«Մարմնավաճառների պալատ» արտահայտությունը հռչակավոր է դարձել 1833 թվականի ապրիլի 5-ին, երբ բանաստեղծ ու պատգամավոր Վիենեն դատապարտել է «Լա Տրիբյուն» թերթին, որն իր առավոտյան համարում զետեղել է լուրջ վիրավորանքներ իր և ամբողջ Ազգային Ժողովի հասցերին:
Վիենեն հատկապես շեշտել է հետևյալ արտահայտությունը. «Շատր կոմունայի օ՜ հրաշալի մանդատ, որը մեզ փոխանցում է մարմնավաճառների այս պալատը»:
Այսպիսի վիրավորանքը զայրույթի ալիք է հարուցել իշխանական շրջանակներում: «Տրիբյուն» -ի մենեջեր պարոն Լիոննը կանչվել է Ազգային ժողովի փաստաբանների խորհուրդ, ապա ապրիլի 16-ին ներկայացել է Ազգային Ժողովի նիստին: Նա իր երկու աշխատակիցներին (Գոդֆրուա Կավենյակին և թերթի գլխավոր խմբագիր Արման Մարասին) հանձնարարել է պաշտպանել իրեն:
Լիոննը, ամենևին մտադիր չլինելով փոքրացնել տպագրված արտահայտության նշանակությունը, ջանացել է այն ավելի ընդգծել ու արտահայտվել է այնպիսի պերճախոսությամբ, որը միշտ թույլ է տալիս հեշտությամբ մոռանալ ամեն մի չափավորության մասին: Քննության առնելով միապետության վերականգնման օրերից ի վեր պատգամավորների պալատների գործունեությունը և նրանց նկատմամբ կիրառելով մարմնավաճառներին տրվող բնութագրերը, Լիոնն իր երկար ճառն հետևյալ խոսքերով է ավարտել.
«Պատգամավորների պալատը, որը պարտքը պարտքի ետևից է կուտակել, վատնել է գաղտնի հիմնադրամները, որը պահպանել է արտոնությունները, որը գայլերին է նետել պատիվը, ազգային արժանապատվությունը, հասարակական արժեքները, մարմնավաճա՛ռ է: Մարմնավաճա՛ռ է»:
Այս հանդուգն խոսքերի համար թեպետ Լիոննը եռամյա բանտարկության և 10 հազար ֆրանկ տուգանքի է դատապարտվել, բայց երկրի Ազգային Ժողովի պատգամավորներին նրա տված բնութագիր, ինչպես տեսնում եք, մնացել է: