Հոգնում ես այն ամենից ինչ սիրում ես, դեռ սիրում ես, բայց հոգնությամբ հագեցած սիրով: Անիմաստ դարձած երջանկությունից, քո ծերացած ջահելությունից: Անընդմեջ նույն մարդկանցից ու նրանց անդադար կրկնվող պատմություններից: Յուրաքանչյուրը մենակ իր յուրահատուկ դժբախտության մեջ, որը սակայն միշտ նույնն է:
Երբ երազանքներդ համբուրում են ձեռքերդ, բայց մտքերդ անցյալի բանտում են, երբ աշխարհը կանգ է առել կեսգիշերում ու չի գալիս առավոտը, ուրեմն դու հոգնել ես:
Երբեմն այնպես ես հոգնում ամենից` ցավի աստիճան:
Երբեմն նայում ես թռչուններին ու մտածում, թե ինչու չեն ճախրում նրանք անհավանական հեռուները, հեռու մարդկային փոքրությունից, հեռու ճղճիմ հոգիների մանրությունից, անբովանդակ աղմուկից ու անարդյունք պայքարից: Երբեմն այնպես եմ նախանձում նրանց, եթե թռչուն լինեի կճախրեի անտեսանելի բարձրունքներով, կգտնեի մի կղզի, որտեղ մենակ կմնայի արևի ու ավազի լռության ու ծովերի մեղմ խշշոցի ծոցում: Երբ հարություն եմ առնում երազանքներիցս, նայում եմ հայելուց ինձ նայող դեմքին ու հարցնում նրան.
_Ինչու:
Եվ կարդում եմ պատասխանը, մարդկային հասարակ աչքերի խորքում:
_Որովհետև թևեր չունես:
Երբ ես մեռած եմ, մի խոսեք ինձ հետ: