Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անձնական բարեկեցության ամենևին չձգտող կրքոտ հայրենասերը

21:42, pazar, 22 mayıs, 2022
Անձնական բարեկեցության ամենևին չձգտող կրքոտ հայրենասերը

Հին Հունաստանի քաղաքական կյանքում մեծ դերակատարում է ունեցել երկրի կենտրոնում գտնվող Բեովտիա երկրամասում կազմավորված այն պետությունը, որի կենտրոնը Թեբե քաղաքն է եղել, և այդ պետության հզորացման, բարձրացման գործում անվիճարկելի ներդրում են ունեցել պետական ու ռազմական գործիչներ Պելոպիդասն ու Էպամինոնդասը:

Պելոպիդասը հարուստ և հարգված ընտանիքի զավակ է եղել, պատշաճ կրթություն ու դաստիարակություն է ստացել: Մտերմիկ հարաբերությունները նրա և Էպամինոնդասի միջև սկսվել են մ.թ.ա. 385 թվականին Պելոպոնեսի Մանտինեա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտից, որի ժամանակ Էպամինոնդասը փրկել է Պելոպիդասի կյանքը: Թեպետ բռնկուն և անզուսպ Պելոպիդեսը հանգիստ ու զուսպ Էպամինոնդասի հակապատկերն է եղել, բայց երկուսն էլ աչքի են ընկել ազնվությամբ, կայունությամբ ու անհողդողդությամբ իրենց ձգտումներում և համոզմունքներում, երկուսն էլ աչքի են ընկել կրքոտ հայրենասիությամբ: Թեբեն նրանց է պարտական եղել իր կարճատև հզորացմամբ ու հունական աշխարհում գերիշխող դիրքի հասնելով:

Երբ Սպարտայի անպարտելի բանակը մ.թ.ա. 383 թվականին գրավել է Թեբեի Կադմեա միջնաբերդը, Պելոպիդասը քաղաքի 400 ազատասերների հետ փախել է Աթենք, որտեղ նրանց ընդունել են ջերմորեն ու հովանավորել են: Երբ նրանցից մեկը՝ Անդրոկլիդասը, սպանվել է Թեբեի օլիգարխների ուղարկված մարդասպանի ձեռքով, Պելոպիդասը կարողացել է իր ընկերներին մղել վրեժի և դարձել է դավադրության ոգին: Թեբեում մնացած իրենց մի քանի կողմնակիցների օգնությամբ նրանք մ.թ.ա. 379 թվականին ներթափանցել են Թեբե, կոտորել են բռնակալներին և վերանվաճել են քաղաքի ազատությունը: Այս հաղթանակից հետո Պելոպիդասն ընտրվել է Բեովտիայի ինքնակառավարման բարձրագույն գործադիր օրգանի անդամ և այդ պաշտոնին է մնացել գրեթե անընդհատ: Թեբեում տեղակայված Սպարտայի կայազորը, չնայած հուսահատ դիմադրությանը, ստիպված է եղել թողնել Կադմեան և հեռանալ քաղաքից: Մ.թ.ա. 378 – 371 թվականների ընթացքում սպարտացիները մի քանի արշավանք են ձեռնարկել Թեբեի վրա, բայց քաղաքը վերանվաճել չեն կարողացել: Մ.թ.ա. 377 թվականին Պելոպիդասը սպարտացիներին հաղթել է Թանագրայի ճակատամարտում, իսկ հաջորդ տարի՝ Տեգիրայի ճակատամարտում: Երկու հաղթանակն էլ եղել են 300 հոպլիտներից կազմված «սրբազան ջոկատ» -ի ու փոքրաթիվ հեծյալների քաջության ու հիանալի կազմակերպվածության արդյունք:

Թեբեն Սպարտային վճռական պարտության է մատնել մ.թ.ա. 371 թվականին տեղի ունեցած Լևկտրայի ճակատամարտում, որից հետո թեբեացիներն իրենք են սկսել հարձակողական պատերազմ մղել և Էպամինոնդասի գլխավորությամբ մի շարք հաղթական ներխուժումներ են կատարել Պելոպոնես: Մ.թա. 369 թվականին Պելոպիդասը գլխավորել է Մեսինայի Ֆերա քաղաքի բռնապետ Ալեքսանդրի դեմ պայքարող թեսալացիներին օգնության ուղարկված զորախումբը: Գրավելով Լարիսա քաղաքը և այնտեղից դուրս մղելով մակեդոնական կայազորը՝ Պելոպիդասն Ալեքսանդրին ստիպել է ազատություն շնորհել թեսալիական մի քանի քաղաքի, որից հետո նա հայտնվել է Մակեդոնիայում՝ դառնալով միջնորդ Ամինտասի որդի Ալեքսանդրի և Պտղոմեոս Ալորիտցու միջև գահակալական վեճի: Վեճը վճռելով հօգուտ Ալեքսանդրի՝ Պելոպիդասը նրա հետ դաշինք է կնքել և 30 պատանդ է նրանից վերցրել, որպեսզի խաղաղությունն ապահովագրվի: Այդ պատանդների մեջ է եղել նաև Փիլիպոսը՝ Մակեդոնիայի ապագա թագավորը, Ալեքսանդր Մեծի հայրը:

Մ.թ.ա. 368 թվականի թեսալացիները նորից են դիմել Պելոպիդասի օգնությանը, որպեսզի պաշտպանի իրենց այն նույն Ալեքսանդրից: Այս անգամ Պելոպիդասը որպես դեսպան, առանց զորքի է Թեսալիա մեկնել: Տեղեկանալով, որ Պտղոմեոսը սպանել է իր մրցակից Ալեքսանդրին ու տիրել է նրանց միջև վեճի առարկա գահին՝ Պելոպիդասը, թեսալացի վարձկաններից կազմված ոչ մեծ ջոկատի գլուխ անցած, շարժվել է Պտղոմեոսի դեմ, բայց մարտի ժամանակ վարձկանները լքել են նրան, և նա ստիպված է եղել համաձայնել Պտղոմեոսի պահանջներին, որոնց համաձայն սպանված թագավորի եղբայրների փոխարեն նա է ռեգենտ հռչակվել ու 50 պատանդ է հանձնել Պելոպիդասին, որոնց վերջինս ուղարկել է Թեբե և վերադարձել է Թեսալիա, որպեսզի վրեժ լուծի թեսալացիներից, որոնք նրան դավաճան վարձկաններ էին տվել: Թեսալիայում է հայտնվել նաև Մեսինայի Ֆերա քաղաքի բռնապետ Ալեքսանդրը: Պելոպիդասին հրավիրելով որպես թե բանակցության՝ նա կարգադրել է կալանավորել նրան: Բայց Էպոմինոնդասի ուղարկած օգնության շնորհիվ նա շուտով ազատվել է:

Մ.թ.ա. 368 թվականին Պելոպիդասը եղել է պարսից թագավորի մոտ ուղարկված թեսալական դեսպանության կազմում: Բանակցությունների արդյունքը եղել է այն, որ պարսից արքան ճանաչել է թեբեական գերիշխանությունը Հունաստանում և հրաժարվել է սպարտացիների հետ դաշինքից:

Մ.թ.ա. 364 թվականին Պելոպիդասը, թեսալացիների խնդրանքով, նորից է կռվի ելել Ֆերայի բռնապետ Ալեքսանդրի դեմ: Ճակատամարտում թեսալացիները հաղթել են, բայց Պելոպիդասը զոհվել է:

***

Պելոպիդասի ընկերները մի անգամ նրան հանդիմանել են, թե նա չի կարևորում փողը, թեպետ անվիճելի է, որ այն մարդկաց համար ամենաօգտակար բանն է:

«Զևսով եմ երդվում, - պատասխանել է Պելոպիդասը, - համաձայն եմ, որ փողն օգտակար է, բայց օգտակար է ա՛յ այն Նիկոդեմոսի համար» ու մատնացույց է արել ձեռներից ու տեսողությունից զրկված մի դժբախտի:

Նկարում՝ մեռնող Պելոպիդասը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
965 | 0 | 0
Facebook