Идет загрузка...
Сегодня:  Среда, 27 Октября, 2021 года
Թվիթեր

Статьи

Սկզբում կտրել են իշխանությունը բռնազավթած ու բռնապետ դարձած հերթական դիկտատորի ձեռքերը, ապա կտտանքների ենթարկելով սպանել են

18:34, Четверг, 09 Сентября, 2021 года
Սկզբում կտրել են իշխանությունը բռնազավթած ու բռնապետ դարձած հերթական դիկտատորի ձեռքերը, ապա կտտանքների ենթարկելով սպանել են

1990 թվականի սեպտեմբերի 9-ին սպանվել է Լիբերիայի Նախագահ Սեմյուել Կանյոն Դոուն:

Ծնվել է 1951 թվականի մայիսին: 17 տարեկանից ծառայելով Լիբերիայի զինված ուժերում՝ նա 1979 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում: Բանակում ծառայելու տարիներին էլ մերձեցել է երկրի ընդդիմադիր գործիչների հետ ու 1980 թվականի ապրիլի 12-ին ղեկավարել է նախապատրաստված ռազմական հեղաշրջումը, որի ժամանակ երկրի նախագահ Ուիլյամ Թոլբերտն սպանվել է: Հեղաշրջումից անմիջապես հետո սպանվել կամ մահպատժի են ենթարկվել Թոլբերտի կառավարության շատ անդամներ: Դոուն հռչակվել է պետության գլուխ ու Ժողովրդական փրկության խորհրդի նախագահ՝ ինքն իրեն շնորհելով գեներալի կոչում: Մեկ տարի անց նա իրեն հռչակել է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատար:

1984 թվականին այս նոր դիկտատորը ցրել է Ժողովրդական փրկության խորհուրդը և դրա փոխարեն ստեղծել է Ժողովրդական ժամանակավոր խորհուրդ: 1984 թվականին կազմակերպել է հանրաքվե, որն հավանություն է տվել նոր սահմանադրության նախագծին: Դոուին ընտրել են նորաստեղծ Ազգային-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, և այս կուսակցությունը նրան համաժողովրդական ընտրություններում առաջադրել է երկրի նախագահի թեկնածուի պաշտոնում: 1985 թվականի հոկտեմբերի 15-ի ընտրություններում նա ստացել է 50, 9 տոկոս ձայն և 1986 թվականի հունվարից պաշտոնապես դարձել է երկրի նախագահ:

Սկզբնական շրջանում Դոուի ռեժիմը բավականի շատ աջակիցներ է ունեցել, բայց հետո նա երկրում աստիճանաբար հաստատել է «կրան» ցեղի, որին պատկանել է ինքը, էթնիկ դիկտատուրան: Բայց շուտով շատերն սկսել են պահանջել, որ անցում կատարվի դեպի քաղաքացիական կառավարում, և 1986 թվականին նա մեծ ընտրակեղծիքներով ու խախտումներով ընտրվել է երկրի նախագահ: Որպեսզի համապատասխանի սահմանադրության այն պահանջին, որի համաձայն երկրի նախագահ կարող է դառնալ 35 տարին լրացած քաղաքացին միայն, նրա փաստաթղթերում կեղծիք է կատարվել:

Նրա իշխանության առաջին իսկ տարում դադարեցվել է Լիբերիայի հնագույն կուսակցության՝ Իսկական վիգերի (ազատականների) կուսակցության գործունեությունը, իսկ նրան ընդդիմադիր քաղաքական կառույցը՝ Միացյալ ժողովրդական կուսակցությունը, օրենքից դուրս է հայտարարվել՝ «սոցիալիստական շեղման» համար: Դոուն անվերապահորեն հետևել է ԱՄՆ քաղաքական գծին և 1985 թվականի հուլիսի 18-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ:

Նրան մի քանի անգամ փորձել են տապալել, բայց չեն հաջողել: Մասնավորապես՝ 1985 թվականի ապրիլի 1-ին և նոյեմբերի 12-ին: Ապրիլի 1-ին նրա ուղղությամբ գնդացրից կրակել է նախագահական պահակախմբային գումարտակի հրամանատարի տեղակալը, իսկ նոյեմբերի 12-ին հեղաշրջման փորձ է արել 1980 թվականի հեղաշրջմանն ակտիվորեն մասնակցած և 1980 – 1983 թթ. երկրի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ Կուիուոնկլան (զոհվել է մայրաքաղաքում 1, 5 օր տևած մարտերի ընթացքում):

Դոուն հեղաշրջման փորձն օգտագործել է որպես առիթ իր բոլոր ընդդիմադիրներին ջախջախելու համար: Խռովությանը հետևած բռնաճնշումների ընթացքում զոհվել է շուրջ 1500 մարդ, հիմնականում՝ քաղաքացիական անձինք:

Պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո Դոուն ռադիոյով և հեռուստատեսությամբ հայտարարել է, թե ժամը 18-ից հետո փողոցում հայտնված յուրաքանչյուր ոք խռովարար կհամարվի և անմիջապես կգնդակահարվի: 1986 թվականի հունվարի 6-ին՝ նրա՝ որպես երկրի 21-րդ նախագահի պաշտոնակալության օրը, մայրաքաղաք Մոնրովիայի մարզադաշտում լիբերիացի մի քանի աղջիկների մասնակցությամբ համերգ է տրվել, հետո զինվորականները շարքեր են կազմել և բոլորը փողեր են փչել:

1986 թվականի մայիսի 3-ին Դոուն ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ ու հայտարարել է, թե երկրի տնտեսությունը փլուզման եզրին է: «Համատեղ որոշում կայացնելու համար» երկրի հիմնական նախարարություններում և ֆինանսական կազմակերպություններում աշխատանքի են հրավիրվել մասնագետներ ԱՄՆ-ից:

1989 թվականի դեկտեմբերին երկրի հյուսիս-արևելքում ստեղծվել է «Լիբերիայի ազգային հայրենասիրական Ճակատ» կազմակերպությունը Չարլզ Թեյլորի գլխավորությամբ, և շուտով Լիբերիայում սկսվել է առաջին քաղաքացիական պատերազմը: Հիշյալ կազմակերպությունն արագ աճել է, ու կարճ ժամանակ անց նրա ռազմիկները վերահսկել են երկրի տարածքի 90 տոկոսը: Բայց կազմակերպությունից անջատվել է Պրինս Ջոնսոնի գլխավորած խմբավորումը, որը պայքարել է ոչ միայն Սեմյուել Դոուի, այլև Չարլզ Թեյլորի դեմ: 1990 թվականի սեպտեմբերին Ջոնսոնի ջոկատները շրջապատել են Մոնրովիան: Բանակցություններ վարելու քողի տակ Ջոնսոնը ՄԱԿ-ի առաքելության գրասենյակ է հրավիրել Դոուին: Այստեղից վերջինիս առևանգել են, ապա դաժանորեն սպանել: Սկզբում կոտրել են նրա ձեռքերը, հետո սկսել են հարցաքննել են: Կտտանքների տեսագրությունից երևում է, որ նրա սեռական անդամը պարանով կապված է եղել: Դոուի սպանությունից հետո երկրում հաստավել է Չարլզ Թեյլորի դիկտատուրան, իսկ երկիրը մխրճվել է երկարատև քաղաքացիական պատերազմի հորձանուտը, որը 150 հազար մարդու կյանք է խլել:

Սեմուել Դոուին սպանող ռազմիկը՝ Յեդու Ջոնսոնը, հետագայում դարձել է գրող ու հեղինակել է իր զոհի կենսագրությունը: Նրա հրատարակած գրքի անունն է «Սեմյուել Դոուի թռիչքն ու անկումը»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
905 | 0 | 0
Facebook