Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Սոնետների պսակ Ֆլամինգո

10:09, Пятница, 21 Января, 2022 года
Սոնետների պսակ Ֆլամինգո
    
    
Ա
Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն,
Մի՞թե զուր է՝ կամ անձրև է, կամ սրսուռ է, ապա ձյուն,
Ցնորական զմայլանքիս դրվագներում կիսավարտ
Հուշի նման էլ չեն ծաղկում կուժկոտրուկ ու շողավարդ։
Ծայրածավալ թոնութաց է, թե անըմբեր տրոփեմ
Եվ հեշտանքի ի՜նչ ալիք է, որ պիտի դեռ կարոտեմ,
Ինչ տարերք է Երանելին կնոջ տեսքով արարել,
Հորդանալուց հետո եմ ես անկրելի վարարել։
Ինձ առինքնիր, որ դյութանքիդ պարագիծը ընկալեմ,
Հորձանքս առնեմ և ծփանքիդ իմ էսքիզը նկարեմ։
Դիմալույսի փաթիլի պես քեզ էլ ճոճեմ անարյուն
Եվ սրտից սիրտ տարուբերեմ, ձեռքս ծոցիդ անընտել․․․
Ինչ հեսաբ է, աննմանի չափ ու ձևում անարգել
Ու՞ր են կորել եթերահած հրեշտակները արթուն։
Բ
Ու՞ր են կորել եթերահած հրեշտակները արթուն,
Երբ հեքիաթում կամ առաչյա և կամ ծածան, թրթռուն
Որպես ցնորք արտածել են սիրահնար կիրք ու ցավ
Կաթնածիրի անհունի մեջ անիրական ու անկավ։
Ըստ թվացյալ ժամանակի երկվայրկյանում աննշան
Մի աղջիկ է կետադրում տագնապներս այլևայլ,
Անկարեկից հայացքի մեջ տրոհության կույր նշան,
Կրկին սիրո թվարկության խզվածքներով անայլայլ։
Թե անփույթ գաս, ինձ կթվա մահս է փնտրում համրաքայլ
Քանասարի գազանի պես ծաղկակոխ մի շնագայլ։
Գիշերվա մեջ աստղ ու բոլիդ աղոտ ցոլք են՝ պաղպաջուն,
Թե բռնկվեմ, ապա մարեմ, հե՞տք կթողնեմ լուսավառ,
Քեզ ձեռաձիր՝ որպես ընծա, երբ պսպղամ վերից վար,
Անուշաբույր մեղր ու նեկտար և մազտաքե ակաղձուն։
Գ
Անուշաբույր մեղր ու նեկտար և մազտաքե ակաղձուն,
Դրախտի և դժոխքի մեջ երկինքն ի՞նչ է՝ առանց ձյուն,
Առանց քնար ձիրքը ի՞նչ է՝ ծանրության չա՞փ արծաթե,
Շա՞տ է փայլուն, անգամ սև՞է, համրիչի հա՞տ է սաթե։
Խատուտիկի գինու համից ուշքս գնաց, անաստված,
Ես այս կյանքը կամ ապրում եմ, նվաղում եմ կամ հոգնած,
Ո՞ր դրվագում ինձ թևանցուկ պանդոկներով ման տվիր,
Սիրո հույզի դատարկ թասեր, ինձ կորցրի, դու թվիր։
Մեկ էլ որից հետո, անգին, քանի՞ անգամ հարբեցի,
Լուսավորիր էս անգետիս և ի՞նչ Ղազար Փարպեցի։
Քեզ չթվա՝ վրիպեցի, մահադեղը քո անգույն
Ոնց բալասան դժգույն կյանքիս, դատարկեցի մի հանգում,
Տես, հոգետան իմ երկնքում պատկերներ կան ավարտուն,
Տարածական լույսին հանգույն, նրբամարմին ինչպես ձյուն:
Դ
Տարածական լույսին հանգույն, նրբամարմին ինչպես ձյուն,
Թե շարմաղեմ, նուրբ է գալիս կնոջ նման հոլանի,
Ահյակ ու հետ տեղաշարժում ՝ Ալաշկերտի գորանի,
Պարբերական պտույտներն են դուռը փակում խորանի։
Վառվող մոմի մի առկայծում քանի թաքուն երազանք
Աստեղաձև փաթիլներ են՝ ձյունափայլուն անրջանք,
Մրմնջում եմ, որ Անեղը ցավը փոխի հրճվանքի,
Առառավել չափը պահի հրապուրանք- հմայքի։
Թե բժժանքով գիր ես արել, որ նվաստիս առինքնես,
Լուսահոգիդ հանձնվում է, ամաչերես որ քննես։
Լուսնի նման եթե հանկարծ աներևույթ հնանամ,
Անտես մնամ, բայց տաղերիս կախարդանքից էանամ,
Մերժվածների տողանի մեջ ինձ չփնտրես, չջանաս․․․
Կրկին պիտի փառաբանեմ տեսիլներն իմ հնամաշ։
Ե
Կրկին պիտի փառաբանեմ տեսիլներն իմ հնամաշ,
Գրավչության փարաբոլով երբ անընդհատ հեռանաս,
Դու ծնվել ես սիրո համար մոռացված մի փարախում,
Անդրադարձիկ շողքերի մեջ քո էտյուդն է փաղփաղում։
Վարժական է այս տագնապս, որ առավել հմտանամ,
Կիզակետիդ ցայտուն մասում վարդ ու շափրակը ստանամ,
Քառակուսի հավասարման քո արմատն եմ, իմացիր,
Այս անթեղը դարձյալ տաք է․ դու թե առկայծ, ես՝ մոխիր։
Օրվան մի օր ես էլ կանցնեմ քմայքներիդ անտեղյակ,
Դու չտխրես, ես ձանձրույթդ կփարատեմ քո տեղակ։
Անզուսպ չասեմ, չասեմ արագ, կարճամետրաժ մի ֆորսաժ,
Ես ծպտված ինչու՞ ապրեմ այս խաբուսիկ աշխարհում,
Հափշտակիր ինձ տեղաթափ՝ ձնձեղ հագած նախշերում,
Որտեղ կանայք փափկասուն են և նրանց մեջ դու՝ միրաժ։
Զ
Որտեղ կանայք փափկասուն են և նրանց մեջ դու՝ միրաժ,
Կանաչ, կարմիր այս աշխարհում մթնալույսս էր քեզնով խաս,
Հովերս առ․ մենամոլիս և պարգև ես և երազ,
ես առաչոք իմ այս կյանքում վրիպեցի հանապազ։
Ձյունահատի անխառն սրսուռ, երբ անձրև ես, կամ շառափ,
Հորդ ես գալիս, ծանծաղ ափիս թե շառայլ ես, թե քարափ․․․
Անկոխ մի տեղ, ժայռերն ի վեր ոտքս խոչին դեմ առավ,
Քո պոետը, սիրուց արբած, չմոլորեց, բայց մեռավ։
Ցրիվ գալով անէացա, ձանձախարիթ չքացա,
Խորքը նայիր, տակն ինչ մնաց, մուր չբռնած քչացա։
Ի լրոյ է այս հռչակս, թե չարաբեր չթվար,
Ուրիշները քեզ կպատմեն՝ երանելի, թե չվառ,
Աչքը խաբող այն ձեռնածուն առավ- փախավ լույսս վառ,
Իմ երազում այս լուսինը շուռ եմ տվել գլխիվայր։
է
Իմ երազում այս լուսինը շուռ եմ տվել գլխիվայր,
Որ համրանքի քո հատվածում ծուռ հայելում չծփար,
Էյ, սիրուհի, զով գիշեր է, արի գնանք սարատեղ,
Մեջքիդ ոսկի գոտի կապեմ և ծիրանի մի աղեղ։
Էյ, սիրուհի, թթվաշ ու սև մոշ եմ քաղել մեծահատ,
Այս կռնակս երբ էլ հոգնի, գովքդ կանեմ բացահայտ,
Հատապտղի կթոցներս հյուսածո են սերերից,
Հազար խաղ կա, որ ձգել եմ իմ անտաղանդ դերերից։
Էյ, սիրուհի, փառքիս համար ի՞նչ ես աղոթք մրմնջում,
Լուսնի համար արդեն մեկ է, թե ես ոնց եմ անրջում։
Բանաստեղծի իմ տիտղոսին չհավելես վեստ ու պայլ,
Ես թախիծի արքան էի, մնացել եմ այդպես հար,
Վերջամնաց թթվաշ համիդ յամբը շեշտեմ ապշահար․․․
Երբ պատկերդ դեռ անէ է, թեև գիտեմ անայլայլ:
Ը
Բայց պատկերդ դեռ անէ է, թեև գիտեմ անայլայլ,
Ոչ սուրբ եղար, ոչ՝ անառակ, կողոմու՞մ ես միտքս ծուռ,
Թաքստոցում մորի ունեմ և քթոցում՝ երկու նուռ,
Եվ չեմ ճզմել, որ չշիկնես, կարմիրն էլ է հոգու փայլ։
Խմբագրիր․ Ֆլամինգոն մոլորված մի չվահյուր,
Մահվան գրքում թե գրել են, կտուցը՝ կեռ, ծայրը՝ սև,
Սրանց շատը խաղալիք է, իրականում՝ վարդաբույր,
Պաչդ, ասեմ, կիսատ մնաց, ես էլ դարձա նաղլի դև։
Չափ ու ձևի քո սանդղակով այրված սիրտս՝ մուր-ածուխ,
Քանի մեղք ես հաստատ գրել, որ չեմ գործել էլ կանուխ։
Չարամանկին բան չմաղթես քո մարզային տապանում,
Ողբի հանգով ինչ էլ երգես ոնց բերկրանքի լուր-ավետ,
Մի հարց պիտի առկախ թողնի մի կիսահայ վարդապետ․
Ձգողական ի՜նչ ուժեր են քեզ երկնքում տատանում։
Թ
Մագնիսական ի՜նչ ուժեր են քեզ երկնքում տատանում,
Երբ ակնավեր լույսս ես ցրում և աչքերս թաց անում,
Վերևու՞մ է ցոլքդ անբիծ, թե՞ ցածում ես կեղծ-պատիր,
Անգզելին ժամանակն է համասփյուռում այս անծիր։
Կռապաշտի բուրգից մատուռ ինչ հույզեր ենք ավերել,
Երբ սառելով սառչում էինք և ձնձեղն էր մեզ կերել
Եվ այս գլխիս պտտվում է աստնվորը առանց քեզ,
Դու իմ մահվան դուռբռնեքին այդպես խոնարհ էլ չանցնես։
Հոգետունս դատարկ թողիր և փոշին է ինձ կերել,
Խռպոտ ու թույլ, ինձ նմանի, կասկածներն են դեռ կերկեր։
Քո հմայքի հորձանուտում օրհնված է իմ ճամփան
Եվ մի ձայն է անվերջ հնչում տարադիմիկ անհայտում,
Եվ ես գիտեմ որն է սրտի միավորը քո չափման,
Երբ առանցքն իմ ճշգրիտ է աստղերի մեջ անհատնում։
Ժ
Երբ առանցքն իմ ճշգրիտ է աստղերի մեջ անհատնում,
Դու իմ սրտի պարագծով ի՞նչ խավար ես փարատում,
Հալածում ես, որ ամենուր լույսս անես անվավեր,
Բա, չիմացար, Տորքի աջում ես էլ մեկն եմ անվեհեր։
Մի նմանիր աննմանին, նա էլ չունի դիմագիծ
Եվ թշվառի սիրտը կոտրած փակ կորի բեր, որ չատես,
Կռնակ չանես, որ տխրության չափը զգաս դիմացից
Եվ չստացված սիրո համար մատույրի պես չդատես։
Գեշ բաներից դադար խնդրիր, մեկն ամոթն է շառագույն,
Մեկ էլ որից հետո, անգին, ակնկորին՝ աղու թույն։
Բաց թողնելով արկանել ես սիրո լիցքը տարանուն,
Հուսախաբին և դյութվածին բան չմնաց այս կյանքում,
Ինչ էլ թողիր, հուշերից զատ, երկու սրտի արանքում,
Ազդականչի նման անհայտ իմ երկյուղն ես տարհանում:
ԺԱ
Ազդականչի նման անհայտ իմ երկյուղն ես տարհանում․
Ինձ փրկում ես, թե հերքում ես եռաչափ այս ծավալում,
Վաղ աշխարհի Ծիր Կաթինը ցավի հետք է տարածուն,
Ինձ թվում է, միայն ցավն է, որ երբեք չեն ծրարում։
Իմ մակույկը ծովը տարավ, թիավարում եմ իզուր,
Կապտազմրուխտ տեսարան է և երկինքն է դեռ լազուր,
Վերջին անգամ աչք ածեցի ես իմ ապրած օրերին,
Տագնապներս ծովը կերավ՝ հագուրդ տալով կորերին։
Ալիքները փշրվում են, որ ինձ անհետ կորցնեն,
Մեջ-գիշերին, թե հմտանան, գուցե վերջին փորձն անեն։
Հիշում ես, չէ՞, սերը թողինք այս ջրերին պաղպաջուն,
Մի կաթ ցողի կարոտի հետ կռիվ չունեմ ի վերուստ,
Սրտիս վրա շյուղ չբռնեց, ասեմ բարով եմ հարուստ,
Երկինքն այսօր մի տեղ ամպել, մի այլ տեղ է շառագույն։
ԺԲ
Երկինքն այսօր մի տեղ ամպել, մի այլ տեղ է շառագույն,
Դառը գինին թե հրաշք է, ես հարբում եմ էլ նորից,
Վշտի մի թաս, ցավի մի շիշ և մորմոք է սերը նույն,
Ես հարբում եմ, որ լուր չառնեմ իմ չիրացված դերերից։
Ամենուրեք քո պատկերն է, որպես լույսի քնքուշ շող,
Հազար տաղում հազար անգամ զանց եմ առել տապ ու դող,
Այս սարսուռը հմայանքի ի՜նչ լուսին է մակածել
Եվ փաղաղը տոչոր սրտիս մեղրամոմերն է մաշել։
Էլ ոնց ասեմ, որ սիրով եմ մոռացված այս պանդոկում
Քո պատկերով հրեշտակին ինքնաուրաց քանդակում։
Ֆլամինգոն չվահյուր է, անդրիանդու մի հանգույն,
Եթե անգամ խաղալիք է՝ հմայությամբ չար աչքից,
Կռահում ես, թե ուր հասա երեքնուկի հմայքից։
Լա՞ց ես լինում, թե՞ հրճվում ես, կամ բեկել ես հազար գույն։
ԺԳ
Լա՞ց ես լինում, թե՞ հրճվում ես, կամ բեկել ես հազար գույն,
Ես գրում եմ այս շափրակը որպես սիրո չքնաղ ձոն,
Ձյունահատի այս սավանին ճերմակն էլ է թաց ու թոն,
Հալխռնում է սիրո նման և կորչում է ինչպես ձյուն։
Քեզ ներում եմ, այս քաղաքին որ իմ գույնը չմնա
Եվ իմ մահով ուրիշ մի կյանք էլ անիմաստ չթվա,
Հեռանում եմ անձրևների և ձյուների տարափով,
Աստղաթափի մի գիշեր էլ ինձ կհիշես շառափով։
Կարեկցանքի քո մատուռում մնաց մի մոմ առանց վառ,
Լաց չլինես, որ չտխրեն խաղարկու և խմբավար։
Գրավչության բեմը դարձյալ ինչ դատարկ է առանց քեզ,
Երբ դահլիճը հրավերքի լեփլեցուն է, ակաղձուն,
Կամ մոռացել, ինձ չեք կանչել իմ այս մահվան կոչունքին․․․
Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն։
ԺԴ
Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն,
Ու՞ր են կորել եթերահած հրեշտակները արթուն,
Անուշաբույր մեղր ու նեկտար և մազտաքե ակաղձուն,
Տարածական լույսին հանգույն, նրբամարմին ինչպես ձյուն:
Կրկին պիտի փառաբանեմ տեսիլներն իմ հնամաշ,
Որտեղ կանայք փափկասուն են և նրանց մեջ դու՝ միրաժ,
Իմ երազում այս լուսինը շուռ եմ տվել գլխիվայր,
Բայց պատկերդ դեռ անէ է, թեև գիտեմ անայլայլ:
Մագնիսական ի՜նչ ուժեր են քեզ երկնքում տատանում,
Երբ առանցքն իմ ճշգրիտ է աստղերի մեջ անհատնում,
Ազդականչի նման անհայտ իմ երկյուղն ես տարհանում:
Երկինքն այսօր մի տեղ ամպել, մի այլ տեղ է շառագույն,
Լա՞ց ես լինում, թե՞ հրճվում ես, կամ բեկել ես հազար գույն,
Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1573 | 0 | 0
Facebook