Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: ՍԻՊԻԼ
Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը: ՍԻՊԻԼ Գրող, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Խանջյան-Ասատուրը (1) (գրական կեղծանունը՝ Սիպիլ (2), այն սակավաթիվ կանանցից է, որ իր կենդանության օրոք գնահատվեց ըստ արժանվույն: Նա ծնվել է 1863 թվականի հուլիսի 23-ին՝ Սկյուտարում՝ Խանջյանների բարեկեցիկ ընտանիքում: Զապել Ասատուրը իր ուրույն տեղն ունի 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի կրթության և կանանց հասարակական գործունեության մեջ։ Նախնական կրթությունը Զապելը ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների խնամքի ներքո։ Հայերենից բացի, տիրապետել է նաև ֆրանսերենին։ Հաճախել է Սուրբ Խաչ վարժարանը, ապա՝ Սկյուտարի Ճեմարանը, որտեղ նրա ուսուցիչներն էին Խաչատուր Միսաքյանը և Սիմոն Ֆելէկյանը, որոնց շնորհիվ նա սովորել է հայոց լեզուն, ուսումնասիրել է հայ գրականությունն ու մշակույթը: 1879 թվականին Զապելը ավարտում է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը, որից հետո որոշում է մեկնել Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու: Սակայն այդ ժամանակահատվածում կողմնակի մի գործոն ազդում է նրա կայացրած որոշումների վրա և մեծ դերակատարություն է ունենում Զապելի կյանքում: Նրանց տան նախկին ծառան՝ Հակոբ աղբարը, մեկնում է իր ծննդավայր՝ Քղի և որոշ ժամանակ անց, վերադառնում է անճանաչելիորեն փոխված ու ցնցոտիների մեջ: Նա Զապելին է պատմում իր համագյուղացիների ծայրահեղ չքավորության, տգիտության ու անօգնականության մասին՝ «…Աչքիս առաջեն չի հեռանար թափորը թշվառ տղոց՝ բոկոտն, անլվա, գիսախռիվ, գունատ, հիվանդ, անխնամ, - գրում է Զապելը իր նամակներից մեկում այդ պատմության տպավորության տակ: – Քանի-քանի անգամներ երգած եմ իմ հոգիիս բոլոր թափովը Եփրատի ծաղկավետ ափերը, Շավարշանի բուրումնագեղ շուշանները իմ սկսնակի ձախավեր տաղերուս մեջ, և սակայն երբեք չեմ խորհած հոն ապրող տարաբախտ ժողովուրդին վրա: Մեզի սովորեցուցած են շատ մը քաջերու անունները, անոնց պատկերները եթերաճեմ ճաճանչի մը մեջ ամպածրար՝ հայրենիքի սուրբ իդեալն է մեզի համար անմատույց, պաշտելի…: Իսկ Հակոբ աղբարնե՞րը, որոնք հողին վրա կապրին և ոտանավոր ուղերձներե ավելի լուրջ և հիմնավոր դաստիարակության մը պետք ունին իբրև մարդ ապրելու համար: Մենք ոչինչ գիտենք անոնց մասին» (3): Այս դեպքից հետո Զապել Խանջյանը հրավիրում է իր դասընկերուհիներին և նրանց հայտնում է «Ազգանվեր հայուհյաց ընկերություն» ստեղծելու իր մտադրության մասին: Ընկերության նպատակը Օսմանյան կայսրության հայաշատ նահանգներում օրիորդաց դպրոցներ բացելն էր։ Ստեղծումից հետո մոտ քսան տարի այդ ընկերութունը բարձունքի վրա մնաց՝ հոգալով հայ չքավոր ընտանիքների աղջիկների բարձրագույն ուսումնառության կրթաթոշակը։ «…Աշխատիմք, որպեսզի պարտավոր չմնամք ազգին և մարդկության, աշխատիմք, որպեսզի մեր գավառացի քույրերը լույս առնուն, աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե…Շատեր կըսեն և պիտի ըսեն, թե չեք կրնար հաջողիլ, սակայն ո՞ր մեծ գործ առաջին փորձով հաջողած է. եթե մեք չհաջողիմք, գեթ հիմը դրած կըլլամք և ուրիշ մը կկատարելագործե զայն…» (4), - ասել է 16-ամյա Զապել Խանջյանը «Ազգանվեր հայուհյաց ընկերության» երկրորդ նիստում: Հայոց ցեղասպանությունից հետո «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը» ծնողազուրկ որբերի համար կատարել է բարեխնամ առաքելություն։ Առաջին ամուսնությունը: 1881 թվականին, 19 տարեկանում, Սիպիլը ամուսնանում է փաստաբան Կարապետ Տոնելյանի հետ և միասին մեկնում են կայսրության հայկական գավառները՝ տեղում ծանոթանալու աղջկանց վարժարանների ստեղծման, ինչպես նաև ընդունակ հայ օրիորդներին կրթաթոշակով ապահովելու աշխատանքներին։ Զապելը նաև ժամանակի ակտիվ հասարակական գործիչներից էր: Նա պայքարում էր կանանց իրավունքների, ազգապահպանության, սոցիալական հավասարության համար: Սիպիլը մանկավարժական գործունեություն է ծավալել, հայոց լեզու, հայոց պատմություն ու մշակույթ է դասավանդել (երբեմն՝ թաքուն) Կ.Պոլսի և Օսմանյան կայսրության հեռավոր հայաբնակ գավառների դպրոցներում ու վարժարաններում (5): Այս ամենին զուգընթաց զբաղվել է գրականությամբ: Ապրելով թուրքական միջավայրում և պարբերական կոտորածների ականատեսը դառնալով՝ նա շատ լավ հասկանում էր, որ հայը իրեն պահպանել կարող է միայն իր արմատներին կառչելով: Նրա գրական ժառանգությունն ամբողջությամբ հայերեն է: Նշենք, որ Սիպիլը գրել է բացառապես հայերեն: Պոլսում նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում և նրա սաների թվում են ճանաչված գիտնական Սիրարփի Տեր-Ներսիսյանը, «Ծաղիկ» և «Հայ կին» հանդեսների խմբագիր, հրապարակախոս Հայկանուշ Մառքը, դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, դերասաններ Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, թարգմանչուհի Սիրվարդ Կլուլպենկյանը, մանկագիր Ադրինե Տատրյանը և այլք: «Պոլսո մեջ ոչ մեկ ուսուցիչ կրնա պարծենալ, որ իր անձին ու գործին օրինակով կաղապարած է սերունդ մը կամ դարձած է տեսակ մը իդեալ»: «Սիպիլի մեջ մանկավարժն ու տեսաբանը, հոգեբանն ու մեթոդիստը միահյուսված էին: Նա շարքային դասուսույց չէր… Նա անընդհատ որոնում էր նորը, թարմն ու օգտակարը և դրանով էլ տարբերվում էր նախորդ և ժամանակակից շատ մանկավարժներից»: Ակնարկելով Սիպիլի դերակատարությունը հասարակական և գրական կյանքում հայտնի դերասան Վահրամ Փափազյանը գրում է՝ «…Այնքան ձգողական մի զորություն ուներ նա, որպես կին և բանաստեղծուհի, այնքան կանացի հրապույրներով էր պարուրված նրա թեև կարճ, բայց փարթամ անձը, նրա թեև անբարբառ, սակայն ամեն ինչ խոսող աչքերը այնքան լեզվանի էին և գաղտնախորհուրդ կանացիությամբ լի, որին ինչպես բարձրագույն իմացականության մի կծիկի, քանդել փորձողն անմիջապես կխճճվեր այդ կապանքների մեջ` առաջին իսկ փորձից…Այնքան ժամանակ, որ ճանաչել եմ նրան, նրա պատկերը միշտ անփոփոխ է մնացել իմ հիշողության մեջ: Տարիները կարծես թավալվում էին նրա վրայով, ձմեռ չունեին, և անվերջանալի արևոտ ամառների երկար մի շարան եղավ բանաստեղծուհու կյանքը» (6): Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան բռնապետության տարիներին (7): Զապելը միաժամանակ օգնում էր հայ որբերին և կարիքավորներին՝ կրթության և դաստիարակության, նաև՝ կանանց սոցիալ-հասարակական դերակատարության աշխուժացման ու զարգացման գործում։ Երկրորդ ամուսնությունը: 1900 թվականին Զապելը կորցնում է իր առաջին ամուսնուն, սակայն 1901 թվականին ամուսնանում է երկրորդ անգամ՝ գրող, բանասեր և լրագրող Հրանտ Ասատուրի հետ, որին, բացի ամուսնական կապերը, միավորում էր նաև գրական ու ազգային-հասարակական երկարամյա գործունեությունը։ Հրանտ Ասատուրը բարոյական մեծ օգնություն է ցույց տալիս կնոջը հասարակական, գրական-ստեղծագործական ու մանկավարժական բոլոր գործերում: Ասատուր ամուսինների միացյալ աշխատանքի արդյունքներից էին հայերեն լեզվի, քերականության գրքերը, գրական ընթերցանության «Թանգարան» (8) խորագրով դասագրքերի շարքը, որոնք քառորդ դար ծառայեցին երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը։ Զապել և Հրանտ Ասատուրները գործակցեցին նաև Գրիգոր Զոհրապի հետ՝ իրականություն դարձնելով «Մասիս» թերթի հրատարակության երկրորդ շրջանը: «Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին» (9), - գրում է Գրիգոր Զոհրապը, ով հայտնի էր որպես կնոջ և տղամարդու հավասարության ու կանանց կրթության հակառակորդ: Սիպիլի հրապարակախոսության առանցքը ազգապահպանությունն է, երիտասարդ սերնդի, հատկապես աղջիկների կրթությունն ու դաստիարակությունը և կանանց հարցերը` սկսած խոհանոցից ու նորաձևությունից մինչև քաղաքական իրավունքները: «Մեր երեքեն կազմված խմբագրական մարմնին մեջ մեծ ուժ մըն էր Սիպիլ, որ իր տաղանդին ամենեն առույգ ու կորովի շրջանին հասած էր այն ատեն: Միշտ պատրաստ էր հոդված մը, քերթված մը, նորավեպ մը գրելու: Դասերը, դասագիրքերու պատրաստությունը մեկ կողմեն, գրականությունը մյուս կողմեն, տան հոգերն ալ ասոնց ամենուն վրա: Բայց հոգնիլ չէր գիտեր, միշտ ժպիտ մը ուներ դեմքին վրա, միշտ զվարթ էր, միշտ անձնվեր, միշտ բարյացակամ ամենուն հանդեպ: …Օրվան կինն էր Սիպիլ գրականության մեջ, ու բանաստեղծ կնոջ քով հրապարակագիր կինը ի հայտ կու գար», - հիշում է Հ. Ասատուրը: 1898 թվականին «Մասիս» պարբերականի էջերում տպագրվում է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը` նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Սրբուհի Տյուսաբին, Արշակուհի Թեոդիկին, Գայանե Հովհաննիսյան-Մատակյանին, Հայկանուշ Մառքին, Եղիա Տեմիրճիպաշյանին, Գրիգոր Չիլինկիրյանին, Ռեթեոս Պերպերյանին և այլոց։ Այդ շարքը հետագայում զետեղվել է 1921 թվականին Հրանտ և Զապել Ասատուր ամուսինների կազմած «Դիմաստվերներ» (10) գրքում։ Գրական շրջանակներին Զապել Ասատուրը հայտնի է դարձել 1880-ական թվականների վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրապարակած չափածո և արձակ գործերով։ «Աղջկան մը սիրտը» վեպը և բանաստեղծական ժողովածուները 1891 թվականին Զապել Ասատուրը առավել մեծ ճանաչում է ձեռք բերում, երբ հրատարակվում նրա «Աղջկան մը սիրտը» վեպը՝ օրիորդ Ալիս հեղինակային կեղծանունով: Այն թեև վիպագրական արվեստի դիտանկյունից մեծ արժեք չի ներկայացնում, սակայն իր շոշափած սոցիալ-հասարակական, և հատկապես, հայ կնոջ ազատագրությանը առնչվող հարցերով նորույթ էր պոլսահայ գրականության մեջ։ Վեպը, ինչպես նաև Սիպիլի մյուս գրական երկերը հասարակական լայն արձագանք են գտնում: Նշենք, որ Սիպիլից առաջ Սրբուհի Տյուսաբը արդեն բացել էր վիպագրության ուղին հայ գրականության մեջ։ Թե՛ Տյուսաբը, թե՛ Սիպիլը գեղարվեստականացրեցին հայ կնոջ իրավունքները և սկզբնավորեցին ազատագրության պաշտպանության շարժումը՝ հիմնադրելով գրական դպրոց։ Նրանք պայքարում էին կանանց իրավունքների, ազգապահպանության, սոցիալական հավասարության համար: Հարկ է նշել, որ Սիպիլը դարձավ նաև արևմտահայ գրականության մեջ վիպապաշտ (ռոմանտիկ), իրապաշտ և գեղապաշտ երեք սերունդները մավորող կամուրջը։ Նույնքան թարմաշունչ էր Սիպիլի մուտքը հայ բանաստեղծության տիրույթ: 1902 թվականին նա տպագրեց բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր» 11-ը արդեն Սիպիլ կեղծանունով։ Այնուհետև, ամբողջ երեսուն տարի, Սիպիլը շարունակեց մամուլում տպագրել իր բանաստեղծությունները, որոնք հետմահու ամփոփվեցին 1940 թվականին տպագրված «Քերթուածներ» 12 ժողովածուի մեջ։ Նրա բանաստեղծությունների մշակվածությունը և ոճը դիպուկ է բնութագրել գրող Հակոբ Օշականը՝ «Սիպիլի բանաստեղծութիւնը անթերի ձեւերու, մետաքսէ ոլորներու, ծիրանի ու փրփրուտ ժանեակներու, ոսկի դանակներու, թռչող բայրերու եւ աչք առնող գոյներու զարմանալի խառնուրդ մըն է. մեր զգայարանքներուն վրայ հմայք կը լեցնեն, բայց երեւոյթի մը պէս կը թռին անոնք ու մենք մեր աչքերուն վայրկեանի թովչանքէն ազատելէն վերջ կը մոռնանք զանոնք» (13): Սիպիլը գրել է սիրո, հայրենիքի, մարդկային նուրբ զգացմունքների մասին։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկ գրականության ավանդույթները, որոնք ներհյուսվել են նոր ժամանակների իրապաշտական մտածողության հետ։ Այս հիմքով էլ նրա ստեղծագործությունը հայ գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ (14): Նա շարունակել է արևմտահայ կին հեղինակների ռոմանտիկ ավանդույթները։ Սիպիլի երկերի համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունները, կնոջական քնքշությունն ու նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, մանկավարժական, կրթական-մեթոդական հոդվածներ: 1879 թվականին կազմել է «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի» (15) դասագիրքը, որը որպես ձեռնարկ օգտագործվել է դասավանդման նպատակով: Այն հետագայում բարեփոխվել է Հրանտ Ասատուրի աշխատակցությամբ և բազմիցս վերահրատարակվել է «Թանգարան հատընտիր հատվածներու» (16) ընթերցարանների հետ (17): Սիպիլը կարևոր նշանակություն էր տալիս նաև օտարալեզու գրականության թարգմանությանը` հատկապես ֆրանսիական պոեզիա և պոետներ՝ Պոլ Վեռլեն, Լըկոնտ դը Լիլ, Լամարթին, Անատոլ Ֆրանս և այլքն (18): Նա հատուկ աշխատանք է տարել իր աշակերտների շրջանում՝ թարգմանիչների նոր սերունդ պատրաստելու ուղղությամբ: Սիպիլը նաև նկարում էր: Նա պատկերել է բազմաթիվ հայ նշանավոր գրական գործիչների դիմանկարներ: Նշենք, որ Զապել և Հրանտ Ասատուրների միացյալ աշխատանքի արգասիքը եղավ հայերեն լեզվի, քերականության և գրական ընթերցումների «Թանգարան» անունով դասագրքերի շարքը, որը ամբողջ քառորդ դար նպաստեց նորահաս սերնդի հայեցի դաստիարակությանը։ Սիպիլը հեղինակ է նաև «Կնոջ հոգիներ» 19, «Կորտոն հրամանատարը» (20) և այլ երկերի: Հայոց ցեղասպանությունից 1915 հետո նույնպես հեղինակը չի կտրվել հասարակական կյանքից։ Ուշադրությամբ հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական-մշակութային կյանքին (21): Սիպիլը մինչև մահ, մինչև 1934 թվականի հունիսի 19-ը, մնաց Կ. Պոլսում՝ ստեղծագործելով և կրթության մշակի իր առաքելությունը շարունակելով։ Սակայն վերջին տարիներին կաթվածը գամեց նրան անկողնուն, և նա իր մահկանացուն կնքեց 1934 թվականին՝ Կոստանդնուպոլսում: ---------- Ծանոթագրություններ, աղբյուրներ: Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ բ.գ.թ, դոցենտ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտ * «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ գրական նոր նախագիծը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան) , Հայկանուշ Մառք (Թոփուզյան) , Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք: Նախագծի խորագիրն է՝ «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»: Սույն նախագծի նպատակը 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած հայ մտավորական կանանց՝ գրող-հրապարակախոսներին, խմբագիր-հրատարակիչներին, բանաստեղծուհիներին, արձակագիրներին, նրանց ամփոփ կենսագրություններն ու գործունեությունները, ընթերցողին հասանելի դարձնելն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացականության և զարգացման տեսանկյուններից: Այն կարևոր է նաև համացանցի, սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով տարբեր տարիքի ընթերցողներին գիտելիքների և արժեքավոր նյութերի փոխանցման տեսանկյունից: Նախագծի խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա արևմտահայ կին հեղինակների բարեգործական, հովանավորչական, կրթական և գրական-մշակութային գործունեության վրա լույս սփռելն է: Նախագծի շրջանակներում կընդգրկվեն նաև հետաքրքիր դեպքեր կանանց կյանքից: Պատմության համատեքստը նկատի առնելով՝ կտրվեն նաև նրանց գործունեությանը բնորոշ ուշագրավ առանձնահատկություններ, մամուլում դեռևս չտպագրված այլ արժեքավոր տեղեկություններ: Նախագիծը վարում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանը: Սույն հոդվածը նվիրված է Սիպիլին (Զապել Հովհաննեսի Խանճյան` 1863-1934): ----------------- * Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2IT-6B118 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։ ---------------- © Արտատպության դեպքում, հղումը «Նիդերլանդական օրագիր» և «Օրեր» պարբերականների կայքերին պարտադիր է: ---------------- Զապէլ Հ. Ասատուր (Սիպիլ) Նոր յելած էր սուգեն, կապույտ կը հագներ. Գըլուխն ուներ ծավի բեհեզ մը սիրուն, Վորուն վետ վետ ծալքերուն նուրբ ծըփանքներ Կ'ոլորվեյին շուրջն իր վոսկի մազերուն: Միշտ լուսեղեն ծիծաղ մ'ուներ իր բերան, Հընչուն, անույշ, յերգի մը պես սիրարծարծ, Յեվ խըռովիչ նայվածքին մեջ անոր լայն Ծովն իրեն գույն, յերկինք իր շողն եր դըրած: Սիրած չեր դեռ, վո՛հ, զայն կ’ըսեր իր ճակատ. Չըքնաղ յերազ մ'եր լոկ իր կյանքն ըսպիտակ, Անուրջ մ’անծիր, ուր կույս հոգին խանդակաթ Կը ծածաներ ջերմ իղձերու բոցին տակ: Բընության մեջ ծովն եր իր տենչն առանձին. Ծաղիկներուն, դաշտին համար սեր չուներ. Ամեն առտու կարմիր արևն այգածին՝ Իր մակույկով ծովուն մեջ զայն կ'ողջուներ: Չեյինք գիտեր, պըչրա՞նք եր թե պարզ ճաշակ Այդ մակույկն ալ կահված գույնով միշտ ծովուն, «Կապույտ աղջիկ», կ'անվանեյինք կամ «խաժակ», Յերբ կը նավեր փոթորկին դեմ և հովուն: Չեր վորսար ան, և վոչ ալ գիրք կը կարդար, Անհունին մեջ մըխըրճելով իր հոգին՝ Կ’ուզեր բաժնել շողերուն հետ անդադար Գաղտնիքները, զոր կուտա ծովն յերկինքին: Հովին, վիհին, ալիքներուն բարեկամ, Հորձանքներեն, ամպեն, շանթեն չուներ վախ, Այդ անկայուն տարրերուն մեջ շատ անգամ Կըռված, հաղթած եր ամպրոպին ալեբախ: Բայց գիշեր մը մոտեցավ կուր մը փութով Սուր ճեղքելով ծալ ծալ ծըփանքն ընդարձակ. Իր առջևեն տեսիլքի պես հոգեթով Լույս ճակատ մը անցավ գեղով համարձակ: Լուսնին տարտամ նըշույլներուն ներքև ձյուն Սև ու ծավի աչքեր զիրար հասկըցան, Յեվ սյուգն աշխույժ անոնց շունչին մեղմ հըծծյունն Արձագանքեց սիրո բառով մ'աղվաձայն: Խոժոռեցավ իսկույն ծովուն ջինջ յերես, Մըրրիկ մ’ելավ, մարեց լույսեր, կայծ ու բոց, Լեռներու պես վեր բարձրացան փըրփրադեզ Կոհակներու անսանձ ամպերն հողմակոծ: Ա՛լ հորիզոն չկար, քաոս մ'եր յեթեր՝ Ճիվաղներու հանդես մը սև ու մըռայլ, Յերկինք անդուլ սուր փայլակներ կը նետեր, Շանթ կը տեղար հընոցներեն իր շըռայլ: Նախանձոտ ծովն հանկարծ թոթվեց իր ուսեր, Բացավ թևերն առավ աղջիկն հեշտագին, Անոր կյանքին հետ հրապույրներն ալ ու սեր Չուզեց թողուլ կիրքերու մեծ վըտանգին: Ամպը Ամպ լուսեղեն, ուր յերազներս ապրեցան, -Յերկինքին մեջ, լուսնին աշխարհն արծաթի, - Ու քեզի հետ փըշրած կ’իյնան ցիր ու ցան. Այդ փըշրանքեն տաք տաք արցունք կը կաթի: Բաժնըվելով քու շողերեդ մըտերիմ, Հովերու բիրտ հարվածին տակ կը փըրթիս. Կյանք յերկինքն եր. հողը կըլլա քեզ շիրիմ, Ուր թաղվեցան հուր տենչանքներն իմ սըրտիս: Յեվ կը ժպտին վերեն արևն ու յեթեր Մեր վիշտերուն անկարեկիր ու անփույթ, Փայփայելով թևերնուն մեջ նոր ամպեր, Նոր սարսուռներ ու յերազներ ջինջ կապույտ. Մինչ մենք զոհեր սիրո անհուն պապակին՝ Անձրև կուլաս դուն, յես՝ արցունք ցավագին: Լուսին Վողջույն կուտամ անհուն սիրով քեզի, լուսնա՛կ, Բանաստեղծությունները բնագրից հավաքեց` ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրակ. ինստ. ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող |
Abone ol ve malalelerin yayınla: