Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անանուն կայարան

18:47, salı, 26 temmuz, 2022
Անանուն կայարան
    
    

-Արի~…

Ո՞վ է կանչում, ես չգիտեմ:

Չգիտեմ, բայց հաստատ դա քո ձայնը չէ:

Քո ձայնը ես կտարբերեմ հազարավոր ձայներից:

Բայց իրոք ինչ-որ մեկը կանչում է:

-Արի~…

Գնա՞մ, թե՞ ոչ: Շուրջս գիշեր է, ոչինչ չի երևում: Երկար ժամանակ է սպասում եմ, որ աչքերս սովորեն մթությանը, միևնույն է ոչինչ չեն տեսնում:


    

Եթե դա դու լինեիր, գիշերվա խավարի հետ կբերեիր լույս, որ կարողանայի տեսնել քեզ, որ ես հնարեի խոսքեր ու դու այդ հնարած խոսքերի վրայով առանց խարխափելու մոտենայիր ու լսեիր խոսքեր ՄԻԱՅՆ քեզ ասելու համար:


    

-Արի~…

Չէ՞ որ մեր անցյալը դա Մերն է եղել, դու այն սկսել ես բաժանել, բաժանել այնքան պարզ, անթաքույց ու չար, կարծես անցյալը Մերը չի եղել, այլ քոնը միայն:

Սիրտս չափից ավելի արագ է բաբախում:

Բայց այն այսպես արագ միշտ բաբախել է միայն քեզ համար:

Առավոտը տվել ես մեկին,

Մյուսին երեկո կամ գիշեր,

Ու կարծես հերիքել է բոլորին,

Այն ինչը մեզ չի հերիքել:

-Արի~…

Ձայնը մոտեցավ:

Ինձ պառկած տեղից բարձրացնելու համար պարզեց ձեռքերը:

Ձեռքե՜րը…


    

Քո ձեռքերը քանի քանի անգամ են դողալով գրկել ուսերս ու խոսել մարմնիս հետ ասելով, որ աշխարհին տիրել են Սերն ու Սովը: Ու ձեռքերդ սոված մարդու ախորժակի ագահությամբ սկսել են ուտել մարմինս:

Ես հլու քո շուրթերից քամու արագությամբ դուրս եկող խոսքերին, սպասել եմ քո ձեռքերի հագենալու հաճելի ավարտին:

Այս ինձ մեկնած ձեռքերը անվերջանալի սարսափով ինձ բարձրացնում են ու ականջիս բղավում.

-Արի~… վե՛ր կաց:


    

* * *

-Վե՛ր կաց, Արսեն, ուշանում ես:

Քույրս է՝ Մերին:

Չեմ ուշանում, ուշացել եմ:

Հիմա դու երևի փորձում ես քո հարսանեկան սպիտակ զգեստը, գլխադիրը, կոշիկները, սպիտակ ձեռնոցները: Այդ սպիտակ ձեռնոցներով էլ երևի գրկես ու համբուրես շվեդ նորափեսային` այդ Նորմանին, որը չգիտեմ ինչու անպայման կգա ոչ թե սև, այլ սպիտակ կոստյումով:

Մերին սուրճ բերեց:

-Արագ խմիր ու վեր կաց, ես վարսավիրանոցում հերթ եմ պահել, իսկ դու դեռ պետք է սափրվես:

-Մերի ես չեմ գալիս, գնա մենակ:

-Արսեն իջիր ամպերից: Աննան հո քեզ հետ չէր ամուսնանա՞: Եթե չգաս դա պարտություն կլինի: Այդ շվեդը ասում են իր հայրենիքում ժամացույցի գործարան ունի, առանձնատուն, մեքենա:

Ես չեմ բարկանում քրոջս վրա:

Եթե կանանց բոլոր խոսքերը դրանք արևելյան տաք քամիներ են, ապա Մերիի խոսքերը միշտ եղել են սառը միջանցահովիկներ ու աննկատ ցրտահարել են:

Աննայի հետ ինձ Մերին է ծանոթացրել:

Նորմանին էլ է Աննայի հետ Մերին ծանոթացրել:

Ես չեմ բարկանում քրոջս վրա:

* * *

-Արի~…

Ձայնը հիմա էլ լողարանից է կանչում:

Ձեռքս քսում եմ դեմքիս ու զգում անցյալի սուր ծակոցներ:

Գնա՞լ, թե՞ ոչ:

Կարծես մի երկար գնացքի մեջ եմ: Գնացքի անիվները թկթկում են ու ինձ տանում դեպի լողարան:

Լողարանի հայելին գնացքի պատուհանն է ու փակ է կարծես:

Ես շնչահեղձ եմ լինում:

Պատուհանից ձայնն ավելի աղեկտուր է դառնում:

-Արի~…

Մինչև Մերին իր մազերի բախտը հանձնած վարսահարդար Հրանտի "հրաշագործ ձեռքերին" վերադառնա, պետք է մի բան մտածել:

Ձեռքս մեքենայաբար մեկնում եմ ածելուն, բացելով գնացքի պատուհանը բղավում եմ.

-Գալի՜ս եմ, գալի՜ս…

* * *

Մարդն իր կյանքի որոշակի հատվածներից բացարձակապես տեղյակ չէ, որտե՞ղ է եղել, ե՞րբ է եղել, ի՞նչ է եղել..

Կյանքը քո հետ երբեք հաշվի չի նստում, արհամարհհում է քեզ, բայց ստիպում, որ իրեն սիրես այնպես ինչպես կա:

Դու շարունակում ես փորձեր անել դիմադրելու կյանքի գծերով արագ ընթացող գնացքի ընթացքին խառնվելու, արյունոտվելու աստիճան չանգռվում է հոգիդ, մաքառում ես, մաքառում ու մի կերպ հասնելով կյանքի անանուն մի կայարանի ցանկանում ես ազատ շնչել ու բղավել, որ եկար, հասար..բայց այս անգամ արդեն մի ուրիշ կայարանից քեզ կանչում են.

-Արի~…

Դու գնում ես:

Չգնալ չես կարող:


    

* * *

Նորմանն իրոք բաց գույնի կոստյումով է, սպիտակ փոքրիկ մորուքով:

Բաժակը բռնել է ձախ ձեռքով, ժպտում եմ, ես էլ եմ ձախլիկ:

Մազերը մի քիչ թափված են, ինչից չի կարող բողոքել կողքը նստած Աննան, ի՛մ Աննան:

Աննան բոլորին ժպտում է, բայց դա Իմ Աննան չէ, դա ուղղակի լռությունն է իմ և Աննայի ատամների տակ թաքնված, բանտարկված ու սեղմված լռությունը:

Այդ լռությունը նայելով ինձ, մի ումպով դատարկում է բաժակում լցված կարմիր գույնի քաղցր սուտը:

Իմ բաժակն էլ է լցված կարմիր գինով, մեջն էլ սառույցի մի կտոր: Սառույցը գուցե ինձ հանդարտեցնելու համար է, չգիտե՜մ:

Մինչև չհալվի չեմ խմի:

Հարսանիքն ուրախ հարսանիքներից չէ, զուսպ է մի քիչ:

Աննան բոլորին հրավիրում է պարի:

-Արի~...

Բաժակիս սառցե կտորը կամաց-կամաց հալչում է:


    

...Նորմանի բաժակաճառը երկար չէ, բայց խորթ է մեզ համար:

Հարգելով մեր սովորությունները ներեղություն է խնդրում, որ իրենց սովորության համաձայն ինքն ու նորահարսը պետք է մեկ ժամով հանգստանան: Այ քեզ սովորություն:

Աննայի կարմիր հայացքը կանգ առավ ինձ վրա:

Նորմանի ձեռքերը գրկեցին ու տարան սպիտակ շղարշով ոտքից գլուխ փաթաթված իմ հիշողությունը, իմ մարմինը հոշոտող ձեռքերը, ինձ կանչող ձայնը, աչքերը, որոնք անընդհատ անսխալ գտել են իմ տեղը...

Աննային տանում էր մի օտար գնացք, կյանքի օտար գծերով և հաստատ գնացքը ոչ մի պայմանով կանգ չէր առնի:

Աննան միայն մի ձեռքով էր գրկել Նորմանի հաստ պարանոցը, իսկ մյուս ձեռքը կախված է օդում ու կարծես հենց այդ ձեռքն է ինձ կանչում.

-Արի~...

Ես կում-կում խմում եմ Աննայի դառը, կարմիր հայացքը:

Սառույցի կտորը կանգնեց կոկորդիս:


    

* * *

Գնացքը կանգ առավ:

Գնացքի առջև կանգնել է պատառոտված շորերով մի փոքրիկ աղջիկ ու գնացքավարին ցույց է տալիս, որ չշարժվի, որ ինքն ասելու բան ունի, որ…

Հետո այդ աղջիկը վերածվեց մի փոքրիկ արևի, արևիկի, մտավ գնացքի տակ ու գլորվելով եկավ հասավ իմ պատուհանին:

Ես գրկեցի այդ փոքրիկ աղջկան ու մխիթարեցի:

Նա ընդամենը մեկ օրական էր, մաքուր ու անլեզու: Ինչ իմանար փոքրիկը, որ մի օր կսովորի խոսել, կդառնա մի կայարան - Անանուն ու կկանչի կյանք կոչվածին լցվելու իր մեջ, քանի որ հոգին էլ մարմնի նման պահանջ ունի հաճույք ստանալու..


    

* * *

Սառույցի կտորը մի կերպ հաղթահարելով կոկորդիս բոլոր արգելքներն իր սառնությամբ սթափեցրեց ինձ:

Ես զարմանքով նկատեցի, որ գնացք կանգնեցնող պատառոտված շորերով աղջիկը կողքս նստած Մերիի ընկերուհիներից է` Սիրանույշը, Սիրը, ինչպես բոլորն են նրան կոչում:

Չէի նկատել, ինչո՞ւ:

-Արսեն, կպարե՞ս ինձ հետ, -մեկնում է ձեռքը:

-Արի~…

Մեկնած Սիրի ձեռքերը գամակի նման ինձ գրկում են ու տանում մի այլ կայարանի կառամատույց:

Ես գրկած Սիրի բարակ մեջքը գնում եմ, գնում եմ հասնելու մի այլ կայարանի:

Ես արդեն Գիտեմ, որ եթե նույնիսկ այնտեղ էլ լսեմ "Արի~…" կշարունակեմ գնալ վստահ ու արագ, առանց երկմտելու:

Կյանքի գնացքի կայարաններն անուններ չեն ունենում:

Կյանքի գնացքի կայարաններից վերադարձ չկա:

Երբ կանչում են՝ պետք է գնալ:

Կգնա՜ս,

կգնաս, որովհետև չգնալ չե՛ս կարող:


    

Ս. Ումառ-Հարությունյան

Երևան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1496 | 0 | 0
Facebook