Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միջագետքի մշակութային միջավայրը Մանիի ապրած ժամանակաշրջանում

11:49, salı, 29 kasım, 2022
Միջագետքի մշակութային միջավայրը Մանիի ապրած ժամանակաշրջանում

Եդեսիային տիրելուց հետո Շապուհը գրավել է հյուսիսային Սիրիան և Անտիոքում կառավարիչ է կարգել կայսրին դավաճանած ոմն Մարիադոսի: Բայց նա այս ձեռքբերումներով չի գոհացել և, օգտվելով բարենպաստ հնարավորությունից, դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք է ուղարկել իր հեծելազորը, որը մտել է Կիլիկիա, Կապադովկիա և Պոնտոս: Իսկ առանձին ջոկատներ հասել են նույնիսկ Գալաթիա: Այսպիսի ծավալով արշավանքով Շապուհը ոչ միայն ցանկացել է խառնաշփոթություն հարուցել հռոմեական պաշտպանության մեջ և հարուստ ավար ձեռք գցել, այլև ձգտել է գերիշխանություն ստանալ Փոքր Ասիայում, որտեղ դեռ Աքեմենյանների ժամանակներից ուժեղ դիրք է ունեցել իրանական ավատատեր վերնախավը:

Պոնտոսում, Կապադովկիայում և Կոմմագենում եղել են իրանական պետական միավորներ, որոնք Հռոմը վերացրել է և մտցրել կայսրության կազմի մեջ: Այս առումով, սակայն, Սասանյանների Իրանը հանդես է եկել որպես Աքեմենյանների թագավորության մեծ ավանդույթների շարունակող: Շապուհը լրջորեն մտադրված է եղել այդ երկրամասերը վերջնականորեն միացնել իր պետությանը, և նրա այդ մտադրությունը բավականին հստակորեն երևում է նրա կրոնաքաղաքական ձեռնարկներից: Շապուհի ծրագրերը հստակորեն լուսաբանել է նրա արքունիքի շատ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ մոգպետը, որը հետևել է երկրում զրադաշտականության ամրապնդմանը: Այդ անձնավորության անունը Կարտիր է, և նրան վիճակված է եղել ճակատագրական դեր խաղալ Մանիի կյանքում: Նա եղել է խելացի, իշխանատենչ, անգութ մի անձնավորություն, որի միակ թուլությունը սնափառությունն է եղել: Իր անունից նրա թողած մի արձանագրությունն ասում է, թե իր տիրոջ կատարած արշավանքների ընթացքում ինքը նվաճած երկրամասերում վերականգնել է ավերված բագինները և կարգադրել է կառուցել կրակարաններ ու տաճարներ այն վայրերում, որտեղ դրանք նախկինում չեն եղել: Հայոց պատմությունը վկայում է, որ զրադաշտական պաշտամունքի կենտրոնների ստեղծման այդպիսի կրոնաքաղաքական միջոցառումներ ձեռնարկվել են միայն այն ժամանակաշրջաններում, երբ պարսիկներն իրենց վստահ են զգացել զավթված տարածքներում: Նրանք ջանացել են այդ երկրամասերն իրենց շահերի ոլորտում ընդգրկել նաև գաղափարապես: Շապուհը ձգտել է «իրանացման» ենթարկել փոքրասիական երկրամասերը, որնք նախկինում Աքեմեյանների կայսրության կազմում են եղել և որոնք այդ ժամանակներում էլ դեռ իրանական ուժեղ շերտ են ունեցել: Հայտնի է, որ ընդամենը երկու դար անց իրանական մոգերն այդ վայրերում այնքան հզոր են եղել, որ կարողացել են ուժգին դիմադրել քրիստոնեական պետական կրոնին: Բայց Շապուհի ծրագրերին վիճակված չի եղել իրականանալ: 260 թվականի ուշ աշնանը նա մի շարք պատճառների հարկադրանքով ստիպված է եղել հեռանալ Միջագետքից: Բայց դա չի նշանակում, թե նա ամբողջովին հրաժարվել է այդ երկրամասից: Ընդհակառակը, պատերազմը նրա կառավարման ամբողջ ժամանակաշրջանում շարունակվել է, թեպետ առանձնակի հաջողություններ չեն արձանագրվել: Բայց և այնպես 3-րդ դարի կեսերին հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Իրանի շահնշահի իշխանության ներքո է հայտնվել ամբողջ Մերձավոր Արևելքը, և այս փաստը կարևոր նշանակություն է ունեցել Մանիի կրոնի տարածման համար:

Միջագետքը եղել է Իրանի և Հռոմի միջև քաղաքական բախումների վայր. նույնպիսի դիմակայություն է եղել նաև հոգևոր ոլորտում: Հռոմեական բանակի պաշտոնական լեզուն, բնականաբար, եղել է լատիներենը: Լատիներենը եղել է նաև պետական կառավարման լեզուն: Սակայն հունարենը դեռ գործածվել է պետական ապարատում, իսկ մշակութային առումով գերիշխող դիրք է ունեցել ամբողջ Մերձավոր Արևելքում: Արևելյան մշակույթի բազմաթիվ գործիչներ մեր թվարկության առաջին երեք դարերում իրենց գրական ստեղծագործությունները ներկայացրել են հունարենով: Հունարենի ազդեցությունը Հռոմեական կայսրության քաղաքական սահմաններից էլ դուրս է տարածվել: Միայն մ.թ.ա. 150 թվականին են պարսիկները կարողացել իրենց պետության կազմի մեջ առնել Միջագետքը, ընդ որում Արշակունի թագավորները ծառայության են ընդունել Սելևկյանների թագավորության ծառայողներին: Այդ իսկ պատճառով պարսից պետական ապարատի լեզուն եղել է հունարենը:

Հունարենի ազդեցության մասին է վկայում նաև այն արտոնյալ դիրքը, որ պարթևների տիրապետության ժամանակ ունեցել է հունական Սելևկիա քաղաքը:

Բազում այլ փաստեր ևս վկայում են, որ հունարենն իր ամուր դիրքը պահպանել է նաև պարթևների ժամանակ, և հունական մշակութային ազդեցությունն ամբողջ Մերձավոր Արևելքում նշանակալի է եղել: Իսկ բաբելոնական հին մշակույթը մ.թ.ա. առաջին դարում արդեն չի կարողացել պահպանել իր գերիշխող դիրքը: Ժամանակ առ ժամանակ Միջագետքի մշակութային հին կենտրոններում որոշ փաստաթղթեր գրվել են նախնիների լեզվով, որը, սակայն, արդեն մ.թա. 6-րդ դարում որպես խոսակցական լեզու իր տեղը զիջել է արամեերենին: Բնութագրական է նաև այն, որ բաբելոներենով որևէ բան գրելու համար հաճախ գործածվել է հունարեն այբուբենը՝ ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ բաբելոներեն գրել են արամեերեն գրերով: Մեր թվարկության սկզբից փաստաթղթերն արդեն սեպագրերով չեն գրվել, իսկ բաբելոնացի քուրմ Բերոսն առաջին Սելևկյանների ժամանակ հին սրբազան ավանդությունները գրի է առել հունարենով, որպեսզի այդ կերպ պահպանի դրանք սերունդների համար:

Ինչպես հելլենիստական մշակույթն է եղել հունական և արևելյան մշակույթների սիմբիոզ, նույն կերպ էլ այդ դարաշրջանի Միջագետքի գրականությունն է բաղկացած եղել ոչ միայն հունական ստեղծագործություններից, այլև արամեերենով գրված ստեղծագործություններից: Աքեմենյանների դարաշրջանում արամեերենի բարձրացումը հանգեցրել է միասնական ասորական գրական լեզվի ստեղծմանը, որը հիմնված է եղել Եդեսիայի բարբառի վրա: Նկատի առնելով արամեերենի կամ ասորերենի բարձրացումը մինչև գրական լեզվի մակարդակի, չպետք է զարմանալ, որ նոր կրոնի հիմնադիր Մանին, երբ ցանկացել է տարածել իր կրոնական պատկերացումներն իր հայրենիքում, չնայած ծագումով իրանցի լինելուն, գրեթե բացառապես գործածել է արամեերենի եդեսիական բարբառը:

Նկարում՝ Շապուհ Առաջինի մոգպետ Կարտիրի հարթաքանդակը:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
923 | 0 | 0
Facebook