը զարկեց: Բացի, տեսնեմ անծանոթ մարդ՝ ջահել, երևի իմ հիմիկվա տարիքին: Թե՝ ավտոս խափանվել է, մնացել եմ ճամփին, տեղ կտա՞ս գիշերը լուսացնեմ: Դու լինեիր, ի՞նչ կանեիր: Մթնով հո չէի՞ թողնի դրսում: Ես՝ միամիտ, բարության ձեռին գերի, ինքը քաղաքի տղա՝ լեզու-բերանը տեղը: Խաբեց: Առավոտը դասի չգնացի: Թե՝ հրես, ավտոն բերեմ, եղած-չեղածը բարձենք վրան ու քեզ մեր տուն տանեմ: Էն գնալն էր, որ գնաց: Էդ դեպքից հետո էս օրին եմ: Կանայք աղբրի գլխին ֆշշում էին վրաս, ետևիցս չանչ անում: Տղամարդիկ էլ, հո, միայն անուններն է, ասես ճամփի բացվելուն էին սպասում - վրա տվին: Ես՝ անտեր աղջիկ, իրենք՝ որձ կատու: Պատահել է, դանակ են քաշել վրաս, դեպք է եղել, երկու փութ գարու համար եմ պահեստի քնջում պառկել: Լավություն էլ եմ արել՝ ինչպես էս անգամ: Էհ, գլխիս գալիքը որտեղի՞ց իմանայի, կռահեի: Պատահել է, եկել է, թե՝ կնկանիցս բաժանվել եմ, քեզ պիտի առնեմ: Չեմ հավատացել, նայվածքից, հենց էդ չսիրածս «առնել» բառից հասկացել եմ, որ կռված են, ու ավելի շուտ կինն է դուրս անողը: Բայց թե՝ խիղճս չի տարել դուռը երեսին գոցել: Մի գիշեր, երկու, շաբաթ, ավել մնացել է, հացս կերել, էլի ետ գնացել կնկա ծոցը:

Խորենին հիմա ամոթի զգացումն էր խեղդում: Ինքն էլ որձակներից մեկն է ու խլնքոտ տեղով առիթը ձեռքից չի ուզում բաց թողնել: Ուրիշները երկու փութ սերմացուի, հինգ խուրձ խոտի դիմաց են վճար ստացել, ինքը՝ անպատիվ դրությունից հանելու: Կկարողանա՞ ցերեկն Աստծո արդար լույսի տակ նայել Արևիկի աչքերին: Ասենք թե խուսափեց, իսկ իրենի՞ց, ամբողջ կյանքում չի՞ ամաչելու՝ մտաբերելով պահը:

-Բնավորությունիցս է, ի՞նչ անեմ: Խև եմ, խենթ: Խելառ որ չլինեի, քեզ պես մատղաշ շիվին իմ ցավերը կպատմեի՞: Ասածս հետդ կապ չունի, սրտիդ մոտ մի ընդունիր, իմ խորոտ, ումուտ…

Խոսքը բերանում՝ Արևիկը մնջեց: Գլուխը բարձրացնելով՝ Խորենը տեսավ մեկի ստվերը, որ գրեթե ամբողջությամբ բռնել էր մուտքը:

-Ո՞վ կա ներսում:

Հոր ձայնն էր: Սահմռկած՝ սեղմվեց Արևիկին: Ավելի ահավոր վիճակ չէր ապրել: Հայրը ձեռքը տարավ գրպանը. լուցկի էր հանում:

- Քրիստոս, ազատիր փորձանքից, -մրմնջում էին Արևիկի շուրթերը, -Հիսուս Քրիստոս…

-Ձայն հանիր, ի՞նչ ես պապանձվել:

Խորենի ականջին էր հասնում տուփի կողին զարկվող հատիկի ձայնը:

-Թյու՛, -հայրը շրջվեց լույսի կողմը՝ նորը հանելու: Նա վառած հատիկը վերստին տուփը դնելու սովորություն ուներ, ու հիմա, երևի, այրվածն էր մատների տակ ընկել:

Տղան զգուշորեն լաթը մի կողմ տարավ: Հիմա, միայն հիմա, հետո ուշ, չափազանց ուշ կլինի: դեռ չի ճանաչել, դեռ չգիտի… Նա ոստնեց դեպի լույսը: Անակնկալի գալով՝ հայրն ընկրկեց: Փախուստի ճամփան ազատ էր:

Ա՛յ Խորեն, հետը գոնե մի բան կեր:

-Իմ ուտելու ժամանակն անցել է՝ վաղուց, վաղուց: Երբ ախորժակ ունեինք, ուտելիք չկար, իսկ հիմա… Մեջքի վրա պառկում էինք ու, աչքներս երկնքին, երազում՝ հրաշք լիներ, ամպաքուլաները գաթա դառնային, ձյունը՝ շաքար, աղբյուրից ջրի փոխարեն կաթ հոսեր: Հրաշք լիներ, հրաշք… Քեզ ինչպե՞ս բացատրեմ… Առաջին պաղպաղակը տասներորդ դասարանում եմ կերել: «Ձեր հոգին նուրբ, օսլայած, Ձեր սիրտը՝ գուրգուրած շնիկ…»: Այդպես քամահրանքով մի նայիր, հեղինակը ես չեմ:

-Առավոտյան գլուխդ էլի կբռնես՝ գանգս տրաքվում է, ճար գտիր:

-Ես հին ոսկոր եմ, ինձ բան չի լինի, մի անհանգստանա: Եկուր, եկուր մի գավաթ ըմպենք: Տիկինս, ի՞նչ կբարեհաճես՝ կոնյա՞կ, շամպա՞յն:

-Իմ հավեսն ու դու:

- «******ներն ինձ քույր կդառնան…» :

Նրանք առաջին անգամ էին ծնողին հարբած տեսնում: Ծիծաղաշարժ տեսարան էր. հայրը՝ միշտ զուսպ, ծանրաբարո, լրջմիտ, վառել էր լույսն ու սենյակի կենտրոնում կանգնած՝ ճոճվելով երգում էր.

-Նխշուն միզարով աղջիկ,

Քու գին հըզարով, աղջիկ:

-Ելեք, ելեք «Բոլորպար» բռնենք: Թորոս, Ծովո, Պարույր, Գալե, շուտ…

Տղաներն անկողիններում նստոտած՝ հետևում էին հորը, խնդմնդում, բոթում իրար: Մահճակալից առաջինը Գալեն իջավ: Հայրն ընդառաջ գնալով որդուն և բռնելով ձեռքից՝ շարունակեց երգելով պարել: Հետո մյուսները եկան: Սկզբում թեթևակի ամաչում էին: Երբ հայացքներն առնում էր նրան, հավաքում էին իրենց, լրջանում: Ապա՝ միմյանցից օրինակ վերցնելով, ամոթի իրենց բաժինը մյուսի վրա գցելով, հոր խրախույսի տակ բացվեցին: Պարում էին՝ ով ինչ կերպ կարող էր: Հոր դեմքին երազուն արտահայտություն էր իջել:

-Այսօր ինչու՞ չեկաք կինոյի փող տանելու: Հը՞, ասեք տեսնեմ, -նա գրպանից դուրս քաշեց դրամապանակը: -Ամեն մեկիդ երեք ռուբլի բավակա՞ն է: Եկեք տեսնեմ, Պարույր, Տարոն, Գալուստ, Արա, Թորոս… Ծովինար, իմ նազուկ, խնդուներես դուստր, հեքիաթի յոթ եղբոր միակ քույր, քեզ՝ տասնոց: Ո՞վ մնաց: Մերուժանն էլի՞ տուն չի եկել: Ոչ մի ներում: Դավաճաններին՝ մահ: Շիկացած շամփուր տվեք ինձ: «Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորել, և ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով»: Նրա հայացքը կանգ առավ Խորենի վրա:

-Չես ուզու՞մ հորդ հետ պարել: Ցած արի, տղա: «Էսօր լավ է, քանց ամեն օր», -այնուհետ մոռացավ որդուն, էպոսի տողերը.

Կայներ իս ախպրի ակուն,

Քու շողք դեմ արեգակուն,

Հըզար էրնեք քու տիրուն,

Մատղեր իմ ես քու սիրուն:

Եղբայրները թռչկոտում էին սեղանի շուրջը, ջանում երգի չափը բռնել, հարմար պահ որսալով՝ թղթադրամը մի ձեռքից մյուսը փոխադրում, քրոջից վերցնելով տասանոցը՝ լույսի տակ պահում, իսկ Խորենն անհաղորդ էր այդ ամնեին: Անորոշությունից եփվում էր, իրարամերժ զգացմունքները, խոհերը թույլ չէին տալիս ապրել եզակի բերկրալից պահը: Մինչդեռ այն կարող էր չկրկնվել: Վաղը հայրը կարթնանա և կլինի բոլոր օրերի լրջմիտ մարդը: Ինքը լվացվելու համար ջուր կածի նրա ձեռքերին՝ ջանալով վրիպում թույլ չտալ, սակայն հուզմունքից կսխալվի՝ մեկ շատ լցնելով, մեկ՝ քիչ: Իսկ մինչ այդ եղբայրներից մեկնումեկը վերարկուն խոզանակած, պատրաստ պահելիս կլինի, Ծովոն՝ հաց դրած: Մյուսները, մինչև հոր գնալը, թաթերի վրա կքայլեն կամ թե գոմ կգնան՝ օգնելու Մերուժին, հետո բոլորը միասին կաճապարեն դպրոց: Տունը կդատարկվի, լսելի կդառնան ժամացույցի թիկ-թակը, վառարանի տակ մրափող կատվի մռռոցը, բարձրախոսի ձայնը: Գոմում ոչխարները դարմանը դեսուդեն կտան, հավերը ոտնատակ ընկած ուտելի սերմ կժողվեն, աղավնիները կթևեն, կովը մի փունջ խոտ բերանում՝ անտարբեր կծամի: Կեսօրին տունը նորեն կլցվի աղմուկով: Ծովոն վռազ-վռազ բան կեփի, իսկ իրենք անհամբեր՝ զոռ կտան հաց ու պանրին, մատները յուղի պուլիկը կտանեն, մեղրի կարասն ու շաքարի տոպրակը: Այդ արանքում մեկ-երկուսն իրար կծեծեն, քույրը մեջ ընկած՝ կաշխատի բաժանել, թե չկարողանա՝ օգնության կկնաչի մորը. արցունքոտ աչքերը կհառի պատն ի կախ մեծադիր նկարին՝ լալագին ներկայացնելով եղելությունը: Նրա դեմքին այնքան խոսուն կընդգծվի տառապանքը, որ իրենք դադար կտան՝ համոզված, թե մայրն ամեն ինչ ունկնդրում է, ամեն բան տեսնում: Բոլորը հեզ գառնուկի պես կշարվեն սեղանի շուրջ՝ քրոջ սիրտն առնելու համար ախորժակով գդլդելով այդ արանքում խանձահոտ առած ճաշը: Ուտելուց հետո Պարույրը մեծը լինելով՝ չի կամենա գործ անել ու Գալեին աղբյուրը ջրի կուղարկի, Արային՝ գոմն ավլելու, Մերուժին մարագ՝ խոտ, դարման բերելու: Այդպես՝ մինչև կինոյի ժամը: Հետո ինքն ու Թորոն առջևից, մյուսները՝ ոտնկախ, կդիմեն հոր գործատեղը՝ գրասենյակ: Քանի հեռու են, առաջկտրուկ կգնան, շենքը երևա, թե չէ՝ մեծերը հետ կընկնեն: Գրասենյակի դռանը երկուսն էլ կանգ կառնեն, կբոթբոթեն իրար՝ ներս հրելու նպատակով: Պատի անկյունից եղբայրները խրախույս կկարդան, կքաջալերեն, բռունցք թափ կտան, սակայն ոչինչ չի օգնի: Համարձակությունը գնալով կնվազի, ներս գնալը կդառնա առավել դժվար ու միայն մեծերից ծեծ չուտելու ահի տակ չեն լքի մարտադաշտը: Կկանգնեն, շինության պատերին մեջքները կմաշեն այնքան, մինչև մեկը նկատի, ձայն տա.

-Համզե, տղերքդ տես ի՞նչ բանի են:

Ում նյարդերն այդ պահին ավելի ամուր են, ոտքը կախ կգցի, իսկ մյուսը՝ բախտին հլու, կառաջանա: Հայրը նստած կլինի գրասեղանի առաջ՝ դեմը թղթեր, տարաչափ մատիտներ: Նա շատ չի զբաղեցնի. գիտի տղայոց փորացավը: Եթե միօրինակ աշխատանքից ձանձրացած կանայք հոր աչքը մտնելու համար չսկսեն սուտ-փուտ հարցեր տալ, իրենց վրա գովք կապել, կհանի կինոյի փողը՝ հինգ ռուբլի: «Դասերդ չմոռանաք», -ետքից կձայնի նա, իսկ իրենք թև առած կթռչեն: Նման պահերի Պարույրը նույնպես կմոռանա մեծ լինելն, ու հավասար վազ կտան մինչև ակումբ: Թե փող մնաց, եղբայրն հետո ծխախոտ կառնի՝ «Ավրորա»:

-Խորենին ի՞նչ է եղել: Հիվանդ հո չե՞ս:

Հայրը նստեց անկողնուն:

-Փող չհասավ, -ծիծաղեց Արան:

-Պետք չէ, -չար՝ եղբորը խեթեց Խորենը:

-Ինչու՞: Մի նեղսրտիր, քեզ տասնոց եմ տալու: Շոկոլադ կառնես, միայն տես, հա, մյուս անգամ չտեսնեմ: Լսեցի՞ր:

Հայրը լրջացավ, հայացքը թաղեց որդու աչքերի մեջ, սակայն սթափությանը վերստին փոխարինելու եկավ երազկոտ դիմերեսը:

-Բոլորդ, բոլորդ պարեք, -նա ոտքի ելավ: -Ո՞վ կարող է եղանակը բերել: Ծովինար, քեզ տեսնեմ:

Գըքելեր, հայ գըքելեր,

Ընձի շատ կվայելեր

Սասնա խորոտիկ կաքվուկ:

Խոսք էր, ասաց, թե՞… Տեսնես Արևիկն ի՞նչ եղավ: Տունը հենց խաղաղվի, արտաքնոց գնալու պատրվակի տակ կմտնի մարագ: Հնարավոր է, դեռ իրեն է սպասում: Ուտելու բան ևս կվերցնի՝ հաց ու պանիր: Անոթի կլինի: Ինքն էլ առավոտից բան չի տարել բերանը: Խոտի մեջ սիրուն տեղ կբացի, կսեմվեն մեկմեկու ու կուտեն՝ նույն բրդուճից: Հերթով՝ մի բերան ինքը, մեկ՝ Արևիկը, ապա միասին՝ և ինքը, և Արևիկը: Իր շրթունքը կառնի Արևիկի շրթունքին, լեզուն՝ լեզվին, շունչը՝ շնչին… Ինքը գլխապտույտ կզգա ու, որպեսզի չգլորվի, ձեռքերը կգցի Արևիկի պարանոցով ու, որպեսզի չգլորվի, շուրթերով կծեփվի Արևիկին: Եվ քաղցր կլինի հացը, և քաղցր կլինի Արևիկը, նաև՝ խավարը, որ վերմակ կլինի, ծառերի սոսափը, որ քուն չի բերի, լուսաբացը, որ պիտի գա, օրերը, որ պիտի հաջորդեն՝ արևոտ, Արևիկոտ…

- «Եվ սրանք են այն քաջ նահատակների անունները, ովքեր այդ նույն տեղում վախճանվեցին, -շուրջպար բռնած հայրը հասավ Խորենին և, հայացքը նրան, ձայնում՝ հանդիսավորություն, հավելեց, -Խորխոռունյաց ցեղից կորովի Խորենը՝ տասնինը մարդով», -հետո դադար տվեց՝ վերստին երգն առնելով շուրթերին:

Ընքերն էր կամար ու կեռ

Քթիկն էր սուլթան սիսեռ:

Հայրը հաստատապես ինչ-որ բան գիտի: Եթե հարսանիքի միջադեպն է մտքինը, ոչինչ, թե մարագից ելնելիս է ճանաչել, հարկ կլինի բացատրությւն տալ: Բա որ ներս մտած լինի ու Արևիկին տեսա՞ծ: Ու նա պատմել է ամեն բա՞ն:

Երրորդ շրջանը գործելիս հայրը կռացավ և մատը նրա քթին խփելով՝ ասաց.

-Մոռացի՛ր:

Այդքան: Ու ծիծաղեց: Ու շարունակեց երգել: Եղբայրները քրքջացին, իսկ Խորենը հասկացավ. հայրը ոչ միայն գիտեր ամեն ինչ, այլև վայելել էր Արևիկին, ինչպես Մերուժան եղբայրը, ինչպես…

-Սխալվում ես: Ես ի վիճակի եմ երկու այսքան էլ խմել ու ոտքի վրա մնալ, չտապալվել, ինչպես միշտ: Խնդրեցի, չէ՞, այսօր դիտողություն մի արա: Դու այդպես էլ ինձ չհասկացար, չը-հաս-կա-ցար…Եվ ոչ միայն դու:

-Քո ասածն է, -Արուսը փորձեց մտնել Խորենի թևի տակ:

-Սպասիր, հո ես Հայկա՞կը չեմ: Էս ի՞նչ ժողովուրդ են:

-Սուս, Խորեն, երեխաները կարթնանան:

-Թող զարթնեն: Պահ, զարմացրեց: Ի՞նչ անենք, ինձ քի՞չ են հանել: Հայկակ, իմ դալկադեմ որդի, Արևիկ, իմ խորոտիկ կաքվուկ, ելեք… Ինձ այս երգը բաժին մնաց.

Սիրուն կաքավ, նախշուն կաքավ

Ձեռիցս պրծավ, ձորն ընկավ…

ԽԼՐՏՈՒՆ ՀՈՂ շարքից:


    
    
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
6760 | 0 | 0
Facebook