Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանը միշտ էլ իմն եմ համարել

11:54, pazartesi, 24 mart, 2014

Երևանը միշտ էլ իմն եմ համարել


    
    

Կան արվեստագետներ, ովքեր իրենց կերպարով յուրահատուկ կոլորիտ ու միջավայր են ստեղծում, նման արվեստագետներից է Լևոն Մալխասյանը` Մալխասը:

-Ձեր թե’ մարդկային, և թե’ բեմական կերպարը բոլորին շատ սիրելի ու ընդունելի է, ինչի՞ց է դա գալիս, ինչո՞վ կբացատրեք

-Նախ, որ երբեք Հայաստանից դուրս չեմ ապրել ու աշխատել, չնայած նրան, որ դրսից միշտ ունեցել եմ շահավետ առաջարկներ: Իմ դրսում մնալը միշտ տևել է ընդամենը երկու շաբաթ` հյուրախաղերի մեկնած ժամանակ. տասնհինգերորդ օրը ես պետք է Երևանում լինեմ: Ու այդպես սկսած յոթանասունականներից մինչ օրս: Երևի, թե առաջին չասեմ պայման, այլ պատճառը դա է, և երկրորդը` այն աշխատանքն է, որով զբաղվում եմ արդն հիսուն տարի:

Ես ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել, ո’չ մի պաշտոն չեմ ունեցել, և երբեք որևէ կուսակցության մեջ չեմ մտել: Միշտ մտածել եմ, որ ջազմենը պետք է զբաղվի իր գործով, և փորձել եմ դա իրագործել Երևանում:

-Դուք, առաջիներից մեկն եք, որ Երևանում բացեցիք ջազ-ակումբ: Ինչը՞ ձեզ բերեց այդ քայլին, հանդիսատեսի հետ շփման կարիք կար, թե՞ ինչու ոչ, որպես բիզնես:

-Նմանատիպ ակումբներ դեռ առաջ էլ բացել էի, բայց բոլորը կարճատև կյանք ունեցան, ինչ-ինչ պատճառներով փակվեցին: Շատերը այն թյուր կարծիքն ունեն, ու հաճախ ինձ ասում են, որ ջազը այս վերջին տարիներին է մոդայիկ դարձել: Վաթսունականներից մինչ օրս նվագում եմ և ջազը միշտ էլ ունեցել է իր ունկնդիրը Երևանում, միշտ:

Ես դեռ վաղուց ունեի երեք երազանք, առաջինը իմ երիտասարդությանն է պատկանում` երազում էի այցելել Միացյալ Նահանգներ, տեսնել, շփվել այնտեղի երաժիշտների հետ, և հասկանալ, թե ես ու ընկերներս արդյոք ճիշտ ուղու վրա ենք, թե ոչ…լսել այն աստղերին, որոնց գիտեինք միայն ձայնասկավառակներով: Դա հաջողվեց միայն ինսունականներին, հաջողվեց նաև նվագել այնտեղի ջազ-ակումբներում: Այդ առումով ջազ- ակումբները շատ դեմոկրատ են, ունեն իրենց ներքին օրենքը, և դա ընդունված է ամբողջ աշխարհում: Եթե դու մտածում ես, որ քո կատարողական մակարդակը ներում է, և կարող ես նման կարգի երաժիշտների հետ նվագել, ուղղակի առաջարկում ես, և նվագում: Բոլորը ունեն այդ հնարավորությունը: Մալխաս ջազ-ակումբում էլ է գործում այդ օրենքը, որովհետև ջազը հիմնված է իմպրովիզացիայի վրա, իսկ իմպրովիզացիան քո ներկա վիճակի խիստ անհատական արտացոլումն է: Երկրորդ երազանքս` Երևանում կազմակերպել միջազգային ջազ փառատոն, և Միացյալ Նահանգներից հրավիրել սուպեր աստղերի, ովքեր տարիներ շարունակ ստեղծել էին իրենց ոճն ու դպրոցը…դա ևս հաջողվեց, և այն էլ մի քանի անքամ: Նման շփումներն ու կապերը շատ կարևոր են, և ստիմուլ են տալիս մեր ջազմեներին, որովհետև այդ երաժիշտները գալիս են իրենց պրոդյուսերների, մենեջերների հետ, և դրանից հետո մերոնց են հրավիրում իրենց փառատոներին: Իսկ երրորդ երազանքս` ունենալ սեփական ջազային ակումբ, որտեղ հայ երիտասարդ, տաղանդավոր, շնորհալի ջազմեները կարողանան իրենց դրսևորել: Ընկերներիս շնորհիվ այդ երազանքս էլ կատարվեց, ու արդեն վեցերրորդ տարին է, որ Մալխաս ջազ-ակումբը գործում է. ես փորձում եմ երիտասարդ ջազմեներին տալ այն, ինչը, որ ինձ երիտասարդ ժամանակ չի տրվել: Որովհետև այն ժամանակ ձայնագրվելու հնարավորություն չունեինք, իսկ եվրոպայում համերգներով գնալու մասին խոսք անգամ չէր կարող լինել: Ավելի առաջ, գիտեք մեր հոնորարը ո՞րն էր, որ թույլ տան նվագենք… բայց մենք միշտ կարողանում էինք գտնել այն ձևը, այն հրապարակները, որտեղ և իրականացնում էինք մեր համերգները: Մալխաս ջազ-ակումբը այսօր բոլորին տալիս է այդ ներկայանալու, և հնարավորությունը, և տեղը: Մեզ մոտ գործում է վեց-յոթ ջազային խումբ, ամեն մեկը իր օրն ունի. այնպիսի հայ ջազմեներ ունենք հիմա, որ ցանկացած երկիր կերազեր ունենար նման բարձրակարգ երաժիշտներ: Նրանք արդեն շատ հայտնի են աշխարհում: Ապրելով իմ հարազատ քաղաքում, իրագործեցի երազանքներս:

-Ջազը համարում են ապրելակերպ, հոգեբանություն, բայց այնուամենայնիվ ի՞նչ փոխեց այն ձեր կյանքում:

-Շատ ճիշտ եք, և նա, և նա: Իմ մեջ ոչ մի բան չի փոխել, որովհետև, այն իմ կյանքն է, իմ առօրյան: Ջազը ուղղակի ապրելաձև է, և հնարավոր չէ պիտակավորել ու մեկ բառով անվանել. իզուր չէ, որ նրա թարգմանություներից մեկը կոչվում է կյանք` փոփոխվող, չկրկնվող, ամեն օր բազմաձև, բազմաբնույթ, և չհնացող ու ցանկացած նորը իր մեջ ընդգրկող, այ դա է ջազը:

-Վաթսունականերին թվում էր, թե այդ երկաթե վարագույրի ետևում հնարավոր չէ որևէ երաժշտական զարթոնք ապրել, բաց այդ զարթոնքը եղավ: Այդ առումով ի՞նչ է փոխվել այսօր, ջազ լսողները շատացել են, թե քչացել:

-Ես երևի թե կրկնվեմ, որ ասեմ վաթսունականներին ջազի նույնքան երկրպագու կար Երևանում, որքան կա այսօր: Այդ առումով ոչ մի բան չի փոխվել Երևան քաղաքում, մենք միշտ ունեցել մեր երկրպագուն: Ջազը կոմերցիոն երաժշտություն չէ:

-Ջազը միշտ համարվել է լայն մասսաներին ոչ հասու երաժշտություն, ինչպիսի՞ որակներ պիտի ունենա մարդը այն հասկանալու համար:

-Խոսքը որակների մասին չէ, այլ` սիրելու, ընկալելու և զգալու: Մեր ակումբ հիմնականում հաճախում են այն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են այդ ժանրը: Էլի եմ ասում դա բիզնեսի ժանր չէ, դա ո’չ փոփ է, ո’չ ռոք, ո’չ ռաբիս, ոչ էլ անգամ դասական… սա մի առանձին կղզի է: Ես և ընկերներս ամեն օր ենք դրանով զբաղվում, և Երևանը այսօր դարձել է լուրջ ջազային քաղաք: Մեր անցկացրած միջազգային երրորդ փառատոնից հետո Նյու –Յորքից ստացանք վկայագիր, որ Երևանը արդեն մտել է միջազգային ջազային փառատոններ կազմակերպող քաղաքների շարքում: Դա շատ լուրջ նվաճում է. անգամ Մոսկվան չի կարող դրանով հպարտանալ:

-Այսօրվա Երևանը ձերը համարու՞մ եք: - Իհարկե, Երևանը միշտ եմ համարել իմը և այդպես է նաև հիմա: Ինչքան էլ ձևափոխվի և անճաշակ շենքեր կառուցվի, դա որևէ կապ չունի իմ այն ներքին վերաբերմունքի հետ, որ ունեմ դեպի Երևանը:

-Դուք Երևանի պատվավոր քաղաքացի եք, դա ձեզ պարտավորեցնու՞մ է, թե հաճախ մոռանում եք այդ մասին:

-Իհարկե, ոչ մի օր դրա մասին չեմ մոռանում, և համարում եմ, որ այն իմ ստացած բազմաթիվ կոչումներից ամենաթանկն ու կարևորն է, նաև պարտավորեցնող:


    
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6889 | 0 | 0
Facebook