Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

«...դիվերսիա, իհարկե, եղել է, բայց ինքնաթիռի անձնակազմն էլ արհամարհական վերաբերմունք է ունեցել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ արհամարհելով դիվերսիայի հնարավորությունը»

16:40, Вторник, 19 Октября, 2021 года
«...դիվերսիա, իհարկե, եղել է, բայց ինքնաթիռի անձնակազմն էլ արհամարհական վերաբերմունք է ունեցել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ արհամարհելով դիվերսիայի հնարավորությունը»

1986 թվականի հոկտեմբերի 19-ին ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է Մոզամբիկի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սամորա Մոյզես Մաշելը:

Խորհրդային արտադրության «Ту - 134» ինքնաթիռը, որով Մաշելը Զամբիայից հայրենիք է վերադառնալիս եղել, կործանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում: Ինքնաթիռն ու դրա ամբողջ անձնակազմը վարձակալված են եղել ԽՍՀՄ-ից: Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուին մոտենալուց հետո ինքնաթիռն անսպասելիորեն թռիչքի ուղղությունը փոխելով՝ մտել է Հարավաֆրիկյան Հանրապետության օդային տարածք ու Մբուզինի շրջանում, Կոմատիպոորտ քաղաքի մերձակայքում բախվել է սարին: Մաշելի հետ միասին զոհվել է նրան ուղեկցող կամ սպասարկող 34 մարդ և ինքնաթիռի խորհրդային անձնակազմին հինգ անդամ:

Ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար կազմվել է եռակողմ հանձնախումբ՝ կազմված ԽՍՀՄ, Հարավաֆրիկյան Հանրապետության և Մոզամբիկի մասնագետներից, բայց Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները ինքնաթիռի կործանման վայրին չեն թողել մոտենալ ոչ միայն փորձագետներին, այլև իրենց իսկ լրագրողներին:

Հանձնախումբը հանգել է այն եզրակացության, որ ինքնաթիռը սարքին վիճակում է եղել, բայց անձնակազմն առաջնորդվել է նավարկման հնացած քարտեզներով:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմված մեկ այլ հանձնախումբ ևս հետաքննություն է կատարել և հանգել է այն եզրակացության, որ ինքնաթիռը սարքին է եղել և ինքնաթիռի կործանումն օդաչուների անփութության պատճառով է տեղի ունեցել: Բայց ԽՍՀՄ-ն ու Մոզամբիկը մերժել են այս եզրակացությունը: Ինքնաթիռի «սև արկղ» -ի վերծանումը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի անկախ փորձագիտական կենտրոնում: Պարզվել է, որ ինքնաթիռի անձնակազմը VOR համակարգի կեղծ ռադիոփարոսի ազդանշան է ընդունել, բայց չի կարողացել այդ ազդանշանին ճիշտ արձագանքել ու ճիշտ կողմնորոշվել: Հետագայում եռակողմ հանձնախմբի ԽՍՀՄ անդամ, ԽՍՀՄ Ավիացիոն արդյունաբերության գլխավոր կոնստրուկտոր Լեոնիդ Սելյակովն իր հիշողությունների գրքում նշել է, թե «դիվերսիա, իհարկե, եղել է, բայց ինքնաթիռի անձնակազմն էլ արհամարհական վերաբերմունք է ունեցել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ արհամարհելով դիվերսիայի հնարավորությունը»:

Հարավաֆրիկյան Հանրապետության հետախուզության նախկին գործակալ Հանս Լոուվը, ապարտեիդի ռեժիմի պայմաններում 28 տարի բանտում անցկացնելուց հետո, 2003 թվականի օգոստոսին հայտարարել է, թե ինքը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության հատուկ ծառայությունների՝ Սամորա Մաշելին վերացնելու գործողությունների մասնակից: Ըստ Լոուվի խոսքերի՝ VOR համակարգի կեղծ ռադիոփարոսը տեղադրված է եղել Հարավաֆրիկյան Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից՝ որպեսզի կեղծվեն Մապուտուի՝ թռիչքներին հետևող կենտրոնի ռադիոփարոսի ազդանշանները, որն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը: Նախկին հատուկ գործակալը հայտարարել է, թե այս գործողությունը հովանավորել է Հարավաֆրիկյան Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ռուդոլֆ Բոտան, որն ինքնաթիռի կործանումից 30 րոպե անց ժամանել է Մբուզինի, և նրա հրամանով ռազմական բժիշկը մահացու ներարկում է կատարել դեռևս ողջ Մաշելին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1491 | 0 | 0
Facebook