Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ՀԱԶԱՐ ՈՂՈՐՄԻ /գրախոսություն/

08:25, cumartesi, 02 kasım, 2024
ՀԱԶԱՐ ՈՂՈՐՄԻ /գրախոսություն/

Գրչընկերս՝ Անդրանիկ Ավետիսյանը գիրք էր փոխանցել՝ առաջարկելով կարդալ: Երեք ամիս սեղանիս էր․ ժամանակ չէի տրամադրում: Մի օր էլ ձեռքս առա ու․․․ երկու օրում ավարտեցի: Չորս հարյուր էջանոց հուշագրություն ընթերցելը հեշտ չէ, մանավանդ հեղինակը՝ հանգուցյալ Սասուն Մարտիրոսյանը, գրչի մարդ չէ: Գեղագիտորեն չէ, որ գրավեց գիրքը, այլ՝ անկեղծությամբ, պարտադրված չընթերցեցի, այլ՝ սրտով: Ծանոթ կածան էր, արահետ, տարավ վայրեր, որոնք անծանոթ լինելով հանդերձ, հարազատ էին և, շնորհիվ ուղեկցի, դարձան առավել, անձկալի, խոշիկ: «Սասունը Սեմալում» - այդպես է խորագրված հուշապատումը: Այն Սասնո գավառի Շատախ շրջանի Սեմալ գյուղի բնակչոց, հատուկենտ փրկվածների ու Արագածի գոգին ընկողմանած Իրինդի, իրինդցոց մասին է: Հայի մասին է, մեր Մեծ ցավի, Երկրի, կորսվածը մի օր հետ բերելու զորավոր հավատի, Ջոջանց տան կրակն անշեջ պահելու անբեկ պատգամի:

Ես բառեր եմ շարագրում, մինչդեռ թվերն ավելի խոսուն են․ 847 սեմալցի նահատակվեց 1915-ին, փրկվեց ընդամենը 31-ը, որոնցից հետագայում երկուսը գնդակահարվեց, յոթը աքսորվեց՝ ըմբոստ, ճշմարտախոս լինելու, հողվորի սիրով իր արտ ու կալին կառչած մնալու, մարդու տեսակից չհեռանալու համար:

Թերթել սույն գիրքը, նշանակում է թերթել բազում տարաբախտների, անկոտրում հայորդաց կենսագրությունը, որը նաև քոնն է՝ թե տարբեր և թե հար նման ընթերցածին: Աչքերիցս արցունք քամեց մանկությունը որբանոցում անցկացրած Նազիկ-Թագուհու պատմությունը, որը քառասուն տարվա փնտրտուքից հետո գտել է հարազատներից ոմանց: Պատմությունը մասամբ Աննա մորս կյանքի մի դրվագը մտաբերել տվեց, իսկ առավել՝ հորոքրոջս դստեր՝ Վարդուշինը, ով մի օր՝ հասուն կին, անսպասելի հայտնվեց մեր տանը: Մշո մարագներում ողջակիզված սեմալցիք հիշեցրին Ձիթհանքովի հարդանոցներում նույնպիսի անագորույն մահով մոխրացած հորական Գևորգ և մորական՝ Երվանդ պապերիս, որոնց միակ մեղքն այս մեղսալի անխարհում անմեղ, անչար լինելն էր: Սերմնացան, Իրինդի հիմնադիր ապո Գալուստի՝ այդ լեռսիրտ մարդու հետ արտասվեցի կորուսյալ զավակի լուսանկարին նայելիս, ներսումս մռնչացի, երբ նրա տմարդի համագյուղացին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անվանակիր- ազգանվանակիրը հեղինակի հորը՝ Սաղո-Սաղաթելին խաբեությամբ տարավ Թալին՝ հանձնելու ՉԵԿԱ-ին: Եվ զավակակորույս, ամուսնակորույս, գերդաստանակորույս Շողիկ մամի հետ մրմնջացի՝ գարիմ ձեր բադանք, այն է՝ իմ ձեռամբ կարեմ ձեր մահաշորը: Ամաչեցի, որ Արամ աշխարհակալ արքայի սերունդն այդչափ մանրացել, նանրացել է՝ ունակ զազիր արարքների, քանզի ծննդավայրումս էլ գյուղխորհրդի նախագահի անունը Արամ էր, ու նա էր հորեղբորս՝ Լևոնին Սիբիր անհետողը՝ Տիգրան փառահեղ անունով մի սինլքորի սուտ մատնությամբ: Իսկ սառնաղբյուրցի Եղոյի հետ, որ հաց էր մուրում և, երևի, նախքան Իրինդ մտնելը, մեր շենում էր եղել, ետքից քար շպրտող կակուղուղեղ մանկտոց հասցեին միջնորդավոր հայհոյեցի՝ ես ձեր Լենինի անթաղ գոռը․․․ ձեր Ստալինի խոր կոտը․․․

Եվ սփոփվեցի՝ մտաբերելով մեկուկես տասնամյակ առաջվա այցս Իրինդ, հանդիպումը աշակերտության, ուսուցիչների հետ ու տնօրեն Զվարթի, որ «Բարև» հեռուստահաղորդմանը խորվուով էր հյուր եկել:

Մեկ անգամ ևս դառնամ գրքի խորագրին՝ «Սասունը Սեմալում»: Դիպուկ է ընտրված, զի հանձինս Սեմալի ու սեմալցոց, տեսնում ենք Սասունն ու սասունցոց, որոնք մեծ տնաքանդությունից հետո 1920-ին ի մի եկան թուրքերից մաքրած բնակավայրերում՛։ Շեներ, որոնցից շատերի հարկի ներքո հյուրընկալվել եմ տարբեր ժամանակներում՝ Ներքին ու Վերին Բազմաբերդ, Ագարակ, Շղարշիկ, Կաքավաձոր, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին ու Ներքին Սասնաշեն, Աշնակ, Դաշտադեմ, Ուջան․․․, բնակչոց մի մասին էլ հանդիպել, հետներն այգի մշակել, քար հավաքել, հաց կիսել Դալարիկում, Քարակերտում, Թալինում, Երևանում, այլուր․․․

Հիմա խոտը ելել, ծածկել է կորուսյալ Սեմալի անխնամ շիրիմները, անթաղ վաղանցվորաց ոսկրերի հետքն իսկ չկա, Իրինդում հողին են հանձնել Սիմսարի փեշին ծնված վերջին սեմալցուն, այդու նրանք կան, և հերիք է մեկնումեկը բացի ընթերցածս հուշամատյանը, կլսի ձայները նրանց, մարմին կառնեն հոգիները նրանց․․․

Ըստ այդմ, դառնամ հնոց կարգով զողորմի տամ գիր թողած Սասուն Մարտիրոսյանին՝ սեմալցու զավակ, ծնյալ Իրինդ ու նրա վավեր հերոսաց և փոխադարձեմ Ձեր իսկ թույլտվությամբ Ձեր փոխարեն պատասխանը՝ հազար ողորմի․․․

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
399 | 0 | 0
Facebook