Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կիլիկիայի արքունիքը. «Այդ քայլը միաժամանակ հնարավորություն էր տալիս պայքարել Բյուզանդիայի դավերի դեմ, որը միշտ հակված է եղել երկպառակություն սերմանել հայոց մեջ, որի համար նրանք հույներին ատում էին»

22:00, salı, 04 ekim, 2022
Կիլիկիայի արքունիքը. «Այդ քայլը միաժամանակ հնարավորություն էր տալիս պայքարել Բյուզանդիայի դավերի դեմ, որը միշտ հակված է եղել երկպառակություն սերմանել հայոց մեջ, որի համար նրանք հույներին ատում էին»

Ներշնչված Բյուզանդիայի կառավարման դրվածքով և է՛լ ավելի՝ Արևմտյան ավատատիրական կարգով, Լևոնն իր պետության դատարանը բարեփոխել է Անտիոքի և Երուսաղեմի դատարանների նմանությամբ: Արդեն այդ ժամանակ Սուրբ վայրերի թագավորության օրենքները հեղինակավոր էին քրիստոնեական Սիրիայում ու Կիլիկիայում, իսկ Անտիոքի օրենքները, որոնք գերապատվություն են շուտով ստանում, կիրառվում են հայկական նոր թագավորությունում: Լատիներենն ու ֆրանսերենն արագ տարածվում են Լևոնի արքունիքում և հայերենի հետ հավասար գործածվում են: Ինչ վերաբերում է սենյորներին, ապա նոր թագավորը, հիշելով այն դժբախտությունները, որոնք ժամանակին պատճառվել են Մեծ Հայաստանին այն գրեթե բացարձակ ազատության պայմաններում, որ սենյորներն ունեցել են, ամրացնում է իր վասսալների կախվածությունը թագավորական իշխանությունից՝ հետևելով Արևմուտքի ֆեոդալական սովորույթներին: Ֆեոդալներն արժանանում են «կոմս» և «բարոն» տիտղոսների, Բագրատունիների արքունիքում եղած բազում պաշտոններ վերացվում են, ուրիշները ստանում են լատինական տարբերանշաններ, օրինակ, կոննեթաբլի պաշտոնին փոխարինում է սպասալարի պաշտոնը: Պատերազմի ժամանակ սպասալարի կոչմանն արժանացածը կրում էր արքայական զրահ: Մահվանից առաջ Լևոնը ստեղծեց երկու բայլ (բալուսուս) ՝ Երուսաղեմի երդվյալների կանոնադրությանը համապատասխան՝ մեկը ժառանգական արքայադստեր պաշտպանության ու դաստիարակության համար, մյուսը՝ գահի գործերը կառավարելու համար: Եղել է մարշալ՝ ազգային դրոշը կրող, եղել է կանցլեր, սենեկապետ, որը որպես կանոն, զբաղեցրել է Սսի արքեպիսկոպոսը: Եղել են Գլխավոր մատռվակի, Գլխավոր բանբերի պաշտոններ՝ ինչպես Եվրոպայի արքունիքներում: Բայց դրանց հետ մեկտեղ պաշտպանվել են հունական ծագմամբ մի քանի տիտղոսներ, ինչպես, օրինակ, «պրոքսիմոս» -ը, որի պարտականությունն է եղել կառավարել թագավորության ֆինանսները:

Լևոնն է՛լ ավելի է մերձենում Արևմտյան Եվրոպայի բարքերին՝ թագադրումից ի վեր պահպանելով իր գերիշխանության ներքո գտնվող իշխանների ասպետներին զինելու արտոնությունը: Շատ ավելի վաղ, երբ նա ընդամենը սովորական բարոն է եղել, այդ իրավունքն ունեցել են Անտիոքի իշխանները, և նա ինքն էլ Բոհեմունդի հավանությունն է ստացել, բայց դառնալով ինքնիշխան և սյուզերենը նույնիսկ հարևան իշխանների, նա պահանջել է իր համար այն արտոնությունը, որպեսզի իրավունք ունենա իր ֆեոդալներին ստիպել, որ հավատարմության երդում տան: Այդ իրավունքը պահպանվել է, և 1274 թվականին Բոհեմունդ 7-րդը՝ Անտիքից վերջին իշխանը ասպետ է օծվում իր հորեղբոր՝ Լևոն 3-րդի կողմից:

Կիլիկիայի հայկական պետությունը, մեծապես պահպանելով իր արևելյան բնույթը, հարմարեցվել է լատինական արքունիքների կառուցվածքին: Թագավորական իշխանության հեղինակության բարձրացումը տվել է իր պտուղները: Լևոնն իր գավազանի ներքո է հավաքել բազմաթիվ հայ իշխողների ու ստեղծել է կայուն թագավորություն ամբողջ հին Կիլիկիայի տարածքում, որը պաշտպանված էր Տավրոսի և Ամանուսի բարձր լեռներով: Նրա տիրույթներն ընդգրկում էին, ըստ տարեգիրների, 72 ամրոց, որոնց զգալի մասի պաշտպանությունը նա վստահել է եվրոպացի ասպետներին ու տաճարականներին: Այդ քայլով նա նպատակ է ունեցել ճնշել տեղական հողատերերի ցանկացած ապստամբություն, որովհետև նրանցից շատերը երանի էին տալիս այն ժամանակներին, երբ իրենք լիովին ազատ էին: Այդ քայլը միաժամանակ հնարավորություն էր տալիս պայքարել Բյուզանդիայի դավերի դեմ, որը միշտ հակված է եղել երկպառակություն սերմանել հայոց մեջ, որի համար նրանք հույներին ատում էին:

Իր թագավորությանը կազմակերպական ձև տալուն և իր տիրույթներն ընդարձակելուն զուգահեռ Լևոնն իր ուշադրության կենտրոնում է պահել պետության տնտեսական զարգացումը: Լինելով խաչակրաց իշխանություններով, մուսուլմանական պետություններով և հունական կայսրությանով (Բյուզանդիա) շրջապատված՝ Կիլիկիան նպաստավոր դիրք է ունեցել Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հարաբերությունների հաստատման ու խորացման առումով: Կիլիկիայի ափերը, ճիշտ է, միայն նավերի ապաստարաններ են առաջարկել, թեպետ այդ հանգրվաններն առաջին հայացքից անհարմար են թվացել ռազմանավերի համար, բայց այնքան լավ պաշտպանված են եղել, որ առևտրային նավերը կարողացել են մտնել այդ հրվանդաններն ու խարիսխ նետել:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2663 | 0 | 0
Facebook