Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իսլամի տիրապետության ներքո բազում ազգեր ուղղակի ստորացվել են

23:31, salı, 06 eylül, 2022
Իսլամի տիրապետության ներքո բազում ազգեր ուղղակի ստորացվել են

Թե՛ հոժարակամ անձնատուր եղած և թե՛ «աման» -ի արժանացած քյաֆիրը «զիմմի» (սա արաբերն անվանումի թուրքերեն ձևն է) է կոչվել, որը պարզապես նշանակում է «հպատակ», «հարկատու», «պարտապան», կամ տառացիորեն՝ «պայմանագրի մարդիկ» (արաբերեն՝ «ախլ ալ զիմմա») . դա այն ոչ մահմեդականն է, որը համաձայնել է ապրել շարիաթի օրենքների ներքո և հրաժարվել է քաղաքական ցանկացած իշխանությունից: Նա վճարել է գլխահարկ (ջիզիե), որից ազատված են եղել բոլոր մահմեդականները: Այդ հարկը պետությանը տրվող փրկանք է եղել որպես արյան գին: Գլխահարկ տալով է զիմմին իրավունք ստացել ապրելու դար յուլ իսլամի մեջ և գտնվել նրա օրենքների պաշտպանության ներքո:

Մինչդեռ այդ օրենքները սահմանել էին, որ զիմմին մյուսլիմի հետ հավասար չէ իբրև միևնույն պետության հպատակ: Զիմմիի պարտականությունն է եղել մյուսլիմի առջև գլուխ խոնարհել: Ամեն մի զիմմի պարտավոր է եղել անձամբ ներկայացնել իր գլխահարկը տերության պաշտոնյային. Ո՛չ մի հավատարմատար և ներկայացուցիչ չի ընդունվել: Հարկահանը պիտի անպատճառ նստած լիներ, իսկ զիմմին՝ կանգնած: Հարկահանն ասել է. «Յա՛ զիմմի, վճարի՛ր գլխահարկդ»: Դատապարտելի չի համարվել, եթե հարկահանն այդ խոսքերին ավելացրել է «Յա՛ ադու Ալլահ» (Ո՛վ Ալլահի թշնամի): Եվ այս խոսքերի հետ հարկահավաքը խփել է զիմմիի վզին:

Զիմմիներին արգելվել է դար յուր իսլամի տարածքում նոր եկեղեցիներ, սինագոգեր, վանքեր և ատրուշաններ կառուցել: Թույլատրվել է միայն վերանորոգել շատ հնացածները և խարխլվածները, այն էլ այն պայմանով, որ վերանորոգումը կատարվի նույն նյութով, նույն տեղում, նույն մակարդակով: Զիմմին պարտավոր է եղել հագուստով անգամ տարբերվել մյուսլիմից: Նրա համար սահմանված է եղել բրդից կամ մազից գոտի, և այդ գոտին նա պիտի կապած լիներ այնպես, որ ամենքին նկատելի լիներ: Նրա փաթթոցը (չալմա) պիտի սև գույնի լիներ և ավելի երկար, քան ուղղահավատինը: Զիմմիին արգելվել է կրել մետաքսե գոտի, շքեղ հագուստ: Զիմմիների կանայք բաղնիքում պիտի մահմեդական կանանց կապած գոգնոցի գույնից տարբերվող գույնի գոգնոց կապեին: Զիմմիներին ձի հեծնելը թույլատրվել է միայն այն դեպքում, երբ նրանք համաձայնել են պատերազմելու գնալ անհավատների դեմ: Մնացած դեպքերում նրանց արգելվել է որևէ կենդանի հեծնել: Իսկ եթե հիվանդությամբ կամ մեկ այլ խիստ անհրաժեշտությամբ պայմանավորված զիմմին հարկադրված է եղել հեծած տեղաշարժվել, ապա պետք է գրաստից իջներ, եթե անցներ հավաքված մահմեդականների մոտով: Զիմմիին չի թույլատրվել թամբ գործածել, թույլատրվել է միայն համետի (փալան) վրա նստել: Զիմմին զենք կրելու իրավունք չի ունեցել: Արգելվել է զիմիին տալ այնպիսի պետական պաշտոն, որ մյուսլիմը ստիպված հարգանք մատուցի նրան: Երբ մյուսլիմը կանգնած է եղել, զիմմին իրավունք չի ունեցել նստել: Մյուսլիմին արգելվել է ձեռք տալ զիմմիին, որովհետև դա կլիներ հարգանքի և սիրո նշան: Փողոցով անցնող զիմմիին մահմեդականները պարտավոր էին նեղել և թույլ չտալ, որ նա իրենցից առաջ ընկնի: Զիմմին իրավունք չի ունեցել մի այնպիսի տուն կառուցել, որը մյուսլիմի տնից բարձր լինի, և մյուսլիմներն իրավունք են ունեցել քանդել այդպիսի տունը և հավասարեցնել իրենց տներին: Եթե զիմմին դար յուլ իսլամից տարածք գրավեր, եթե գնար դար յուր խարբ երկիր, եթե հրաժարվեր գլխահարկ վճարել, եթե լրտեսություն աներ թշնամիների համար, նրա հետ կապված դաշինքը համարվել է ոչնչացված և, հետևաբար, այդ զիմմին պետք էր սպանել: Զիմմին իրավունք չի ունեցել դատարանում վկայություն տալ մյուսլիմի դեմ: Մահմեդական օրենսգետները նույնիսկ ասել են, թե քրիստոնյա թագավորն անգամ չի կարող վկայություն տալ մահմեդական բեռնակրի դեմ:

Բացի գլխահարկից, զիմմին հողից օգտվելու համար նաև «խարաջ» է տվել, և այդ խարաջը կազմել է նրա ստացած բերքի մեկ հինգերորդ մասից մինչև կեսը:

Երբ Օմար խալիֆը նվաճել է Սիրիան, այնտեղի քրիստոնյաների հետ նա հետևյալ պայմանգիրն է կնքել.

«Այս է թուղթն Աբդուլլահ Օմարին՝ ուղղահավատների հրամանատարին, այսինչ քաղաքի քրիստոնյաներից:

Երբ դուք եկաք մեզ վրա, մենք ձեզանից «աման» խնդրեցինք մեզ համար, մեր ընտանիքների և մեր հավատակիցների համար: Մենք պարտավորվում ենք մեր քաղաքներում ու շրջակա վայրերում չշինել վանքեր, եկեղեցիներ, մատուռներ և ճգնավորական օթևաններ. մենք չենք վերականգնի դրանցից քանդվածները, ոչ էլ կվերանորոգենք այնպիսիները, որոնք գտնվում են մահմեդականների թաղերում: Մենք չենք արգելի, որ մուսուլմանները՝ լինի ցերեկով, թե գիշերը, մտնեն մեր եկեղեցիները. մենք կլայնացնենք դրանց դռները անցորդների և ճանապարհորդների համար, մենք կընդունենք մեր մոտով անցնող մուսուլմաններին և նրանց կկերակրենք երեք օր: Մենք մեր եկեղեցիներում ու բնակարաններում չենք թաքցնի լրտեսներին և մուսուլմաններից չենք թաքցնի խաբեությունները: Մենք մեր երեխաներին Ղուրան չենք սովորեցնի, չենք հրապարակի մեր անհավատությունը, ոչ էլ դեպի անհավատության կկանչենք որևէ մեկին: Մենք մեր բարեկամներից որևէ մեկին չենք արգելի ընդունել իսլամ, եթե նրանք կկամենան այդ: Մենք պարտավորվում ենք հարգանք մատուցել մահմեդականներին և մեր նստած տեղից վեր կենալ նրանց առջև, երբ նրանք կկամենան նստել: Մենք նրանց չենք նմանվի հագուստեղենի մեջ, ինչպիսիք են գոտին, փաթթոցը, ոտնամանը և մազերի սանրվածքը: Մենք չենք գործածի նրանց խոսքերը (ինչպիսիք են «սելամ այելքում» -ը, «մարխաբա» -ն, «խադրետիկ» -ը), ոչ էլ նրանց մեր մականունները կտանք: Մենք չենք նստի թամբերի վրա, ո՛չ սուր կկրենք, ո՛չ էլ այն կգործածենք: Առահասարակ որևէ զենք չենք կրի: Մենք մեր կնիքների վրա արաբերեն չենք փորագրի, ոչ էլ կվաճառենք արբեցնող ըմպելիքներ:

Մենք պարտավորվում ենք ածիլել մեր գլխի առջևի մասը, պահպանել մեր առաջվա զգեստավորումը, գոտի կապել, եկեղեցիների վրա խաչեր չցուցահանել, չպտտել այդ խաչերը կամ սուրբ գրքերը մուսուլմանների փողոցներում կամ շուկաներում: Պարտավորվում ենք մեր եկեղեցիներում կոչնակները թույլ կերպով զարնել, եկեղեցիներում մահմեդականի ներկայությամբ ընթերցանության ժամանակ չպիտի ձայն բարձրացնենք, ոչ էլ Ծաղկազարդին արմավենիների ճյուղեր, ինչպես նաև մեր կուռքերը (սրբերի արձանները) դուրս բերենք: Մեռելներին տանելիս մենք չենք բարձրացնի մեր ձայնը, ոչ էլ մեռելներին կթաղենք մուսուլմանների հարևանությամբ: Մենք ձեռք չենք բերի մուսուլմաններին բաժին ընկած ստրուկներին, ոչ էլ կաշխատենք նրանց տեսնել մուսուլմանների բնակարաններում»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1089 | 0 | 0
Facebook