Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազգայնականության դրոշը եվրոպացիները վաղուց են սկսել ծածանել

12:58, cumartesi, 02 temmuz, 2022
Ազգայնականության դրոշը եվրոպացիները վաղուց են սկսել ծածանել

Հին կտակարանը մոռացել է մեզ տեղեկացնել, թե դրախտում ինչ լեզվով են խոսել Ադամն ու Եվան՝ հետագա սերունդներին թողնելով բանավիճելու մի ընդարձակ դաշտ, որտեղ «մասնագետները» գրքային նռնակներ են նետել իրենց հակառակորդների վրա: Հաղթողի առավել շատ դափնիներ ստացել է եբրայերենը, քանի որ «մասնագետներ» -ի մեծ մասն այս լեզուն է համարել դրախտի բնակիչների հաղորդակցման միջոցը: Բայց առանձին «խիզախներ» պնդել են, թե դրախտում այլ լեզվով են խոսել, շարունակել են հակադրվել տարածված համոզմանը և անձնատուր չեն եղել: Իսկ զգուշավոր հետազոտողները, ինչպես, օրինակ, երբեմնի նշանավոր Թոմաս Բրաունը, ի պաշտպանություն որևէ լեզվի կռիվ չեն մղել: Նրանք այն կարծիքին են եղել, որ նախալեզուն կարելի է բացահայտել միայն փորձեր կատարելով: Եթե նորածին երեխան ամբողջովին հանձնվի բնությանը և չուսուցանվի, ապա նա կխոսի հենց այն լեզվով, ինչ լեզվով խոսել է Ադամը դրախտում: Ավաղ, նա ծանոթ չի եղել Ջոն թագավորի մասին անգլիական զրույցին: Հենց նույն նպատակով Ջոն թագավորն ամրոցի աշտարակում մեկուսացրել է երկու երեխայի և պահակներին արգելել է նրանց հետ խոսել: Մի քանի տարի անց թագավորը որոշել է այցելել երեխաներին, և նրանց մոտեցել է հենց այն պահին, երբ նրանք նստել էին պատուհանագոգին ու բարձրաձայն հետևյալ երգն էին երգում.

Ջոն թագավորի

Գլխում խելք չկա,

Անդադար ստուգում է,

Թե ով է բացակա:

19-րդ ադարում ապրած Ա. Քեմպե անունով մի գիտնական հանդես է եկել ապշեցուցիչ վարկածով: Նա պնդել է, թե դրախտային այգում տեր աստվածը շվեդերեն է խոսել, Ադամը՝ դանիերեն, իսկ օձը Եվային ֆրանսերեն լեզվով է գայթակղել: Նա իր այդ վարկածը հիմնավորելու, փաստարկելու անհրաժեշտություն չի զգացել, ավելորդ է համարել: Քեմպեի գիրքն ու ու հեղինակի անհեթեթ վարկածը քննադատած ֆրանսիացի «գիտնական» Պենյոն, այնուամենայնիվ, հնարավոր է համարել, որ օձը ֆրանսերեն է խոսել՝ նկատի առնելով իր ազգի նրբավարությունը:

Բելգիացի Հորոպիուսը ազգայնականության դրոշն է ծածանել և անառարկելի է համարել, որ մարդկության նախահայրն ու նախամայրը ֆլամանդերեն են խոսել: Նրա փաստարկները բնութագրելու համար բավական է թեկուզ մեկ օրինակը: Ի շարս մի խումբ բառերի՝ նա հետազոտել է նաև «պարկ» բառը, որն ընդհանուր է բազմաթիվ լեզուներում: Հունարեն՝ «sakkos», լատիներեն՝ «saccus», գերմաներեն՝ «sack», անգլերեն, ֆլամանդերեն և դանիերեն՝ «sack», ֆրանսերեն՝ «sac», իտալերեն՝ «sacco», իսպաներեն՝ «saco», եբրայերեն և թուրքերեն՝ «sak»: Հունգարերեն «zsak» -ը (ինչպես նաև ռուսերեն «сак» -ն ու «сачок» -ը, որ նշանակում են մեծ պարկ, տոպրակ, ), հեղինակը չի հիշատակել: Ա՛յ թե որքա՜ն կուրախանար նա, եթե այդ էլ իմանար: Իսկ այժմ ձեզ եմ ներկայացնում այս «գիտնական» -ի ամենածիծաղելի հիմնավորումը հիշյալ բառի ծագման վերաբերյալ, որը, ըստ նրա, կասկած չի հարուցում: «Երբ Բաբելոնի աշտարակի շինարարության ժամանակ լեզուները խառնվեցին, և մարդիկ այս ու այն կողմ սկսեցին փախչել, բոլորի մտքում միայն մի բան է եղել՝ չկորցնել «сак» -ը: Իսկ հունգարացի Իշտվան Խորվաթը, հիմնվելով անձնական անունների նմանությունների վրա, դրախտում հունգարերենի հետքեր է «բացահայտել»: Խորվաթի գաղափարները զարգացրել է նրա հայրենակիցներից մեկը՝ սիրող-լեզվաբան Յոզեֆ Գիդան, որ «Օգտակար զվարճություններ» ամսագրի 1837 թվականի 25-րդ համարում հոդված է հրապարակել, որում «ցնցող բացահայտումներ» է արել: Հոդվածի վերնագիրն իսկ ցնցող է («Մովսեսի ժամանակների Եգիպտոսում հունգարերեն են խոսել»): Հեղինակն ասում է, թե դա լիովին արժանահավատ է՝ հենց միայն այն պատճառով, որ Մովսեսը հունգարացի է եղել: Ամենասկզբում նրա անունը «միշես» ձևով է արտասանվել, իսկ «միշես» -ը ոչ այլ ինչ է, եթե ոչ հունգարական «վիզեշ սո» («խոնավ», «թաց.) բառի մի քիչ հնչյունափոխված ձևը, իսկ Մովսեսը ծնվելուց հետո տևական ժամանակ թաց է մնացել, քանի որ նրան ջրում են գտել: Եգիպտացիների Օսիրիս աստվածը նույնպես հունգարացի է եղել, և դա միանգամից պարզ է դառնում, եթե մենք նրա անունը վանկատելով ենք արտասանում՝ նկատի առնելով հունգարերեն «շ» -ի հաճախակի հնչյունավորումն ուրիշ լեզուներում, դրանց հնչյունափոխումը «զ» -ի և «ս» -ի. Օ-շիր-իշ-տեն (օ-անդիրշիրիմյան-աստված): «Տեն» վերջավորությունը «իշտեն» (աստված) բառում մյուս լեզուներում, ըստ նրա, կորսվել է: Նվաճող փարավոն Սեսոստրիսի (մ.թ.ա. 1878 – 1841 թթ.) անձի մեջ, ըստ այս «գիտնական» -ի դժվար չէ ճանաչել հունգարացուն, իսկ ով կարծում է, թե նրա անունը եգիպտերենով «Ռայի որդի» է նշանակում, սխալվում է: Նրա անունը վերը նշված հունգարական հնչյունաբանության սկզբունքի կաղապարում տեղավորելով ու դարձնելով «Շեշոշտ-ռիշ», հեշտ է կռահել, որ դա «շաշ օշտոր» -ն է, որ նշանակում է «արծվի խարազան», որովհետև, արծվի նման, բոլորին պատառոտել ու սպանել է:

Եվ բնական է նաև այն, որ Հովսեփը դուր է եկել Պատիֆար փարավոնի կնոջը, քանի որ եղել է բարի ու գեղեցիկ: Հովսեփի (Իոսիֆ) «իո» -ն նշանակում է «բարի», «լավ», իսկ Սեյպը՝ «գեղեցիկ»: Նրա համոզմամբ՝ հունգարերենից գողացված է նաև այդ երկրի անունը: «Եգիպտոս» բառը բաղկացած է հունգարերեն երկու բառից՝ «էյգ» (երկինք) և «էյպ» (ամբողջական), և նշանակում է հավերժ կապույտ երկինք, այսինքն շատ բարենպաստ կլիմա:

Մեկ այլ հոդված էլ հայտնվել է 1837 թվականի 41-րդ համարում, որում ասվում է, թեԱդամի ժամանակ հունգարերեն են խոսել: Համաձայն այդ ՝ այս անգամ երգիծական հոդվածի՝ մարդկության նախահայրը, որ դեռ անուն չի ունեցել, ման է եկել դրախտում ու ինքն իրեն շարունակ հարցրել է, թե Աստված իրեն կողակից տալո՞ւ է արդյոք, մինչև որ լսել է «А – дам» խոսքը: Եվ քանի որ դա եղել է առաջին բառը, որն ինքը լսել է, այն դարձել է նրա անունը: Մի անգամ Ադամն արթնացել է ու իր առջև տեսել է գեղեցիկ Եվային ու բացականչել է՝ «Էէէ՜ – Բա՜», որից էլ առաջացել է «Եվա» անունը:

Ադամից է ծնունդ առել նաև Երշալամի ներկա անունը՝ Երուսաղեմը: Երբ նա կծել է թթու խնձորը, նրա բերանից ակամա դուրս են թռել «Երշա-լի-եմ» վանկերը:

Իսկ երբ նախորդ դարասկզբին մի գերմանացի գրել է, թե դրախտում ապրող առաջին ամուսնական զույգը գերմաներեն է խոսել, մի սրամիտ ֆրանսիացի այսպես է արձագանքել.

«Շա՛տ հնարավոր է, հե՛նց դա է եղել պատճառը, որ նրանց այնտեղից վտարել են»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1660 | 0 | 0
Facebook