Durun lütfen yüklemiyor...
Օդնոկլասնիկի

Makaleler

Սուլթանական սանձարձակ, վայրագ ու մոլեգին գվարդիան

17:13, salı, 05 temmuz, 2022
Սուլթանական սանձարձակ, վայրագ ու մոլեգին գվարդիան

Օսմանյան սուլթան Օրխանի վեզիր Ալլաէդդինը, որը նաև կայսրության գլխավոր զինվորական դատավորն է եղել, իր տիրակալին հետևյալ խորհուրդն է տվել.

«Անհավատների գերված պատանիներին պետք է մեր զորքերում ընդգրկել»:

Վեզիրի գաղափարն իրագործվել է Մուրադ Առաջին (1359 – 1389 թթ.) գահակալության տարիներին:

Շարք կազմած պատանիներից մեկին է մոտեցել շեյխ Բեկթաշը, ձեռքը պարզել է նրա գլխի վրա, խալաթի թևքը տարածել ու արտաբերել է «Դարձի՛ր ենի չերի» («չերի» նշանակում է «զինվոր», «ենի» նշանակում է «նոր») բառակապակցությունը: Դա տեղի է ունեցել 1365 թվականին, և այդ արարողությամբ սկզբնավորվել է «նոր զորք» -ը («yeniçeri»): Օսմանյան կայսրության զորքերի մնացյալ զինծառայողներից նրանք տարբերվել են յուրահատուկ գլխարկով (սպիտակ թաղիքից թասակ՝ ծոծրակի մասում դրանից կախված կտոր՝ որպես հիշատակում նրանց «կնքահոր» ՝ Բեկթաշի խալաթի թևքի):

Ենիչերիի սկզբնական զենքերը եղել են նիզակը, թուրը և դաշույնները, իսկ դրոշի դեր կատարել է կերակրի պատրաստման համար նախատեսված կաթսան: Զինվորական որոշ կոչումներ նույնպես փոխառնվել են «խոհանոցային» բառապաշարից: Օրինակ՝ վաշտի հրամանատարին անվանել են «չորբաջի», որ նշանակում է «խոհարար»:

Սկզբում ենիչերիների զորախումբը շուրջ հազար զինվոր է ունեցել: Հետո հավաքագրել են ևս հազար մարդու: Սուլեյման Առաջինի (1520 – 1566 թթ.) ժամանակ ենիչերիների զորաբանակն արդեն 20 հազար զինվոր է ունեցել: Նրանց վարձատրության չափը պայմանավորված է եղել ծառայության տևողությամբ: Զորախումբը ղեկավարել է «աղա» տիտղոսով պաշտոնյան: Ենիչերիների ընտրությամբ աղա է դարձել ենիչերական բոլոր պաշտոններով բարձրացած (սկսած ամենացածրից) զինվորականը: Աղային իրավունք է վերապահվել հանել մզկիթ մտնող սուլթանի կոշիկները: Ենիչերական զորանոցներից մեկում սուլթանի համար հատուկ գահ է դրված եղել:

Ենիչերությունը օսմանյան մեծամեծ նվաճումների մեջ անփոխարինելի ուժ, համարյա անպարտելի կազմավորում է եղել, և այդ պատճառով բոլոր այլ կարգի զինվորական կազմավորումներից ավելի բարձր դիրք է ունեցել, վայելել է սուլթանների լիակատար խնամքը: Այդ բացառիկ կարգավիճակն այս զինվորությանը տիրապետող դիրք է ապահովել: Դա զինվորական մի կաստա է եղել, որից ուժեղը պետության մեջ չի եղել: Սուլթանները ոչ միայն վտանգավոր չեն համարել այդ հանգամանքը, այլև աշխատել են, որ այդ կաստան ամուր լինի, լինի հավատարիմ իր կոչմանը: Փոխարենը ենիչերական գնդերի ձեռքով հաղթանակներ են «քաղել» մարտադաշտերում:

Թեպետ շեյխ Բեկթաշը նորաստեղծ զորաջոկատին պատվիրել է «ճակատամարտում դրսևորել խիզախություն և երբեք չպարտվել», բայց ենիչերիները նաև պարտություններ են կրել: Իրանի շահ Իսմայիլի դեմ Սելիմ Առաջին Ահեղ սուլթանի արշավանքի (1514 թ.) ընթացքում ենիչերիները դոփել են տեղում, պահանջել են տուն դառնալ և խռովություն են սկսել: Սուլթանը կարգադրել է մահապատժի ենթարկել նրանց հրամանատարին՝ աղային, դաժանորեն պատժել է անհնազանդներին և սկսել է անձամբ աղա նշանակել: Միաժամանակ նա սահմանել է նաև աղայի օգնականի պաշտոն, որին ենթարկվել են էլի մի քանի պետեր: Բայց և այնպես չի հաջողվել ենիչերիների զորախումբը վերածել կատարելապես հնազանդ գործիքի:

Սկսած Մեհմեդ 2-րդի (1451 – 1481 թթ.) կառավարումից ենիչերիները սովորություն են դարձրել սուլթանից դրամական նվերներ պահանջել նրա գահ բարձրանալու առթիվ: Ընդ որում, չնայած պարգևատրումներին, ենիչերիները սովորություն են ունեցել իրենց ոչ հաճելի կառավարիչների դեմ խռովություն բարձրացնել:

Մեհմեդ 2-րդի մահից հետո ենիչերական ապստամբության հետևանքով սպանվել է մեծ վեզիր Մեհմեդ-Կարմանը: Ենիչերիների ակտիվ աջակցությամբ 1481 թվականին սուլթանական գահին է նստեցվել Մեհմեդի երկրորդ որդին՝ Բայազիդ 2-րդը: Բայց 1512 թվականին ենիչերիները գահընկեց են արել Բայազիդ 2-րդին և գահ են բարձրացրել նրա որդուն՝ Սելիմ 1-ին:

1524 թվականին նորից ապստամբած ենիչերիները թալանել են Ստամբուլի մաքսատունը, մեծ վեզիր Իբրահիմի և այլ մեծամեծների տները: Սուլթան Սուլեյման Առաջինն անձամբ է մասնակցել ապստամբության ճնշմանը, սեփական ձեռքերով սպանել է մի քանի ենիչերի, բայց և այնպես ստիպված է եղել զիջումների գնալ և կաշառքներ տալով խաղաղեցնել անհնազանդներին: Բայց դա նրան շատ չի օգնել, որովհետև հետագայում, զգալով իրենց ուժը, ենիչերները բացահայտ հայտարարել են. «Սուլեյմանը ծեր է ու հիմար, և ժամանակն է, որ նա հանգստի գնա: Նրա որդի Մուսթաֆան գործերն ավելի լավ կվարի, իսկ մեզ էլ մեծապես կհարգեն: Իսկ եթե մեծ վեզիրը դրան հակառակվի, մենք կպոկենք նրա գլուխը»: Կառավարման վերջին շրջանում սուլթան Սուլեյմանը նույնիսկ ստիպված է եղել հրամայել, որ իրեն անընդհատ թիանավով Բոսֆորի ափերի երկայնքով տանեն-բերեն, որպեսզի մայրաքաղաքի բնակիչները չհավատան ենիչերիների տարածած լուրին, թե ինքը մեռել է:

Ենիչերիներն ապստամբել են նաև Սելիմ 2-րդ Հարբեցողի (1566 – 1574 թթ.) դեմ, տապալել են Ահմեդ 3-րդ (1703 – 1730 թթ.) և Սելիմ 3-րդ սուլթաններին:

Նկարում՝ ենիչերական գվարդիայի սպաներ:


    

(շարունակելի)

Երիտասարդ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ենիչերական համազգեստով:
Երիտասարդ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ենիչերական համազգեստով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
449 | 0 | 0
Facebook