Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մամուլի ազատությունն Ադրբեջանում

14:41, pazar, 25 ağustos, 2024
Մամուլի ազատությունն Ադրբեջանում
    

Ադրբեջանում մեդիան գտնվում է իշխանությունների խիստ վերահսկողության ներքո․ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը։

Ադրբեջանում մեդիան գտնվում է իշխանությունների խիստ վերահսկողության ներքո․ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը։ Այն լրատվամիջոցները, որոնք իշխանությունների հասցեին քննադատական գործունեություն ծավալելու փորձ են կատարում, ենթարկվում են ճնշումների՝ ընդհուպ մինչև արգելափակումներ։ Նույն կերպ հետապնդումների են արժանանում ընդդիմադիր, անկախ լրագրողները, որոնք ձերբակալվում են շինծու մեղադրանքներով, ենթարկվում անձնական տվյալների հրապարակման սպառնալիքի։ Այսինքն՝ «մամուլի ազատություն» -ն Ադրբեջանում շարունակում է լինել վերացական հասկացություն։ Լրագրողներից զատ՝ սահմանափակված է նաև շարքային քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը։

Լրատվամիջոցների անազատության խնդիրը հստակ արտացոլվում է հեղինակավոր միջազգային կառույցների տարեկան զեկույցներում։ Այդպիսի կառույցներից են աշխարհում մամուլի ազատության հարցերով զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders-RSF) կազմակերպությունը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP) ։

Այս կերպ, ըստ RSF-ի 2024թ․ զեկույցի, Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում մամուլի ազատության ինդեքսով զբաղեցնում է 164-րդ հորիզոնականը։ Կազմակերպությունն ընդգծում է, որ Ադրբեջանում բոլոր լրատվամիջոցներն, այդ թվում՝ հեռուստաալիքները, ռադիոն, գործում են պետական վերահսկողությամբ և չկա որևէ անկախ ալիք կամ ռադիո։ Փակված են քննադատական հայացք ունեցող բոլոր թերթերը։ Ամենահայտնի ընդդիմադիր լրատվամիջոցները՝ «Azadliq» -ը և «Meydan TV» -ն, Ադրբեջանի տարածքում արգելափակված են և գործում են արտասահմանից։

Ըստ RSF-ի՝ իշխանության հասցեին քննադատական հրապարակումների փորձ կատարող լրատվամիջոցներն ու նրանց լրագրողները ենթարկվում են ճնշումների և խտրականության։ Ընդդիմադիր լրագրողների հասանելիությունն ինֆորմացիային սահմանափակ է, քանի որ պետական հաստատությունները չեն արձագանքում նրանց հարցումներին, իսկ լռեցնելու համար իշխանությունները սպառնում են անձնական ինֆորմացիայի հրապարակմամբ՝ իրենց ենթակա լրատվամիջոցների միջոցով։ Ի հակադրություն ընդդիմադիրների՝ մերձիշխանական լրատվամիջոցները ստանում են դրամական պարգևներ և նյութական այլ աջակցություն՝ կաշառք։ Անկախ լրատվամիջոցների գոյությանը խոչընդոտում է նաև կառավարության կողմից գովազդի ոլորտի վերահսկումը, իսկ օտարերկրյա դոնորների հետ համագործակցությունն արգելված է։

Կազմակերպությունը նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանում ավելի են խստացրել լրատվամիջոցների մասին օրենքները։ 2022 թվականի փետրվարին իշխանությունները գրաքննությունն օրինականացնելու օրենք են կիրառության դրել։ Բացի այդ՝ պատիժների է ենթարկվում նաև «Facebook», «Youtube» կամ սոցցանցային այլ հարթակներում կառավարությանը քննադատող ցանկացած օգտատեր։

Ադրբեջանական իշխանություններին ընդդիմացող և նրանց սպառնալիքներն անտեսող լրագրողները բանտարկվում են շինծու մեղադրանքներով, բռնության ենթարկվում նաև ուժային կառույցների կողմից։ Վերջիններս իրենց գործողությունների համար քրեական որևէ պատասխանատվություն չեն կրում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրում է, որ Ադրբեջանում ոչ միայն երաշխավորված չէ լրագրողների անվտանգությունն, այլև հալածանքների են ենթարկվում նրանց հարազատները։ Ավելին՝ լրագրողները հետապնդումների են արժանանում նաև Ադրբեջանից դուրս։

Մեկ այլ հեղինակավոր կառույց՝ «Freedom House» -ը ևս Ադրբեջանը դասակարգում է որպես «ոչ ազատ» երկիր։ «Մամուլի ազատության սահմանադրական երաշխիքները պարբերաբար և համակարգված ձևով խախտվում են, քանի որ կառավարությունն աշխատում է վերահսկել տեղեկատվական ոլորտը», -գրում է կազմակերպությունը 2024 թվականի իր զեկույցում։ Հավելում նաև, որ կատարած իրավական փոփոխությունները կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերն՝ առանց դատարանի որոշման։ Բացի այդ՝ իրավապահ մարմինները վերահսկում են լրագրողների, ընդդիմադիր ակտիվիստների, քաղաքական գործիչների հեռախոսային խոսակցություններն, առցանց հաղորդակցությունները։ Գաղտնալսումներն իրականացվում են՝ լրտեսական ծրագրերով վարակելով հեռախոսներն ու համակարգիչները։ Այդպիսի ծրագրերից է իսրայելական «Pegasus» -ը։

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» -ը (OCCRP) 2021 թվականին բացահայտել էր, որ ավելի քան ադրբեջանցի 40 լրագրող և ակտիվիստ ու նրանց ընտանիքի անդամներ (1000-ից ադրբեջանական հեռախոսահամար) թիրախավորվել են «Pegasus» ծրագրով։ Իսրայելական այս ծրագիրը հասանելիություն է ապահովում հեռախոսազանգերին, հեռախոսում առկա ողջ ինֆորմացիային, այդ թվում՝ լուսանկարներին, տեսանյութերին։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև, առանց օգտատիրոջ իմացության, լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ իրականացնել։ Այս կերպ Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է ձեռք բերել լրագրողների անձնական տվյալներ, նրանց շատաժի ենթարկել՝ որոշ դեպքերում հրապարկելով անձնական և ինտիմ բնույթի տեսանյութեր ու լուսանկարներ։

Չնայած առկա միջազգային քննադատությանը՝ Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը տարիների ընթացքում ոչ միայն չի մեղմացել, այլ, ընդհակառակը, կատարելագործվել է՝ ամեն անգամ ընդգրկելով խոսքի ազատության սահմանափակման նոր դրսևորումներ։

Լրագրողների հալածքների առանձին դեպքերին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդ հոդվածներում։

-----
    

Մամուլի ազատությունն Ադրբեջանում, մաս 2. Լրագրողների հետապնդումների նոր ալիքն Ադրբեջանում

Լրագրողների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները, լրատվամիջոցների սահմանափակումները պարբերական բնույթ են կրում Ադրբեջանում։ Լայն լսարան ունեցող ընդդիմադիր լրատվական կայքերն արգելափակված են, իսկ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք դեռ փորձում են անկախ լրատվություն ապահովել և իշխանությունների հասցեին քննադատություն են հնչեցնում, արժանանում են հետապնդումների։

2023թ․ նոյեմբերից ադրբեջանական իշխանությունները թիրախավորել են մասնավորապես՝ «Abzas Media» լրատվական կայքը, «Toplum TV», «Kanal 1», «Kanal 13» յութուբյան ալիքները։ 2023թ․ նոյեմբերի 20-ին քաղաքացիական հագուստով ոստիկանները, բռնի ուժի կիրառմամբ, բերման են ենթարկել «Abzas Media» լրատվական կայքի ղեկավար Ուլվի Հասանլիին։ Խուզարկվել է նաև լրատվամիջոցի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների հայտարարության, 40 հազար եվրո է հայտնաբերվել։ Հաջորդ օրը՝ Ադրբեջան վերադարձի ճանապարհին, ինքնաթիռում ձերբակալել են կայքի գլխավոր խմբագիր Սեվինջ Վագըֆգըզըին։ Այնուհետև ձերբակալվել են կայքի փոխտնօրեն Մոհամմադ Կեկալովը, կայքի աշխատակիցներ՝ Նարգիզ Աբսալամովան, Հաֆիզ Բաբալըն, Էլնարա Գասըմովան։ Նրանք կալանավորվել են 3 կամ 4 ամիս ժամկետներով, սակայն լրագրողներն անազատության մեջ են գտնվում մինչ օրս։ Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության մեղադրանքով․ նրանց սպառնում է 8 տարվա ազատազրկում։ Հասանլիի ձերբակալությունից հետո «Abzas Media» -ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ կայքի ղեկավարի ձերբակալությունը պայմանավորված է նրա լրագրողական գործունեությամբ և, մասնավորապես նրանով, որ կայքը զբաղվել է իշխանությունների կոռուպցիոն գործերի հետաքննությամբ։ Խոսքը հատկապես Արցախի բռնազավթված տարածքներում Ալիևների ընտանքին պատկանող ընկերությունների կոռուպցիոն գործարքների բացահայտումների մասին է։

«Այս անօրինական ձերբակալության պատասխանատուն Իլհամ Ալիևն է։ Մենք երկրի նախագահի և նրա նշանակած պաշտոնյաների իրագործած կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շարք ենք հրապարակել և, կարծում ենք, որ Հասանլիի ձերբակալությունը դրա հետ է կապված։ Համարում ենք, որ նախագահը հրամայել է ձերբակալել Ուլվի Հասանլիին, որպեսզի փակեն մեր կայքը և խոչընդոտեն կոռուպցիոն հանցագործությունների մասին ինֆորմացիայի փոխանցումը», - հայտարարություն էր տարածել կայքը։ Սա է փաստում նաև Ուլվի Հասանլիի ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկի՝ նրան ուղղված հետևյալ հարցադրումը․ «Ինչու՞ չես գրում Ղարաբաղի մասին։ Ինչու՞ ես գրում կոռուպցիայի մասին» ։

Զուգահեռաբար «Abzas Media» -ի և նրա լրագրողների դեմ տեղեկատվական արշավ է իրականցվել նաև մերձիշխանական ԶԼՄ-ներով։ Ձերբակալություններից հետո «Abzas Media» -ն այլևս հետաքննություններ չի հրապարակել և սահմանափակվել է լուրերով։

2024թ․ փետրվարից, ըստ տարածած հայտարարության, կայքը հետաքննական գործունեությունը կշարունակի երկրից դուրս՝ արտասահմանցի լրագրողների աջակցությամբ, իսկ կայքի ղեկավարությունն էլ ստանձնել է Գերմանիայում բնակություն հաստատած Լեյլա Մուստաֆաևան։

«Abzas Media» -ից բացի՝ ձերբակալությունների այս շարքն ընդգրկել է նաև այլ լրատվամիջոցների։ Ձերբակալվել է նաև «Kanal-13» յութուբյան ալիքի տնօրեն Ազիզ Օրուջևը։ Նրան առաջադրվել է ինքնակամ շինարարություն իրականցնելու մեղադրանք, ինչը ենթադրում է 1-3 տարվա ազատազրկում։ Հետագայում առաջադրվել է նաև մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանք, ինչը մինչև 8 տարվա ազատազրկում է ենթադրում։ Ըստ Օրուջևի՝ ինքը հետապնդումների է ենթարկվում իր լրագրողական գործունեության պատճառով, քանի որ «Kanal-13» -ը հայտնի է բողոքի ակցիաների, մարդու իրավունքների խախտումների դեպքերի լուսաբանմամբ։ Տրամաբանորեն, նրա ձերբակալությունից հետո Ադրբեջանի իշխանությունները փակել են ալիքը։

«Այս երկրում լրագրությունը հանցագործություն է։ Եթե դու ճիշտ ինֆորմացիա ես փոխանցում, քեզ հեշտությամբ կարող են բանտ նետել» , - հայտարարել է Օրուջևը։ Ձերբակալվել է նաև ալիքի աշխատակից Ռուֆաթ Մուրադլըն, ում խուլիգանության մեղադրանքով կալանավորել են 30 օրով։ Մեկ այլ աշխատակցի՝ Շամո Էմինովին առաջադրվել է մաքսանենգության մեղադրանք։ Բանտարկության ընթացքում Էմինովն անգամ ինքնասպանության փորձ է կատարել։

Ձերբակալության ալիքը հասել է յութուբյան «Kanal-11» -ի ղեկավար Թեյմուր Քերիմովին ևս։ Նրան առաջդրվել է շորթման մեղադրանք։ Նախքան ձերբակալվելը՝ Քերիմովը պարբերաբար սպառնալիքներ է ստացել իր հասցեին, քանի որ հաճախ է քննադատել պետական պաշտոնյաների գործունեությունը, լուսաբանել բողոքի ակցիաները։

Սպառնալիքների միջոցով դրամաշորթման մեղադրանքով ձերբակալվել է «Azerinfo.az» կայքի ղեկավար Իբրահիմ Գումբատովը։ Նույն մեղադրանքով 2024թ հունվարի 13-ին ձերբակալվել է «Gündəlik Bakı» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գաբիլ Վելիևը։ Օրեր անց խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է «JAMnews» կայքի լրագրող Շահին Ռզաևը։ Նա ենթարկվել է 15-օրյա կալանքի և 50 մանաթ վարչական տուգանքի։ Ռզաևի ձերբակալության պատճառը եղել է նրա գրառումը։

Ադրբեջանական ուժայինները խուզարկել են նաև «Toplum TV» ինտերնետային հեռուստաալիքի գրասենյակը, որը ղեկավարում է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Վերջինս իր լրագրողական գործունեության ողջ ընթացքում ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ բանտարկության։ Նա այն լրագրողների թվում է, որոնց Ադրբեջանի իշխանությունները գաղտնալսել են «Pegasus» լրտեսական ծրագրով։ «Toplum TV» -ն փետրվարին հրապարակումներ է կատարել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների խախտումների վերաբերյալ, ինչից հետո էլ հայտնվել է իշխանությունների թիրախում։ Գրասենյակ ներխուժելուց հետո ուժայինները ձերբակալել են 4 լրագրողի՝ Ֆարիդ Իսմայիլովին, Էլմիր Աբբասովին, Մյուշվիգ Ջաբբարովին և Ռամիլ Բաբաևին։ Եվս մեկ աշխատակից՝ Ալեսքեր Մամեդլին, ձերբակալվել է ավելի ուշ։ Նրանց ևս առաջադրվել է մաքսանենգության մեղադրանք։ Նույն մեղադրանքով է ձերբակալվել նաև «Meclis.info» հարթակի ղեկավար Իմրան Ալիևը։ Ձերբակալություններից զատ՝ հիշատակված լրատվամիջոցների հետ առնչություն ունեցած լրագրողները ևս ենթարկվել են ճնշումների՝ բանկային հաշիվների արգելափակում, երկրից դուրս գալու արգելք։

Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներն միայն իրենց երկրի տարածքով չեն սահամանափակվել․ օգոստոսի սկզբին Վրաստանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովը։ Թբիլիսին, մեծ հավանականությամբ, նրան արտահանձնելու է Բաքվի իշխանություններին, ինչպես արդեն եղել է մեկ այլ ընդդիմադիր լրագրողի՝ Աֆղան Մուխթարլըի դեպքում։

Ադրբեջանի իշխանությունների այս գործողություններն անվրեպ չեն մնում միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունից։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) միջազգային դիտորդական կազմակերպությունը ձերբակալություններն անվանել է անկախ լրագրողների նկատմամբ որս և Եվրոպայի խորհրդին կոչ արել՝ հիշեցնել ալիևյան ռեժիմին իր պարտավորությունների մասին։ Ոչ միայն «Freedom House» -ը, «Human Rights Watch» -ը, այլև «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվի իշխանությունների գործելաոճն անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշում է որակել։ Ադրբեջանում լրագրողների նկատմամբ հետապնդումների նոր ալիքը դիտարկվել է նաև որպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության և հայ-ամերիկյան շփումների ակտիվացման հետևանք, քանի որ հիշատակված լրատվամիջոցներն ու նրանց ներկայացուցիչները մերձիշխանական ԶԼՄ-ում ներկայացվել են իբրև «Վաշինգտոնի լրտեսներ» ։

«ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
501 | 0 | 0
Facebook