Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԴԻՊՈՒԿ ԿՐԱԿՈՑ /պատմվածք/

16:51, perşembe, 20 mart, 2014
ԴԻՊՈՒԿ ԿՐԱԿՈՑ /պատմվածք/

Կախականջը նման գարուն չէր հիշում: Պատահել էր՝ ցուրտը վրա տա, նոր պտկած ծառերին, կանաչին ձյուն նստի, ջրափոսերը պուզ բռնեն, բայց նման բան՝ չէ, չէր մտաբերում: Գալիս էր ու գալիս, թափվում էր անկանգ, անտես, ասես, ոչ ձնհալ էր եղել, ոչ առուների խոխոջ, թափվում էր՝ հաշվի չառնելով, որ Կախականջը դեռ մեկ ամիս առաջ, բնության ձայնին հլու, Պոչիկ ձորով ընդառաջ էր գնացել Սևամեջքի կանչին ու դարձել՝ սիրո սաղմով ծանրաբեռ, ուրիշ ճամփով, որպեսզի հետո, երբ ձագուկներն աշխարհ գան, հայրը չառնի նրանց հոտը, չիմանա նրանց տեղը, նրանց գոյությունը: Էլի մի տասնհինգ, քսան օր, ու նա ծննդաբերելու էր՝ ապահով, համոզված, որ կերի պակաս չի լինի, իրենն են հեղեղատի խոտն ու ծաղիկը, զուլալ առուն՝ Դևնոցի մամռոտ պատերից սկիզբ առնող: Բույնը մոռացված քարհանքի մոտ էր լինելու, արդեն աչք ուներ դրած, մասրենու թփերով պատսպարված խորշում, ուր չոր էր, ողողման վտանգից հեռու, եթե անձրև գար, եթե նույնիսկ վարարեր գետակը:

Անցյալի սխալն էլ չէր կրկնելու: Այն ժամանակ պակասում էր փորձը. տեղը գետին մոտ էր ընտրել ու վարարումներից մեկի ժամանակ, երբ ջրի հորդանալը տեսնելով՝ ձսգերից, թերևս, ամենադիմացկունին, ամենալավին վերև տանելուց հետո ետ եկավ, բույնն արդեն չկար, պղտոր հորձանքի տակ էր մնացել: Ամեն ինչ Կախականջի ուզածի պես էր լինելու, տասն անգամ մտովի տեսած-երևակայածից ավելի լավ, և ամեն անգամ արևի գալուստը նա դիմավորելու էր ծաղկաշատ լեռնանցքում, ձագուկների հետ՝ ականջում մառոտ պատերն ի վար ծորող ջրերի ճլճլոցը, գետի խուլ ձայնը՝ ներքևից, արտույտների երգն ու մեղուների բզզյունը: Բայց… անժամանակ ձյունը խառնել էր ծրագրերը, և գունեղ պատկերներին փոխարինելու էին եկել անորոշ տագնապը, երկյուղը՝ ցրտաշունչ լուսաբացին եղյամապատ խորշում ցնկնելու մտքից: Ձյան տակ էին մնացել թե նորելուկ կանաչը, թե հերվա խոտը: Ոչ մի շյուղ, ոչ մի ծեղ, որ ատամի տակ առներ, մեղմեր ստամոքսի ցավը:
     Կախականջն առջևի թաթերը գետնից կտրելով՝ փորձեց հասնել մասրենու գետնամերձ ճյուղերին: Երկրորդ ցատկն ավելի հաջող ստացվեց, ու նա կախվելով մասրենու չորուկից՝ քաշքշեց: Ցնցումից սունկ-հսկան փուլ գալով՝ ծածկեց նրան: Կենդանին երկյուղած մի կողմ թռավ, սակայն խախուտ սավանին մնալը դժվար էր, ու նա գլխովին թաղվեց, մի պահ անօգ թպրտաց ձյուների մեջ: Այսուայնտեղ կարմրին տվեց աշունքվանից մնացած հատապտուղը: Ուժ առնելով՝ վերստին հայտնվեց թփի տակ: Մացառուտում առաջանալ չէր համարձակվում, թեև խորքերում ձյուն գրեթ չկար, գայթակղիչ փայլ ունեին թափված մասուրները, հաստ շերտով գետինը բռնած խաշամը: Գիտեր կոնաձև փշերի զորությունը. կեռված ականջաբլթակը չմոռացվող դաս էր, հարկադիր ծանոթության արդյունք: …Գամփռը քարափի գլխին իրեն էր ուտում, լեզուն դուրս գցած գնում-գալիս, կիրճ տանող ուղի փնտրում: Ինքը լեղաճաք դիմեց քարհանքի կողմը, սակայն կեսճամփին տեսնելով ընդառաջ եկող ահարկու գազանին, սուրաց, ուղղակի մխրճվեց մասրուտը: Ասեղները սանրեցին մեջքը, բլթակը տաքացավ, բայց փույթ չէր, մորթու մասին հետո կհոգար: Շունը հասավ, զարկվեց մացառուտին, փորձեց սողոսկել: Մետրի չափ տարածություն էր բաժանում: Ատամների կափակափյունը, ընդհատ շունչը, վայրի հայացքը… Կիսամեռ սպասում էր վախճանին: Ուժը հազիվ շնչելուն էր հերիքում: Արյան հոտից, մասրենու ճանկերում mնացած մորթու ծվենների տեսքից, իր մերձությունից՝ նույնպես, գազանը դիվահար եղավ. մոլեգին հաչում էր, կրակ կտրած պտտվում թփուտի շուրջը: Նախրապահը վերևից կանչեց, իսկ նա՝ աչքն արյուն, մոռացել էր նախահոր երդումը՝ մարդուն: Ի վերջո շունը հեռացավ՝ պոչը ցից, եթե մնար, ինքը հաստատապես վախից ոտքերը կպարզեր, կդառնար կեր մրջյուններին: Հետո մի շաբաթ ձախ ականջն այրվում էր, ապա ցավը մեղմվեց, անցավ, բայց բլթակն այդպես էլ ջարդված ցողունի պես մնաց կախ, լոշտակ: Դեռ լավ է, նապաստակները մարդկանց նման միատեղ չեն ապրում, իրար ծաղրել չունեն, թե չէ պիտի շարունակ ամաչեր ֆիզիկական թերությունից, խուսափեր հանդիպումներից: Միակ մտերիմը Սևամեջքն էր, որի համար, սակայն, առավել կարևորը, հետաքրքրականն ու ցանկալին ականջի հակառակ բևեռն էր: Մի փոքր, թերևս, լսողությանն էր խանգարում, բայց, դե, գլուխ հանում էր:

Կախականջը մտաբերեց Դևնոցը. այնտեղ տաք է, քամուց պատսպարված, թեքությամբ իջվարող ձյունը դժվար թե աղբյուրի շուրջն աճած կանաչը ծածկած լինի: Հեչ որ չէ՝ պատերի մամուռը կա ու կա: Մինչ Դևնոց կլիներ, երևի, հարյուր հիսուն քայլ: Եթե եղանակն ուրիշ լիներ, Կախականջը տարածությունը կանցներ մեկ-երկու րոպեում, բայց հիմա… Ոչ թե գնում էր, այլ վարում ձյունը, ետևից բացվածը ոչ թե ոտնահետք էր, այլ ակոս, միայն թե ոչ ուղիղ՝ ինչպես արտում է: Ծանրած փորը մի կողմից էր խանգարում, փափուկ ձյունը՝ մյուս: Միակ սփոփիչն այն էր, որ չէր հասցրել փոխել մորթու գույնը, և նկատվելու վտանգ չկար, եթե, իհարկե, գաղտուկ չմոտենային:

Մատուռը ձյան տակ կքել, քարը քարին մի կերպ դիմանում էր: Ներսում ձյուն չկար, և բաց դռնից սևին էր տալիս սալահատակը: Պատերն ի կախ զանազան ասեղնագործ լաթեր կային՝ մի տեսակ լղպոր ու վանող, մի քանիսի ծոփքերն այրված, կեղտակուր: Քարերը, հատակն ամբողջ, ծիսապարագաները պատած էին հալված մոմով: Օճորքը սև էր, ծխահար, նույնը՝ պատերը: Միայն մի տեղ կարմրին էր տալիս տուֆը՝ հենց տեղի քարհանքից, ով իմանա որ դարում հանած: Մոմակալներից մեկը որմնախորշից ընկել էր ցած, գլորվել մատուռի անկյունը: Կիսահալ մոմն այդպես էլ տափակած սառել էր խորանի առաջ, ընկած տեղում: Կախականջը հոտոտեց, բերանն առավ: Զզվելի անդուր համն ու թույլ նավթահոտը արհեստական ծագման մասին էին վկայում: Հետաքրքիր այլ բան չգտնելով՝ դուրս եկավ: Համատարած ճերմակության մեջ ընդգծվեց խաչքարերի շարուկը… Բայց նա ընդամենը նապաստակ էր՝ արվեստի արժեքներից գլուխ չհանող, բացի դա՝ քաղցը նկարչագեղ տեսարանով զմայլվելու տրամադրություն չէր թողնում:
     Հասնելով ժայռին՝ Կախականջը քայլերը դանդաղեցրեց: Դևնոցի պատերը վերից վար ծեփված էին ձյունով, ջրի չռռոցը խլացել, ևս ուրիշ էր: Մամուռին հասնելու համար շրջանցեց Մեծ քարը: Չնայած ձյան առատությանը, մեկ-երկու քայլից թաթիկները թրջվեցին, քիչ մնաց շրմփա ջուրը, ու նա ետ-ետ գնաց. անհույս գործ էր:

Երկինքն ի վերջո պարզեց մթամած դեմքը, տրվեց սկզբում՝ չկամ, ապա՝ ինքնաբուխ, նման այն կնոջը, ով առաջին անգամ է ապրում միաժամանակյա վայելքի բերկրանքը: Ամպածրարը բացվեց, ու ամեն արարած վերստին հայացքը գետնից կտրելու, տիեզերքի բաբախյունն առնելու, նրա կանչը լսելու հնարավորություն ստացավ: Երկիր մոլորակի վրա նման պարապ զբաղմունքի համար, սակայն, քչերը ժամանակ ունեին, համենայնդեպս՝ ոչ Կախականջը: Գոնե ձյունը քիչ լիներ. թաթերով հետ կտար, կհասներ նախորդ տարվա խոտին, բանջարանոցները կմտներ: Թեկուզև սևացած՝ կաղամբակոթն ու ցրտահար կարտոֆիլը չեղածից լավ են: Իսկ եթե շրջանցի ֆերմա՞ն: Դժվարը խոտի դեզերին հասնելն է՝ կեր, ինչքան ուզես: Մայրն է սովորեցրել ճամփան: Գետի ուղղությամբ կիջնի, Չռիկի մոտ երեխաների բացած նեղաղոտ կածանով կելնի աղբյուրի թաղն ու, Նախավկա առուն բռնած, կգնա մինչև գոմերը: Ճանապարհի ամենադժվար հատվածն այդտեղ է: Թե շները հոտն առան, վերջ, ավելի լավ է կորնգանի հյութեղ խրձերը մտքից քշելով՝ փախչի, ազատի գլուխը: Նախանցյալ տարի մայրը, եղբայրներից երկուսը նրանց բաժին դարձան: Հանրային գոմերից խոտնոց տանող ամենակարճ ճամփան ծիրանուտով է անցնում: Դժվար էլ չէ: Շարան քարերի մոտ պիտի միայն հատի ջուրը: Նույն՝ Պոչիկ ձորի գետակն է՝ արդեն հարթավայր իջած: Թե սառած չեղավ, ստիպված կլինի ճամփով գնալ, կամրջով: Վերջին մետրերն աչքերը փակ էլ կանցնի…

***

Բաբիկն այդ օրերին որսորդական պատմվածքներ էր կարդում: Նրանցից մեկը՝ աղվես բռնելու մասին, հետաքրքրական թվաց, աքլորի օգնությամբ կենդանուն հրապուրելը՝ հնարամիտ: Պատմությունն այն մասին էր, թե երկու ընկեր ինչպես են թռչնին հասցնում գյուղից ոչ հեռու գտնվող այրերից մեկն ու սպասում մութն ընկնելուն, ապա սկսում պարկը խոթած աքաղաղին անհանգստացնել, քաշքշել փետուրներից, կսմթել կատարը, փափուկ տեղերը, այնքան, մինչև սա ցավից ձայնը գլուխն է գցում, ձորը լցնում ցեղին հատուկ կչկչոցով: Աղվեսն էլ /ո՞վ է հորինել, թե նրանք խորամանկ են ավելի, քան մարդը/, անսալով խելքահան անող թռչնականչին, շուտափույթ ընթրելու մտքից նվաղուն՝ դիմում է անձավի կողմն ու ընկնում դիմահար կրակից: Այդպես՝ մինչև լուսաբաց, եթե, իհարկե, հավատալու լինենք որսորդների պատմածին: Գրքում ակնարկ կար նաև առատ ձյան դեպքում նապաստակների՝ խոտի դեզերին ապավինելու մասին: Սրանից ավելի ձյունաշատ օ՞ր: Տատն ախուվախ է անում՝ գարնան գլխին ցրտերի ընկնելը համարելով վատ նշան: Չէ մի՝ ի՞նչ պատերազմ, ինչ բան: Ձայն չտա՞ Մուշոյին: Նրա քեռու հրացանը երկփողանի է: Տանն էլ կինարմատներն են մնացել, գլխի չեն ընկնի: Չմրսելու համար հոր քուրքը կարելի է հագնել: Բա ձեռնոցնե՞ր... Առանց թաթմանի էլ կարելի է, դրանք միայն կխանգարեն: Պահակը կաղ Անդոն է: Ցերեկը ոնց որ թե խանութում տեսավ. արաղ առնելու էր եկել: Էս ցրտին հազիվ թե վառարանը թողած՝ դեզերի կուշտը պտույտ տա: Այսինքն՝ կարգին խոտ էլ չի մնացել՝ հազիվ չորս-հինգ սայլաբեռ: Ծղոտի շեղջերից մեկը, այ, լրիվ կանգնած է, դրա մեջ էլ կթաքնվեն՝ դարպասի դիմաց: Խոտնոց մտնելու ուրիշ ճամփա չկա: Կսպասեն ու՝ հենց մոտեցավ, կթրխկացնեն: Առաջինին, երկրորդին... Կարելի է արյան վրա ձյուն շաղ տալ, որ ետքից եկողները հոտը չառնեն: Կրակոցը դժվար լսվի. գյուղից ահագին հեռու է: Միայն թե Անդոն մտքափոխ եղած չլինի: Հերսոտ մարդ է, որ բռնեց... Էնքան էլ արագ է վազում՝ առողջից լավ: Բայց, ոչինչ, ճանապարհը նրանց տան մոտով է անցնում, լուսամուտից ներս կնայեն...

Գիշերվա մի ժամի նրանք դուրս եկան գյուղից: Հրացանը Մուշոն էր ուսել, Բաբիկի անութի տակ փայտ կար, որպեսզի շներից պաշտպանվեն: Երկուսի գրպանում էլ արևածաղկի սերմ էր, սակայն առայժմ չէին չրթում: Բաբիկին քուրքի՝ շուտ-շուտ ոտքի տակ ընկնող փեշերն էին խանգարում, Մուշոյին՝ հրացանը: Այդուհանդերձ երկուսի տրամադրությունն էլ բարձր էր. ապագա սպանդի մանրամասներն էին քննարկում, փորձում գուշակել սպասվելիք որսի քանակը: Հրացանազարկ կանեն բոլորին, մինչև վերջին նապաստակը, կախ կտան մորթիները ձեղունից, մսից խորոված կանեն, խաշլամա, կտապակեն կարտոֆիլով, շներին կկերակրեն: Որսորդական տենդը համակել էր նրանց ու մոռացել էին ուսուցիչների խրատները՝ բնությունը պահպանելու, կենդանական աշխարհին վնաս չպատճառելու, բարության մասին ընդհանրապես: Էլ չգիտեին, որ նախորդները տարիներ, տասնամյակներ առաջ նույնքան անխնա կոտորել են գրեթե բոլոր չորքոտանիներին՝ դաշտերում ու անտառներում, սարերում, ձկներին՝ ջրում, թռչուններին՝ օդում, ու մնացել են քչերը, վերջինները:

***

Վերջիններից մեկն էլ Կախականջն էր, որ թողած Պոչիկ ձորն ու Դևնոցը, ճամփա էր ընկել՝ հագեցնելու քաղցը, փրկելու ժամանակ առ ժամանակ ներսում՝ իր մեջ խլվլացող, իր մասը հանդիսացող ձագուկներին: Նման պայմաններում գյուղը շրջանցելը, այն էլ հղի, իհարկե, հեշտ չէր ու, գոմերն անցնելուց հետո, Կախականջը դուրս եկավ խճուղի, ուր ձյունը համեմատաբար պինդ էր, քայլելը՝ դյուրին: Քիչ անց պարզորոշ ուրվագծվեցին ծիրանենիների բները, խոտնոցի պարիսպն ու դեզերը: Երևում էր, մեքենաներ էին անցուդարձել, հետո ձյունը ծածկել էր հետքերը, բայց՝ մասամբ: Դողերի դաջվածքը կամրջից այն կողմ թեքվում էր խոտնոցի կողմը: Հասնելով դարպասին՝ Կախականջը կանգ առավ, ականջ դրեց: Ոչ մի շշուկ՝ չհաշված գյուղի մյուս ծայրից հասնող շնահաչը, որից վախենալ, անշուշտ, չարժեր: Միակ կասկածելին ոտնահետքերն էին, հազիվ ընկալելի մարդահոտը, որ ավելի արևածաղկի կեղևներից էր էր գալիս /նրանք, երևում է, գտել էին ընթացքի ժամանակ չրթելու եղանակը, չէին համբերել/: Հավանաբար մի ժամ առաջ են եղել դեզնոցում, - որոշեց Կախականջը: Մեկը ետքից բան էր քարշ տվել, նման Տերտերի ձորի աղվեսին, որը մոլորեցնելու համար իրենից հետո պոչով ավլում է հետքը: Սատանա, կարծում է կխաբի:

Եթե քաղցը, առողջ ձագ ունենալու բնազդը չլինեին, նա հետ կդառնար, բայց հիմա՝ այսքան ճանապարհ կտրելուց հետո… Կախականջը մեկ անգամ ևս դիտեց չորս բոլորը և, կասկածելի ուրիշ ոչինչ չգտնելով, նապաստակային մանրիկ ցատկերով առաջացավ: Մի քանի քայլ անում, կանգնում էր, վարանքի մեջ ուզում շրջվել, սակայն ծղոտի կիտուկը ձգում-կանչում էր, ու նա, աչքը չկտրելով դիմացը հսկայորեն, խրոխտ, ժայռի պես ցցուն բարդոցից՝ սկսեց ցատկ ցատկի ետևից անել՝ այլևս անզգույշ: Արդեն քիչ էր մնում, երևի, հիսուն մետրի չափ, երբ դեզի մեջ շարժում նկատեց, ավելի ստույգ՝ շրշյուն որսաց: Ցանկացավ ետ դառնալ, բայց աչքերի առաջ ինչ-որ բան փայլատակեց, հետևեց ճայթյուն, և մի սոսկալի ուժ նրան գետնից թռցնելով՝ շպրտեց ձյուների մեջ: Չհասկանալով կատարվածը՝ փորձեց ոտքի ելնել, սակայն չկարողացավ, ուժ առնելու մտադրությամբ ուզեց օդ ներս քաշել, բայց՝ անօգուտ: Այդ պահին էլ՝ արդեն մշուշի մեջ տեսավ իր կողմը վազող տղաներին: Չլինի՞ գալիս են օգնելու: Թե՞… Այդ ե՞րբ մարդը դարձավ նապաստակների, բնության մյուս արարածների բարեկամը:

Առավել զարմանալին, այդուհանդերձ, ոչ թե հանկարծաբար հայտնված մարդիկ էին, այլ այն, որ ոչ մի ոտնաձայն՝ բացարձակ ոչ մի, չէր առնում: Լուռ, սոսկալի լուռ էր շուրջը և խավար: Անգամ ձյունն էր սև, և արգանդում խփոց չկար:

Դա վերջն էր։


    

Արամ Հովհաննիսյան, «Դալուկ արև» շարքից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8754 | 0 | 0
Facebook