Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարգանքի տուրք Արամ Մանուկյանի հիշատակին

19:39, pazartesi, 20 mart, 2023
Հարգանքի տուրք Արամ Մանուկյանի հիշատակին

Monday, 20 March 2023

Հարգանքի տուրք Արամ Մանուկյանի հիշատակին


    

«Ես մի բանից եմ վախենում. վախենում եմ՝ մենք սևերես դուրս գանք մեր ժողովրդի առջև, չկարողանանք կազմակերպել գործը եւ կորցնենք նրա հավատն ու վստահությունը» ։

Արամ Մանուկյան


    

Այսօր ՆԳ նախարարության մուտքի մոտ հավաքված ՆԳ աշխատակիցները հանդիսավոր արարողությամբ նշում էին իրենց առաջին նախարարի ծննդյան օրը։ Փորձեցինք զրուցել․ պարզվեց, որ նման արարողություն նախարարության մուտքի մոտ, որտեղ տեղադրված է Արամ Մանուկյանի կիսանդրին, ամեն տարի է տեղի ունենում։ Բարձրաստիճան սպային խնդրեցի ներկայանալ, ասաց, որ ինքն էլ է Մանուկյան, բայց իր անունը Սարգիս է։ Ի դեպ Արամ Մանուկյան գործչի իրական անունը նույնպես Սարգիս է եղել։ Աշխատակիցները մեծ ակնածանքով ծաղիկներ դրեցին քաղաքական գործչի հիշատակին։

Արամ Մանուկյանի կիսանդրին ՆԳ նախարարության դիմաց տեղադրվել է 2009թ․ մայիսի 30-ին։ Քանդակագործը Լեւոն Թոքմաջյանն է, հեղինակը երկար է մտածել, թե ինչ քարով կերտի արձանը: Նյութը նա գտել է Ապարանի լեռներից, այն սպիտակ քար է կապտավուն երանգներով, ինչն ըստ Լեւոն Թոքմաջյանի խորհրդանշում է այն ժամանակը, երբ ապրել ու գործել է Արամ Մանուկյանը: Թոքմաջյանն ասել է, որ չորս տարի շարունակ քանդակը սպասում էր իր տեղադրմանը, եւ «տաշած քարը գետնին չմնաց», ու Արամ Մանուկյանի կիսանդրին, ինչպես Թոքմաջյանն է նշել, ոստիկանապետի ու վարչապետի համաձայնությամբ տեղադրվեց ոստիկանության շենքի դիմաց:


    
     Ռազմական, պետական գործիչ Ա․ Մանուկյանին «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» թերթը 2019 թվին ներկայացրել է հետևյալ կերպ․ Հայաստանի առաջին Հանրապետության ականավոր պետական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՀԴ անդամ, ով ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետը։

Արամ Մանուկյանն ապրել է տարբեր քաղաքներում, սակայն, լինելով ազնիվ իր բնույթով վեհ անձնավորություն բոլոր քայլերը գցելիս հաշվի է առել ժողովրդի շահը։

Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, ասել է պատմական դարձած հետևյալ խոսքը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Արամ Մանուկյանի մահվանից հետո իր հրաժարականը տվեց Զորավար Մովսես Սիլիկյանը

«Դժգոհները չեն ճանաչում Արամին: Երբ ճանաչեն, կհամոզվեն, որ ներկայումս նա ՄԻԱԿ կարող մարդն է այդ պաշտոնի (զինվորական վարիչի) համար:

Եվ ինչո՞ւ եմ հրաժարվում. որովհետեւ մեկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու: Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու ոչ մի կարեւոր քայլ չեմ անում, իսկ վարիչի պաշտոնը հանձն առնելու պարագային, գրասենյակս տեղափոխելու եմ նրա մոտ»:

Արամ Մանուկյանը հայոց անկախության խորհրդանիշն է, ով իր գործունեությամբ վեր բարձրացավ կուսակցականությունից՝ դառնալով ազգային հերոս ու գործիչ։ Նրան հավասար ազգի բարօրության համար էր գործում Արամ Մանուկյանի կինը` Կատարինե Զալյան-Մանուկյանը, ով բժշկուհի էր՝ իր կյանքը նվիրաբերած Ցեղասպանությունից հետո հայ որբերի ու գաղթականների օգնության գործին: Կատարինեն ստանձնեց ոչ միայն նրա կնոջ դերը, այլև երկրի առաջին ատյանում՝ օրենսդիր մարմնում, ներգրավվեց Բժշկասանիտարական հանձնաժողովի կազմում՝ շարունակելով լուծել գաղթականների խնդիրները:

Բազում կյանքեր փրկած բժշկուհին, ցավոք, չկարողացավ փրկել իր ամուսնու կյանքը, ով մահացավ 1919թ․ հունվարի 29 ին բծավոր տիֆից։
     Արամ Մանուկյանի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հոգում։
    
     Հեղինակ՝ Նաիրա Գասպարյան
     «Նիդերլանդական Օրագրի» համար՝ Երևանից


    
    

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արամ Մանուկյանը ականատեսի աչքերով

Վասպուրականը սակայն, 20-րդ դարասկզբին կկազմեր ուրախալի բացառություն մը Տարոնի, Բարձր Հայքի և այլոց հետ համեմատած։ Սա չընկճվեցավ այս բոլորեն ու կներկայացներ շնչելի մթնոլորտ մը հայ թոքին համար, և այդ՝ շնորհիվ Արամ իշխանի։

Արամ իշխանը, որը ծագմամբ Սյունի էր, իր եռանդուն գործունեությամբ, իր պարզությամբ և իմաստությամբը գրավեց ոչ միայն հայերու, այլև թուրքերու սիրտը, որք «փաշա» տիտղոսը տվին իրեն։ Այս բանը շատ լավ կհասկնար ժամանակի ոստիկան Ջևտետ փաշան։ Նա գիտեր, որ քանի կենդանի է Արամ՝ իր իշխանությունը չի կարելի հաստատուն համարել։ Եվ օր մըն ալ, ապստամբության դրոշ բարձրացնելով կրնար անկախություն հայտարարել և դուրս վռնդել թուրք ոստիկանին Վասպուրականի սահմաններեն։

Վասպուրականի ոստիկան, խորամանկ Ջևտետն առիթը հարմար սեպելով, կպատրաստվի իր հաշիվը մաքրել Արամին հետ։ Ուստի հոտ կհանե իբրև թե Մոսկոֆներու վրա կռվի պիտի երթա, կսկսե տենդագին պատրաստություններ տեսնել։ Դեսպաններ կղրկե Արամին քով և խումբ մը հայագունդ զորք կխնդրե ի սատար օգնականության։ Արամը բոլորովին անտեղյակ չըլլալով մեկտեղ մահմեդական ոստիկանին խորամանկությանը, կհավանի գունդ մը քաջ կռվողներ ղրկել, որոնք Վասպուրականի Արճակ ավանի մեջ կմիանան մահմեդական զորաց։

Ջևտետն իր խառնիճաղանջ բանակը, ըստ երևույթին, դեպի Ատրպատականի սահմանները կխաղացնե։

Վասպուրականը պահ մը խաղաղ զգաց իրեն, բայց այս խաղաղությունը երկար չտևեց...

Անմիջապես արևելյան գավառներեն գուժկաններ հասան Արամի մոտ, թե՝ Ջևտետը իր ճամփան փոխած՝ Վասպուրականին վրա կքալե. քո պատրաստությունը տես, կըսեն, ո՛վ քաջ։ Գյուղերը, ավանները ասպատակելով, կոտորելով Վանա պարիսպներուն կմոտենա քեզի անպատրաստ վիճակի մեջ բռնելու համար։

Սակայն Հայաստանի ամեն կողմերեն եկած այս բոթերը չշփոթեցրին զԱրամ։ Անիկա իր վերջնագիրը հղելով առ թուրք ոստիկանին, գործի անցավ։ Լուր ղրկեց դաշնակցականց, ռամկավարաց, հնչակենից, լբանց, ճղբաց և այլն ազգաց և ազանց, որ վաղվաղակի գան հասնեն թիկունս օգնականության։ Հայ նախարարները հասկցան Հայաստանին սպառնացող վտանգի ամբողջ մեծությունը և ամեն կողմե քաջ պատերազմիկ գունդեր շտապեցին իրենց սիրելի Արամ իշխանին քովը համախմբվիլ։

Մյուս կողմե Արամ սպարապետը նամակ մը կղրկե Ռուսիա և հիշեցնելով ռուսաց խոստումները՝ օգնություն կխնդրե։ Սպասված օգնությունը չուշանար և Ջևտետ ոստիկանը հասկնալով իր վիճակին լրջությունը՝ քաղաքին մահմեդական բնակչությունն առած Բիթլիս կապավինե։

Ժողովուրդն այս հաղթութունեն գինովցած, անմիջապես Եզնիկ Մոկացու նախագահությամբ ժողով մը գումարեց Վանի Մայր եկեղեցու մեջ և որոշեց Արամ իշխանը գահ բարձրացնելով՝ նահանգապետ հռչակել։

Արամ Մանուկյանը իր իշխանության ամբողջ ընթացքին ցույց տվավ, որ ոչ միայն քաջ կռվող մըն է պատերազմի դաշտին մեջ, այլև շինարար նահանգապետ մը խաղաղության ատեն։ Արամ Ա.-ի օրոք երկրագործությունը իր գագաթնակետին հասավ։ Ոսկին ու արծաթն առատացավ երկրին մեջ։

Արամ Մանուկյանը ամբողջ 70 օր հայրաբար խնամեց իր ժողովուրդը։ Ոչխար չունեցողին ոչխար տվավ, ծառ չունեցողին ծառ տվավ։ Ժամանակի վարժապետները իրենց իսկ բերանով խոստովանած են, որ Արամի իշխանության օրոք բնավ անոթություն զգացած չունեն։

Արամ Ա. ժառանգ չունենալով իշխանությունն անցավ Ռամկավարաց տոհմին, որք նստեցուցին Արմենակ Եկարյանին։ Սա Արմենակը չունենալով Արամի առաքինությունները, ինքզինքը կեր ու խումի տալով երկիրը սովի մատնեց։

Լեռ Կամսար

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1212 | 0 | 0
Facebook