Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կրոնական հարաբերությունները Միջագետքում և հարակից շրջաններում Մանիի ապրած ժամանակներում

12:50, çarşamba, 30 kasım, 2022
Կրոնական հարաբերությունները Միջագետքում և հարակից շրջաններում Մանիի ապրած ժամանակներում

Միջագետքում հիշյալ ժամանակաշրջանում մի քանի խոշոր կրոնական խումբ է եղել: Կառավարող պարթևական, իսկ ավելի ուշ՝ սասանյան վերնախավը դավանել է իրանական «ժողովրդական կրոն» -ի բազում ձևերը: Առանձնահատուկ դեր են խաղացել Միհրի և Անահիտի պաշտամունքները, որոնք ընդհանուր գծերով առկա են նաև զրվանականության մեջ: Իհարկե, Միջագետքի իրանական բնակչության մեջ ուժեղ դիրք է ունեցել զրադաշտականությունը, սակայն մոգերի բարձր շրջանակը նախ և առաջ զրվանականություն է դավանել:

Բաբելոնի տարածաշրջանում վաղուց ի վեր հաստատված են եղել հրեական խոշոր գաղութներ, և դրա արդյունքում Ադիաբենի պարթևական արքունական տունը որոշ ժամանակ հրեաների ազդեցության տակ է հայտնվել: Հրեաների այս ազդեցությունն Ադիաբենում, ինչպես նաև Եդեսիայում և Բաբելոնում արձանագրված է նաև Հին կտակարանում:

Բաբելոնի հին կրոնը, չնայած այս ներթափանցումներին, տարբեր դրսևորումներով պահպանել է իր ազդեցությունը բնակչության զգալի մասի շրջանում. տևական ժամանակ երկրպագվել են տեղական աստվածությունները՝ հատկապես Իշտար դիցուհին: Բայց բաբելոնյան կրոնն այդ ժամանակ իր բնույթը լիովին փոխելու ճանապարհին է եղել: Տեղային պաշտամունքները մահամերձ վիճակում են եղել, իսկ քրիստոնեության հետևորդները բավականին վաղուց հաստատվել են Միջագետքում, և նրանց առաքելության կենտրոնը եղել է Եդեսիան: Այստեղից քրիտոնեությունը դեպի արևելք ու արևմուտք է տարածվել և արդեն պարթևական ժամանակներում (մոտավորապես մ.թ. 100 թվականին) հասել է բուն իրանական մարզերին՝ սկզբում Ադիաբեն երկրամաս, ապա Ֆարսի: Ընդ որում, քրիստոնեական կրոնն այդ ժամանակ իր ներսում բավականին խորը տարբերություններ է ունեցել:

Միջագետքում խիստ հուդայականացված ձևով իրեն դրսևորող քրիստոնեությունը կարճ ժամանակ անց դարձել է հուդայականության հզոր մրցակիցը: Քրիստոնեությունը ամենասկզբնական շրջանում Եդեսիայում ներկայացել է գնոստիկական երանգավորմամբ՝ նշանավոր Վարդեսանով ու նրա հետևորդներով: Այդ իսկ պատճառով Եդեսիայում «քրիստոնյա» ասելով՝ նկատի են ունեցել հատկապես Վարդեսանին ու իր հետևորդներին: Սակայն հյուսիասային Միջագետքի և հատկապես Եդեսիայի ծաղկուն համայնքներում զգալի ազդեցություն են ունեցել նաև Մարսիոն Սինոպցու գնոստիկական եկեղեցու հետևորդները: Հինգերորդ դարի նշանավոր քրիստոնյա եպիսկոպոս Ռաբուլլա Եդեսացին դժվարին պայքար է մղել մարսիոնականների ու վարդեսանականների դեմ: Միջագետքում և Սիրիայում երկար ժամանակ մեծ դժվարություններ են ծագել այս երկու աղանդների դեմ պայքարում, որը շարունակվել է նույնիսկ իսլամի տիրապետության վաղ շրջանում:

Հարկ է ընդգծել այն հետաքրքրական հանգամանքը, որ գնոստիկական եկեղեցու երկու ականավոր ղեկավարները՝ Մարսիոնը և Վարդեսանը, մեծացել են իրանական ազդեցոթյանը մեծապես ենթակա միջավայրում: Մարսիոնը հասակ է առել փոքրասիական առափնյա Սինոպ քաղաքում, որը հին իրանական Պոնտական թագավորության կազմում է եղել: Վարդեսանը ոչ միայն սերտորեն կապված է եղել պարթևական մշակույթի ազդեցության տակ գտնվող Եդեսիայի արքունիքի, այլև՝ Հայաստանի հետ, որտեղ իշխել են պարթև Արշակունիներն ու պարթև արիստոկրատները, և որոնց պատմությոնը նա գրի է առել: Այս իրանական կապերի հիշատակումն անհրաժեշտ է, քանի որ այդ կապերով է որոշակիորեն բացատրվում նրանց գնոստիկական համակարգում դուալիզմի իրանական բանաձևի առկայությունը: Ինչպես Մարսիոնին, այնպես էլ Վարդեսանին վստահաբար կարելի է համարել Մանիի «հոգևոր հայրեր», որովհետև նրանք երկուսն էլ Մանիի վրա մեծ ազդեցություն են գործել: Նրանց երկուսի հետ Մանիի բանավեճը ցույց է տալիս, որ նա անհրաժեշտություն է զգացել ազատագրվել նրանց ազդեցությունից և ազդարարել իր անկախության մասին:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1615 | 0 | 0
Facebook