Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մեր տիրուհի Լիբուշեն ու մեր ամբողջ ժողովուրդը քեզ խնդրում են հնարավորինս շուտ գալ մեզ մոտ և ստանձնել իշխանությունը, որ ի վերուստ նախատեսված է քեզ ու քո սերունդների համար»

18:41, cuma, 26 ağustos, 2022
«Մեր տիրուհի Լիբուշեն ու մեր ամբողջ ժողովուրդը քեզ խնդրում են հնարավորինս շուտ գալ մեզ մոտ և ստանձնել իշխանությունը, որ ի վերուստ նախատեսված է քեզ ու քո սերունդների համար»

Լիբուշեի այս ելույթից հետո բոլորը միաբերան պահանջեցին, որ իրենց իշխան տրվի: Այդժամ Լիբուշեն շարունակեց.

«Ա՛յ այն սարերի հետևում Բիլինա անունով փոքրիկ գետն է, որի ափին Ստադնիցե գյուղն է: Այդ գյուղում 12 քայլաչափ երկարության և նույնքան լայնության մի վարելահող կա: Այդ վարելահողը երկու խայտաբղետ եզներով վարողը հենց ձեր իշխանն է: Հիմա վերցրեք իմ գավազանը, իշխանին պատշաճող վերարկուն ու հագուստը և նրան ժողովրդի կամոք իշխան հռչակեք, իսկ ինձ՝ նրա կին: Այդ մարդու անունը Պրժեմիսլ է: Նա բազմաթիվ օրենքներ կհորինի, որոնք կթափվեն ձեր գլխին ու պարանոցին, քանզի «Պրժեմիսլ» անունը նշանակում է «նախապես կշռադատող» կամ «լավագույնս կշռադատող»: Եվ նրա սերունդները հավերժ կառավարելու են այս երկրում»:

Բիլինան Լաբա մեծ գետի վտակն է: Ստադնիցեն ոչ թե Բիլինայի, այլ Լաբա գետի ափին է՝ Ուստի քաղաքի մոտ: Այստեղ հնում բնակվել է չեխական «լեմուզներ» ցեղը: Ստադնիցե գյուղի մասին ավանդապատումը շատ հին է: Չեխիայի թագավոր Օտոկար 1-ինը (1197 - 1230), Պրժեմիսլովների տոհմի ավանդույթների նկատմամբ հարգանքից մղված, իր տոհմին հողակտորներ է հատկացրել է Ստադնիցեում, որոնք համարվել են Պրժեմիսլի վարելահողեր, և այդ հողերը սեփականության իրավունքով տրվել են որոշ արտոնյալ գյուղացիների: Չեխիայի թագավոր Կարլ 1-ինը, որը եղել է նաև Գերման ազգի Հռոմեական սրբազան կայսրության կայսրը ՝ Կարլ 4-րդ անվամբ, 1359 թվականին Ստադնիցային ու նրա բնակիչներին արտոնություններ է տվել: Հետագայում այդ արտոնությունները մի քանի անգամ հաստատել են Չեխիայի այլ թագավորներ:

Հիմա վերադառնանք իշխանի ընտրությանը: Ժողովուրդը Լիբուշեի ասած մարդու մոտ գնալու համար պատվիրակություն է նշանակել: Լիբուշեն նրանց ասել է.

«Ինչո՞ւ եք հապաղում: Հանգիստ գնացեք իմ ձիու հետևից. նա ձեզ ճիշտ ճանապարհով կտանի ու հետ կբերի, քանի որ մի քանի անգամ այդ ճանապարհով անցել է»:

Հետևելով ձիուն՝ դեսպանները սարերից այն կողմ են անցել, գտել են Ստադնիցե գյուղը և դաշտում տեսել են եզներին քշող Պրժեմիսլին: Մոտենալով նրան՝ դեսպաններն ասել են.

«Մեր տիրուհի Լիբուշեն ու մեր ամբողջ ժողովուրդը քեզ խնդրում են հնարավորինս շուտ գալ մեզ մոտ և ստանձնել իշխանությունը, որ ի վերուստ նախատեսված է քեզ ու քո սերունդների համար: Այն ամենը, ինչ մենք ունենք ու նաև ինքներս քո ձեռքում ենք: Մենք քեզ ընտրում ենք մեր իշխան, դատավոր, կառավարիչ ու պաշտպան, միայն քեզ ենք մեզ տեր ընտրում»:

Պրժեմիսլը կանգ է առել ու իր ձեռքի փայտը խրել է հողի մեջ, եզներին արձակել է ու ասել.

«Վերադարձեք այնտեղ, որտեղից եկել եք»:

Եզներն անմիջապես անհետացել են ու այլևս չեն հայտնվել: Իսկ հողի մեջ խրված փայտը երեք մեծ բողբոջ է տվել, որոնք վերածվել են տերևների ու ընկույզների: Դեսպաններն ապշահար նայել են, իսկ Պրժեմիսլը նրանց սիրալիր հրավիրել է ճաշկերույթի՝ հանելով հաց ու ուտելիքի մնացորդներ: Սեղանի տեղ նա գետնին է դրել իր պայուսակը, վրան կոշտ սփռոց է փռել և սփռոցին դրել է ուտելիքը: Մինչ նրանք կերել են ու ջուր խմել սափորից, երկու ընձյուղները չորացել են ու ընկել գետնին, իսկ երրորդն ուժգին աճել է դեպի վեր ու դեպի կողքեր: Պրժեմիսլն այդժամ ասել է.

«Ինչո՞ւ եք զարմանում: Իմացե՛ք՝ մեր ցեղից շատերը տիրակալ են ծնվելու, բայց միշտ իշխելու է մեկը: Եվ եթե ձեր տիրուհին այդքան չշտապեր այդ գործում, որոշ ժամանակ սպասեր ճակատագրի թելադրանքին և այդքան արագ ձեզ ինձ մոտ չուղարկեր, ապա ձեր երկիրն այնքան տեր էր ունենալու, որքան բնությունը կարող է ազնվազարմներ ծնել»:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5888 | 0 | 0
Facebook