Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ստեփան Զորյան, Հուշեր Ղազարոս Աղայանի մասին

11:14, pazar, 06 nisan, 2014
    
    
    

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Փառահեղ ծերունի էր՝ բարձրահասակ, թիկնեղ ու լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ, ճերմակ մորուքը՝ ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե՛ր. նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ: Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպի ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ-անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:
     Ընդունելով բոլոր բարևները՝ քայլում էր հանդարտ ու խոհուն, թվում է՝ նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անանձնական են և միանգամայն հանուր: Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով և հետաքրքիր, ուշադիր նայում անցորդներին՝ ընդունելով նրանց բարևները: Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր միշտ, թե հարցնում էր.
     _ Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս...
     Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից, բացասականի ժամանակ՝ տխրում ու դառնում խոհուն:
     Առաջին անգամ ես նրա իսկական խոսքը լսեցի մի ժողովում: Վեր կացավ նա պատկառելի ու խրոխտ և սկսեց: Ես երբեք չեմ տեսել այդպիսի խոսող՝ ոչ առաջ, ոչ հետո: Կարծում եք՝ խոսքս վերաբերում է նրա հռետորությա՞նը, պերճախոսությա՞նը: Ամենևի՛ն: Աղայանը հռետոր չէր. նա խոսում էր ուրիշ մի ձևով: Ով էլ տեսներ նրան այդ պահին, իսկույն կասեր, որ դա ուսւոցիչ է և խոսում է ասես աշակերտների հետ՝ անառարկելի հեղինակությամբ, յուրաքանչյուր բառն ընդգծելով: Ավելին. որպեսզի ունկնդիրներն իրեն սխալ չհասկանան, նա մատով օդի մեջ դնում էր ստորակետ, միջակետ և վերջակետ: Այնքան մշակված էին մանկավարժական շարժումները, որ զգում էիր անգամ, թե ո՛րտեղ է դնում բութը: Մանկավարժի պրոֆեսիան իր կնիքը այնպես ամուր էր դրել Աղայանի վրա, որ նա թե՛ վերաբերմունքով, և թե՛ հոգեբանորեն մնացել էր ուսուցիչ: Եվ ամենքն այդպես էլ ընդունում էին նրան ու հարգում, մանավանդ որպես ժողովրդի մարդու, որ լավապես իրազեկ է ժողովրդի կարիքներին ու պահանջներին: Նրա խոսքի մեջ զգացվում էր ժողովուրդը:
     Երկրորդ անգամ ես նրան լսեցի ավելի մտերմական շրջանում և դարձյալ խորապես զգացի նրա ժողովրդային հոգին և մեծ հեղինակությունը: Այս անգամ եկել էր «Սուրհանդակ» թերթի խմբագրատուն: Պարզվեց, որ եկել էր հատկապես Նար-Դոսի մոտ՝ շնորհավորելու նրա նոր վեպը՝ «Պայքարը»: Նրա մտերմական խոսելակերպի մեջ ես դարձյալ զգում էի ուսուցչի վերաբերմունք, որն իր պարտքն է համարում ուրախանալ աշակերտի առաջադիմությամբ և պարտավոր է զգում քաջալերել լավը:
     _ Մի՛ ամաչեք մեր լեզվից: Փողոցով անցնելիս բարձր խոսեք, որ ամենքը՝ օտարներն էլ զգան, թե կա հայ ժողովուրդ ու հայոց լեզու, որ ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներից... Լա՛վ կացեք, լավ բաներ գրեցեք ու տպեցեք, _ ասաց նա, ինչպես դասարանից դուրս եկող ուսուցիչը:
     Ու գնաց պարթևահասակ, բարձրագլուխ ու այնպես զվարթ, որ ինձ թվաց, թե նա դեռ երկար կմնա այդպես: Գնաց՝ թողնելով հիացմունք ու հարգանք: Բայց մի քանի օր անց լսեցինք նրա մահը: Առաջին պահ դա ինձ թվաց անհավատալի, . ինչպե՞ս կարող էր մեռնել այդ գեղեցիկ, ատլետի կազմվածքով մարդը: Սակայն նա մեռավ գեղեցիկ մահով, ինչպես հերոսն է մեռնում՝ պայքարի մեջ. այն պահին, երբ հակառակորդի դեմ գրած հոդվածը գրպանում գնում էր խմբագրատուն: Մեռավ նույն Վելյամինովսկի փողոցում, որտեղից նա հսկում էր հայոց կյանքը, լեզուն ու գրականությունը:

Ստ. Զորյան «Հուշերի գիրք»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
12323 | 0 | 0
Facebook