Հեղափոխությունը, հիրավի, խժռում է իր զավակներին
Իրանական կոմունիստական շարժման գործիչ, տեսաբան և հրապարակախոս Ավետիս Սուլթանզադեն (ազգանունը՝ Միքայելյան) ծնվել է 1989 թվականին, Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի Մարաղա քաղաքում, աղքատ հայի ընտանիքում։ Միքայելյանը նախնական կրթությունն ստացել ծննդավայրում, իսկ 1907 թվականին մեկնել է Ռուսական կայսրության մաս կազմող Երևանի նահանգ։ Ուսանելու տարիներին ներգրավվել է ուսանողների այն շրջանակում, որի անդամները խորամուխ են եղել մարքսիստական գրականության ուսումնասիրության մեջ: Ուսումնառությունն ավարտելուց հետո միացել է Կովկասում ծավալված հեղափոխական շարժմանը։ 1912-ին Սանկտ Պետերբուրգում անդամագրվել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական (բոլշևիկյան) կուսակցությանը, որտեղ էլ, հավանաբար, ստացել է բարձրագույն կրթություն։ Հետո վերադարձել է Կովկաս և կուսակցական ընդհատակյա աշխատանք է կատարել: Հավանաբար, ընդհատակյա գործունեության այս փուլում էլ, քողարկման նպատակով, սկսել է օգտագործել «Ա.Սուլթանզադե» ծածկանունը։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Սուլթանզադեին հանձնարարվել է Պարսկաստանում կոմունիստական շարժում կազմակերպել։ Նա նախ ուղարկվել է Կենտրոնական Ասիա, որպեսզի Պարսկաստանից այնտեղ գաղթած աշխատավորների մեջ Պարսկաստանի կոմունիստական կուսակցություն բջիջներ ստեղծի։ 1919 թվականին Սուլթանզադեն միացել է Պարսկաստանի մարքսիստական «Ադալաթ» (նշանակում է «Արդարություն») կուսակցությանը: Նա Կենտրոնական Ասիայի տարբեր բնակավայրերում կազմակերպել է «Ադալաթ» կուսակցության մասնաճյուղեր և գումարել է ստեղծված բջիջների առաջին համաժողովը, որը տեղի է ունեցել Տաշքենդում: Շուտով նշանակվել է նորաստեղծ Կոմինտերնի «Հատուկ բաժնի» ղեկավար, որի պարտականությունն է եղել Ռուսաստանին սահմանակից ասիական կիսագաղութացված ազգերի միջավայրում հեղափոխության քարոզչությունը: Սուլթանզադեն շարունակել է գործունեությունը Իրանի Կոմունիստական Կուսակցության շարքերում: Նա եղել է Բանդար Էնզելի նավահանգստային քաղաքում 1920 թվակականի հունիսին տեղի ունեցած հիմնադիր համագումարի գլխավոր կազմակերպիչներից մեկը: Ընտրվել է Պարսկաստանի Կոմունիստական կուսակցության քարտուղար և գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու Կոմինտերնի Երկրորդ համաշխարհային կոնգրեսին։ Ընտրվել է Կոմինտերնի Գործադիր կոմիտեի անդամ՝ որպես Մերձավոր Արևելքի ազգությունների կողմից նշանակված ներկայացուցիչ։ Սուլթանզադեն Իրանի Կոմկուսի արմատական թևի առաջնորդն է եղել, և երբ Գիլանը հռչակվել է խորհրդային սոցիալիստական հանրապետություն, նա պահանջել է անհապաղ հողային բարեփոխումներ իրականացնել՝ ընդդիմանալով չափավոր ազգայնական ուժերին։ Սուլթանզադեն դեմ է եղել ազգայնական առաջնորդ Միրզա Քուչեկ խանի հետ համագործակցությանը: 1920 թվականի սեպտեմբերին Սուլթանզադեն մասնակցել է Կոմինտերնի կողմից կազմակերպված Արևելքի ժողովուրդների համագումարին, որը տեղի է ունեցել Բաքվում: Նրան ընտրել են 48 հոգուց բաղկացած այն խորհրդի անդամ, որը պիտի գործունեություն իրականացներ Արևելքում: Տպավորություն է, թե նա առաջատար դեր չի խաղացել այս համագումարում, և, հավանաբար, պատճառն այն է, որ իրանական պատվիրակության ներսում տարաձայնություններ են եղել: Նա ծառայել է որպես թարգմանիչ՝ ռուսերենից թուրքերեն է թարգմանել։ Սուլթանզադեն իր առաջին գիրքը հրատարակել է 1920 թվականին, որը պատմաբաններից մեկն անվանել է «Կոմինտերնի կողմից հրատարակված միակ գիրքը Ազգերի լիգայի մասին» ։ Սուլթանզադեն ուրվագծել է ազգային բուրժուազիաների պայքարը արտաքին շուկաների համար՝ միջազգային քաղաքական ինստիտուտները կապելով ռեսուրսների և շուկաների համար պայքարի հետ: 1920-ի վերջին Սուլթանզադեն հանդես է եկել որպես համաշխարհային կոմունիստական շարժման ձախ թևի խոսափող: Նա խուսափել է ոչ կոմունիստ ազգայնական առաջնորդների հետ համագործակցությունից՝ համոզված լինելով, որ մոտալուտ հեղափոխությունը դեն կնետի միջազգային կապիտալիզմի հետ հաշտություն փնտրող նման շարժումները: Կոմինտերնում շատերը դեմ են եղել այս դիրքորոշմանը, քանի որ նրանք ձգտել են սերտորեն համագործակցել հանրաճանաչ ազգայնական առաջնորդների հետ: Սուլթանզադեն ընտրվել է նաև Կոմինտերնի 3-րդ համաշխարհային կոնգրեսի պատվիրակ, և Կոնգրեսը նրան ընտրել է Գործադիր մարմնի անդամ: 1922 թվականի նոյեմբերին նա մասնակցել է նաև Կոմինտերնի 4-րդ համաշխարհային կոնգրեսին, սակայն1922 թվականից հետո Սուլթանզադեն այլևս որոշիչ դեր չի ունեցել Իրանի կոմունիստական կուսակցության քաղաքական գիծը որոշելու հարցում։ Սուլթանզադեի երկրորդ գիրքը, որը հրատարակվել է Մոսկվայում, նվիրված է Կասպից ծովի նավթային պաշարներին ու նավթարդյունաբերությանը: Նրա գրքի վերնագիրն է «Համաշխարհային տնտեսության ճգնաժամը և ռազմական նոր սպառնալիքը»: Սուլթանզադեն 1922 թվականին գրել է մի շարք հոդվածներ. դրանք անդրադարձներ են Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում՝ գյուղացիության վիճակին, նավթ ձեռք բերելու համար կապիտալիստական տերությունների ճակատամարտին և չզարգացած ազգերի ինդուստրացման խնդրին։ Թեպետ Սուլթանզադեն կրկին ընտրվել է Կոմինտերնի 3-րդ ընդլայնված պլենումի պատգամավոր, սակայն դրանից հետո ավարտվել է նրա մասնակցությունը Պարսկաստանի կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավարության կազմում: Նրան դուրս են թողել նաև Կոմինտերնի ղեկավար կազմից: Այդ ժամանակ Սուլթանզադեն վարչական աշխատանքի է անցել խորհրդային կառավարությունում ՝ միաժամանակ գրելով մի քանի բրոշյուր և գիրք տնտեսագիտության և տարածաշրջանային քաղաքականության մասին: Նրա աշխատանքի հիմնական ուղղությունը վերաբերել է խորհրդային բանկային համակարգի կառավարմանը։ 1920-ականների կեսերին Սուլթանզադեն, ըստ երևույթին, ուղարկվել է Պլեխանովի ինստիտուտ՝ բարձրաստիճան պաշտոնյաների վերապատրաստման դպրոցում ուսանելու: Նա շարունակել է աշխատել խորհրդային բանկային ապարատում մինչև 1927 թվականը՝ 1926 թվականին ժամանակ տրամադրելով խմբագրելու «Ֆինանսական տեղեկատու» -ն, որը նա կազմել էր խորհրդային մի շարք տնտեսագետների հետ: Նրան նաև առնվազն մեկ անգամ կոչ են արել փորձագիտական վերլուծություններ տրամադրել տվյալ ժամանակաշրջանի Իրանի իրադարձությունների վերաբերյալ։ Չնայած Իրանի իրավիճակին նվիրված 1925 թվականի դեկտեմբերի հանդիպմանը Սուլթանզադեն ներկա է եղել, բայց 1923 թվականին Կոմինտերնի Գործկոմից հեռացվելուց հետո նրան այլևս չեն համարել իրանական գործերի վերաբերյալ կայացվող որոշումներում կարևոր անձ, և նրա փոխարեն ռուս մասնագետների խումբ է կազմվել: Կոմունիստական ինտերնացիոնալի արմատական շրջադարձը՝ հեռու մնալ ոչ կոմունիստական ազգայնական շարժումներից, ճանապարհ է հարթել, որ 1927 թվականին Սուլթանզադեն նորից հայտնվի Իրանի կոմունիստական կուսակցության քաղաքական ղեկավար կազմում: Այդ թվականին Սուլթանզադեն կրկին ընդգրկվել է Իրանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ: 1928 թվականին նա ընտրվել է Մոսկվայում տեղի ունեցած Կոմինտերնի 6-րդ համաշխարհային կոնգրեսի պատվիրակ: Սուլթանզադեն Իրանի կոմունիստական կուսակցության ղեկավարությունից հեռացվել է 1932 թվականին, իսկ ավելի ուշ վտարվել է Պարսկաստանի կոմկուսակցությունից: Վտարվելուց հետո նա նորից աշխատանքի է անցել խորհրդային տնտեսական ապարատում: Ըստ նրա կենսագրի՝ Սուլթանզադեի գործունեությունը 1932-ից հետո հետո դարձել է «դժվար և նույնիսկ բոլորովին անհնար»: 1938 թվականի հունվարի 17-ին Սուլթանզադեն ձերբակալվել է «լրտեսության» մեղադրանքով։ Հնգամսայա բանտարկությունից և հարցաքննություններից հետո, 1938 թվականի հունիսի 18-ին, նա մեղավոր են ճանաչվել «ֆաշիստական Գերմանիայի լրտես» լինելու մեջ և դատապարտել է գնդակահարության։ Նույն օրն իսկ մահապատիժն ի կատար է ածվել։ 1956 թվականին Սուլթանզադեի գործը վերանայվել է, և նույն թվականի հունիսի 9-ին նա պաշտոնապես արդարացվել է: *** Սուլթանզադեի կինը Սալիմա Արիֆովնա Բուռնաշևան, Մոսկվացի հայտնի թաթար վաճառականի ընտանիքից է սերված եղել։ *** 2017 թվականի մայիսի 14-ին Մոսկվայի Օբոլենսկայա նրբանցքի 9 շենքի 3-րդ մասնաշենքի պատին փակցվել է Ավետիս Սուլթանովիչ Սուլթանզադեի «Վերջին հասցեն» հուշատախտակը։ |
Abone ol ve malalelerin yayınla: