Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հելլենիստական աշխարհի թագավորներն առավել հարուստ գրադարան ունենալու համար նույնիսկ մրցակցել են

08:51, Среда, 24 Ноября, 2021 года
Հելլենիստական աշխարհի թագավորներն առավել հարուստ գրադարան ունենալու համար նույնիսկ մրցակցել են

Պապիրուսից գլանափաթեթներ պատրաստելը հույները եգիպտացիներից են սովորել: Դրանց լայնությունը միջին չափսի գրքի լայնության է եղել, իսկ երկարությունը՝ վեց մետր: Եղել են նաև ավելի երկարները, բայց դրանցից օգտվելը դժվար է եղել: «Մեծ գիրքը մեծ չարիք է», ասել է Ալեքսանդրիայի գրադարանավարներից մեկը՝ բանաստեղծ Կալիմաքոսը: Այդ պապիրուսային գրքերում տեքստերը գրվել են սյունակային լայնությամբ ու երկայն բանաստեղծական տողով: Սովորաբար, մեկ գլանափաթեթում տեղավորվել է հազար տողից մի քիչ ավելի: Գրողները դրան հարմարվել են և իրենք անձամբ իրենց ստեղծագործությունները մասերի՝ «գրքերի» են բաժանել՝ մոտավորապես այդ գլանափաթեթի երկարությամբ: Գլանափաթեթի սկիզբն ու վերջը սոսնձվել են փայտիկներին, որպեսզի դրանցով բռնեն: Գլանափաթեթը բռնել են աջ ձեռքով և պտտել են ձախով: Կարդալու ընթացքում այն աստիճանաբար պտտել են վերջի փայտիկից առջևի փայտիկի վրա: Եթե դուք մի հին նկարում տեսնեք մարդուն գլանափաթեթով, ուշադրություն դարձրեք, թե նրա որ ձեռքում է գլանափաթեթը: Եթե աջ ձեռքում է, ապա դա նշանակում է, որ գիրքը դեռ չի կարդացվել, իսկ եթե ձախ ձեռքում է, կնշանակի նկարում պատկերված մարդն այդ գիրքն արդեն կարդացել վերջացրել է:

Էջերի տողերը քաշել են կապարե անվակներով, գրել են եղեգնյա գրիչով, թանաքը պատրաստել են ծովային «սիպե» կակղամորթից (կարակատիցա) կամ «թանաքի ընկույզներից» ՝ կաղնու տերևների պալարներից: Սխալները լվացվել են սպունգով կամ ուղղակի լեզվով: Վերնագրերն ու գլխատառերը կարմիր ներկով են գրվել, և այստեղից է «կարմիր տողից» արտահայտությունը: Եթե գիրքը պատրաստվել է վաճառքի համար, ապա գրիչը գրել է խնամքով ու գլխատառերով՝ տառը տառի ետևից, իսկ եթե իր համար է գիրքը նախատեսվել, ապա գրել է արագ, ինչպես պատահի: Գրել են առանց բառերն իրարից անջատելու, և որպեսզի կարդալը հեշտ լիներ, երբեմն տողը շեշտադրել են: Դադարները նշել են ուղղաձիգ գծիկով: Բազում տարիներ անց այդ գծիկը վերածվել է ստորակետի:

Գրավաճառներն ունեցել են իրենց գրքային արհեստանոցները, որտեղ պատրաստվել են անհրաժեշտ գրքի բազում օրինակներ: Գիտնական ստրուկ գրիչները (նրանք շատ թանկ են արժեցել) մեկ շարքով նստել են ու գրել, իսկ պետն անցել է նրանց մոտով և հստակ թելադրել: Հետագայում, միջնադարի կեսերին, գրքերն սկսել են այլ կերպ արտագրել. գրիչ վանականը միայնակ նստել է իր խցում, իր դեմն է դրել անհրաժեշտ գիրքն ու արտագրել է: Ե՛վ առաջինները, և՛ երկրորդները շատ սխալներ են թույլ թվել, բայց սխալները տարբեր են եղել. հին արտագրողների սխալները լսողական սխալներ են եղել, իսկ միջնադարյան արտագրողներինը՝ տեսողական: Անտիկ գրիչը «Իոնիա» բառը լավ չլսելով՝ գրել է «Եոնիա», իսկ միջնադարյան գրիչը, լավ չնայելով գրվածին կամ չտեսնելով, գրել է «Նոնիյա»: Արտագրածը հասկանալը հեշտ չի եղել: Պատկերացրեք, որ դուք դասագրքի լուսանցքային մասում ուսուցչի խոսքերից ինչ-որ հավելում եք կատարել: Եթե դասագիրքը տպագիր է, իսկ ձեր ավելացրածը, բնականաբար, ձեռագիր, ապա դրանք իրար հետ անհնարին է շփոթել: Բայց եթե և՛ դասագիրքը, և՛ ձեր ավելացրածը ձեռագիր են, ապա հեշտ է մտածել, որ դա դասագրքից պատահականորեն դուրս մնացած նախադասություն կամ արտահայտություն է, և այն պետք է տեքստում ինչ-որ տեղ խցկել: Հեռավոր անցյալի արտագրողները հենց այդպես էլ վարվել են, իսկ եթե անհարթություն է ստացվել, ապա տեքստն ուղղել են ըստ իրենց հայեցողության ու տրամաբանության: Երբեմն սխալներն այնքան են կուտակվել, որ գիտնականներն առ այսօր չեն կարողանում վերականգնել, թե ինչ է գրված եղել նախասկզբնական ձեռագրում:

Այդ պատճառով ալեքսանդրիացի գիտնականները շատ են ջանացել իրենց գրադարանի համար ձեռք բերել ամենահին, ամենավստահելի ձեռագրերը: Պտղոմեոս թագավորը հրամայել է, որ այն բոլոր նավերը, որոնք մուտք կգործեն Ալեքսանդրիայի նավահանգիստ, ենթակվեն գրքային խուզարկության: Եթե ճանապարհորդներից մեկի մոտ գիրք գտնվի, բռնագրավեն, պատճենեն և պատճենը տան գրքի տիրոջը, իսկ բնագիր գիրքը պահեն գրադարանում: Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունների ամենավստահելի ձեռագրերը պահպանվել են Աթենքում, Դիոնիսոսի թատրոնին կից արխիվում: Պտղոմեոսը մեծ գրավի դիմաց խնդրել է այդ ձեռագրերը, որպեսզի դրանց հետ համեմատի իր գրադարանում եղածները: Աթենացիները տվել են գրքերը, և, իհարկե, թագավորը զոհաբերել է գրավը և վերադրաձրել է դրանց պատճենները, իսկ բնագրերը մնացել են Ալեքսանդրիայում:

Հելլենիստական աշխարհի թագավորներն առավել հարուստ գրադարան ունենալու համար նույնիսկ մրցակցել են: Փոքրասիական Պերգամ քաղաքի թագավորները նույնպես գրադարան են ստեղծել ու շարունակ համալրել: Իմանալով այդ մասին՝ Եգիպտոսի Պտղոմեոս 5-րդ թագավորն արգելել է Եգիպտոսից պապիրուս արտահանել, որպեսզի Պերգամում գրելու համար անհրաժեշտ այդ հումքը չունենան: Եվ, ինչպես ասում են, կարիքը հնար է ծնել. Պերգամում ստեղծել են գրելու համար պիտանի նոր նյութը ՝ պերգամենտը (մագաղաթը): Դա եղել է ոչխարի կամ հորթի մշակված կաշին: Դրանցով իրար կպցրած գալարափաթեթներ չեն պատրաստել, այլ տետրակի նման իրար վրա են դրել ու կարել: Պերգամենտը պապիրուսից, ճիշտ է, թանկ է արժեցել, բայց անհամեմատ ամուր է եղել: Բացի այդ, պերգամենտն ամեն տեղ կարելի էր պատրաստել, իսկ պապիրուսը՝ միայն Եգիպտոսում: Այդ հայտնագործությունը վճռել է պերգամենտի հետագա հաղթանակը: Միջին դարերում, երբ Եգիպտոսից ներմուծումը դադարեցվել է, ամբողջ Եվրոպան պերգամենտի է անցել: Բայց հնում տիրապետողը պապիրուսն է եղել, և Պերգամի գրադարանն այդպես էլ չի կարողացել հասնել Ալեքսանդրիայի գրադարանին:

Շուրջ 700 հազար գլանափաթեթ է հավաքված եղել Ալեքսանդրիայի գրադարանում: Այստեղ պահպանվել է հունարենով երբևէ գրված ամեն ինչ: Հենց միայն այդ գլանափաթեթների ցուցակը 120 գլանափաթեթ է կազմել: Այդ ցուցակը կազմել է այն նույն Կալիմաքոսը, որն ասել է. «Մեծ գիրքը մեծ չարիք է»: Մուսեյոնին կից մեծ գրապահոցից բացի, հարկ է եղել կառուցել երկրորդ գրապահոցը Սերապիս աստծո տաճարին կից: Այդ գրապահոցները պահպանվել են վեց դարից ավելի: Փոքր գրադարանը գրեթե ոչնչացվել է մ.թ. 390 թվականին, երբ մոլեռանդ քրիստոնյաները կործանել են Սերապիսի տաճարը: Իսկ մեծ գրադարանն այրվել է 641 թվականին, երբ արաբական խալիֆ Օմարը գրավել է Ալեքսանդրիան: Իբրև թե նա ասել է. «Եթե այդ գրքերում նույնն է գրված, ինչ որ Ղուրանում է, ուրեմն պիտանի չէ, իսկ եթե նույնը չէ, ինչ գրված է Ղուրանում, ապա դրանք վնասակար են»:

Նկարում՝ Սերապիս աստծու տաճարի՝ Սերապեոնի ավերակները:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1824 | 0 | 0
Facebook