Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Թուլուզ Լոտրեկ. «Ես կուզենայի գտնել մի կին, որի սիրեկանն ինձնից տգեղ լիներ»

22:37, Пятница, 04 Июня, 2021 года
Թուլուզ Լոտրեկ. «Ես կուզենայի գտնել մի կին, որի սիրեկանն ինձնից տգեղ լիներ»

1892 –ից 1895 թվականներին Լոտրեկը բազմաթիվ տեսարաններ է պատկերում հասարակաց տներից: Այս թեմային այդ ժամանակ անդրադարձել են ֆրանսիացի բազում նկարիչներ ու գրողներ: Լոտրեկը հասարակաց տունը մեկնաբանում է առանց սենտիմենտալության, բայց նաև առանց սառը օբյեկտիվիզմի: Նա իր կերպարներում չի խտացնում մեղքը, արատը՝ համադրելով խրատականությունը էրոտիզմի հետ: Փողոցային կանանց դեմքերին նա ցույց է տալիս, ինչպես ինքն է ասում, «ոչ թե այն, ինչն արգահատելի է մարդկային էությանը, այլ, ընդհակառակը, խորապես մարդկային մի ինչ-որ անտեսանելի բան»: Դիտողի առջև բացելով ֆիզիկական ու բարոյական ապականման գծերը, որոնք իր հերոսուհիների վրա դրել է իրենց մասնագիտությունը, Լոտրեկը նրանց ներկայացնում է որպես հոգնած ու հուսալքված արարածներ: Նրանց կյանքը ներսից զննելու համար Լոտրեկը նույնիսկ մի քանի ամիս բնակություն է հաստատել Փարզի հասարակաց տներից մեկում: Իր բազմաթիվ էտյուդների հանրագումարը «Դե Մուլեն փողոցի սալոնը» կտավն է: Այս աշխատանքում ամենանշանակալին սալոնի «տիրուհու» կոպիտ, բայց տխրամած դեմքն է:

1891 թվականին նկարչն ստեղծում է առաջին վիմագրական ազդագիրը (աֆիշա) «Մուլեն ռուժ» -ի համար: Ժամանակակից արվեստի պատմության մեջ առաջին պլակատներից մեկը հանդիսացող այս աշխատանքին հաջորդել են այլ աֆիշաներ, հաստոցային վիմագրություններ՝ գունավոր ու սև-սպիտակ, ալբոմային սերիաներ («Իվետ Հիլբեր», «Նրանք»), թատերական ծրագրեր և գրքերի նկարազարդումներ: Հենց այս ստեղծագործություններում Լոտրեկի հանճարը բացվել է ամբողջ ուժով ու անկրկնելի ինքնատիպությամբ, և հենց դրանց հետ է հետագայում առաջին հերթին նույնացվելու նրա ստեղծագործությունը: Իր վիմագրություններում Լոտրեկն անմահացրել է Մոնմարտրի վառ, բայց վաղանցուկ աստղերին՝ գրոտեսկորեն սրելով նրանց ստեղծագործական անհատականության էությունը, փոխանցելով նրանց պարերի ռիթմը: Խնամքով ուսումնասիրված բնորդուհիների միակ ճշգրիտ շարժումի որոնումների արդյունքում են ծնունդ առել «ուրախության թագուհի» Լա Գուլյուն, ամբարտավան սեթևեթող Ժանն Ավրիլը, ծաղրանկարայինի հասնող սուր բնավորության երգչուհի Իվետ Հիլբերը, գեյշայի նմանվող Մեյ Բելֆորը, տիկնիկանման Մեյ Միլթոնը, նրբիրան Մարսել Լինդերը, էներգիայով լեցուն կին ծաղրածու Շա Յու Կաուն և արտիստի ամբողջ հպարտության ու արժանապատվության մարմնավորում Արիստիդ Բրյուանը: Նրանք բոլորը պատկերվել են էքսպրեսիվ և լակոնիկ եղանակով. վիմագրությունները ստեղծելիս Լոտրեկն աշխատել է հիմնականում դինամիկ գծերով և մաքուր գույնի մեծ բծերով՝ կոլորիտը կառուցելով գույների հակադրությամբ և գունատ ու հագեցած տոների նուրբ ներդաշնակմամբ: Այդ աֆիշաներում նկարիչը հանդես է գալիս որպես մոդեռն դարաշրջանի մի վարպետ, որը հենվում է ճապոնական քսիլոգրաֆիայի փորձի վրա: Գրաֆիկայում Թուլուզ-Լոտրեկը շատ ընդհանրություններ ունի Բոնարի, Վալոտոնի և դարավերջի այլ վարպետների հետ:

Լոտրեկի ստեղծագործական կյանքը կարճատև էր: Լարված աշխատանքը, գինեմոլությունը և ծանր հիվանդությունը նրան սկզբում հիվանդանոց են նետում, որտեղ նա հիշողությամբ ստեղծում է եկեղեցական տեսարաններ, իսկ երեք տարի անց մահանում է: Բայց նրա արվեստը դեռ երկար պիտի ապրեր: Երիտասարդ Պիկասոն է դարձել է Լոտրեկի անմիջական շարունակողը, որը ժառանգել էր կյանքի ընկալման լոտրեկյան դրամատիզմը, գրոտեսկն ու հումանիզմը, ուշադիր հայացքն ու թշվառների նկատմամբ կարեկցությունը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2322 | 0 | 0
Facebook