Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆրանսիայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի առաջին կին անդամը

16:44, pazar, 26 mart, 2023
Ֆրանսիայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի առաջին կին անդամը

Գեղանկարչության համաշխարհային պատմությունը շատ քիչ կանանց անուններ է պահպանել: Այդ քչերից մեկը գերմանուհի Անժելիկա Կաուֆմանն է՝ իր դարաշրջանի՝ Լուսավորության դարաշրջանի ամենատաղանդավոր և ամենակրթված կանանցից մեկը:

Նրա հայրը շարքային նկարիչ է եղել, գավառական եկեղեցիների գեղազարդման պատվերներ է կատարել: Նրանց ընտանիքը հաճախ է տեղափոխվել՝ ոչ միայն քաղաքից քաղաք, այլև՝ երկրից երկիր: Անժելիկան վաղ տարիքից է սկսել նկարել. ինը տարեկանում արդեն ազատորեն գործածել է մատիտը, փորձել է նաև յուղաներկով նկարել:

Տասներեք տարեկանում հայտնվել է Իտալիայում, որտեղ էլ տեղի է ունեցել նրա առաջին ծանոթությունը հին վարպետների կտավների հետ: Միլանի պատկերասրահում նա մեծ հաճույքով նկարներէ պատճենել: Դա խոսում է այն մասին, որ այս հաստատությունում գնահատել են նրա տաղանդը, քանի որ իտալական թանգարաններում նկարներ պատճենող կանանց, որպես կանոն, թույլ չեն տվել աշխատել:

Հայտնի է, որ ուշ պատանեկան տարիքում նա մտերմացել է մի երիտասարդ երաժշտի հետ, որն աղջկան շարունակ համոզել է, որ թողնի նկարչությունը, լքի բռնակալ հորը, փախչի տնից ու երգչուհի դառնա (Անժելիկան հիանալի ձայն է ունեցել): Բայց տևական տատանումներից հետո նա ընտրել է նկարչությունը:

1763 թվականին հայրը դստեր հետ տեղափոխվել է Հռոմ: Աշխարհի տարբեր կողմերից այստեղ են եկել նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծել, մի խոսքով, ստեղծագործող մարդիկ: Այդ ժամանակաշրջանում հավերժական քաղաքում թագավորել է անտիկ դարաշրջանին խոնարհվելու ոգին: Դրան մեծապես նպաստել է նշանավոր հնէաբան-գիտնական Յոհան Վինկելմանի պեղումները Պոմպեում և Հերկուլանիումում: 1764 թվականին Անժելիկան Հռոմում ծանոթացել է նրա հետ և վրձնել է նրա դիմանկարը: Եվ այս ծանոթությամբ սկսվել է աղջկա հրապուրանքը անտիկ մշակույթի նկատմամբ: Նա սկսել է ուսումնասիրել հին հեղինակներին, հին քանդակներն է արտապատկերել, հին շինությունների նախագծերն է արել:

Նա Հռոմում լիակատար ճանաչման է արժանացել որպես լավ գեղանկարիչ: 1765-ին նրան ընտրել են սուրբ Ղուկասի ակադեմիայի անդամ, իսկ երեք տարի անց՝ Ֆրանսիայի Թագավորական ակադեմիայի անդամ: Այս ակադեմիայի անդամ են դարձել միայն ամենարժանավորները, և մինչ այդ հեղինակավոր հաստատությունը ոչ մի կին անդամ չի ունեցել:

Հռոմում Անժելիկան ծանոթացել է լոնդոնցիների հետ և, ոգևորվելով նրանց պատմածներով, որոշել է բախտը մառախլապատ Ալբիոնում փորձել: 1766-ից նա 15 տարի ապրել է Անգլիայում, և այդ տարիները շատ բեղուն են եղել երիտասարդ նկարչուհու համար: Հենց այստեղ էլ նրա կտավները մեծ ճանաչման են արժանացել:

Ռուս իշխանուհի Եկատերինա Դաշկովան կայսրուհի Եկատերինա

2-րդին շնորհավորել է Թուրքիային հաղթելու կապակցությամբ ու նվիրել է Անժելիկա Կաուֆմանի՝ հույն գեղեցկուհուն պատկերող կտավը: Նկարչուհու ստեղծագործությունը դեռ հայտնի չի եղել Ռուսաստանում, բայց նրա անձի նկատմամբ հետաքրքրությունը բորբոքվել է նրա կյանքի վերաբերյալ հանկարծակի փոփոխությունների ու բարդությունների շուրջ: Իբրև թե մի լորդ նպաստել է Անժելիկայի ամուսնությունը նրա կողմից մերժված մի շվեդ կոմսի հետ, որը պարզվել է (բնականաբար, դա պարզվել է հարսանիքից հետո) եղել է վրիժառու լորդի ընդամենը սպասյակը:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Անգլիայի գեղարվեստների ակադեմիայի նախագահ Ռոյնոլդսը Անժելիկային ամուսնության առաջարկություն է արել, բայց Անժելիկան մերժել է նրան: Հետագա իրադարձությունները Վիկտոր Հյուգոյի «Ռյուի Բլազ» վեպի հենքն են դարձել: Նեղացած նկարիչն օգտվել է կոմս Հորնի արտաամուսնական կապից ծնված որդու՝ գեղեցիկ ու խելացի երիտասարդ Ֆրեդերիկ Բրանդտի փաստաթղթերում առկա խառնաշփոթից: Սիրելով այդ մարդուն՝ Անժելիկան ամուսնացել է նրա հետ, և միայն այդ ժամանակ վրեժխնդիր նկարիչն ամբողջ հասարակությանը բարձրաձայնել է «խաբեության» մասին: Պատմությունը շատ աղմկահարույց է եղել, իսկ Ֆրեդերիկը կալանավորվել է ուրիշի անունը յուրացնելու համար: Ըստ այլ տեղեկությունների՝ կոպիտ ու հիստերիկ կոմս Հորնը հորինված անունների ներքո ապրող արկածախնդիր անձնավորություն է եղել: Հրաժեշտից առաջ խաբված կնոջից փող կորզելով՝ նա բաժանվել է նրանից: Դրանից հետո Անժելիկան ներփակվել է ու այլևս աշխարհիկ ընդունելությունների չի գնացել:

Նրա հայտնի ինքնանկարը ստեղծվել է 1781 թվականին, երբ նկարչուհին ծանոթացել է իտալացի տասնհինգամյա փորագրիչ Անտոնիո Ձյուկիի հետ: Մեկ տարի անց նա, ծերացած հոր պահանջով, ամուսնացել է այդ պատանու հետ, հեռացել է Անգլիայից և վերջնականապես հաստատվել է Հռոմում: Ինքնանկարում նկարչուհին նստած է աթոռին, նրա ծնկներին նկարներով լի թղթապանակ է, իսկ աջ ձեռքին՝ մատիտ: Նա սպիտակ մետաքսից կարված առավոտյան զգեստով է: Նայելով այդ կնոջը՝ դժվար չէ նկատել, որ նա խելացի է ու հմայիչ:

Հենց այս որակներն են հմայել Գյո թեին նկարչուհու հետ ծանոթանալիս: Հետագայում նրանք դարձել են մտերիմ բարեկամներ, երկար զրուցել են ու բանավիճել արվեստի մասին, միասին այցելել են ցուցահանդեսներ: Բանաստեղծը եղել է Անժելիկայի տանը կազմակերպված երաժշտական ու գրական երեկույթների մշտական մասնակիցը: Մեծ գերմանացին այնքան բարձր է գնահատել նկարչուհու կարծիքը, որ նրա համար կարդացել է դեռ նոր գրված «Իֆիգենիան Տավրիդում» և «Էգմոնտ» պոեմները, որոնք հետագայում համաշխարհային ճանաչման են արժանացել: Անժելիկայի վրձնած Գյո թեի պատկերը նրա լավագույն աշխատանքներից մեկն է համարվում:

Ծեր Կաուֆմանը մահացել է Իտալիայում, իսկ Անժելիկան ամուսնու հետ բնակություն է հաստատել Նեապոլում՝ թագուհի Մարիա-Կարոլինայի պալատի մոտ: Նա մահացել է 1807 թվականին, 66 տարեկանում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
884 | 0 | 0
Facebook