Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սցիպիոն Աֆրիկացու վեհանձնությունը (2)

19:34, pazar, 13 kasım, 2022
Սցիպիոն Աֆրիկացու վեհանձնությունը (2)

Տիտոս Լիվիոսի ժամանակակից Վալերիոս Մաքսիմուսը պատմական դիպվածներ ամփոփող իր ժողովածուում «Զսպվածության և ինքնատիրապետման ունակության մասին» վերնագրով շարադրանքում Սցիպիոնի արարքի մասին պատմությունը այսպես է ներկայացրել՝ փոխելով փեսացուի անունը.

«Քսանչորս տարեկան հասակում Սցիպիոնը գրավում է Իսպանիայի Կարթագենը և, այս կերպ, մեծ Կարթագենը գրավելու բարենպաստ նախանշաններ է ստանում: Պատանդներին, որոնց գերեվարել էին կարթագենացիները, նա իր իշխանության հովանու տակ է առնում: Այդ պատանդների մեջ եղել է արտակարգ գեղեցկության մի չափահաս աղջիկ: Եվ ահա նա՝ երիտասարդ հաղթողը, իմանալով, որ այդ աղջիկը կելտական նշանավոր տոհմից է և նշանված է կելտերից ամենաազնվազարմի՝ Ինդիբիլիսոսի հետ, կանչեց նրա ծնողներին և անվնաս հանձնեց փեսացուին: Եվ նույնիսկ ոսկին, որ պատրաստված էր նրան փրկագնելու համար, նա ավելացրեց նրա օժիտին: Վեհանձնությամբ ու ազնվական վարքով նա հասավ նրան, որ Ինդիբիլիսոսը կելտերի հոգին դարձրեց Հռոմի կողմը և այդ կերպ հատուցեց այդ վեհանձնությանը»:

Պունիկյան պատերազմի այս առանձնահատուկ դրվագի մասին գրել են նաև հռոմեացի գրողներ Ֆլորուսը, Ապիանոսը և Դիոն Կասիոսը:

Նոր Կարթագենը գրավելու մասին պատմությունը Տիտոս Լիվիոսը քաղել է ավելի վաղ շրջանի հռոմեացի պատմագիր Պոլիբիոսից՝ մի քիչ գեղազարդելով: Պոլիբիոսի պատումը «ժլատ» է, զերծ լիրիկական զեղումներից.

«Այդ ժամանակ մի քանի հռոմեացի զինվոր հանդիպել են բոլոր կանանց մեջ երիտասարդությամբ ու գեղեցկությամբ աչքի ընկնող մի աղջկա: Իմանալով Պուբլիոսի (Սցիպիոնի) թուլությունը կանանց նկատմամբ՝ զինվորներն աղջկան բերեցին նրա մոտ և առաջարկեցին որպես ընծա: Ապշած ու հիացած աղջկա գեղեցկությամբ՝ Պուբլիոսը, սակայն, հայտարարեց, թե իր համար, որպես մասնավոր մարդու, բայց ոչ թե զորահրամանատարի համար առավել հաճելի ընծա չէր կարող լինել: Ես կարծում եմ, թե այդ խոսքերով Պուբլիոսը հասկացրել է, թե խաղաղ ժամանակներում և հանգստի օրերին սերը երիտասարդ մարդկանց մեծագույն վայելք և զվարճություն է պարգևում, և, ընդհակառակը, գործի ժամանակ սիրուն տրվելիս երիտասարդությունը վատնում է իր մարմնական և հոգեկան ուժերը: Նա զինվորներին շնորհակալություն հայտնեց և կարգադրեց կանչել աղջկա հորը, որին էլ անմիջապես հանձնեց աղջկան և խորհուրդ տվեց ամուսնացնել իր համաքաղաքացիներից նրա հետ, որին հարմար կհամարի: Այս արարքով Պուբլիոսն ապացուցեց սեփական անձին տիրապետելու և զուսպ մնալու կարողությունը, և այդ արարքով հնազանդեցված ժողովրդի մեծ համակարանքին արժանացավ»:

Այս թեմայով գեղանկարները նվիրված են եղել կլասիցիզմի էսթետիկայում կարևորագույն խնդիրներից մեկին՝ անձնական զգացմունքի և պարտքի զգացումի հարաբերության խնդրին: Կլասիցիզմի դարաշրջանի ֆրանսիացի նշանավոր նկարիչ Նիկոլա Պուսսենը գրել է. «Սցիպիոնն արդարամիտ և իմաստուն կառավարչի կերպարն է, որի արարքների շարժիչ ուժը պարտքի գիտակցումն է: Նրա կամքը հաղթում է կրքերին: Նրա արարքը կարծես ամրագրում է հների հետևյալ ասույթը. «Շատ ավելի հեշտ է ավերել քաղաքը, քան հաղթել ինքդ քեզ»: Տիրելով (Նոր) Կարթագենին՝ Սցիպիոնն էլ ավելի մեծ հաղթանակ է տանում՝ հաղթում է իր կրքերին»:

Նկարում Նիկոլա Պուսսենի՝ «Սցիպիոնի վեհանձնությունը» կտավն է:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
773 | 0 | 0
Facebook