Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Ասել կուզի՝ իրականացել է վանականների անեծքը»

18:45, Воскресенье, 22 Августа, 2021 года
«Ասել կուզի՝ իրականացել է վանականների անեծքը»

Գահակալության ամբողջ ընթացքում ոչ մի նվաճում չկատարած, ընդամենը Անիի պարիսպները կառուցած, բայց անհասկանալիորեն «տիեզերակալ» հորջորջված Սմբատ Բ Բագրատունին (977 – 990 թթ.) իր կյանքի վերջում մի քանի անօրեն, անգութ, անմարդկային արարքներ է գործել, և նրա վախճանը ժամանակակիցները համարել են նրա մեղքերի դիմաց աստվածային արդարացի պատիժ: Այդ չարագործություններից մեկը հետևյալն է:

Սմբատն Անիում ունեցել է խոտի և հնձած, բայց դեռ չկալսած հացահատիկի դեզեր, որոնք մի օր անհայտ հանգամանքներում հրդեհվել են: Այդ ժամանակներում Անիում մի գիժ է եղել, որն առավոտյան եկեղեցի է գնացել և տեսնելով կրակը, որի վրա խունկ էին ծխում, մի քանի կիսայրված փայտի կտոր է վերցրել, որ տանի: Երբ հարցրել են, թե ինչ է անելու դրանցով, նա պատասխանել է, թե գնում է թագավորի դեզերն այրի: Այս գժի խոսքերը հասցրել են թագավորին, և նա եզրակացրել է, թե դեզերն այրողը հենց նա է եղել: Սմբատը հրամայել է գժին կուրացնել, ապա եղեգով ու ծղոտով պատել նրան ու այրել: Հրամանը կատարվել է, ապա կիսաայրված մարդու դիակը քաղաքից դուրս է նետվել: Մի քանի վանական նկատել են դիակը և թաղել են այն: Երբ Սմբատն իմացել է այդ մասին, հրամայել է դիակը գերեզմանից հանել և շներին գցել: Առավոտյան նույն վանականները, դուրս գալով քաղաքից, որպեսզի իրենց վանքը գնան, տեսել են շների պատառոտած դիակը, լաց են եղել և անիծել են, որ թագավորի ոսկորներն էլ հանվեն գերեզմանից:

Սմբատ Բ-ն մեկ այլ մահացու մեղք էլ է գործել, կնության է առել իր քրոջ աղջկան:

Եվ Աստված այս հանցանքների համար մահվամբ է պատժել Սմբատին: Ամենից առաջ պատժվել է նրա կինը: Ասողիկ պատմիչն ասում է, թե Աստված հարվածեց կնոջը և սպանեց, իսկ երբ Սմբատը սգացել է կնոջ մահը, Աստված հարվածել է նաև նրան: Երբ թաղել են Սմբատին, ժողովրդի մեջ զրույց է շրջանառվել, թե, նա մեռած չէ, այլ քնած է գերեզմանի մեջ: Հոր մահվան օրը գահ բարձրացած նրա որդին՝ Գագիկը, հրամայել է բացել գերեզմանը, որպեսզի ամենքը տեսնեն, թե Սմբատը հիրավի մեռած է: Ասել կուզի՝ իրականացել է վանականների անեծքը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2112 | 0 | 0
Facebook