Բոլորից մերժվածն ու դատապարտվածը
Այս անձնավորությունը նախապատերազմական ժամանակաշրջանի Խորհրդային Միության ամենազորեղ գործիչներից մեկն է եղել, որը, սակայն, 1939 թվականի այս օրը՝ փետրվարի 26-ին, գնդակահարվել է: Նա զբաղեցրել է Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի, ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալի պաշտոնները, եղել է ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ: Սա ազգությամբ լեհ Ստանիսլավ Կոսիորն է: Նրա բանվոր ընտանիքի հինգ որդիներից չորսը դարձել են ընդհատակյա հեղափոխականներ: 1905 թվականի նոյեմբերին Ստանիսլավը մասնակցել է գործարանային գործադուլների, իսկ 1907 թվականին անդամագրվել է Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը: Շուտով կալանավորվել է, երեք ամիս բանտում է անցկացրել և հեռացվել է այն գործարանից, որտեղ բանվոր է աշխատել: 1908-ից 1911 թվականներին գլխավորել է իր կուսակցության Սուլինի մասնաճյուղը: 1910 թվականին ֆուտբոլային ակումբ է ստեղծել, որն ընդհատակյա աշխատանքը քողարկող միջոց է ծառայեցրել: Չորս անգամ կարճատև բանտարկության է դատապարտվել, իսկ 1911 թվականին աքսորվել է Եկատերինոսլավյան նահանգ: 1912-ից 1914 թվականն ընդհատակյա աշխատանք է կատարել Խարկովում, Կիևում և Պոլտավայում: 1915 թվականին նրան աքսորել են Իրկուտսկի նահանգ: Փետրվարյան հեղափոխությունից հետո հաստատվել է Պետրոգրադում: Երբ կնքվել է Բրեստի պայմանագիրը, Կոսիորը հարել է «Ձախ կոմունիստներ» -ին: Նա Ուկրաինայի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության հիմնադիրներից մեկն է: 1918 թվականի մարտից ղեկավարել է Ուկրաինայի ֆինանսների ժողովրդական կոմիսարիատը: Գերմանական օկուպացիայի շրջանում (1918-ի օգոստոս) ղեկավարել է Ուկրաինայի կոմունիստների ընդհատակյա աշխատանքները: 1919-ի մայիսից 1920-ի դեկտեմբերը եղել է Ուկրաինայի Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության քարտուղարը: 1925 – 1928 թթ. եղել է ՀամԿ (բ) Կ Կազմբյուրոյի անդամ և քարտուղար, իսկ 1928 – 1938 թթ.՝ Ուկրաինայի կոմկուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար: Նրա առաջնահերթ պարտականություններից մեկն է եղել Ուկրաինայում գյուղատնտեսության կոլեկտիվացումը, որի հետևանքով 1932 – 1938 թվականներին Ուկրաինայում սովից մի քանի միլիոն մարդ է մահացել: 1930 թվականին Կոսիորն ընդգրկվել է ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քաղբյուրոյի կազմում, 1935-ին Լենինի շքանշան է ստացել «գյուղատնտեսության ոլորտում ակնառոււ հաջողությունների համար»: 1938 թվականի մայիսի 3-ին Կոսիորին հեռացրել են բոլոր կուսակցական պաշտոններից և կալանավորել են: Նրան մեղադրանք է ներկայացվել, թե իբր եղել «Լեհական ռազմական կազմակերպության» անդամ: 1939 թվականի փետրվարի 26-ին դատապարտվել է գնդակահարության: Դատավճիռն ի կատար է ածվել նույն օրը: 1956 թվականի մարտի 14-ին Կոսիորը ռեաբիլիտացիայի է ենթարկվել: Ահա՛ որոշումը. «1907 թվականից կուսակցության անդամ Ս.Վ. Կոսիորը... Զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է գնդակահարության այն բանի համար, որ իբր 1922 թվականից անդամագրվել է «Լեհական բանակ» կոչվածին, դրանում ղեկավար դիրք է զբաղեցրել, եղել է Պիլսուդսկու էմիսարն Ուկրաինայում, իսկ 1934 թվականին հիմնել ու ղեկավարել է «Ուկրաինայի հակահեղափոխական դավադիր ահաբեկչական կենտրոն» -ը: Փաստաթղթերով ապացուցվել է, որ ընկեր Կոսիորն անհիմն է կալանավորվել: Լեֆորտովոյի բանտում պահման առաջին իսկ օրերից նրա նկատմամբ կիրառվել են ամենաբարբարոսական, գազանային կտտանքներ, 14 ժամ անընդմեջ հարցաքննության են ենթարկել՝ զրկելով նրան քնից և նվազագույն հանգստից: Բավական է ասել, որ նա հարցաքննվել է 54 անգամ, թեպետ գործում առկա է հարցաքննության ընդամենը չորս արձանագրություն: Ընկեր Կոսիորին զրկելով քնից, ենթարկելով դաժան կտտանքների՝ ստիպել են ստորագրել քննիչների կողմից կամայականորեն կազմված անհիմն մեղադրանքի արձանագրությունը»: 2010 թվականի հունվարի 13-ին Կիևի Վերաքննիչ դատարանը Կոսիորին ճանաչել է 1932-1933 թվականների «Գոլոդոմոր» -ի կազմակերպիչներից մեկը: 1970-ականներին Կիևի փողոցներից մեկում դրված է եղել Կոսիորի ոչ մեծ հուշարձանը, որը հետո փոխարինվել է ավելի մեծ արձանով, բայց 2008 թվականին այդ արձանը տապալվել է: |
Abone ol ve malalelerin yayınla: