Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազգային գրադարանը հրատարակել է Սուրենյանցի կենսամատենագիտությունը

16:42, perşembe, 03 mart, 2022
Ազգային գրադարանը հրատարակել է Սուրենյանցի կենսամատենագիտությունը

«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է»

Հովհ. Այվազովսկի

Օրերս Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է հայ ազգային պատ­մանկար­չության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կենսամատենագիտությունը։ Գիրքը կազմել է ՀԱԳ աշխատակից Աիդա Ադամյանը, խմբագրել՝ Դավիթ Մկր Սարգսյանը։

Գիրքը հասանելի է էլեկրոնային ձևաչափով՝ ՀԱԳ www.nla.am կայքի ՀԱԳ հրատարակություններ բաժնում։


    

Ներկայացվող կենսամատենագիտությունն առաջինն է իր տեսակի մեջ, որը նվիրված է Վարդգես Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությանը: Այն համակողմանի և ամբողջական ուղեցույց և բանալի է դեպի նրա զարմանահրաշ աշխարհը, և նախատեսված է արվեստագետների, արվեստասերների, պատմաբանների, ուսանողների, Սուրենյանցի բազմաժանր ու բազմաբնույթ ստեղծագործությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակների համար:


    

Սույն կենսամատենագիտության մեջ ամփոփված են հայ ազգային պատ­մանկար­չության հիմնադիր, մեծանուն գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծա­նկարիչ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան, պատմաբան, թարգմանիչ Վարդ­գես Սուրենյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող տպագիր նյու­թերը՝ գրքեր, հոդ­վածներ, արխի­վային փաստաթղթեր և ոչ գրքային հրատարա­կու­թյուններ: Ներ­կայաց­ված է նաև նկարչի արխիվը, որը պահպանվում է Հայաս­տանի ազգային պատկե­րասրահում, Եղիշե Չարեն­ցի անվան գրականության և ար­վեստի թանգա­րանում և Հա­յաստանի ազգային արխի­վում:

Տիրապետելով տասը լեզվի՝ Սուրենյանցն ուսումնասիրել է տարբեր ազգերի մշա­կույթները։ Ժամանակակիցների վկայությամբ` բազմակողմանի զարգացած այդ բացա­ռիկ մտավորականը պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր ասմունքում, անգլերենից թարգ­մանում էր Վիլյամ Շեքսպիր և Օսկար Ուայլդ, իտալերեն՝ զեկուցումներ կար­դում, գերմա­ներեն գրում գրքերի առաջաբաններ, ռուսերենով կատակում իր բարե­կամ Իլյա Ռեպինի հետ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջար­դերից փրկված գաղթա­կանների հետ։

Սուրենյանցը Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպա­գրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում: Մյունխենից վերա­դառնալուց հետո մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտար­շավին։

Վարդգես Սուրենյանցն ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը և այդ ամենն արտացոլել իր ստեղծագործություն­ներում։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պա­տահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գան­գատը ես անձամբ հան­գուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ» ։

Վարդգես Սուրենյանցի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունն ամ­բող­ջությամբ դեռևս չի դարձել համակողմանի հետազոտման, ուսումնասիրման առարկա: Հուսով ենք, որ սույն կենսամատենագիտության լույս ընծայումից հետո, շատ հայ ար­վետագետներ կանդրադառնան նրա մասին եղած հարուստ գրա­կա­նությանը և հայ մշակույթի Ոսկե ֆոնդը կհարստացնեն հանճարեղ հային նվիրված նորանոր ուսում­նասիրություններով: Իսկ այդ հանձնառությունն իրականացնելու գործում իր անփո­խարինելի դերակատարությունը, անշուշտ, կունենա ներկայիս մատենագիտական աշ­խա­տանքը:

Վարդգես Սուրենյանց: Կենսամատենագիտություն / Կազմ.` Աիդա Ադամյան; Խմբագիր՝ Դավիթ Մկր Սարգսյան. – Եր.: Հայաստանի ազգային գրադարան, 2021. – 171 էջ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2038 | 0 | 0
Facebook