Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով: Դիմորդները հայտագրվելու են ս․ թ․ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 18: 00–ն, Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում: Հայտագրվելիս՝ տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում դիմորդները կարող են դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովին։ Միասնական քննությունները քննական կենտրոններում հանձնելու են հոկտեմբերի 20-ից հոկտեմբերի 27-ը։ Մինչ քննական գործընթացը ԳՊՀ-ն դիմորդների համար կկազմակերպի նախապատրաստական դասընթացներ բոլոր քննական առարկաների գծով՝ անվճար հիմունքներով։ Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար դիմորդները պետք է էլեկտրոնային նամակ հղեն ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեներով / info@gsu.am, infogsu@mail.ru /՝ նշելով անուն ազգանունը, ընտրած մասնագիտությունը, քննական առարկաները, հեռախոսահամարը կամ ներկայանան համալսարան /հասցե՝ ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 218 սենյակ/։ Դիմում-հայտը լրացնելիս՝ դիմորդը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները, իսկ բնօրինակները ներկայացնում է ԳՊՀ՝ ընդունվելուց հետո․ - անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
- միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
- 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- զինվորական գրքույկ /առկայության դեպքում/,
- 1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրած տեղեկանքներ,
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները /առկայության դեպքում/,
- Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված միասնական քննությունների վկայագրերը,
- ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տեղեկանքը, ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք /առկայության դեպքում/։
Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը։ Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է: Դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ 060-46-01-02, 060-46-04-03, 060-46-12-43, 0-264-2-57-75 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլփոստի հասցեներով՝ info@gsu.am, infogsu@mail.ru։ Կից ներկայացնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի մասնագիտությունները, քննական առարկաները, ուսման տարեկան վարձավճարները։ ԳՊՀ ընդունող հանձնաժողով
|