Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ասպետության հավակնորդի երդման բովանդակությունը

21:01, Пятница, 15 Октября, 2021 года
Ասպետության հավակնորդի երդման բովանդակությունը

1. Վախենալ Աստծուց, փառաբանել և ջերմեռանդորեն ծառայել նրան, պայքարել հավատի համար և մեռնել ու չուրանալ քրիստոնեությունը:

2. Հավատարմորեն ծառայել իր իշխանին և շատ պատվախնդրորեն կռվել նրա ու երկրի համար:

3. Պաշտպանել ամենաթույլերի (այրիների, որբերի և երիտասարդ աղջիկների) բարի իրավունքները՝ այն պայմանով, որ դա չի լինի նրա պատվի կամ նրա թագավորի ու բնական իշխանի դեմ:

4. Երբեք չարամտորեն չվիրավորել որևէ մեկին և բռնությամբ չտիրել ուրիշների ունեցվածքին, այլ պայքարել նրանց դեմ, ովքեր դա անում են:

5. Երբեք ագահություն չդրսևորել, երբեք շահախնդրորեն որևէ գործողություն չկատարել և գործել միայն հանուն փառքի ու առաքինության:

6. Կռվել հանուն հասարակության բարիքի և օգուտի:

7. Հնազանդվել այն գեներալների ու կապիտանների հրամաններին, որոնք իրավունք ունեն այդ հրամաններն արձակել:

8. Պաշտպանել իմ ընկերների պատիվը, կոչումը և կարգը և ոչ մի գնով ոտնձգություն չկատարել նրանցից որևէ մեկի նկատմամբ:

9. Երբեք մեկ մարդու դեմ չկռվել և խուսափել ամեն տեսակ խաբեությունից:

10. Կրել միայն մեկ սուր, եթե ստիպված չէ միայնակ կռվել երկուսի կամ երկուսից ավելի մարդու դեմ:

11. Մրցամարտերի կամ զվարճացնող այլ միջոցառումների ժամանակ երբեք հատու սուր չգործածել:

12. Իր հավատով և իր պատվով իրեն պարտավորեցնել, որ այն դեպքում, եթե նա մրցամարտի ժամանակ գերվի, ապա կետ առ կետ կատարի բռնագրավման պահանջները, հաղթողին հանձնի իր ձին, եթե վերջինս ցանկանա այն ունենալ:

13. Անառարկելիորեն հավատարմություն պահպանել հատկապես ընկերների հանդեպ՝ լիարժեքորեն պաշտպանելով նրանց պատիվն ու շահերը նրանց բացակայության ժամանակ:

14. Սիրել ու հարգել մեկմեկու և մեկմեկու օգնության հասնել և օգնել ամեն անգամ, երբ հնարավորություն կլինի:

15. Երբեք չլքել զենքը, եթե երդվել ես մեկնել որևէ տարօրինակ արկածախնդրության՝ բացի գիշերային հանգստի ժամերից:

16. Արկածներ որոնելիս կամ հետախուզելիս չշրջանցել վտանգավոր վայրերը, զորեղ ասպետների, հրեշների, վայրի գազանների, այլ արարածների կամ այլ խոչընդոտների հետ բախվելու վախից երբեք չշեղվել ճիշտ ճանապարհից:

17. Օտար իշխանից երբեք գրավ չվերցնել:

18. Զորահրամանատար լինելու դեպքում ապրել առավելագույն կարգ ու կանոնով՝ հատկապես սեփական երկրում, և երբեք չհանդուրժել վնասարարությունն ու բռնությունը:

19. Պարտավորված լինել ուղեկցել տիկնոջը կամ օրիորդին, ծառայել նրան, պաշտպանել ու փրկել բոլոր վտանգներից ու վիրավորանքներից կամ էլ մեռնել վիրավորողին պատժելիս:

20. Երբեք չբռնանալ կնոջը կամ օրիորդին, եթե նույնիսկ նրանք ձեռք են բերվել զենքի ուժով, չտիրել նրանց առանց նրանց ցանկության ու համաձայնության:

21. Չհրաժարվել հավասար մարտից, եթե առկա չեն վերքեր, հիվանդություններ կամ այլ խելամիտ խոչընդոտներ:

22. Պարտավորություն ստանձնել՝ երբեք չնահանջել, քանի դեռ առաջադրանքը չի կատարվել:

23. Լինել տրված խոսքի ու հավատի պահապան. արդար պատերազմի ժամանակ գերվելու դեպքում վճարել խոստացված փրկագինը կամ պայմանավորված օրը վերադառնալ բանտ՝ գիտակցելով, որ անպատվաբեր է կեղծ խոստում տալը:

24. Վերադառնալ իր սյուզերենի պալատ՝ իր արկածների մասին ճշմարիտ հաշվետվություն ներկայացնելու համար, եթե նույնիսկ դրանք շահեկան չեն եղել, այլապես նա կզրկվի ասպետական կոչումից:

25. Ամեն ինչում լինել հավատարիմ, համեստ, քաղաքավարի և երբեք չնահանջել իր տված խոսքից, թեկուզ դրանից մեծապես տուժի:

Երբ ասպետական կոչում ստացողը երդվելն ավարտել է, ասպետները, իսկ երբեմն էլ տիկնայք մոտեցել են նրան, որպեսզի նրան նոր հանդերձ հագցնեն: Նրան հագցրել են՝ 1.խթաններ, 2.օղազրահ, 3.լանջապանակ, 4.բազկապաններ և ձեռնոցներ, և վերջում նրա գոտուց կախել են սուրը:

Այդ արարողությունից հետո նորընծա ասպետին «որդեգիր» են անվանել: Սենյորը կանգնել է, մոտեցել նրան, գրկել է, ապա իր սուսերի տափակ մասով երեք անգամ խփել է նրա ուսին կամ ծոծրակին և ձեռքի ափով մի քանի անգամ ապտակել է նրա այտին՝ ասելով. «Ի սեր Աստծո, սուրբ Միքայելի և սուրբ Գևորգի, ես քեզ ասպետ եմ հռչակում»: Հետո հաճախ հավելել է. «Եղիր քաջ և հավատարիմ»:

Նոր ասպետին մատուցել են սաղավարտ, տվել են չասպանդակած ձի (սովորաբար՝ եկեղեցում): Նա ցատկել է ձիու վրա և ստիպել է, որ ձին վարգի, իսկ ինքն այդ ընթացքում թափահարել է նիզակը կամ սուրը: Դրանից հետո նա դուրս է եկել եկեղեցուց ու գնացել է ամրոցամերձ հրապարակ, որպեսզի այնտեղ հավաքված մարդկանց ցուցադրի ձիուն կառավարելու իր հմտությունները: Իսկ հավաքվածները նրան ողջունել են բարձր ծափահարություններով:

Ավատատիրական ասպետությունը մահացել է 15-րդ դարում և ծնունդ է տվել ռազմակրոնական միաբանություններին (տաճարականներ, սուրբ Հովհան Երուսաղեմացու կամ Մալթիական, Տևտոնյան ասպետների և այլն): Ավատատիրական ասպետությունը նաև ծնունդ է տվել ծիսակարգի, շքերթի, պահպանաջոկատի և դատական ատյանների ասպետությանը:

Երեք հարյուրամյակի ընթացքում, երբ ասպետությունը շողացել է իր ամբողջ փայլով, հասարակության առաջընթացի վրա քիչ ազդեցություն է թողել, բայց այն ուժեղ ներգործություն է ունեցել մարդկանց երևակայության ու մտքերի վրա, այն նպաստել է ազնվածին ու բարձր զգացմունքների, առատաձեռնության, մարդասիրության, նվիրվածության, զարգացմանը, հանուն այլոց սեփական անձն ուրանալուն, այն տեսակի մարդկանց կազմավորմանը, որոնց որոշ վսեմ արարքներն այսօր «ասպետական» են անվանում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1509 | 0 | 0
Facebook