Ծխախոտ – բույսի աճեցման և կիրառման պատմությունը
Ժամանակակից աշխարհում ամեն երկրրորդը գիտի և չի զլանում խոսել ծխելու վտանգի և նիկոտինային կախվածության մասին։ Հետաքրքիր է պարզել, թե, այնուամենայնիվ, երբ և ինչից է սկսել այս ամենը։ Ծխախոտը բազմամյա կամ միամյա բույս է՝ սմբուկի, լոլիկի, կարտոֆիլի ընտանիքից։ Գոյություն ունի ծխախոտի մի քանի տեսակ․ 1. Լայնատերև (Nicotiana macrofilla) կամ մերիլենդային՝ կարմիր ծաղիկներով։ 2. Վիրջինիական (Nicotiana tabacum), վարդագույն ծաղիկներով։ 3. Սովորական մախորկա (Nicotiana rustica), դեղնավուն ծաղիկներով։ 4. Աղջկական (Nicotiana glutinosa) կամ կպչուն, բաց կանաչադեղնավուն ծաղիկներով, որոնք նման են զանգերի: 5. Գանգուր (Nicotiana crispa), մանուշակագույն ծաղիկներով։ Վերջին երկուսը հազվադեպ են մշակվում՝ իրենց սուր, տհաճ հոտի պատճառով։
Ծխախոտ ծխելու պատմությունը սկսվում է մ.թ.ա. առաջին հազարամյակից՝ մայաների քաղաքակրթության ժամանակվանից։ Հնագետները հայտնաբերել են հնագույն կերամիկայի մի հատված՝ ծխող մարդու պատկերով և ծխախոտի հետքերով տափաշիշ։ Ենթադրվում է, որ այս թմրեցնող բույսի տերևներն օգտագործել են շամանները՝ իրենց ծեսերի համար, իսկ հեքիմները՝ ցավազրկման։ 15-րդ դարի վերջում Քրիստափոր Կոլումբոսը և նրա անձնակազմը հասնում են Կուբայի ափ։ Նրանք այնտեղ առաջին անգամ տեսնում են, թե հնդիկներն ինչպես են ծխամորճ ծխում:
Ամերիկա մայրցամաքի բնիկները եվրոպացի հյուրերին նվերներ են տվել, այդ թվում՝ ծխախոտի չոր տերեւներ։ Այսպիսով, ծխախոտը բերվում է Եվրոպա, և նավաստիները դառնում են աբորիգենների ծխախոտի առաջին «համտեսողները»: Առևտրի զարգացման հետ Եվրոպա սկսեցին ներմուծվել ոչ միայն ծխախոտի տերևներ, այլև սերմեր։ Սա հնարավորություն տվեց այն աճեցնել ամենուր: 16-րդ դարի երկրորդ կեսին ծխախոտի օգտագործումը տարածվեց եվրոպական շատ երկրներում։ Նույն ժամանակահատվածում սկսվեց ծխախոտի` որպես դեղամիջոցի պրոպագանդան։ Բժիշկներն ու հեքիմները պնդում էին, որ այն օգնում է ավելի քան 40 հիվանդությունների բուժման մեջ։ Գովազդային նման քայլի արդյունքում հասարակության բոլոր շերտերը հետաքրքրվեցին այս ապրանքով։ Լրացում: Ի սկզբանե կաթոլիկ եկեղեցին և հոգևորականները դեմ էին ծխախոտի օգտագործմանը՝ ծխելը համարելով մեղավոր կախվածություն։ 1640 թվականին շվեդ բժիշկ Էլիաս Թիլանդսը և 1761 թվականին անգլիացի բժիշկ Ջոն Հիլլը հրապարակեցին իրենց աշխատությունները, որտեղ հերքեցին ծխախոտի բուժիչ հատկությունները և զգուշացրին անբուժելի հիվանդությունների վտանգի մասին։
Ծխախոտի արտադրությունը ներառում է մի քանի փուլ՝ ծխախոտահումքի աճեցում և վերամշակում, ծխախոտի արտադրություն և վաճառք, ինչպես նաև արտադրանքի խթանում։ 1600-ական թվականներին հայտնվեցին առաջին առևտրային պլանտացիաները։ 1620 թվականին Սևիլիայում կառուցվել է աշխարհում առաջին ծխախոտի վերամշակման գործարանը։ Ավելի ուշ Իսպանիայում բացվեց ծխախոտի արտադրություն։ 1848 թվականին Hija De Cabanas Y Carbajal ընկերությունն սկսեց արտադրել բարձրակարգ սիգարներ, որոնք կոչվում էին Cabanas: 1860 թվականին ամերիկյան Blackwell Tobacco Company ընկերությունը սկսեց սիգարների արդյունաբերական արտադրությունը Bull Durham ապրանքանիշով։ 1913 թվականին ամերիկյան RJ Reynolds ընկերությունը թողարկեց Camel ծխախետները՝ փաթեթավորված 20 հատից բաղկացած տուփերով։ 1924 թվականին Philip Morris-ը սկսեց արտադրել Marlboro ծխախոտ կանանց համար, իսկ տղամարդկանց համար միայն 30 տարի անց: 1924 թ. սկիզբ դրվեց նաև հայկական ծխախոտի մեծաքանակ արտադրությանը՝ հիմնադրվեց Երևանի ծխախոտի կոմբինատը: 1939 թվականին American Tobacco Company-ն ներկայացրեց իր նոր ապրանքանիշը՝ Pall Mall-ը: 1997թ. Հայաստանում հիմնադրվեց «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որն այժմ հայկական ծխախոտի ամենախոշոր արտադրողն է: Դարերի ընթացքում ծխախոտի արդյունաբերությունը զարգացել է՝ կատարելագործելով և ընդլայնելով իր տեսականին նորարարական արտադրանքներով։ |
Abone ol ve malalelerin yayınla: