Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Բռնակալի սպանությունը, կամ այն մասին, որ վերահաս մահափորձից առաջ նա հասկացել է՝ միակ միջոցը, որ ինքը կարող է ձեռնարկել, Աստծո առաջ կանգնելուն պատրաստվելն է

19:14, Пятница, 06 Августа, 2021 года
Բռնակալի սպանությունը, կամ այն մասին, որ վերահաս մահափորձից առաջ նա հասկացել է՝ միակ միջոցը, որ ինքը կարող է ձեռնարկել, Աստծո առաջ կանգնելուն պատրաստվելն է

1875 թվականի օգոստոսի 6-ին սպանվել է երկու անգամ Էկվադորի Նախագահի պաշտոնը զբաղեցրած Գաբրիել Գարսիա Մորենոն (լրիվ անունը՝ Գաբրիել Գրեգորիո Ֆերնանդո Խոսե Մարիա Գարսիա ի Մորենո ի Մորան դե Բուիտրոն) : Նա արդեն երրորդ ժամկետի համար էլ է ընտրված եղել, բայց բռնակալության էլ ավելի խորացումն ու ամրապնդումը թույլ չի տրվել:

Էությամբ բռնակալ այս գործչի կառավարման տարիներին Էկվադորում դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Գիտության և կրթության ոլորտում Էկվադորը դարձել է Լատինական Ամերիկայի ամենաառաջադեմ երկիրը: Բացի այդ նա նշանակալիորեն օժանդակել է գյուղատնտեսության զարգացմանը, պայքարել է կոռուպցիայի դեմ ու նույնիսկ իր աշխատավարձը հատկացրել է բարեգործությանը:

Գարսիա Մորենոն իսպանացի ազնվականների ընտանիքում է ծնվել, մայրը եղել է Գվատեմալայի գեներալ-նահանգապետի դուստրը:

Նա աստվածաբանություն և իրավագիտություն է սովորել Կիտոյի համալսարանում ու մտադիր է եղել հոգևորական դառնալ, բայց ընկերները նրան տարհամոզել են, և նա աշխարհիկ կյանքի ճանապարհն է ընտրել ու 1844-ին փաստաբան է դարձել: Հենց այդ ժամանակ էլ նա կրքոտ հրապարակախոսի, փայլուն հռետորի ու կրքոտ յակոբինականի համարում է ձեռք բերել: 1849 թվականին նա փորձել է սպանել Էկվադորի այդ ժամանակվա նախագահ Խուան Խոսե Ֆլորեսին, բայց չի հաջողել և ստիպված է եղել փախչել Եվրոպա: Սորբոնի համալսարանում նա ուսանել է քիմիա և աստվածաբանություն: Երկրորդ անգամ Եվրոպա է այցելել 1854 – 1856 թվականներին:

Անկախություն ձեռք բերելուց հետո Լատինական Ամերիկայի յուրաքանչյուր պետությունում ձևավորվել է երկու քաղաքական կուսակցություն՝ պահպանողական և ազատական: Պահպանողականները եվրոպական և մասնավորապես իսպանական կողմնորոշում են ունեցել: Նրանք հանդես են եկել կաթոլիկ եկեղեցու դերի պահպանման օգտին, բացի այդ նրանք պաշտպանել են խոշոր հողատերերին: : Թեպետ լատիֆունդիաները մեծ եկամուտ չեն ապահովել, բայց սոցիալական կայունության հենասյուն են հանդիսացել:

Ազատականների կոմնորոշումն ԱՄՆ-ի կողմն է եղել: Նրանք պահանջել են եկեղեցին անջատել պետությունից ու ձգտել են լատիֆունդիաները վերածել եկամտաբեր ձեռնարկությունների:

Այս երկու կուսակցություններն անկախություն հռչակելու օրից պայքարել են մեկմեկու դեմ:

1845-ից 1860 թվականներին իրավիճակն Էկվադորում անարխիային մոտ է եղել, և Գարսիա Մորենոյին հաջողվել է երկիրը դուրս բերել այդ վտանգավոր վիճակից: Վերադառնալով Էկվադոր՝ նա, ծայրահեղ կղերականների հետ սերտ համագործակցությամբ, պայքարել է լիբերալների դեմ նույնպիսի կրքոտությամբ, որպիսի կրքոտությամբ ժամանակին պաշտպանել է նրանց: 1850-ականներին նա դարձել է Կիտոյի գլխավոր համալսարանի ռեկտորն ու երկրի սենատի անդամ, իսկ երբ 1859 թվականին երկրում ճգնաժամ է սկսվել, կարողացել է համախմբել ու ղեկավարել երեք նահանգներ ու այն Ֆլորեսի հետ, որին ժամանակին փորձել էր սպանել, հանդես է եկել Գուայաքիլ քաղաքում հաստատված ազատական կառավարության դեմ, որին աջակցել է Պերուն: Վճռական ճակատամարտում Գույաքիլի կառավարության զորքերը ջախջախիչ պարտության են կրել և պերուցիները ստիպված են եղել է նահանջել իրենց տարածք:

Համոզմունքներով լինելով միապետական (ցանկացել է Էկվադորի գահին տեսնել Իսպանիայի արքայազնին) ՝ նա, այնուամենայնիվ, ենթարկվել է առկա հանգամանքներին ու համաձայնել է դառնալ երկրի նախագահ: 1861 թվականի նոր սահմանադրությունը վերջնականապես հաստատել է Գարսիա Մորենոյի պահպանողական վարչակարգը, և նա միանձնյա կառավարել է 15 տարի (բացառությամբ 1864 – 1869 թվականների, երբ երկրի գլուխ ձևականորեն նրա դրածոներն էին՝ Խ. Կորիոնը և Խ. Էսպինոսան):

Համաժողովրդական քվեարկությամբ նա 1861 թվականին ընտրվել է Էկվադորի նախագահ չորսամյա ժամկետով: 1867 թվականին նրա դրածոյին ազատականները տապալել են, բայց երկու տարի անց նա նորից է ընտրվել, իսկ 1875 թվին դարձյալ վերընտրվել է:

Երբ Մորենոն իշխանության է անցել, երկրի գանձարանը դատարկ է եղել: Իրավիճակը փոխելու համար նա խնայողության խիստ ռեժիմ է հաստատել ու վերացրել է կառավարական շատ պաշտոններ ու զսպել է կոռուպցիան: Եվ նա նշանակալի հաջողության է հասել: Երկրի ֆինանսական վիճակը բարելավվել է ու արտասահմանյան ներդրումներ են կատարվել: Վերացվել է ստրկությունը, բայց նախկին ստրկատերերին փոխհատուցում է տրվել: Բանակի սպաներին ուսման են ուղարկել Պրուսիա, իսկ անգրագետ նորակոչիկներին գրագիտություն են սովորեցրել: Փակվել են հասարակաց տները, և հիմնական քաղաքներում հիվանդանոցներ են բացվել: Կառուցվել են երկաթուղիներ ու մայրուղիներ, ընդլայնվել է հեռագրացանցը, զարգացել է փոստի ու ոռոգման ցանցը: Պայքար է մղվել հանցավորության դեմ: Ընդլայնվել է ընտրական իրավունքը և երաշխավորվել է բոլոր քաքաղաքացիների իրավահավասարությունն օրենքի առաջ:

Գարսիա Մորենոն մեծ ուշադրություն է դարձրել կրթությանը: Ութ տարում երկրում սովորողների թիվը 13, 5 հազարից հասել է 32 հազարի:
     Դիկտատորը, սակայն, օգտակար է համարել միայն տեխնիկական կրթությունը և դրա զարգացման համար ստեղծել է միջնակարգ մասնագիտական դպրոցների, ճարտարագիտական ինստիտուտների, երաժշտական ու գեղարվեստական ուսումնարանների ցանց: Նրան հարկավոր է եղել գրագետ ու որակավորված, բայց պասիվ և հնազանդ բանվորական ուժ: Եվ նրան այդ գործում օգնել են կաթոլիկ եկեղեցին ու Էկվադորում հաստատված իսպանական, ֆրանսիական ու գերմանական ճիզվիտները: Կրթության ոլորտում անառարկելի հաջողությունների կողքին խարույկ են նետվել կղերականների արգելած բազմաթիվ գրքեր:

Գարսիա Մորենոյի բռնապետական ռեժիմը նաև դաժան հաշվեհարդար է տեսել իր հակառակորդների հետ՝ դաժանորեն ճնշելով աշխատավորության, հատկապես հնդկացիների ելույթները: 1871 թվականին խոշոր ապստամբություն է տեղի ունեցել Չիմբորասո երկրամասում: Ապստամբության մասնակիցները ցանկացել են հաշվեհարդար տեսնել կալվածատերերի հետ ու հրաժարվել են վճարել կառավարությոն սահմանած ծանր հարկերը: Ինչպես մյուս ելույթները, այնպես էլ այս ապստամբությունը դաժանորեն ճնշվել է, իսկ ապստամբության ղեկավարը գնդակահարվել է:

Լինելով խիստ աստվածապաշտ (ամեն օր մասնակցել է պատարագի, ամեն օր հաղորդություն է ընդունել, եղել է հավատացյալ կաթոլիկների եղբայրության ակտիվ անդամ) ՝ նա իր կառավարության գլխավոր պարտականությունն է համարել աջակցել կաթոլիկ եկեղեցուն:

1862 թվականի սեպտեմբերի 26-ին Գարսիա Մորենոն կոնկորդատ է կնքում Վատիկանի հետ՝ կաթոլիկ եկեղեցուն մեծ իշխանություն տալով Էկվադորում ու Վատիկանի գանձարանին ամեն տարի փոխանցելով պետական եկամտի 10 տոկոսը: Նա կաթոլիկությունը հայտարարել է Էկվադորի պաշտոնական և միակ կրոն, ճիզվիտներին է հանձնել կրթության համակարգը, այդ թվում ուսուցիչներին դատելն ու գրքեր արգելելը և կաթոլիկ եկեղեցուն սեփականություն ձեռք բերելու իրավունք է տվել:

1869 թվականին նա պետական հեղաշրջում է կատարել և իրեն դիկտատոր է հռչակել: Ըստ 1869 թվականի սահմանադրության, որին «Սև սահմանադրություն» անունն է տրվել, կաթոլիկությունը հռչակվել է Էկվադորի պաշտոնական պետական կրոն, և սահմանվել է, որ ընտրովի պաշտոնների թեկնածուներն ու ընտրողները ևս պետք է կաթոլիկներ լինեն: Նա դարձել է աշխարհում միակ ղեկավարը, որը բողոքել է 1870 թվականին պապական պետության վերացման առթիվ, իսկ 1873-ին օրենք է հրապարակել, որի համաձայն Էկվադորն ընծայվել է Հիսուսի Սրբազան Սրտին: Նրա կենսագիրներից մեկը գրում է, թե այդ օրենքի հրապարակումից հետո գերմանական մասոնները նրան մահվան են դատապարտել:

Հիսուսի միաբանությանը համակրելու համար նա իր նկատմամբ էական հակակրանք է հարուցել: Նա նաև հանդես է եկել գաղտնի ընկերություններն արգելող օրենքի պաշտպանությամբ: Այս և նմանատիպ այլ քայլերը նրա դեմ են հանել Էկվադորի հակակաթոլիկական կուսակցություններին և հատկապես մասոնններին, որոնք նրան իրենց թշնամին են համարել: Էկվադորի ազատականներն ատելությամբ են համակվել Գարսիա Մորենոյի նկատմամբ, երբ նա 1875 թվականին երրորդ անգամ է նախագահ ընտրվել, ու մահավճիռ են կայացրել: Նա Պիոս 9-րդ պապին նամակ է գրել՝ խնդրելով օրհնել իրեն օգոստոսի 30-ին նախատեսված ինոգուրացիայից առաջ:

«Ես ուզում եմ, - ասել է նա այդ նամակում, - մինչ այդ ստանալ Ձեր օրհնությունը, որպեսզի օժտված լինեմ ուժով և լույսով, որոնց կարիքն այնքան շատ ունեմ, լինելով մինչև վերջ մեր Փրկչի նվիրյալ զավակն ու նրա անարատ տեղապահի հավատարիմ ու հնազանդ ծառան: Հիմա, երբ հարևան երկրների մասոնական օթյակները, որոնք հրահրվում են Գերմանիայի կողմից, իմ դեմ ամեն տեսակ վիրավորանքներ են թափում, ես ավելի քան երբևէ Աստծո օգնության կարիքն եմ զգում, որպեսզի կարողանամ ապրել ու մեռնել՝ պաշտպանելով սուրբ հավատն ու իմ հանրապետությունը, որին ղեկավարալուն եմ նորից կանչված»:

Գարսիա Մորենոյի կանխագուշակությունը իրականանում է. նա սպանվում է Կիտոյի մայր տաճարից դուրս գալու պահին: Նրան ոչ միայն մաչետով խորը վերքեր են հասցնում, այլև ռևոլվերից գնդակահարում են:

«Dios no muere !» («Աստված անմա՛հ է») . սա է եղել նրա վերջին խոսքը: Դավադիրների ղեկավարը՝ կոլումբիացի ուսանող Ֆաուստինո Ռայոն, Մորենոյին մաչետի 6 կամ 7 հարված է հասցրել, մինչ նրա երեք ընկերները դիկտատորի վրա կրակել են ռևոլվերից:

Օգոստոսի 5-ին Մորենոյին հոգևորական է այցելել ու նախազգուշացրել է նախապատրասվող մահափորձի մասին: «Ձեզ նախազգուշացրել են, որ մասոնները ձեր նկատմամբ մահավճիռ են կայացրել, բայց ամսաթիվը չեն հայտնել: Ես հենց նոր լսեցի, որ մարդասպանները մտադիր են իրենց մտադրությունն անմիջապես իրականացնել: Ի՛ սեր Աստծու, համապատասխան միջոցնե՛ր ձեռնարկեք»: Գարսիա Մորենոն պատասխանել է, թե արդեն ստացել է նմանօրինակ նախազգուշացումներ, և հանգիստ մտորելուց հետո որոշել է, որ միակ միջոցը, որ ինքը կարող է ձեռնարկել, Աստծո առաջ կանգնելուն պատրաստվելն է:

Մահվանից հետո Պիոս 9-րդը հայտարարել է, թե «նախագահը հավատի, քրիստոնեական գթասրտության ու իր հայրենիքի նահատակն է դարձել»: Էկվադորում Մորենոյին այսօր էլ շատերը համարում են մեծ հայրենասեր, լուսավորիչ և եկեղեցու հովանավոր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2667 | 0 | 0
Facebook