Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սեռական դաստիարակություն` դպրոցում

Ghost
Yazar:
Ghost
22:27, salı, 10 eylül, 2013

Կարծում եմ` Ամերիկա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ գրեթե բոլոր մարդկանց մոտ դեռահասության տարիներին առաջանում է որոշակի սեռական հետաքրքրություն, առաջանում են հարցեր` կապված սեփական մարմնի, սեփական սեռի և իդենտիֆիկացիայի հետ: Այն հասարակություններում, որտեղ ընտանիքում ազատ մտածելակերպ է, ծնողները և դեռահասները ընկերական հարաբերություններ ունեն, դեռահասը իրեն հուզող հարցերով դիմում է ամենամտերիմ մարդկանց` ծնողներին, որոնք էլ, իրենց հերթին, անկեղծ պատասխանում են: Սակայն որոշ դեպքերում, երբ ընտանիքում այդքան էլ ազատ չեն հարաբերությունները, դեռահասն իր պատասխանները գտնելու համար ուշադրությունը սևեռում է շատ հաճախ սեռական շեղումներ արտացոլող *****գրաֆիայի և սեռական կյանքով ապրող, իրենից տարիքով ավելի մեծ տղաների վարքագծի վրա: Այս տենդենցը հատկապես նկատելի է այն երկրներում, որտեղ մեդիայի և շոուբիզնեսի միջոցով պրոպոգանդվում է ազատ սեքսուալ կյանքը, հեռուստացույցով ցույց են տալիս գեղեցիկ և կրքոտ աղջիկների ու տղաների, իսկ պրակտիկայում հասարակությունը դեռևս անցում չի կատարել ավանդական արժեքներից դեպի արևմտյան արժեքներ: Ստացվում է, որ այդ պատկերներից դեռահասի մոտ շատ ավելի շուտ է սկսվում սեռական հետաքրքրությունը, բայց` ապրելով փակ հասարակությունում, նա զրկված է արտահայտվելու, իր հարցերի պատասխանները պարզելու, սեռական ցանկությունները հասկանալու և կառավարելու ունակությունից:

Նմանօրինակ երկիր էլ Հայաստանն է:

Հայկական հասարակությունում ծնողների և երեխաների միջև ավանդական հոգեբանական ամոթխածության պատնեշը, որի հետևանքով բաց է մնում սեռական դաստիարակությունը, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Բայց չէ՞ որ դեռահասը` որպես կանոն, սովորում է որևէ ուսումնական հաստատությունում, որտեղ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում են. «դպրոցը ձեր երկրորդ տունն է»: Գուշակո՞ւմ եք մտքերիս ընթացքը:

-Սեռական դաստիարակություն դպրոցո՞ւմ, - հասկանալով` զարմացած կբացականչեք Դուք, - դա նորմալ չէ:

Իհարկե, դպրոցը հայկական հասարակությունում սրբատեղու անալոգիա է, որտեղ կատեգորիկ արգելվում է աղջիկների դեպքում` ներկած եղունգներով, տղաների դեպքում` երկար մազերով հաճախելը և այլն. կարճ ասած, արգելվում է սովետական պսեվդոօրինակելիության սահմաններից դուրս գալը: Լավ, եթե այդքան շատ եք պնդում, ընդունենք, որ դպրոցում սեռական դաստիարակությունը նորմալ չէ, իսկ սեռական անգրագիտության հետևանքով առաջացած վաղաժամ սեռական կապերը, սեռավարակները, աբորտները, հետագա ամուսնական կյանքում աղջկան տանջող ֆրիգիդությունը` որպես սեփական մարմինը չընդունելու հետևանք, բազմաթիվ հոգեբանական տրավմաները, սեռական շեղումները նորմա՞լ են:

Սրանք զուտ խոսքեր չեն, մեջբերեմ մի քիչ վիճակագրություն. վերջին 10 տարիների ընթացքում ծնելիության թիվը կրճատվել է մոտ երկու անգամ, կա սեռավարակների աճի միտում։ Բժշկական ստուգման ենթարկվող մարմնավաճառների 51 % վարակակիրներ են։ Սեռավարակներն անպտղաբերության դեպքերի մոտ 30 % են կազմում։ Ավելացել է այն դեռահասների և երիտասարդների թիվը, որոնք ենթարկվում են բռնաբարությունների ու սեռական շահագործման, զբաղվում են մարմնավաճառությամբ։

Եվ եթե նույնիսկ դեռահասի բախտը բերում է և նա վերոնշյալ դեպքերից զերծ է մնում, այնուամենայնիվ, առաջանում է խորը սոցիալ-հոգեբանական խնդիր` ՉՏԵՍՈՒԹՅՈՒՆ:

Հենց վերոնշյալ չտեսությունն է հիմք հանդիսանում, որ 8-րդ դասարանում կենսաբանության հույժ բարոյական ուսուցչուհին որոշի բաց թողնել սեռական կյանքին վերաբերվող բաժինները, հենց այդ չտեսությունն է հիմք հանդիսանում, որ հայ տղաները կարճ կիսաշրջազգեստ հագած աղջկա հետևից ռեպլիկներ թողնեն, հենց այդ չտեսությունն է ծնունդ տալիս «կարմիր խնձոր» անվանվող աբսուրդին: Այդ չտեսությունը` քողարկված կեղծ բարոյականության շերտի տակ, տարածվում է ամենուր` նույնիսկ գինեկոլոգիայի կաբինետներում:

Բերեմ մի օրինակ. ինչպես գիտեք կամ չգիտեք, դեռահասը` 15 տարեկանը լրանալուն պես պետք է ստանա ընդհանուր բուժզննում` տեղական պոլիկլինիկայում: Մոտ երկու տարի առաջ` 15 տարեկանում մտա թաղամասային պոլիկլինիկայի գինեկոլոգի մոտ. բժշկուհին շատ ցածր, ամոթխած ձայնով և դեմքի արտահայտությամբ մի երկու հարց տվեց, ընդ որում, միայն դաշտանային ցիկլի վերաբերյալ: Իհարկե, ոչ մի սեռական դաստիարակությանը վերաբերվող հարց կամ պատասխան չհչեց, ինչը կապ չունի ոչ բարոյականության, ոչ էլ համեստության հետ:

Տրադիցիոն` ասել է թե քյառթու մտածելակերպը հանգում է այն եզրակացությանը, որ սեռական դաստիարակությունը իբր կբերի սանձարձակության: Հայերի մոտ սեռական դաստիարակության դեմ թշնամական վերաբերմունքը հենց այդ մտածմունքով է պայմանավորված: Այդ կետին ցանկանում եմ պատասխանել հոգեբույժ Արթուր Պողոսյանի խոսքերով: «Կարծում եմ ճիշտ հակառակը՝ տեղեկացված, գիտակից մարդը միշտ էլ կարողանում է կառավարել իր սեռական իմպուլսները, պահանջները: Մինչդեռ սեռական կրթություն չստացած և անտեղյակ մարդիկ են ավելի հաճախ բռնաբարության, կոպտության, անհասկանալի սեռական կապերի զոհ դառնում: Կրթված երեխան, կրթված մարդը երբեք սեռական սանձարձակությամբ չի զբաղվի»:

Մերի Շարոյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
12112 | 0 | 0
Facebook