Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«…չցանկանալով իր նվաստացած անձով գեղեցկացնել Սցիպիոնի հաղթահանդեսը Հռոմում, նախընտրել է ոչ թե ստրկությունն ու պատվազրկումը, այլ մահը»

23:37, pazar, 19 mart, 2023
«…չցանկանալով իր նվաստացած անձով գեղեցկացնել Սցիպիոնի հաղթահանդեսը Հռոմում, նախընտրել է ոչ թե ստրկությունն ու պատվազրկումը, այլ մահը»

Հռոմեացի պատմիչ Տիտոս Լիվիոսն ասում է, թե կարթագենցի զորահրամանատար Հաստրուբալի այս դուստրը՝ Սոֆոնիսբը, «հազվադեպ հանդիպող գեղեցկուհի է եղել»: Դիոն Կասիոս պատմիչն էլ գրում է, թե Կարթագենում կրթություն ստացող Արևելյան Նումիբիայի թագավորի որդի Մասինիսան սիրահարվել է նրան, ստացել է Հաստրուբալի համաձայնությունը և նշանվել է նրա հետ: Բայց երբ Հաստրուբալին անհրաժեշտ է եղել Արևմտյան Նումիբիայի հզոր թագավոր Սիֆաքսի աջակցությունը, նա չեղարկել է Մասինիսայի հետ դստեր նշանադրությունը և նրան կնության է տվել Սիֆաքսին: Այս ուխտադրժությունից կատաղած Մասինիսան անցել է մ.թ.ա. 204 թվականին Կարթագենի տարածք ներխուժած հռոմեացիների կողմը (այս ամենը տեղի է ունեցել Երկրորդ պունիկյան պատերազմի տարիներին):

Մեկ տարի անց՝ 203 թվականին, հռոմեացիների դեմ ճակատամարտում Սիֆաքսի բանակը ջախջախվել է, իսկ Սիֆաքսը գերի է ընկել: Գերված թագավորի մայրաքաղաք Սիրտայում (փյունիկերեն նշանակում է «քաղաք»), որը գրավել էին հռոմեացիները, Մասինիսան պատահաբար հանդիպել է Սոֆոնիսբին, որը նախկին նշանածի ոտներն է ընկել ու խնդրել է փրկել իրեն (թույլ չտալ, որ հռոմեացիներն իրեն ու ամուսնուն տանեն Հռոմ): Իսկ եթե դա անհնարին լինի, մեռնելու հնարավորություն ընձեռել:

Մասինիսան Սոֆոնիսբին խոստացել է այդ ամենը և նույն օրն ամուսնացել է նրա հետ՝ հույս ունենալով, որ այդ կերպ կփրկի նրան հռոմեական ստրկության անպատվությունից:

Բայց Սիֆաքսը, գերության մեջ լինելով հանդերձ, կարողացել է վրեժ լուծել Մասինիսայից: Նրան տարել են հռոմեական զորքերի հրամանատար Սցիպիոնի վրան հարցաքննության: Սցիպիոնը Սիֆաքսին ճանաչել է այն ժամանակից, երբ նա հռոմեացիների դաշնակիցն է եղել: Սցիպիոնը գերված թագավորին հարցրել է, թե ինչու է նա առանց որևէ ծանրակշիռ պատճառի դավաճանել Հռոմին: Այդժամ Սիֆաքսն իր դավաճանության մեղքը բարդել է իր կնոջ վրա, որի նկատմամբ տածած խելահեղ սերն իրեն հարկադրել է ծառայել Կարթագենին: Նա դա արել է ոչ միայն իր գործողություններն արդարացնելու, այլև հակառակորդին խանդելու պատճառով, քանի որ իր սիրած կինը նրան էր բաժին հասել: Սիֆաքսը նաև նենգությամբ հավելել է, թե այդ նույն ճակատագիրը հաստատապես սպասվում է նաև Մասինիսային, որը վարվել է նույնքան տխմարաբար ու անպատվորեն, ինչպես ինքը՝ ամուսնանալով Սոֆոնիսբի հետ: Պատմիչ Ապպիանոսը գրում է, թե հետո եկել է Սիֆաքսին հաղթած հռոմեացի զորավար Գայոս Լելիուսը և ասել է, թե այդ կնոջ մասին նույն բանն ինքը շատերից է լսել:

Սիֆաքսը հասել է իր նպատակին, քանի որ Սցիպիոնը խիստ անհանգստացել է, թե Մասինիսան կարող է ենթարկվել կարթագենացի գեղեցկուհու ազդեցությանը և թշնամիների կողմն անցնել: Այդ իսկ պատճառով Սցիպիոնը հավանություն չի տվել Մասինիսայի այդ «թուլությանը» և ասել է, թե քանի որ Սիֆաքսը պարտված է ու հռոմեացիներից գերեվարված, ապա այն ամենը, որ պատկանում է Սիֆաքսին, ներառյալ նրա կինը, հռոմեական ժողովրդի ավարն է: Սցիպիոնը Մասինիսային սպառնացել է, թե չնայած այն հանգամանքին, որ նա մեծ ծառայություններ է մատուցել Հռոմին, իր «վրիպումի» հետևանքով կարող է ամեն ինչ կորցնել, եթե Սոֆոնիսբին չհանձնի հռոմեացիներին:

Հռոմեացի զորավարի սպառնալիքը կոտրել է Մասինիսային: Վախենալով հռոմեացիների զայրույթից, բայց նաև ի զորու չլինելով բաժանվել Սոֆոնիսբից ու չցանկանալով նրան հանձնել Սցիպիոնին, ստրուկի միջոցով նրան թույնով լի գավաթ է ուղարկել՝ առաջարկելով նրան ինքնուրույն որոշել՝ ապրել ստրկության մեջ, թե ազատ մեռնել: Եվ Սոֆոնիսբը, չցանկանալով իր անձով գեղեցկացնել Սցիպիոնի հաղթահանդեսը Հռոմում, նախընտրել է ոչ թե ստրկությունն ու պատվազրկումը, այլ մահը և անմիջապես մինչը հատակը դատարկել է գավաթը:

Տիտոս Լիվիոսն այսպես է նկարագրել Սոֆոնիսբի կյանքի վերջին րոպեները.

«Մասինիսան շփոթահար հեռացել է Սցիպիոնի մոտից, գնացել է իր վրան, դուրս է արել վկաներին, նստել է երկար, հեծեծել է (դա լսել են նրա վրանի շուրջը գտնվողները), և ի վերջո կանչել է թույնը պահպանող ամենահավատարիմ ստրուկին (թագավորները միշտ թույն են պահած լինում, քանի որ ճակատագիրը փոփոխական է) և կարգադրել է Սոֆոնիսբին տանել թույնով լի գավաթը և ասել է. «Մասինիսան ուրախ կլինի կատարել առաջին խոստումը, որ տվել է նրան որպես ամուսինն, բայց նրանք, ովքեր իշխանություն ունեն նրա վրա, այդ բանը թույլ չեն տա, և նա կատարում է իր իր երկրորդ խոստումը. իմ կինը հռոմեացիները ձեռքը ողջ չի ընկնի: Թող ինքն անձամբ որոշում ընդունի՝ հիշելով, որ ինքը կարթագենական առաջնորդի դուստրն է և երկու թագավորների կին է եղել»:

Ստրուկն այս խոսքերը և թույնը փոխանցել է Սոֆոնիսբին: «Ես - ասել է նա, - երախտագիտությամբ եմ ընդունում այս ամուսնական նվերը, եթե ամուսինը կնոջը չի կարողացել ոչ մի ավելի լավ բան տալ: Բայց և այնպես ասա նրան, որ ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ մեռնել, եթե չամուսնանայի կործանմանս եզրին»: Նա այս խոսքերը վստահաբար է ասել, վերցրել է գավաթը և վճռականորեն խմել է»:

Պատմիչ Պոլիբիոսը ծաղրել է Սիֆաքսին, որը, նրա խոսքով, նվազ քաջ է եղել, քան իր «երիտասարդ հարսնացուն»: Նա, սակայն, Սոֆոնիսբի անունը ոչ մի անգամ չի տվել Սիֆաքսի դեմ Լելիուսի ռազմական գործողությունների մասին ընդարձակ պատմությունում: Ընդ որում հայտնի է, որ Պոլիբիոսն անձամբ հանդիպել է Մասինիսայի հետ: Այնուամենայնիվ, ենթադրվում է, թե հենց Պոլիբիոսի պատմությունն է դարձել Սոֆոնիսբի մասին առասպելի հենքը:

Գլխադիր նկարում՝ Ռեմբրանդտի «Թույնի գավաթը պարպած Սոֆոնիսբը» կտավն է:

Նկարի հեղինակ՝ Ջիովանի Գվերչինո
Նկարի հեղինակ՝ Ջիովանի Գվերչինո
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
828 | 0 | 0
Facebook