Որքան նամակներ են գրվում, որքան տողեր են լալիս, որքան անհանգիստ սրտի զարկեր են հաջորդում իրար, որքան վախեր են կրծում ներսից ... Կարոտից: Որքան չասված խոսքեր են մնում ներսումս, որ ամեն անգամ հերթականությամբ եմ դասավորում, բայց հերիք է խոսեմ հետդ, որ մոռանամ, արտահայտել դրանք չկարողանամ...Անհաշվելի...
Ես կարոտում եմ, բայց օր-օրի ուժեղանում ավելի ՝ գիտակցելով, որ այսօր քիչ է մնացել, քան երեկն էր ...Ես սիրում եմ ՝ սահմաններ չճանաչող սիրով, ամենամեծ նվիրումով, ես ինձ այնքա՜ն քոնն եմ զգում … Ես սպասում եմ ՝ չհուսահատվելով, կարիքդ զգալով … Ես ապրում եմ ՝ քեզանով երջանկանալով …
Երբեմն վախենում եմ մանկան նման, որ նոր է սովորում ճանաչել ցանկացած առարկա, տարբերել, զանազան հարցեր տալ, ինչպես ես եմ քեզ տվել շատ հարցեր ՝ տեղի ու անեղի: Ծիծաղում եմ՝ ամեն անգամ հիշելով, բայց միևնույն ժամանակ հպարտանում քեզանով, քո անսահման համբերությամբ ու սիրով, որ ինձ ես տվել, որ արժանացրել է ինձ Աստված:
Գիտե՞ս, ես միամտությունն ու երեխայությունը որպես ներքին արժեք եմ սահմանում: Գուցե թերանում եմ, գուցե սխալվում, բայց ամեն ինչ անկեղծությամբ է լի, որն էլ հենց գնահատել ես միշտ:
Որքան հասցեագրված նամակներ կան, որ քեզանով են լի … Որքա՜ն եմ սիրում քեզ, անկեղծ ասած ՝ ես էլ եմ նկարագրման մեջ թերանում, բայց այն ամենից առավել է, վեր բոլոր տեսակ զգացմունքներից, վեր երկնքից … Դու այնքա՜ն իմն ես:
Չկարողանալ առանց իրար մնալ ՝ նշանակում է իսկապես սիրել, հաղթահարել ամեն դժվարություն: Թանկս, միշտ կողքիս մնա, ինչպես սրտումս ես …
Ամենազգացմունքային
(Լիդ Պետրոսյան)