Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հույն կոլլաբորացիոնիստների և նրանց օրրանի աստիճանական վախճանը

18:13, pazar, 08 eylül, 2024
Հույն կոլլաբորացիոնիստների և նրանց օրրանի աստիճանական վախճանը

Կոստանդնուպոլսի եվրոպական մասի Ֆանարիոն շրջանում 16-րդ դարի կեսերից բնակություն հաստատած հույն վերնախավի բոլոր անդամներին անվանել են «ֆանարիոտ» (հունարեն Φαναριώτες, թուրքերեն Fenerliler):

17-րդ դարի վերջից Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող մերձդանուբյան տարածքներում ֆանարիոտների մի շարք ընտանիքներ իշխող դաս են դարձել ։ Մասնավորապես, Մոլդովայի և Վալախիայի կառավարիչները նշանակվել են ֆանարիոտներից: Նրանց կառավարումն այդ իշխանությունների բնիկ բնակչության դժգոհությունն է հարուցել։

Բալկաններում «ֆանարիոտներ» եզրույթը շատ հաճախ գործածվել է «կոլլաբորացիոնիստ» իմաստով՝ ընդգծելու համար, որ նրանք համագործակցում են զավթիչ թուրքերի հետ ։ Սակայն որոշ ֆանարիոտ առաջնորդներ մշակել են Բյուզանդական կայսրության վերականգնման ծրագրեր՝ Օսմանյան կայսրության կառավարման բոլոր կառույցներին, բոլոր օրգաններին աստիճանաբար տիրելու միջոցով: Նրանք ցանկացել են պահպանել կայսրությունը և ազգությամբ ոչ հույն ուղղափառ բնակչության վրա պատրիարքարանի (որն իրենցից զգալի կախվածություն է ունեցել) վերահսկողությունը հաստատել։

1920-ական թվականներից ի վեր «ֆանարիոտ» եզրույթը սովորաբար վերաբերել է Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ղեկավարությանը։

Մանազկերտի ճակատամարտում (1071 թ.) պարտությունից հետո կայսրությունը փոքրացել է, և հույն ու հայ բնակչության զգալի զանգվածներ հայտնվել են Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս։ Չնայած մասնակի փախուստին դեպի Բալկաններ և որոշակի դիմադրությանը՝ Փոքր Ասիայի հույն և հելլենացված բնակչության մեծամասնությունը հնազանդվել է օսմանյան իշխանությունը: Թուրքերն սկզբում բավական հանդուրժողականություն են դրսևորել նոր նվաճված այլադավան ժողովուրդների նկատմամբ։

1453 թվականի մայիսին Կոստանդնուպոլսի գրոհի ժամանակ սուլթան Մեհմեդ 2-րդը հրամայել է ներում շնորհել կամավոր հանձնված հույներին, որոնք հատկապես շատ են եղել Ֆանարիոն թաղամասում (որտեղ գտնվում էր Կոստանդնուպոլսի գլխավոր փարոսը, որտեղից առաջացել է ռուսերեն «լապտեր» բառը): Հենց Ֆանարիոն է դարձել հունական համայնքի կենտրոնը օսմանյան Կոստանդնուպոլսում:

Պարտված Բյուզանդական կայսրության ողջ իշխող վերնախավը Կոստանդնուպոլսի գրավումից անմիջապես հետո կործանվել է, և նոր վարչակարգը ստիպված է եղել ապավինել ուղղափառ հույն հոգևորականությանը և կրթված հույներին, որպեսզի կարողանա պատշաճորեն կառավարել նոր տիրույթներն ու այդ տիրույթների բնակչությանը:

16-րդ դարի երկրորդ կեսից սկսել է ի հայտ գալ առևտրով զբաղվող հարուստ հույների մի շերտ։ Օսմանյան ժամանակաշրջանի առաջին հույն հարուստը Միքայել Կանտակուզենն է եղել, որին թուրքերը «Շեյթան-օղլու» մականունն են տվել: Նա սուլթանից ստացել է ռուսական պետության հետ մորթու առևտրի մենաշնորհը՝ տարեկան 60 հազար դուկատ վաստակելով: Բայց 1578 թվականին նրան մահապատժի են ենթարկել, իսկ ունեցվածքը բռնագրավել են։

Ըստ անգլիացի պատմաբան, սոցիոլոգ և պատմության փիլիսոփաԱռնոլդ Թոյնբիի՝ «Կոստանդնուպոլսի հույները, օսմանյան նվաճումից հետո, հասարակական կյանքի ոլորտից տեղափոխվեցին մասնավոր ձեռնարկատիրության դաշտ, և միայն երկու դար անց վերադառնալով հանրային կյանքի ասպարեզ՝ որպես ֆանարիոտներ՝ օգտվեցին զգալի արտոնություններից՝ Օսմանյան արքունիքին անգնահատելի ծառայություններ մատուցելով նրա համար դժվարին ժամանակաշրջանում» ։

17-րդ դարի վերջից ֆանարիոտների մեջ առաջատար դիրքեր են զբաղեցրել՝ Պանայոտի, Մավրոկորդատո, Իփսիլանտի, Լասկարիս, Մուրուզի, Նոտարաս, Սուզո, Կարաջա և Խանդջերլի տոհմերը։

1711 թվականին Մոլդովան (մինչև 1849 թվականը), իսկ 1716 թվականին Վալախիան, որպես Օսմանյան կայսրության վասալներ, հաջորդաբար հանձնվել են մի քանի ֆանարիոտ ընտանիքների իշխանների կառավարմանը։ Այս իշխանություններում եկեղեցական ծեսերը թույլատրվել է կատարել հունարեն լեզվով:

Ֆանարիոտների ընտանիքների անդամները երբեմն ամուսնացել են տեղի ազնվականների հետ, և ֆանարիոտների որոշ ներկայացուցիչներ սկսել են իրենց նույնացնել ռումինների հետ, և նրանց ժառանգները մնացել են անկախություն ձեռք բերած Ռումինիայում, ինչպես, օրինակ, ռումին հայրենասեր բանաստեղծ Կոնստանդին Ռոզետին:

1746 թվականին Կոնստանդին Մավրոկորդատոն վերացրել է ճորտատիրությունը Վալախիայում, իսկ 1749 թվականին Ալեքսանդր Իփսիլանտիի նախաձեռնած վարչական և օրենսդրական բարեփոխումները բախվել են տեղի բոյարների ուժեղ հակազդեցությանը։

1821 թվականին Վալախիայում ապստամբություն է տեղի ունեցել: Ապստամբները հաղթել են ու վերացրել Վալախիայի ֆանարիոտական իշխանությունը:

1821 թվականի մարտի 6-ին ֆանարիոտ Ալեքսանդր Իփսիլանտին, օգտվելով Վալախիայի և Մոլդովայի կառավարիչ Ալեքսանդր Սուզցոյի մահից, անկախության ձգտող ամբոխի հետ անցել է Պրուտ գետը՝ կոչ անելով Դանուբի գավառների ժողովրդին ապստամբել թուրքական լծի դեմ: Սակայն անկախության համար հույների հաջող պատերազմը հանգեցրել է սարսափելի հետևանքների Ֆանարիոնում։ Իրավիճակը սրվել է նաև նրանով, որ Տրիպոլիտի եպիսկոպոս Նիկոլայը՝ պատրիարք Գրիգորիոս 5-րդի եղբայրը, պատասխանատու է եղել Մորայի հույների համար: Մինչդեռ նույն թվականի մարտի վերջին այնտեղ ապստամբություն է բռնկվել Ֆանարիոնում: Մահապատիժները սկսվել են 1821 թվականի մարտի 24-ին. Սինոդի անդամ, մետրոպոլիտ Դիոնիսիոս Կալիարխոսին կախաղան են հանել։ Ապրիլի 4-ին մահապատժի է ենթարկվել Բ.Դռան բարձրաստիճան պաշտոնյա Կոնստանդին Մուրուզին, ինչպես նաև նրա եղբայրը՝ նավատորմի դրագոման Նիկոլայ Մուրուզին։

1821 թվականի ապրիլի 10-ին (ապրիլի 22) ՝ Զատկի առաջին օրը, պատարագից անմիջապես հետո, պատրիարք Գրիգոր 5-րդը գերեվարվել է, պաշտոնանկ արվել և շուտով մահապատժի է ենթարկվել։

Նման տխուր վախճանի են արժանացել նրանց բոլոր ընկերները, պաշտոնյաները և նրանց նվիրված մյուս մարդիկ։ Հույն հոգևորականներից ամենազնիվներըը՝ 80-90 տարեկան պատկառելի երեցները, ենթարկվել են խոշտանգումների ու դաժան մահապատժի ։ Ութսունամյա ավագ Մավրոկորդատոյին՝ նախկին կառավարիչ իշխանի եղբորորդուն, կախել են իր տան դարպասից։

1821 թվականի ապստամբությունից հետո Օսմանյան կայսրությունում պետական բարձր պաշտոններ զբաղեցնող հույների թիվը զգալիորեն նվազել է։ Ֆանարիոտներին, ինչպես բոլոր հույներին, հատուկ կասկածանքով են վերաբերվել, և բանկային և առևտրի ոլորտներում հայերը և բուլղարներն ավելի մեծ կշիռ են ձեռք բերել: Մեծ դրագոմանների պաշտոններում նշանակվել են կա՛մ մահմեդականություն ընդունած քրիստոնյաներ, կա՛մ հայեր (բացառություն են եղել Ալեքսանդր Կարաթեոդորին, որը դարձել է արտաքին գործերի նախարարության վարչակազմի ղեկավարը, և Մուզուրուս փաշա անունով հայտնի Կոստանդին Մուզուրուսը, որը 1840 թվականից Բ.Դռան առաջին բանագնացն է եղել Աթենքում, իսկ 1851 թվականից՝ Լոնդոնում): Հին ազնվական ֆանարիոտներին փոխարինել է հույն բանկիրների և վաճառականների նոր սերունդը:

Այնուամենայնիվ, պահպանվել է միլլեթի համակարգը, ըստ որի կայսրության բոլոր ուղղափառ քրիստոնյաների նկատմամբ կրոնական-եկեղեցական, հետևաբար և քաղաքացիական իրավասությունը մնացել է պատրիարքարանի հույն հոգևորականների ձեռքում, ինչը դժգոհություն և առճակատում է հարուցել Բալկանյան մի շարք տարածքներում, հատկապես բուլղարների շրջանում: 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Աբդուլ Համիդի կառավարությունն աստաիճանաբար սահմանափակել է պատրիարքի և Կոստանդնուպոլսի մետրոպոլիտների քաղաքացիական լիազորությունները (մասնավորապես՝ կտակի հետ կապված վիճելի հարցերում, որը, ստիպել է պատրիարք Հովակիմ 3-րդին 1883 թվականի դեկտեմբերի 9-ին, ի նշան բողոքի, հրաժարվել գահից, իսկ Դիոնիսոս 5-րդ պատրիարքի Sինոդը 1890 թվականի աշնանը ժամանակավորապես արգելել է եկեղեցական բոլոր գործողությունները) ։

***

1936 թվականին Թուրքիայի Հանրապետությունում օրենք է ընդունվել, որն արգելել է գումար նվիրաբերել ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին. ժառանգներին չանցած գումարները փոխանցվել են պետական գանձարան: Բարեգործական հիմնադրամները կորցրել են իրենց ուժը:

1955 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին Ստամբուլում, իշխանությունների թողտվությամբ, ամբոխն ավերել է 4 հազար հունական տուն և խանութ, կողոպտել և այրել 73 ուղղափառ եկեղեցի, 2 վանք, 26 դպրոց և հույն մետրոպոլիտի հարուստ գրադարանը, իսկ մետրոպոլիտին այնքան են ծեծել, որ նա երեք օր անց մահացել է ։ Բալիկլիի վանական գերեզմանատունը ավերվել է, պատրիարքների գերեզմանները պղծվել են։ Ջարդերից հետո Ստամբուլի հունական համայնքի բնակչությունը սկսել է նվազել։

Դեպի Հունաստան արտագաղթի հաջորդ ալիքը տեղի է ունեցել 1974 թվականին, երբ Թուրքիան ներխուժել է Կիպրոս:

20-րդ դարի վերջում տեղի հույն բնակչության մի քանի ընտանիք, այնուամենայնիվ, մնացել է Ֆանարիոնում, իսկ Ստամբուլի հունական գլխավոր թաղամասը դարձել է Քուրթուլուշը:

Նկարում՝ ֆանարիոտ գոսպոդար Ալեքսանդր Մուրուզին Բուխարեստի իր գահասրահում ընդունել է Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Լիստոնին և նրան ուղեկցող շքախմբին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
348 | 0 | 0
Facebook