Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն

15:48, Воскресенье, 12 Сентября, 2021 года
Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն

Հիսուս Քրիստոսի մահից գրեթե 300 տարի անց, երբ քրիստոնեական եկեղեցիներ են եղել թե՛ Հրեաստանում, թե՛ Հռոմեական կայսրության կազմի մեջ մտնող այլ երկրներում (իսկ Հայաստանում այն պետական կրոնի կարգավիճակ ուներ), բայց այն տեղը, որտեղ թաղված է եղել Հիսուս Նազովրեցին, ոչ մի քրիստոնյայի ուշադրությունը չի գրավել, հավանաբար այն պատճառով, որ ոչ մեկին հայտնի չի եղել այդ տեղը: Ոմանք ցույց են տվել մի վայր, որտեղ պիտի որ ամփոփված լիներ նա, բայց այդ վայրում գեղեցկության ու սիրո հեթանոսական աստվածուհի Վեներային նվիրված տաճար էր կառուցված:

Եվ, ահա, Կոստանդիանոս կայսրի մայրը՝ Հեղինեն, նորադարձ հավատացյալի ջերմեռանդությամբ ուղևորվել է Պաղեստին, որպեսզի Հիսուսին առնչվող հիշատակներ գտնի: Նա սկզբում լողացել է Հորդանանի սրբազան ջրերում, ապա Երուսաղեմում սկսել է եկեղեցիներ շինել: Նա քանդել է տվել Վեներայի տաճարը, որովհետև, ըստ ավանդության, այն շինված էր հենց այն հողակտորի վրա, որտեղ Հիսուսի գերեզմանն է եղել: Այս ավանապատումը հաստատելու համար, բնականաբար, պիտի հրաշքներ լինեին ու պիտի գտնվեր այն փայտը, որի վրա խաչվել էր Հիսուսը: Կայսրի մորը օգնում է բանիմաց մարդու համբավ ունեցող մի հրեա: Այդ ճարպիկ անձնավորությունը երկար որոնումներից հետո գտնում է կամ հնարում է մի փոս, որի մեջ, հողի տակ, իբր թե 300 տարի թաղված են եղել և անփտելի վիճակում պահպանվել են Քրիստոսի և նրան վիճակակից երկու ավազակների խաչափայտերը: Բայց քանի որ Հեղինեն ցանկացել է 100 տոկոսով համոզվել, որ դրանցից մեկը Քրիստոսի խաչափայտն է, կարգադրել է, որ դրանք հերթով հպեն մի մեռած մարդու դիակին: Բնականաբար, քանի որ կայսրի մոր ցանկությունն անվիճարկելի էր, պիտի օգնության գար հրաշքը: : Ինչպես հավատացնում են այդ ժամանակներում ստեր հորինելու մեջ շատ հմտացած եկեղեցականները, մեռածին հպած երեք խաչափայտերից երկուսը ոչ մի ազդեցություն չեն գործել, իսկ երրորդը մեռածին կենդանացրել է: Ահա այս կերպ «հաստատվել է», թե դա էլ հենց Հիսուսի խաչափայտն է: Հեղինեն Կենաց Փայտը գտնելով չի գոհացել: Նա շարունակել է փնտրտուքը և գտել է նույնիսկ այն սպունգը, որով քացախ ու լեղի էին տվել Խաչյալին, ու նաև այն Գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել էր Հիսուսի կողը:

326 թվականին տեղի ունեցած այս գյուտերից հետո Հեղինեն Վեներայի տաճարի տեղում շինել է տվել այն եկեղեցին, որը կոչվում է Սուրբ Գերեզմանի տաճար: Դրանից հետո քրիստոնեական աշխարհն այլևս ուներ մեկ ընդհանուր սրբություն, երկրպագության, ուխտագնացության մեկ ընդհանուր վայր, որը շուտով փոխում է իր անունը և կոչվում է Սուրբ Հարության տաճար: Քրիստոնյա հոգևորականությունն աստիճանաբար Երուսաղեմը դարձնում է համաշխարհային ուխտատեղի, ուր հավատացյալների մեծաթիվ խմբեր, արհամարհելով երկար տարածությունների դաժան պայմանները, Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից եկել են ծնրադրելու: 333 թվականին արդեն Ֆրանսիայի Բորդո քաղաքի հոգորականությունը Երուսաղեմ գնացողների համար կազմել էր գրավոր ուղեցույց, և ցուցակագրվածների թվում նաև բրիտանացիներ են եղել: Ամեն կողմից հավաքվող բազմությանը տեղի հոգևորականությունը տվել է (իհարկե, որոշակի վճարով) Քրիստոսի խաչափայտից մի կտոր, և հավատացյալներն այդ մասունքները դրել են ոսկուց, արծաթից ու գոհարեղենից շինված պահարանների մեջ ու երկրպագել: Բայց քանի որ հավատացյալներից ոմանք իրենց զարմանքն են հայտնել, թե ինչպես է, որ խաչափայտը, այդքան մասնատվելով, չի սպառվում, կղերական դասը սկսել է տարածել, թե խաչափայտն ունի աճողական հատկություն և միշտ մնում է անփոփոխ: Եվ քանի որ կրոնական ջերմեռանդությունն այդ ժամանակներում շարունակ կերակուր է պահանջել, ուստի հորինվել են զանազան սրբազան առարկաներ, որոնցից ամենաշշմեցուցիչը, թերևս, կույս Մարիամի կրծքի կաթն է եղել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2340 | 0 | 0
Facebook