Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վարդգես Պետրոսյան, կենսագրական

22:20, pazartesi, 06 оcak, 2014
    
    
    

Վարդգես Պետրոսյան


     Վարդգես Պետրոսյան
արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ
Ծնված. 1932, օգոստոսի 9
Վախճանված. 1994, ապրիլի 15

Վարդգես Պետրոսյան Համազասպի (1932, օգոստոսի 9, ք. Աշտարակ - 1994, ապրիլի 15, Երևան, թաղված է Աշտարակում), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ, Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952-ից: ՀԽՍՀ (1975-85), ԽՍՀՄ (1984-89) և ՀՀ (1990-94) Գերագույն խորհուրդների պատգամավոր:

1954-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1954-55-ին աշխատել է Նոր Բայազետի (այժմ` Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-57-ին` «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-61-ին` «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ: 1961-66-ին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1966-75-ին` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1975-81-ին` ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-88-ին` նախագահ, 1988-94-ին` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994-ին` «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր:

Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947-ին, «Պիոներ կանչ» թերթում:

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է: Հայաստանի լեռնային գյուղերում ապրող մարդկանց ու նրանց ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենի» վեպը (1981, կինոնկար` 1986, Հայֆիլմ):

Ռուսերեն լույս են տեսել նրա «Մամա, ես արդեն մեծացել եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա, 1973), «Դեղատուն «Անի» (Մոսկվա, 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (վիպակների և պատմվածքների ժողովածու, Մոսկվա, 1982) և այլ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաև լիտվերեն, լատիշերեն, բուլղարերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, ղրղզերեն, հունգարերեն և այլ լեզուներով:

Բեմադրվել են նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) պիեսը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը 1985-ին բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման:

Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով:

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները Լիտոպեդիայում

Երկեր

  • Բալլադ մարդու մասին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 52 էջ:
  • Վերջին գիշերը, Ե., Հայպետհրատ, 1959, 228 էջ:
  • Անավարտ դիմանկարներ, Ե., Հայպետհրատ, 1963, 308 էջ:
  • Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Հայպետհրատ, 1964, 140 էջ:
  • Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1969, 148 էջ:
  • Հայաստանի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Վարդգես Պետրոսյանի լուսանկարը, համառտ կենսագրությունը և մի հատված «Հայկական էսքիզներ» -ից), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ:
  • Ապրած և չապրած տարիներ, Ե., «Հայաստան», 1970, 388 էջ:
  • Դեղատուն «Անի»: Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1973, 300 էջ:
  • Հավասարում բազմաթիվ անհայտներով (հրապարակախոսություն, վավերագրական արձակ), Ե., «Սովետական գրող», 1977, 480 էջ:
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել «Մեհրաբի աղբյուրը» և «Կոմբայնավարը այնպես, ինչպես որ կա» գործերը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ:
  • Վերջին ուսուցիչը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1980, 616 էջ:
  • Մենավոր ընկուզենի (վեպ), Ե., «Սովետական գրող», 1981, 188 էջ:
  • Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1 (հատորում ամփոփված են պատմվածքների ընտրանին, «Նամակներ մանկության կայարանից» վիպակը, «Հայկական էսքիզներ» էսսեն և «Աշխարհի ճանապարհներին» ուղեգրությունները), Ե., «Սովետական գրող», 1983, 624 էջ:
  • Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (վիպակներ, վեպ), Ե., «Սովետական գրող», 1983, 608 էջ:
  • Հայկական էսքիզներ, Բեյրութ, տպարան «Ալթափրես», 1983, 304 էջ:
  • Հայկական էսքիզներ (վիպակ-էսսե), գիրք առաջին և երկրորդ, Ե., «Հայաստան», 1984, 305 էջ:
  • Կրակե շապիկ, Ե., 1986:
  • Չորս վիպակ, Ե., 1990:

Աղբյուրներ

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 455:
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 4, Ե., ՀՀՀ, 2003, էջ 209:
  • Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., ՀՀՀ, 2007, էջ 332-333:

    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
20859 | 0 | 0
Facebook